Ի՞նչ է սոցիալական տրավման, և ինչո՞ւ ենք մշակութային-սոցիալական մարդաբանության շրջանակներում հայեցակարգերի առճակատման ու կռվի ականատեսը։ Անմիջապես մտքիդ եկող պատասխանն է. Թերևս, այն պատճառով, որ տեղի է ունենում հարացույցների (պարադիգմաների) բախում: Ինչ-որ իմաստով, ռազմավարական տեսակետից կառուցելով սոցիալական գործընթացները (և ելնելով Պիտեր Բերգերի և Թոմաս Լաքմանի՝ սոցիալական իրականության ճանաչողական կառուցման մասին բեկումնային գաղափարից), մենք հասկանում ենք «դժվար հիշողություն» սոցիալական երևույթի անվանակարգում, հայեցակարգում տարբերությունները. խմբակային և անհատական տրավմայի մասին խնդրահարույց սոցիալական փորձի հասկացությունների օգտագործումը էվֆեմիզմ ՉԷ, այլ առաջարկում է ֆիզիկական տարածության (որ վաղուց արդեն դուրս է պարզապես տարածությունից) կորստի տրավմատիկ ըմբռնման և դրա հետ աշխատելու այլ մոտեցումներ ու մեկնաբանություններ։ Հետազոտության ընթացքը մեզ անընդհատ նոր արահետներ էր դուրս բերում։
«Ստոպ-կադրի» էֆեկտ և «մուրաբայի գույն»
Ստեփանակերտում Տումի գյուղից երիտասարդ կինը, որ ծնվել է 1994 թվականին՝ առաջին ղարաբաղյան պատերազմում հոր զոհվելուց հետո (եթե հիշում եք՝ կա այդպիսի ֆոտոշարք իրենց հայրերին չտեսած զավակների մասին. իրենց հայրերի զոհվելուց հետո ծնվածները տասից տասի դեպքում կրում են հոր անունը՝ անկախ սեռից, օրինակ՝ Արմեն – Արմենուհի, Էրիկ – Էրիկա, Էդիկ – Էդուարդա), խորքային երկու մասանոց հարցազրույց տվեց։ Նա կարողացավ զարմանալի դիտողունակությամբ ոչ թե պարզապես կարդալ սեփական զգացմունքներն իրենց բազմակողմանիությամբ, այլև մեզ և ապագա սերունդների համար դրանք պարուրել բառերով և մտավոր բանաձեւերով: Բացի նրանից, որ նրա քարտեզը մանրամասնորեն գծված է, այն նույն նրբերանգով էլ լսվում է աուդիո հարցազրույցում։ Օրինակ, նա մեզ պատմեց հիշողության «վարքագծի» մի դրսևորման մասին, որը ես հապճեպ անվանեցի հիշողության «ստոպ-կադր էֆեկտ»։ Ա.-ն պատմեց, որ տնից դուրս գալիս, թեպետ շրջապատն ու ինքը համոզված են եղել, որ ընդամենը մի քանի օրով են հեռանում, ինքը շրջվել և նայել է այն սենյակին, որտեղ երեխաների հետ վերջին անգամ սնվել է. «Ես հիշում եմ նախաճաշից հետո սեղանի վրայի յուրաքանչյուր գդալի, յուրաքանչյուր ափսեի ու բաժակի տեղը, մի կտոր կարագը և մուրաբայի գույնը, և թե ինչով էին դրանք մատուցված: Այսքան ժամանակ է անցել, բայց ես կարող եմ ձեզ նկարագրել մեր սեղանի բոլոր մանրամասները նախաճաշից հետո՝ մեկնելուց առաջ: Հիշում եմ ու դա ինձ հանգիստ չի տալիս»։
Մեր հարցազրույցի առիթով Ա.-ն հնգատող բանաստեղծություն է գրել իր հայրենի բարբառի հադրութ-տումիյան խոսվածքով, որ կարդաց իր պատասխանատու և լուրջ հարցազրույցի երկրորդ բաժնում.
Mtqav hysalum shenys, – Մտքով հասա ես գյուղս։
Qetsal amen ykhpira tchur khmal, amen sorphin mom varral, – Գնացի ամեն աղբրից ջուր խմեցի, ամեն սրբի մոտ մոմ վառեցի։
Qetsal mer shkoly, mer ton, – Գնացի մեր դպրոցը, մեր տունը։
Qetsal zohvatznun hangisty – tesal enyn myzana nyghatsatz, – Գնացի զոհվածների գերեզմաններին, տեսա որ նրանք նեղացած են մեզնից։
Asal munq ampaiman yet kilakanyq, mi patar el tymatseq… – Ասացի՝ մենք անպայման կվերադառնանք, մի քիչ էլ դիմացեք…
Ինչպես ինքը նկարագրեց՝ տողերն ինքնաբերաբար եկան, երբ մտքով գնաց հայրենի գյուղ, իսկ գլխավորը՝ նա գրեց «մեր Տումա լյուզվավը»։ Նա նաև նորից նկարեց իր քարտեզը՝ մանրամասներն ավելի կոնկրետացնելու, ոչ մի բան բաց չթողնելու համար։ Ուզում եմ հավատալ, որ սեփական ցավի տեքստերի և նկարների արարումն օգնեց նրան և կօգնի ապագայում։
Մենք ենք մեր սարերը – հիշողության հզոր, հարուստ, առատ նկարագրություններով կլաստեր։ Դիզափայտը կամ տեղական հնչողությամբ Տիզափայտը, ծանոթ վայր է՝ բարձր լեռ։ Լեռան գագաթին Կատարո վանքն է (կա նույնանուն Կատարո գինին, բառացի և բառախաղով նշանակում է գաղափարների, ցանկությունների, երազանքների կատարում, իրականացում), որի կառուցման ու պատմության մասին լեգենդներ ու առասպելներ կան։ Դիզափայտը և Կատարոն (էսքիզ-սխեման ներկայացված է Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» հիմնարար աշխատության մեջ) նկարագրեցին մերձակա գյուղերի հարցված անխտիր բոլոր բնակիչները: Թեպետ հինգերորդ փորձից, այսուհանդերձ՝ 2019 թվականի հունիսի 2-ին ես հասցրի բարձրանալ լեռան գագաթը, ընդ որում` վերելքը սկսվեց առավոտյան ժամը չորսին և մեծ ջանքեր պահանջեց։
Ընտանիքի վեցերորդ աղջիկը՝ Ս.-ն, մանրամասն նկարեց իր տան պատշգամբը, որտեղից բացվում է Դիզափայտի բարձունքի հրաշալի տեսարանը։ Այդ պատշգամբում վայրի խոտերով, ինքնաեռով պատրաստված թեյ էին խմում։ Հենց կյանքի այդ րոպեներն են անմոռանալի, հենց այդ կրկնվող գործողությունն է ողջ ընտանիքը, հատկապես՝ ընտանիքի հայրը, կարոտում։ Ղարաբաղի լեռները հրաբխային չեն և պատված չեն կրակ շնչող հրաբխային ապարներով, դրանք հայտնի են իրենց փարթամ բուսականությամբ, որը նաև սնունդ է ապահովում: Այս առումով ժենգյալով հացի, լեռնային խոտերով թեյի և նույն լեռնային վայրի բույսերի «աղ տիրածի» (թթվի) թեման կրկնվող է և հասնում է հնագույն էքզիստենցիալ հեռուներն ու լաբիրինթոսները։
Բռնություն (խորհրդանշական և ուղղակի), թափառող ունեցվածք, կորստյան ցավ
Ս.-ի ընտանիքը, ինչպես շատ այլ հադրութցիներ, «ֆեյսբուքներում» և «տիկտոկներում» (այդպես՝ հոգնակիով, իրենք էին արտահայտվում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին), փնտրել է իրենց գյուղում տնավորված ադրբեջանցիների մասին նորություններ, որքան էլ դրանք դառն լինեին։ Գտել են. «ադրբեջանցիները, մեր պատշգամբում, մեր ինքնաեռի առջև նստած և նայելով մեր Դիզափայտին, մեկնաբանություն էին գրել. «էդ օղռաշները գիտեին, էլի, ապրել», – բողոքում է Ս.-ն։ Տունդ պատառոտված պաստառներով և պատերին նվաստացնող գրաֆիտի- նկարներով տեսնելը հեշտ բան չէ, ուստի Ս.-ն դադարեց փնտրել, դադարեցրեց ցավոտ դիտարկումները: Շատերը չեն կարողանում դադարեցնել, սակայն այդ դիտումների և նոր տերերի հետ «շփումների» երկարատև հետևանքը դեռ հայտնի չէ։ Հետազոտությունն արձանագրել է շփումների տարբեր տեսակներ՝ թշնամականից, ատելություն-վրեժխնդրությունից մինչև խղճահարություն և «միասին ապրելու» բարյացակամ հրավեր (վերջինս այս փուլում առաջիններից հազվադեպ է), ինչպես դա եղավ Ակնաղբյուր – Աղբուլաղ երկակի անվանում ունեցող գյուղի բնակիչ Ռ.-ի դեպքում։ Նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվել է Մարտունի, ապրում են «Թխմչար» կոչվող թաղամասում՝ վարձով տանը։ «Ապրել միասի՞ն,- հուսահատ կրկնում է երեք երեխաների հայրը՝ Ռ.-ի որդին, – ես նրանց ասացի. «ինձ պետք չի, ձեզ լինի տունս»։
Հիշողության ևս մի հզոր հատված – մենք և մեր եկեղեցիները (դրանց մեծ մասը կիսավեր է) և մեր սուրբ վայրերը (ուր բնակինչներն ավելի հաճախ էին այցելում). Սուրբ Հովհաննես, սուրբ Անապատ, սուրբ Ստեփանոս, որը թեև ավերված է, սակայն Տող գյուղից, ինչպես ինքը ներկայացավ՝ ժողովրդական երգիչ Ս.-ն այնտեղ մկրտվել է։ Երեխաները, որոնց հետ ավելի շատ զրուցեցինք, քան պլանավորել էինք (ընդ որում, խորհրդանշական է՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը) մյուսներից հաճախ են հիշում իրենց դպրոցական կամ թաղային ընկերներին, իրենց ընտանի կենդանիներին, որոնց ճակատագիրն անհայտ է, իրենց տնամերձ այգու գեղեցիկ անկյունները, իրենց ճոճանակները։ Այս ամենը նկարում էին գունավոր՝ մենթալ և բառացի իմաստով. այսինքն գունագեղ պատմում էին՝ հընթացս նկարելով գունավոր մատիտներով։
Հարցազրույց-քարտեզի «3-D էֆեկտները»
Հայկական Հադրութը յուրահատուկ էր բարքերի, քաղաքական մշակույթի, ժողովրդավարական հաստատությունների կայացման տեսակետից։ Ոչ հեռու անցյալում, պատերազմից մի քանի տարի առաջ, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ եղան։ Դա ազատ կամարտահայտման շշմելու գործողություն էր։ Ղարաբաղյան ընդդիմադիր՝ հակակոռուպցիոն շարժման ակտիվիստ և «փոքր գործերի» տեսության ու պրակտիկայի բարեփոխիչ Վահան Ս.-ն ընտրվեց քաղաքապետ։ Իր սոցիալիզացիայի փուլերից մեկը Վահանն անց էր կացրել Սանկտ Պետերբուրգում, ինչը, հավանաբար, իր հետքն էր թողել նրա անհատականության վրա։ Ժողովրդական քաղաքապետը վերակառուցեց մանկական խաղահրապարակները, շարքային քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոցառումներ իրականացրեց։ Չլինելով պրոֆեսիոնալ զինվորական (Պիտերի նման հսկա քաղաքում զբաղվել էր մեքենաների նորոգմամբ ու սպասարկմամբ)՝ Վահանն իր հասակակիցների և համախոհների հետ մինչև վերջ կռվեց սեփական քաղաքի համար, սկզբում փորձելով պաշտպանել վարչական շենքը, ապա վիրավորների հետ նահանջելով՝ միայն տեղացիներին հայտնի «այծի կածաններով»։ Նրա հարցազրույցը, հատկապես մենթալ քարտեզ նկարելու ընթացքը, ինձ թվաց ճամփորդություն իրադարձությունների միջով, ինչպես «3 և ավելի D» ֆիլմերում: Ունկնդիրը ֆիզիկապես է զգում վտանգն ու հոգնածությունը, անելանելիությունն ու ճեղքումը, իսկ հետազոտողն իր ուսումնասիրության լիարժեք և լիիրավ մասնակցի ձեռքը բռնած ներգրավվում է իրադարձությունների տարբեր շերտերի և դրանց մասին հիշողությունների մեջ։ Եվ այդ ներգրավումը խորն ու տպավորիչ է։ Վահանին և նրա հարցազրույց-քարտեզը ես համարում եմ հետագա հետազոտություն-վերլուծության ամուր հիմք։ Չէ՞ որ Վահան բառի նախնական իմաստը պաշտպանության զենքն է։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։
Կա մարդկանց ևս մի խումբ, որոնք արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մինչև վերջ փորձեցին պաշտպանել Խծաբերդը՝ Դիզափայտի մոտ։ Սակայն դա արդեն նոր թեմա է, որը մենք պլանավորում ենք զարգացնել Հադրութի մասին գրքի ֆորմատով։
Երկսայր վնասվածք և թերապևտիկ էֆեկտ
Հադրութցիները սրբորեն հավատում են մի քանի ելակետի. Հադրութը սահմանապահ ուղեկալ է և ժամանակին եղել է ռուսական կայսեր իշխանության պատվարը (այսպես կոչված՝ Отряд), հադրութցիները մի քիչ այլ ժենգյալով հաց են թխում, Հադրութում է սկսվել Ղարաբաղյան «Միացում» շարժումը, այստեղ՝ Տող գյուղում է գտնվում Մելիք Եգանի ապարանքը։ Եգանին ժամանակին ստիպել են մուսուլմանություն ընդունել, սակայն «նա կնոջը հանձնարարել է գաղտնի դավանել քրիստոնեություն, մկրտել որդիներին», այսինքն՝ եղել է ծպտյալ քրիստոնյա։ Այսպես, թե այնպես, հիշողության տարբեր խորշերում տարբեր կերպ կրկնվելով, հառնում են սոցիալական միասնություն ստեղծող ամեն տեսակի փառատոները՝ գինու, պարերի, ժենգյալով հացի, մարզական միջոցառումները։ Սրանք ավելի հաճախ տեղի էին ունենում Տող գյուղում։ Ս.-ի կատարած օրորոցային, աշխատանքային, հարսանեկան, ծիսական-տոնական ազգային երգերի տեքստերը արտացոլում են հեռավոր նախնիների հիշողությունը՝ խնամքով պահպանելով սերունդների հերթագայությունը։ Դրանք սոցիալական ինքնատիպության հզոր կոթողներ են, որոնք թույլ չեն տալիս, որ տարբեր չափերի և բնույթի սոցիալական միասնականությունները մարեն։
Մենթալ քարտեզները (եզրակացություն, որին մենք կրկին հանգեցինք Հենրիխ Բյոլի հիմնադրամի՝ Շուշվա հետազոտություններից հետո) անշուշտ թերապևտիկ էֆեկտ ունեն, ընդսմին ինչպես հադրութցիների, այնպես էլ մեզ՝ սոցիալական հետազոտողներիս համար։ Ասեմ ավելին, սույն հետազոտությունը թեև փոքր, բայց նվազեցնում է կախվածության և անորոշության վիճակը՝ տալով կործանարար դժվար հիշողությունը և ինքնությունը կործանող հետտրավման հաղթահարելու գործիքներ, մեխանիզմներ ու ազդակներ:
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Սոցիալական մարդաբան, ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երևան