Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն շահարկումները, թե իրենք պատրաստ էին շարունակել աշխատանքները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և այդ Արևմուտքն էր, որ կոնտակտի չէր գնում, ոչ մի քննադատության չեն դիմանում։
Նախ, Ռուսաստանի քաղաքականությունը, ուղղված Մինսկի խմբի համանախագահության վերացմանն ու Ղարաբաղյան հիմնախնդրի «սեփականաշնորհմանը», նոր չէ։ Կրեմլում կա հստակ ձևակերպված նպատակ. Արցախյան կարգավորման գործընթացից դուրս մղել Արևմուտքին, և այն դարձնել կամ բացառապես ռուսական, կամ էլ առնվազն ռուս-թուրքական մոդերացիայի ենթակա։ Այս պատկերացման մեջ հստակորեն տեղավորվում է այն փաստը, որ 44-օրյա պատերազմը չէր կարող մեկնարկել առանց ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածության կամ առնվազն՝ փոխըմբռնման։ Առանց ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածության կամ փոխըմբռնման 44-օրյա պատերազմում չէր կարող լինել այն խորության ու լայնության թուրքական մասնակցություն, որն արձանագրվեց: Իսկ 44-օրյա պատերազմի գլխավոր աշխարհաքաղաքական հետևանքը Ռուսաստանի դերի ավելացումն էր ու Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։ 3+3 ձևաչափն էլ ոչ այլ ինչ է, քան 44-օրյա պատերազմի ռուս-թուրքական առաջնորդութամբ իրականացվող մեթոդաբանական շարունակություն, ուղղված տարածաշրջանի վերաբաժանմանն ու Արևմուտքի դուրս մղմանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի արդյունքների լեգետիմացմանը։
Ռուսաստանն, ըստ էության, երբևէ գաղտնի չէր էլ պահում, որ Արցախյան կարգավորման գործընթացում իր գերակա դիրքը պահպանելու համար լավագույն միջոցը հայկական կողմի հաշվին որոշակի զիջումների գնալն է ու հակամարտության մոդերացիայի վերաձևակերպումը։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել Ռուսաստանի կողմից միակողմանի հայտարարությունների. Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու կամ, ընդհանրապես, Արցախն իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչման վերաբերյալ (տե՛ս Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և ասուլիսը )։ 44-օրյա պատերազմի ընթացքում նախանշված զիջումներն, ըստ էության, խլվեցին Հայաստանից Ռուսաստանի համաձայնությամբ, ու հիմա Ռուսաստանն ակնկալում է դրա դիմաց ստանալ որոշակի շահաբաժիններ։ Ռուսաստանին անհրաժեշտ է դեպի Թուրքիա տանող և Արևմուտքի կողմից չվերահսկվող ցամաքային ճանապարհ։ Առևտրատնտեսական սրացող պատերազմները և խորացող պատժամիջոցները կործանարար հետևանքներ են ունենում ռուսաստանյան տնտեսության համար։ Ռուսաստանին անհրաժեշտ են սպառման և ձեռքբերման նոր շուկաներ ու պատժամիջոցները շրջանցելու տարբերակներ, դրանցից ամենաէականը Չինաստանից ու Հնդկաստանից հետո այս պահին Թուրքիան է։
Մյուս ակնկալվող դիվիդենտն ըմբռնելու համար կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը որոշ հարցերում կախված է Ադրբեջանից։ Առաջինը գազի արտահանումների ծավալի աճն է դեպի Եվրոպա, որը շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար: Հասկանալի է, որ Ադրբեջանը միայնակ չի կարող փոխարինել Եվրոպական շուկայում Ռուսաստանին, սակայն Ադրբեջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպական էներգետիկ անվտանգության վերանայման գործընթացում։ Եթե, օրինակ, ավելանում են գազի արտահանման ծավալները Ադրբեջանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Միացյալ Նահանգներից, ու միաժամանակ ակտիվորեն կրճատվում ու խնայողական ռեժիմի են անցնում գազի կիրառման ծավալները Եվրոպայում, ապա հավանական է, որ Ռուսաստանի հնարավոր գործողություններն, ուղղված Եվրոպայի էներգետիկ անվտանգության դեմ, այլևս չունենան այն ցնցող հետևանքները, որոնք հնարավոր են հիմա։ Ուրեմն, այս պարագայում Ռուսաստանը պատրաստ է շատ բաների, որպեսզի հնարավորինս բացառի նման սցենարի իրագործումը և ստանա իր ակնկալած շահաբաժինը։ Ու նման քայլերից մեկն Արցախյան հարցում առավել ադրբեջանամետ դիրքորոշումն է։ Արցախյան հարցն այս պահի դրությամբ դարձել է Ռուսաստան-Ադրբեջան-Եվրոպա էներգետիկ անվտանգության եռանկյունու կցորդը։ Սա եվս մեկ ցավալի զարգացում է, քանի որ Արցախյան հարցի հետագա միջազգայնացումն ու այդ գործընթացում հայկական կողմի սուբյեկտայնության հետզհետե ավելացող կորուստը ցավալիորեն նմանվում են 20-րդ դարասկզբի Հայկական հարցի ճակատագրին։
Հաջորդ ակնկալվող դիվիդենտը խաղաղապահների կարգավիճակի հարցն է։ Խաղաղապահների ներկայությունն Ադրբեջանում բավականին լուրջ ճնշման գործիք է Ռուսաստանի ձեռքին, հնարավորություն է «գրպանում պահելու» հակամարտության լուծման փականն ու բանալին, ինչպես նաև որոշակի վերահսկողություն է ենթակառուցվածքների վրա։ Խաղաղապահ ստորաբաժանման տեղակայման ժամկետի ավարտին մնացել է մոտ երեք տարի ժամանակ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, թե ինչպես է Ռուսաստանը կարողանալու ստիպել Ադրբեջանին երկարացնելու այդ ստորաբաժանմանը տրված մանդատի տևողությունը, բայց մանդատի ժամկետի երկարացման ակնկալիք Ռուսաստանի կողմից կա։
Այս շահաբաժինները քաղելու գործընթացը Ռուսաստանն այժմ փորձում է առաջ տանել սիրաշահման գործիքակազմով, ու դժվար է ասել՝ դա թուլությա՞ն, թե՞ հաշվարկի արդյունք է, բայց այս պահի դրությամբ դա է գերիշխող մոտեցումը։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելում է Շուշի, մասնակցում միջոցառումների։ Դեսպանի այցելությունը Շուշի դա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Շուշիի ճանաչումն է Ադրբեջանի կազմում։ Պատահական չէ, որ նախորդած 30 տարիների ընթացքում որևէ դեսպան չէր այցելել Շուշի, երբ այն դեռ Արցախի վերահսկողության տակ էր։ Ինչպես և պատահական չէ, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները չեն արել նման բան։ Սա, ըստ էության, անդառնալի քայլ է ու պետության կողմից հստակ դիրքորոշման հայտնում։ Կարծում եմ, որ այս այցելությունն ուներ մի քանի հաղորդագրություն։ Դրանցից ամենակարևորն ուղղված էր Ադրբեջանին ու Թուրքիային, և, ինչպես արդեն նշվեց, ուներ եղելությունները ճանաչելու ու սիրաշահելու նպատակ։ Շուշի այցը նաև կարելի է ընկալել որպես թուրք-ադրբեջանական դաշնակցային հռչակագրով ստեղծած նոր իրավիճակի ու Թուրքիաի դիրքերի ամրապնդման ճանաչում։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղից նվաճված տարածքների անվտանգության երաշխավորը, Շուշիի հռչակագրի համաձայն, այլևս Թուրքիան է՝ ճիշտ այնպես, ինչպես Նախիջևանի անվտանգության երաշխավորն է Թուրքիան։ Այս առումով իրավիճակն այլևս հակառակն է, քան տարիներ շարունակ համոզում էին հայկական ու ռուսական քաղաքական մտքի մեծամեծերը։ Այդ քարոզը պնդում էր, որ Հայաստանն անձեռնմխելի տարածք է և գտնվում է ՀԱՊԿ-ի պաշտպանության տակ, ու խնդիրը բացառապես Արցախն է, իսկ իրականում, ինչպես ցույց տվեց ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի կողմից ապահովված Հայաստանի ոչ մի անձեռնմխելի տարածք էլ չկա, դրա փոխարեն Թուրքիան արդեն իսկ իր վրա պատասխանատվություն է վերցրել ապահովելու Ադրբեջանի տարածքների անձեռնմխելիությունը։
Այսպիսով, Ռուսաստանը, ելնելով սեփական անկարողութունից կամ հայկական շահերը օգտագործելու սառը հաշվարկից, հերթական անգամ օգտագործում է Հայկական հարցը՝ ի մասնավորի արցախյան հարցը, տարածաշրջանի պետությունների հետ իր հարաբերությունների կառուցման ու դիվիդենտների ստացման համատեքստում։ Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել, սա փաստ է, որով պետք է հակաճառել Ռուսաստանի վրա ավելի շատ հենվելը քարոզողներին։ Սա փաստ է, որը, համադրված Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության աստիճանի հետ, նշանակում է, որ Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերն-իրականում Ռուսաստանի Դաշնութունն է։
Ի՞նչ անել…
Արտաքին քաղաքականության մեջ անելիքները, ցավոք, շատ չեն, բայց պետք է հետևողականորեն ու դանդաղ գնալ երեք ուղություններով:
Առաջին՝ սուբյեկտայնության բարձրացում. սա ամորֆ առաջարկություն չէ, սրա մեջ մտնում են ենթակառուցվածքների զարգացման, Իրանի ու Վրաստանի հետ հարաբերութունների խորացման, զենք-զինամթերքի ձեռքբերման շղթաների վերանայման, Ռուսաստանից մի շարք հարցերում կախվածության մակարդակի նվազեցման ու մի շարք այլ գործողություններ։
Երկրորդ՝ 3-րդ ուժի բացառման սկզբունքի որդեգրում․ բոլոր հարևանների հետ փորձել աշխատել առանց 3-րդ կողմի ներգրավման ու առավել ևս՝ նրա թիկունքում թաքնվելու փորձի. դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դա քաղաքականություն է, որը մեզ բերեց 2020 թվականի աղետին ու որը մինչ այդ էլ բերել է բազում այլ աղետների։
Երրորդ՝ վճռականորեն գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, անգամ՝ զիջումների գնով։ Եթե դա չանի Հայաստանը, նույն բանն անելու է Ռուսաստանը. դարձյալ Հայաստանի հաշվին, սակայն բոլոր շահաբաժիններն արդեն ստանալու է Մոսկվան։
Ներքաղաքական հարթության մեջ հարկ է երկիրը զերծ պահել ցնցումներից, այդ առումով խնդրահարույց է հերթական խորհրդարանական ընտրությունների ու Արցախում խաղաղապահ կոնտինգենտի ապագայի հարցի որոշման ժամանակային մոտ լինելը։ Այս առումով գուցե արժե մտածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Մեկ այլ ներքաղաքական խնդիր է Արցախի ռազմաքաղաքական ընտրանին, որն իր ճակատագիրը այլևս կապել է Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով, թե տեղական մակարդակում տեղական հրամանատարության հետ ստեղծված կապերը վաղն օգնելու են որոշումների կայացման հարցերում, չհասկանալով, սակայն, որ որոշումներն այդ մակարդակում չեն կայացվում, և առավել ևս չեն կայացվում զինվորականների կողմից։ Փոխարենը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզապես օգտագործվում է տեղի՝ միջին ձեռքի ռուսական իշխանությունների կողմից։ Հարկ է լուծումներ գտնել հայության ներսում այս բարդույթը չեզոքացնելու համար։
Վերջում կարևոր է հավելել, որ Հայաստանը սպառել է էմոցիոնալ լինելու, հույսերով առաջնորդվելու, «հետին խելքին» վստահելու կամ զիջումների հաշվին ժամանակ շահելու բոլոր հնարավորությունները։ Աղետալի հետևանքներից խուսափելու համար հարկ է առաջնորդվել սառը հաշվարկով ու գնալ կարգավորումների։
Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Փորձագետ
Երևան