Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինան դիմացավ, պահպանեց իր սուբյեկտությունը։ Այսուհանդերձ, կան նաև այլ, ոչ պակաս հետաքրքիր եզրակացություններ։
The Washington Post-ի վերջին հրապարակումները համոզիչ ցույց են տվել, որ Ռուսաստանը մտադիր էր Կիևի իշխանությունը փոխել երեք օրվա ընթացքում՝ այդ նպատակով գրոհելով Ուկրաինայի մայրաքաղաքը Բելառուսի տարածքից։ Իհարկե, զավթիչները մինչև Կիև չկարողացան հասնել։ Ռուսական զինվորականները Կիևի մատույցներում արյունալի կոտորած սարքեցին՝ «Ո՞վ է ձեզ թույլ տվել այդքան լավ ապրել» նշանաբանով։ Խաղաղ բնակիչների սպանությունները ռուս զինվորականների միակ ռազմական հանցագործությունը չեն, սակայն այդ մասին՝ ստորև։
Արձանագրենք ձևավորված մատրիցան. ուկրաինացիներին (որոնք, Կրեմլի մտահղացմամբ, պիտի ծաղիկներով դիմավորեին ռուսական զորքերի ներխուժումը) «խաղաղեցնելու» բլիցկրիգի (գերմ. – կայծակնային պատերազմ.-խմբ.) փոխարեն մենք ստացել ենք ХХІ դարում աշխարհի ամենամեծամասշտաբ պատերազմը։ Պատերազմ, որն աշխարհի խոշորագույն պետությունը վարում է Եվրոպայի՝ տարածքով ամենամեծ երկրի դեմ։ Երկու հետխորհրդային երկրների պատերազմ, որը վերջնականապես նշանավորեց Խորհրդային Միության փլուզումը և դարձավ պատերազմ՝ հանուն Ուկրաինայի անկախության։ Միջուկային տերություն ՌԴ-ի հակամարտություն՝ 90-ականներին կամավոր միջուկային զինանոցից հրաժարված Ուկրաինայի հետ։ Այս գործոնների ամբողջությունը թույլ է տալիս պնդելու, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո համաշխարհային անվտանգության համակարգը լուրջ փոփոխություններ կկրի։
Եթե խոսենք ռազմական արդյունքների մասին, ապա Ռուսաստանին հաջողվել է զավթել Խերսոնի մարզը, համարյա ամբողջությամբ՝ Լուգանսկի մարզը, Դոնեցկի, Նիկոլաևի և Խարկովի մարզերի մի մասը։ «Հատուկ ռազմական գործողության» նպատակին նա, ակնհայտորեն, չի հասել, սակայն Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել։ Ռուսական զինվորականները միտումնավոր ոչնչացնում են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Դրանց վերականգնումը տարիներ կտևի և կպահանջի համաշխարհային հանրության լուրջ աջակցությունը։ Սակայն սպանված հազարավոր զինվորականներին և քաղաքացիական անձանց այլևս հետ չես վերադարձնի, դժվար կլինի բուժել և ոտքի կանգնեցնել տասնյակ հազարավոր վիրավորներին։
Ռուսաստանն Ուկրաինայում կորցրել է միայն սպանված՝ 45 հազար զինվորական։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հակառակորդի հարյուրավոր տանկեր և զրահամեքենաներ, ավելի քան 200 ինքնաթիռ և մոտ այդքան էլ ուղղաթիռ։ Սակայն ռազմական առումով ամենացավալին և ագրեսորի ինքնասիրությունը խոցողը, թերևս, ուկրաինական արտադրության երկու «Նեպտուն» հրթիռներով «Մոսկվա» հրթիռակիր հածանավի ոչնչացումն էր։ ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարական նավը (ֆլագմանը) վերածվեց ջրասուզակների հետագա ուսումնասիրությունների օբյեկտի։ Պատերազմի ևս մի դրամատիկ դրվագ էր Մարիուպոլի երեք ամիս տևած պաշտպանությունը, որն ավարտվեց նրա մոտ 2 հազար ուկրաինացի պաշտպանների գերեվարմամբ։ Դրան նախորդել էին ոչ միայն կատաղի մարտերը, այլև ռուսական օդուժի կողմից ծննդատան ու դրամատիկական թատրոնի շենքերի ավերումը։ Վերջինիս նկուղում տեղացի բնակիչներ էին թաքնված։ Մարիուպոլը, որտեղ մինչ լայնածավալ ներխուժումը մոտ կես միլիոն մարդ էր ապրում, վերածվեց «նահատակ-քաղաքի», ինչպես արտահայտվել է Հռումի պապ Ֆրանցիսկոսը։ Ռուսաստանն արդեն գերության մեջ ոչնչացրել է Մարիուպոլի ավելի քան 50 պաշտպանների՝ ցույց տալով իր պետական քաղաքականության ողջ մարդատյաց էությունը։
Առանձին պետք է նշել ագրեսիան հիմնավորելու գաղափարախոսական փնտրտուքները Ռուսաստանում։ Այստեղ շարունակում են խոսել «եղբայրական ուկրաինացի ժողովրդի» մասին, սակայն դրա հետ մեկտեղ առաջ են տանում «Կիևի նացիստական ռեժիմի» թեզիսը։ Այդ թեզիսը օգտագործվում է 2014 թվականից՝ Ղրիմը բռնակցելու և Դոնբասում պատերազմ բորբոքելու պահից։ Դա այնքան ակտիվորեն են առաջ մղում, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հակահրեական արտահայտություններն առաջացրին Իսրայելի զայրացած արձագանքը։ Հարկ է հիշեցնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազգությամբ հրեա է, և դա նկատելիորեն քարուքանդ է անում ռուսական քարոզչության մեղադրանքների կառուցիկությունը։ Այն, ընդսմին, քիչ ուշադրություն է դարձնում Ղրիմի և Դոնբասի սահմաններից անդին եղած իրավիճակին, թույլ տալով, որ դա մեկնաբանեն տեղական ծախու դրածոները։
Ռուս-ուկրաինական պատերազմի մի կողմից ակնհայտ, մյուս կողմից ժամանակավորապես հետաձգված ևս մի գործոն Ուկրաինայում հումանիտար աղետն է։ Երկրի ավելի քան 8 միլիոն քաղաքացիներ ստիպված էին լքել երկիրը (նշենք, որ ավելի քան 2 միլիոնը վերադարձել է)։ Ուկրաինացի փախստականներին ընդունելու Եվրոպական Միության պատրաստակամությունը, այլ պատճառներից զատ, ձևավորվել էր նաև երկրի պաշտպանների նկատմամբ անվստահությունից ելնելով։ Ուկրաինան, ընդսմին, շարունակում է բնակչության կորուստներ ունենալ Դոնբասում, որի բռնազավթված տարածքների բնակիչներին ստիպում են համալրել զավթիչների բանակը։ Սա նույնպես ռազմական հանցագործություն է, որի համար Վլադիմիր Պուտինն ու նրա կամակատարները պատասխանատվություն են կրելու։ Ուկրաինան արդեն աշխատանքներ է տանում՝ ստեղծելու միջազգային տրիբունալ, որը հնարավորություն կտա պատժելու ռազմական հանցագործներին։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարյուր հազարավոր քաղաքացիներ, փրկվելով պատերազմական գործողություններից, ստիպված էին մեկնել Ռուսաստան, իսկ այստեղ նույնիսկ ուկրաինացի որբ երեխաների որդեգրման հեշտացված կարգ ընդունեցին։ Հավանաբար, Հիտլերի ժամանակներից հետո մարդկությունը զավթիչի գենոֆոնդը լրացնելու նման ցինիկ ձև չէր տեսել։
Ռուսաստանը ուկրաինական զինվորականների դեմ օգտագործում է կրակային փոթորկի տակտիկան՝ մոխրացնելով ամբողջական բնակավայրեր Ուկրաինայի արևելյան մարզերում։ Լայնածավալ ռազմական գործողությունների սկզբում գրավելով Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը՝ ռուսներն այն վեր են ածել միջուկային շանտաժի գործիքի։ Նրանք նշանառու կրակ են բացում էներգետիկ օբյեկտի վրա՝ դրանում մեղադրելով ուկրաինական կողմին։
Շարունակելով խոսել ռուս-ուկրաինական պատերազմի գլոբալ ազդեցությունների մասին՝ հարկ է հիշել «ցորենային համաձայնագիրը», որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և (առանձին) Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ուկրաինական ցորենի համար պայքարում համաշխարհային հանրությունն ավելի մեծ ճկունություն ցուցաբերեց, քան ռուսական մարդասպաններին զոհ գնացած հարյուրավոր ուկրաինական երեխաների պաշտպանության հարցում։ Ցորենային պայմանավորվածությունների գոյության մեկ ամսվա ընթացքում ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել մեկ միլիոն տոննայից էլ պակաս ցորեն, որը համաշխարհային մասշտաբներով ընդամենը կաթիլ է ծովում։ Ելնելով նրանից, որ համաձայնագրի գործողության ժամկետը 120 օր է, և Ռուսաստանը կարող է ցանկացած պահի տորպեդահարել այն, ապա պարենի համաշխարհային շուկայում լուրջ փոփոխություններ ակնկալիք ունենալ չարժե։ Այնտեղ, նշենք, Ռուսաստանն է նետվում՝ ձգտելով Ուկրաինային դուրս մղել այն երկրներից, որոնց հետ վաղուց առևտրային հարաբերություններ են հաստատված։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքեր փորձում են իրականցնել պաշտոնական Անկարան (2022 թվականի մարտի վերջին հրապարակված Ստամբուլյան կոմյունիկեն Ուկրաինան արդեն հետ է կանչել), իսկ Էրդողանը փորձում է շարունակել միջնորդի դերի իր փնտրտուքները։ Նրա հետ այդ հարցում փորձում են մրցակցել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը և Բելառուսի «անախորժ» նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն առանց լուրջ արդյունքների։ Ուկրաինական ղեկավարության ներկա դիրքորոշումը, որ հիմնված է Ուկրաինայի պաշտպանության ուժերի հաջողությունների վրա, հետևյալն է. Կրեմլի հետ բանակցությունները հնարավոր են ապօրինի զավթված ուկրաինական հողերի ապաօկուպացիայից հետո միայն։ Ակնհայտ է, որ ներառվում են նաև դեռևս 2014 թվականին զավթված տարածքները։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել Ուկրաինային օգնություն տրամադրելու՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մոտեցումների էվոլյուցիային։ Եթե մինչև փետրվարի 24-ը մատակարարվում էին հիմնականում հակատանկային զինատեսակներ, ապա մարտերի սկզբից 50 օր անց արեւմտյան դաշնակիցները սկսեցին Ուկրաինային տրամադրել 155 միլիմետրանոց հաուբիցներ, որոնք խիստ անհրաժեշտ էին Ուկրաինայի զինված ուժերին։ Ամռան կեսին ուկրաինական զինվորականները սկսեցին ստանալ РСЗО HIMARS, ինչը նրանց հնարավորություն տվեց ոչնչացնել ավելի քան 100 զինապահեստ և նշանակալի վնասներ հասցնել զավթիչների ենթակառուցվածքներին։ Արժե հիշատակել «Ռամշթայն» ձևաչափը, որը Ուկրաինային ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով միավորել է ավելի քան 50 պետություն։ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում առաջատարը ԱՄՆ-ն է, որը մինչև լենդ-լիզի օրենքի ուժի մեջ մտնելը արդեն իսկ Ուկրաինային ավելի քան 10 միլիարդ դոլարի սպառազինություն և հանդերձանք էր մատակարարել։ Հատկանշական է, որ Ուկրաինային ռազմական օգնություն, իր պատմության մեջ առաջին անգամ, ցուցաբերեց նաև Եվրոպական Միությունը։ Բացի այդ, նրա անդամ երկրները հակառուսական պատժամիջոցների մի քանի փաթեթ ընդունեցին՝ ներառյալ ռուսական նավթի գնման արգելքը։
Ուկրաինան ռեկորդային ժամկետում (2022 թվականի առաջին կիսամյակում, ընդամենը մոտ երեք ամսում) կարողացավ անցնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելուց մինչև (Մոլդովայի հետ) այն ստանալու ուղին։ Վրաստանը չկարողացավ համոզել Եվրոպական Հանձնաժողովին, որ համապատասխանում է անդամության չափանիշներին։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը սրընթաց չի լինելու, սակայն այն անշրջելի է, իսկ ԵՄ-ն շահագրգռված է դառնալու Ուկրաինայի վերկանգնման գլխավոր դերակատարներից մեկը։ Եվ դա նույնպես ռուս-ուկրաինական պատերազմի գլխավոր արդյունքներից է։
Կա գլոբալ հնչեղություն ստացած ևս մի փաստ. Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին, որն օպերատիվորեն ընդունվեց քննարկման։ Հատկանշական է՝ այդ երկները, որ «սառը պատերազմի» ժամանակ չեզոքություն էին պահպանել, այս անգամ որոշեցին ռիսկի չդիմել։ Առայժմ նրանց եվրատլանտյան ինտեգրմանը խոչընդոտում է Թուրքիան, և դա թույլ է տալիս ասելու, որ հիբրիդայնությունը չի անհետացել համաշխարհային քաղաքականությունից։
Ուկրաինա-հայկական հարաբերությունները վերջին կես տարում գործնականում չեն զարգացել։ Հավանաբար, Կիևը և Երևանը ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ կվերականգնվեն հաղորդակցման և առևտրային հնարավորությունները, պետք է նախաձեռնեն որակապես նոր երկխոսություն։ Ուկրաինայում զգում են հայ ժողովրդի համերաշխությունը, իսկ Ռուսաստանի պարտությունը փոփոխություններ կբերի Հարավային Կովկասում։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը հիշեցնում է Դավթի և Գողիաթի հակամարտությունը։ Այն եվրոպական և համաշխարհային քաղաքականության շատ հարցեր հանեց օրակարգից, ցույց տվեց Ուկրաինա պետության կենսունակությունը։ Ցույց տվեց Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիների ընդունակությունը՝ համախմբվելու հանուն սեփական պետության պաշտպանության։ Ավարտվում է ժամանակակից ուկրաինական քաղաքական ազգի ձևավորման գործընթացը։ Ափսոս, որ դրա համար հարկ է լինում այդքան թանկ վճարել։
Եվգեն ՄԱԳԴԱ
Քաղաքական փորձագետ, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն
Կիև