Օգոստոսի 24-ին Ուկրաինան իր անկախության 31-րդ տարեդարձը նշեց Ռուսաստանի դեմ պատերազմի պայմաններում։ Նույն օրը լրացել էր ռազմական գործողությունների սկսման վեց ամիսը։ Այդ ժամանակաընթացքում փոխվել է աշխարհը, փոխվել է Ռուսաստանի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը, երկիր, որն առաջ է անցել բոլոր, այսպես կոչված, «վտարյալ» երկրներից ու իր վրա վերցրել ագրեսոր երկրի նկատմամբ պատժամիջոցների ամենամեծ բեռը։
Կամա թե ակամա այս պահին, որոշակի կլոր տարեդարձերի բերումով, ինչպես նաև ռազմական առումով պատային իրավիճակի պայմաններում, երբ մինչ այդ հարձակվող կողմն ի վիճակի չէ և, ինչպես տեսնում ենք, ի վիճակի չի էլ լինելու շարունակել հարձակողական ակտիվ գործողությունները, իսկ հարձակման ենթարկված երկիրը, որը կարողացել է հաջողությամբ դիմանալ-դիմակայել, բայց առայժմ հնարավորություն չունի հակահարձակողական լայնածավալ գործողությունների համար, ահա հենց այս պարագայում արդյունքների որոշակի ամփոփման կարիք կա՝ իրավիճակի առավել հստակ ընկալման համար, ինչպես նաև պատկերացնելու համար կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում առավել հնարավոր սցենարները։
Մեր նոր թողարկումը նվիրված է արդեն կես տարի մարտնչող Ուկրաինային՝ նրա ներկայիս ռազմական վիճակին, այդ համապատկերում համաշխարհային քաղաքականության համակարգաստեղծ թրենդներին։ Այդ նպատակով մենք խնդրել ենք մեզ հետ իրենց պատկերացումներով կիսվելու հեղինակների հենց Ուկրաինայից։ Թեման շատ կարևոր է մեր երկրի համար և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի համար, քանի որ հենց այս պատերազմի թոհուբոհում է ծնվում նոր աշխարհակարգը, որում Հայաստանը պետք է իր արժանի տեղը գրավի՝ հաղթահարելով այդ ուղու վրա առկա բոլոր մարտահրավերները մի տարածաշրջանում, որը չափազանց անհանգիստ է ու շարունակում է դրվագացված մնալ չկարգավորված հակամարտությունների պատճառով, իսկ տարածաշրջանային գործընթացներն էլ զգալի չափով ածանցյալ են այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում ու նրա շուրջ։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն