Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս քչերը կպատկերացնեին, որ Կիևը կրկին կարող է նմանվել եվրոպական մայրաքաղաքի՝ գործող սրճարաններով ու ռեստորաններով և սովորական ավտոմոբիլային երթևեկությամբ։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ այստեղ վերստին կգործեն մինչ այդ էվակուացված պետական կառույցները, նույնիսկ կվերաբացվեն 50 դեսպանատներ։ Washington Post-ում լույս տեսած և մեծ արձագանքի արժանացած «Ճանապարհ դեպի պատերազմ» հոդվածի հեղինակները, հղում կատարելով Սպիտակ տանն ու հետախուզական հանրույթին, գրել էին․ «Կիևը ռուսների պատկերացրածի համեմատ այսքան արագ չի ընկնի, բայց կընկնի»։ Չիրականացած կանխատեսումների լավագույն ապացույցը դարձել է ուկրաինական մայրաքաղաքի սրտում՝ Խրեսչատիկում բացված՝ ռուսական բանակի հրկիզված տեխնիկայի շքերթը։
Բեկում ռազմաճակատում
Ուկրաինացիներն ամեն օր ապացուցում են, որ ի վիճակի են պաշտպանելու իրենց պետականությունը։ Սա նրանց հաջողվում է ահռելի ջանքերի և պաշարների գնով։ Ուկրաինայի Զինված ուժերը, Ազգային գվարդիան և Սահմանապահ ծառայությունը դիմակայում են իրենց բազմիցս գերազանցող ռուսական ռազմական մեքենայի ուժերին՝ զսպելով նրանց ավելի քան երկու հազար կիլոմետր ձգվող ռազմաճակատով։ Ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ այն համեմատելի է Երևանից Կիև ընկած հեռավորության հետ։
Լայնածավալ ագրեսիայի առաջին ամսում Կիևի ուղղությամբ գարնանային բլիցկրիգի տապալումը ցույց է տվել, որ ռուսական բանակը պատրաստ չէր դիմագրավելու Ուկրաինայի զինված ուժերի, տարածքային պաշտպանության մարտիկների և սովորական կամավորականների կատաղի դիմադրությանը։ Կիևի համար ճակատամարտը դարձել է Կրեմլի իսկական ձախողումն ու խայտառակությունը։ Կիևի և Չեռնիգովի նահանգների բռնազավթման հետևանքները ողջ աշխարհին ցուցադրել են քաղաքացիական բնակչության դեմ «աշխարհի երկրորդ բանակի» կատարած ռազմական հանցագործությունների սահմռկեցուցիչ դաժանությունը։ Իսկ այժմ կարելի է ասել, որ հենց այս իրադարձություններն են արմատապես ձևափոխել արևմտյան դաշնակիցների պատկերացումները հակամարտության բնույթի մասին և թույլ տվել սկսել Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարումը։
Եթե այս տարեսկզբին խոսքը միայն ամերիկյան հակատանկային Javelin-ների կամ բրիտանական NLAW-ների մատակարարման մասին էր, ապա ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը յուրացրել և օգտագործում են հրետանային 155 մմ М777, FH-70, САУ М109, CAESAR և PzH 2000, ինչպես նաև հրթիռային M142 HIMARS ու САУ «Խեցգետին» գերժամանակակից համակարգեր, М113, FV-10 Mastiff, Husky և Wolfhound զրահամեքենաներ։ Ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են հրթիռային M270 և MARS II, САУ Գեպարդ 1A2 կայանքների, Sundown տեսակի ականազերծող նավերի, VAB և M80-A զրահամեքենաների արդյունավետ օգտագործման հմտություններ ձեռք բերելու համար։ Մեկնարկել է Մեծ Բրիտանիայում շուրջ 10 000 ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման ծրագիրը, իսկ ԱՄՆ Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինացի օդաչուներին ամերիկյան F-16 կործանիչների շահագործմանը նախապատրաստելու համար։
Ուկրաինային ցուցաբերված աննախադեպ ռազմաքաղաքական աջակցությունը, բազմապատկված երկիրը ողջ ուժով պաշտպանելու ուկրաինացիների պատրաստակամությամբ, հանգեցրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի շրջադարձային փոփոխության։ Եթե մինչև հունիսն Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը ռուսական զորքերի արևելյան և հարավային ճակատում առաջխաղացման զսպումն էր, ապա նոր սպառազինությունը թույլ է տալիս հակառակորդին լուրջ կորուստներ պատճառել՝ ստիպելով Ռուսաստանի ղեկավարությանը վերանայել «հատուկ ռազմական գործողության» ծրագրերը։ Ռուսաստանի բանակը կենտրոնացնում է իր ջանքերն ու կարողությունները Դոնբասը և Ուկրաինայի հարավային շրջաններն ամբողջությամբ գրավելու համար։ Խաղաղ բնակչությանը բարոյազրկելու և տնտեսության կենսականորեն կարևոր օբյեկտների վրա ազդեցություն գործելու նպատակով ռուսները որդեգրել են բնակավայրերը հրթիռային կայանքներով ու հրետանիով անընդհատ ռմբահարելու մարտավարություն։ Հրթիռային ահաբեկչությունից շարունակում են տուժել Խարկովը, Նիկոլաևը և Դնեպրի, Օդեսայի ու Զապորոժիայի նահանգները։ Զավթիչներն, ըստ էության, ներքաշվել են դիրքային պատերազմի մեջ, որը նրանց հնարավորություն չի տալիս որևէ երևելի արդյունքի հասնել։ Ի հեճուկս մարդուժի և հրետանու բազմակի գերազանցությանը՝ ռուսական բանակին չի հաջողվում գրավել Բախմուտը, Սլավյանսկը և Կրամատորսկը։
Ռազմաճակատում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վկայում են, որ Ուկրաինայի ստացած գերճշգրիտ հրթիռային համակարգերն արդեն իսկ ռազմական գործողությունների խաղի կանոններն են փոխում։ Ագրեսորի ունեցած ռազմամթերքի քանակն էապես պակասել է ռազմաճակատից պատկառելի հեռավորության վրա գտնվող պահեստներն Ուկրաինայի զինված ուժերի ճշգրիտ հարվածներով ոչնչացնելուց հետո։ Սրա մասին է վկայում ուկրաինական հրթիռային համակարգերի հարվածների շնորհիվ ռուսական կողմի նվազած կրակային ակտիվությունը։
Օգոստոսի երկրորդ կեսն այս պատերազմի ևս մի շրջադարձային փուլ է․ ռուսաստանյան հրամանատարությունը փաստորեն ստիպված է եղել խոստովանել, որ բռնազավթված Ղրիմը դադարել է լինել անխորտակելի «ռուսական օդանավակիր»։ Աշխարհով մեկ տարածվել են Նովոֆեդորովկայում և Բելբեկում ՌԴ ռազմածովային ուժերի օդանավակայաններին հասցված հարվածների տեսագրությունները։ Երկու օբյեկտներն էլ Ուկրաինայի հարավային շրջաններին հարվածներ հասցնող ռուսական ռազմական օդուժի հենակայաններն էին։ Այս ամենին հավելվել է Ջանկոյի հարևանությամբ ռազմամթերքի պահեստների պայթեցումն ու Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբին ուկրաինական անօդաչու սարքի հարվածը, որոնք վերջնականապես սասանել են Ղրիմի անխոցելիության մասին առասպելը։ Այժմ Մոսկվայում ստիպված կլինեն մտածել ռազմաճակատից հավելյալ ուժեր դեպի Ղրիմ փոխադրելու մասին՝ թերակղզում գտնվող ռազմական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Բացի դրանից, «ղրիմյան հրդեհները» ռուսաստանցիների վրա արդեն անհրաժեշտ բարոյազրկող ազդեցություն են գործել։ Դրա ապացույցը Ղրիմից հեռացող ռուսաստանցիների բազմակիլոմետրանոց հերթերն էին։
Զավթիչների դիրքերը Խերսոնի ուղղությամբ արդեն մեծապես խոցելի են, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը փաստացի կրակային վերահսկողության տակ են դրել Դնեպրի ափերն իրար կապող ռազմավարական կամուրջները։ Դնեպրի աջ ափին գտնվող ռուսաստանյան զորամիավորումն արդեն մատակարարման լուրջ խնդիրների է բախվել։ Ժամանակավորապես բռնազավթված տարածքների հետագա ազատագրման համար ուկրաինացիները պետք է ամեն հնարավոր բան անեն հակառակորդի հարձակողական կարողությունները ճնշելու համար։ Բայց պետք է հասկանալ, որ Խերսոնը ռուսների վերահսկողության տակ գտնվող միակ նահանգային կենտրոն է, և նրանք հազիվ թե նահանջեն այնտեղից անգամ շրջափակման վտանգի ներքո։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման համար անհրաժեշտ է ստեղծել հավելյալ պահուստային հրետանային և զրահատեխնիկական ստորաբաժանումներ ու ապահովել դաշնակից երկրներից նոր սպառազինությունների և ռազմամթերքի անխափան և աճող մատակարարումները։ Ագրեսոր պետությունը դեռ ունի հարձակողական զգալի պաշարներ, որոնք նրան թույլ են տալիս անընդհատ երկարաձգել ռազմական գործողությունները։ Կրեմլը կարող է օգտագործել հյուծող պատերազմը ձգձգելու իրեն քաջ հայտնի մարտավարությունը, ինչպես եղել է Ուկրաինայի արևելքում կամ Սիրիայում։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ է հանել 105 մարտական գումարտակային խումբ: Ուկրաինայի զինված ուժերը մարտի դաշտում հյուծելու ջանքերը մշտապես ուղեկցվելու են խաղաղ բնասկչությանը թիրախավորող հրթիռային հարվածներով։ Բացի դրանից, պատերազմը լուրջ սպառնալիքներ է ստեղծում երկրի էներգետիկ հատվածի համար։ Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանը ցայսօր ռուսների հսկողության տակ է։ Էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտները սպասվող ձմռանն ընդառաջ կարող են ցանկալի թիրախ դառնալ ռուսական հրթիռային հարվածների համար։ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են արդեն հիմա սկսել ձմռան նախապատրաստությունը՝ էլեկտրականության և գազի սպասվող պակասության կանխատեսումներից ելնելով։ Մոտակա օրերը հակամարտող կողմերի համար վճռորոշ նշանակություն են ունենալու և կանխորոշելու են պատերազմի հետագա ձևաչափը՝ հաջորդող չորս-հինգ ամիսների համար։
Պատերազմը փոխում է ուկրաինացիներին
Ապրիլի 24-ին հետևած իրադարձությունները մեկնարկ են տվել ուկրաինական հասարակության՝ մինչ այդ անպատկերացնելի վերաձևման գործընթացին։ Նախ՝ երկրի քաղաքացիները հասկանում են, որ նահանջի տեղ չկա․ վճռվում է ազգի լինել-չլինելու հարցը։ Եվ այստեղ ազգը սոսկ «էթնոս» հասկացության մեջ չի պարփակվում․ խոսքը նաև սեփական պետության մեջ ազատ լինելու կենսակերպի մասին է՝ անկախ վերջին տարիներին ուկրաինական պետության ունեցած խնդիրներից։ Ուկրաինացիների ճնշող մեծամասնությունն այժմ միասնական է երկրի զարգացման վեկտորի մասին հարցում։ Կիևի Սոցիոլոգիայի ինստիտուտի վերջին հարցումների համաձայն՝ քաղաքացիների 90 տոկոսը չի կասկածում, որ Ուկրաինան այս պատերազմից հաղթած դուրս կգա («Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցում)։ Այսպիսի համակարծությունը վկայում է իրենց երկրի ապագայի հանդեպ մարդկանց ունեցած հավատի մասին, առանց որի պատերազմից հետո անհնարին է լինելու անցկացնել արմատական բարեփոխումներ, վերականգնել և արդիականացնել երկրի տնտեսությունը։
Երկրորդ հանգամանքը ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորումն է։ Այս գործընթացը սկսվել է դեռ 2014 թվականին, բայց այժմ ձեռք է բերել բոլորովին նոր իմաստավորումներ։ Քաղաքացիների մեծամասնությունը զգացել է սեփական ուժն ու պատասխանատվությունը երկրի ապագայի նկատմամբ։ Սրանով է բացատրվում մարդկանց աննախադեպ համախմբումը բանակին աջակցելու համար և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ նպաստելու իրենց երկրի հաղթանակին՝ զինվորական կամ թիկունքային կամավորագրման միջոցով։ Ազգային և տեղական մակարդակներում ձևավորվել են արդյունավետ հորիզոնական կառուցվածքներ, որոնք ի վիճակի են աջակցելու այնտեղ, որտեղ պետությանը պակասում են անհրաժեշտ պաշարներ։ Ուկրաինան ողջ աշխարհին ցուցադրել է պատերազմի համապատկերում հասարակության ժողովրդավարացման օրինակը, որի շնորհիվ երկիրը ստացել է աննախադեպ միջազգային աջակցություն և ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
Ուկրաինա-Հայաստան․ հայացք դեպի ապագա
Ուկրաինայի հաջող բարեշրջումը կարող է փոփոխությունների խթանիչը դառնալ հետխորհրդային ողջ տարածությունում։ Այս գործընթացների արձագանքները հազիվ թե շրջանցեն Հայաստանը, որն այսօր նույնպես փոփոխությունների ցավագին շրջան է ապրում Արցախի շուրջ հակամարտության համատեքստում կատարվող իրադարձությունների համապատկերում, որտեղ Ռուսաստանը դարձյալ ապակառուցողական կեցվածք է դրսևորում։
Կիևում հստակորեն են տեսնում ռուս-ուկրաինական պատերազմի հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Մոսկվային չի հաջողվել Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի վարչակազմի օրինակով Հայաստանը ևս ներքաշել բացահայտ հակաուկրաինական դաշինքի մեջ։ Կասկած չկա, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, թե ինչ գնով է տրվում Նիկոլ Փաշինյանի վարչակազմին այս չեզոքության պահպանումը։ Իսկ սույն թվականի ապրիլին թուրքական տեղեկատվական հարձակման համատեղ ձախողումը, երբ հայկական իշխանությունները մեղադրվել են Ուկրաինայի դեմ պատերազմելուն մեկնող վարձկանների տարանցումն իբր ապահովելու համար, կարելի է գնահատել որպես Երևանի և Կիևի միջև դրական փոխգործակցության օրինակ։
Երկկողմանի հարաբերություններում դրական դինամիկան պահպանելու կարևոր պաշարն Ուկրաինայի հայկական սփյուռքն է։ Էթնիկ հայերն ավանդաբար ուկրաինական հասարակության մաս են և Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից կռվում են երկրի զինված ուժերի շարքերում և բանակին ու տուժած բնակչությանն ակտիվ աջակցություն են ցուցաբերում։ Այս գործընթացների մեջ ներգրավված է նաև ՀԱԵ Ուկրաինայի թեմը։ Պետք է նշել, որ պատերազմից հատկապես տուժել են մերձազովյան և մերձսևծովյան շրջանները, որոնցում երկար ժամանակ բնակվում են հայ համայնքի ներկայացուցիչները։
Ի վերջո, Երևանում արդեն այսօր պետք է կանխատեսեն ապագա հետպատերազմական դասավորությունը։ Կասկած չկա, որ Կիևը հետխորհրդային տարածքում պահպանված սակավաթիվ ժողովրդավարական վարչակազմերի համար ձգողության կենտրոն կլինի։ Անտարակույս, Հայաստանը նրանց շարքին է դասվում։
Կարեն ՄԱԴՈՅԱՆ
Քաղաքագետ
Կիև