Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք կարևոր դերակատարություն ունեն թե՛ որպես ռազմական ագրեսիայի նախապատրաստական փուլ, թե՛ ագրեսիային ուղեկցող գործիքակազմի մաս։ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ակտերի ընթացքում բազմիցս ականատես ենք եղել տեղեկատվական գրոհների ակտիվացման և համեմատաբար ավելի պասիվ փուլերի։ Ըստ որում, ադրբեջանական քարոզչության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղեկատվական գրոհներում նոր նարատիվների տարածման հարցում առաջնորդող դերը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Իշխանությունների կողմից վերահսկվող, ուղղորդվող մամուլը նշված քարոզչությանը լրացնող դեր է կատարում և սերտաճած է պետական քարոզչությանը։
Մասնավորապես, Արցախի և Հայաստանի դեմ տեղային ռազմական գործողություններին նախորդող փուլերի տեղեկատվական քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են որոշակի օրինաչափություններ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ բացառապես նշված գործոնների վրա հենվելով նոր ագրեսիայի մասին հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է այն համադրել նաև առկա այլ տեղեկատվական հոսքերի, հետախուզական տվյալների հետ։ Սակայն նմանատիպ ակտիվացման շրջանում ռազմական գործողությունների հավանականությունը զգալիորեն աճում է, հետևաբար պետք է ավելանա նաև զգոնությունը։
Այսպես, մասնավորապես 2022 թ․ մարտին Փառուխի ագրեսիային և սեպտեմբերին ՀՀ դեմ Սոթք-Ներքին Հանդ շփման գծի/սահմանի երկայնքով նախաձեռնած ագրեսիային նախորդող շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգալիորեն ինտենսիվացրել էր Հայաստանի զինված ուժերին հրադադարի խախտումների և սադրանքների մեջ մեղադրող հաղորդագրությունների տարածումը․
- 2022 թ․ սեպտեմբերի 1-12-ը Ադրբեջանի ՊՆ տարածել էր 10 առանձին հաղորդագրություն՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի և Արցախի շփման գծի ընդհանուր 12 տարբեր ուղղությամբ ինտենսիվ խախտումների մասին։ Հաղորդագրությունների քանակը ավելի շատ էր, քան օգոստոսին, հունիսին, ապրիլին, հունվարին և գրեթե հավասար մյուս ամիսների հաղորդագրությունների ամսական քանակին։
- 2022 թ․ մարտի վերջին Արցախում Ադրբեջանի ԶՈւ ագրեսիային նախորդած շրջանում նույնպես կտրուկ աճել էր հաղորդագրությունների քանակը։ Հունվարին եղել էր 4, իսկ փետրվարին՝ 14 հաղորդագրություն, մարտին՝ 12 (19 առանձին ուղղությամբ խախտումների վերաբերյալ):
2023 թ․ օգոստոսին նույնպես նկատվում է տեղեկատվական գրոհների ակնհայտ ակտիվացում, ըստ որում՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ նկատմամբ։ Ադրբեջանի քարոզչական թեզերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց քայլերը մասնավորապես ուղղված են ստորև նշված նպատակների սպասարկմանը․
- Արցախի վերջնական բռնակցումը հեշտացնելու նպատակով Լաչինի միջանցքում անօրինական անցակետի տեղադրման լեգիտիմացում։ Հիմնական նպատակն այն է, որ այս հանգամանքը լեգիտիմացվի Արցախի և Հայաստանի կողմից, ապա նաև ավելի հեշտացվի միջազգային դաշտում լեգիտիմացումը։ Այդ իսկ նպատակով ներդրվել է նաև այսպես կոչված «Աղդամի ճանապարհի» թեզը։
- Նույն նպատակով Բաքու-Ստեփանակերտ միջազգային ձևաչափով երկխոսության վիժեցում և փոխարենը Ադրբեջանի տարածքում «Կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ – Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներ» ձևաչափի երկխոսության անցկացման փորձ՝ առանց որևէ միջազգային ձևաչափի։
- Նույնպես Արցախի վերջնական բռնակցումը հեշտացնելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի դեմ տեղեկատվական գրոհների ակտիվացում։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ, պատգամավորների ելույթներում ավելի է ամրապնդվում ՊԲ զինծառայողներին «ահաբեկիչ» մակդիրով դիմելը։ Ակտիվացել են «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու կոչերը։ Պաշտոնական խողովակներով ակտիվացել են «Ղարաբաղից 10 հազար անօրինական զինյալներին դուրս բերելու» վերաբերյալ ելույթները և պահանջները։
- Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պետական հեռուստաընկերություններով, պատգամավորների, պաշտոնյաների կողմից Հայաստանին «նոր պատերազմ ցանկանալու» մեջ մեղադրելը։
Ըստ որում, ակնհայտորեն նկատելի է, որ տարածվող քարոզչական թեզերի զգալի մասը նախ ձևակերպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 2-ին Euronews-ին տված հարցազրույցում։ Արդեն օգոստոսի 12-ից սկսած ադրբեջանական ուժային կառույցների հետ կապված ալիքները սկսեցին տեսանյութեր, ինչպես նաև այլ նյութեր հրապարակել «ՀՀ կողմից Լաչինի միջանցի ուղղությամբ զորքեր կուտակելու», «Ղարաբաղում անօրինական զորաշարժերի, ամրաշինական աշխատանքների» վերաբերյալ, ինչին հաջորդեցին պաշտպանության նախարարության կողմից Հայաստանին և Արցախին հրադադարի խախտումներում մեղադրող հաղորդագրությունների ակտիվացումը, տեսանյութերի և լուսանկարների հրապարակումները և այլն։
Մի շարք գործոններ հստակ ցույց են տալիս, որ այս քարոզչական արշավը նախապես լավ պատրաստված է, ինչպես նաև, առհասարակ, հենվում է պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զարգացվող քարոզչական թեզերի աստիճանական ծավալման վրա։ Մասնավորապես, հուլիսից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև սկսել էր Արցախին մեղադրել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով քաղաքացիական, այդ թվում միջազգային չվերթների ինքնաթիռների համար խոչընդոտներ, խանգարումներ ստեղծելու համար։ Վերջնարդյունքում նշված մեղադրանքը դարձավ տեղեկատվական գրոհի ընդհանուր «փաթեթի» մաս, այդ թվում ներառվելով ՄԱԿ-ի ԱԽ նիստին նախորդած Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, ինչպես նաև նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթում՝ որպես Արցախի դեմ հիմնական քարոզչական թեզերից մեկը։
Այսպիսով, Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության ժամանակագրական և փաստական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հնարավոր չէ պայմանավորել բացառապես ՄԱԿ Անվտանգության խորհրդում ՀՀ կողմից Արցախի շրջափակման հարցը օգոստոսի 16-ին բարձրացնելու հետ։ Չնայած նշված փաստն ակնհայտորեն լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, սակայն ոչ թե Արցախի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիան է դրա հետևանք, այլ ՄԱԿ ԱԽ նիստն է Ադրբեջանի նշված քաղաքականության հետևանքով հրավիրվել։ Հետևաբար, վերը նշված հիպոթեզի հարցում կա պատճառահետևանքային շղթայի տրամաբանական խախտում։ Ըստ որում, առկա փաստական տվյալները բավարար չեն պնդում կատարելու, որ այս պահին Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պայմանների իրականացումը կբերի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության փոփոխության դեպի դրականը։
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարության հայտարարությունների վերլուծությունը հստակ կերպով ի ցույց է դնում, որ պաշտոնական Բաքուն որպես առնվազն միջնաժամկետ ռազմավարական նպատակներ սահմանել է․
- Արցախի ամբողջական բռնակցումը, ցանկալի է՝ շատ նվազ քանակությամբ հայկական բնակչությամբ՝ առանց հայերին առանձին իրավունքներով օժտելու։
- Հայաստանի անվտանգային միջավայրի զարգացմանը խոչընդոտելը՝ թույլ չտալու ՀՀ ԶՈՒ, տնտեսության, այլ ոլորտների ամրապնդում։ Ամբողջովին Ադրբեջանին ձեռնտու պայմաններով ՀՀ հետ սահմանազատման գործընթացի իրականացում, Հայաստանի տարածքով միջանցքի ապահովում («Զանգեզուրի միջանցք»)։
Նշված նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կիրառում է ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականություն, ինչը դրսևորվում է ինչպես վերը նշված ագրեսիայի ակտերով, Արցախի շրջափակմամբ, այնպես էլ ուղեկցող տեղեկատվական գրոհներով, որոնք նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախի, Հայաստանի իշխանությունների և բնակչության վրա։
Ադրբեջանն իր քարոզչական արշավները կազմակերպում է՝ հաշվի առնելով տարբեր թիրախային լսարաններ․ ներքին, միջազգային, հայկական։ Յուրաքանչյուր լսարանի համար ուղերձները փաթեթավորվում են տարբեր կերպ։ Հայկական կողմերից նշված քարոզչությանը արդյունավետ դիմակայումը նույնպես ենթադրում է բոլոր նշված ուղղություններով ակտիվ աշխատանք, սակայն կարևոր է նաև համապատասխան «ենթակառուցվածքների» ստեղծումը։ Այսպես, ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում չկա փախստականների մեկ միասնական համայնք, պետական նարատիվներն ամբողջությամբ չեն ուղղորդվում և համակարգվում միասնական պետական համակարգի կողմից, ինչը նշանակում է, որ տեղեկատվական պայքարի սինխրոնացման աստիճանը Ադրբեջանից զգալիորեն ցածր է։ Եթե Ադրբեջանից նույն խնդրի վերաբերյալ տարածվում են միատեսակ դիրքորոշումներ և պահանջներ, ապա Հայաստանի և Արցախի պարագայում առկա է կարծիքների բազմազանություն։
Բնականաբար, այստեղ փորձ չի կատարվում պնդել, թե կարծիքների բազմակարծությունը բացասական երևույթ է, սակայն կարևոր է հասկանալ, որ այս պարագայում պետությունը պետք է անհամեմատ ավելի շատ ջանք գործադրի խնդիրների վերաբերյալ միասնական և հասկանալի դիրքորոշումը տարբեր լսարաններին հասցնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, ապա այստեղ Ադրբեջանի քարոզչության «լոկոմոտիվը» պատերազմից հետո ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» է, որն ամբողջովին ուղղորդվում է պետության կողմից։ Նշված կառույցը, որը հանդես է գալիս ՀՀ նկատմամբ ակնհայտ տարածքային պահանջներով, տեղեկատվական պայքարում Ադրբեջանի հարձակողական ռազմավարության էական հենասյուներից մեկն է։
Այս քարոզչությանը ավելի արդյունավետ կլիներ դիմակայել, եթե Հայաստանը իր հերթին ունենար Ադրբեջանի հայ փախստականների միասնական ուժեղ կառույց։ Սա էականորեն կնվազեցներ այս պահին էլ Ադրբեջանի կողմից իրականացվող փորձերը՝ Արցախի հայերի խնդիրներին հակադրելու Հայաստանից ադրբեջանական «փախստականների խնդիրը»։ Ներկա պայմաններում փախստականների բազմաթիվ փոքր կառույցների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր մոտեցումները, ոչ միայն չի նպաստում պետության տեսանկյունից կարևոր խնդիրների բարձրացմանը, այլ նաև հանգեցնում է այլ պետությունների, միջազգային կառույցների շրջանում հայկական տեսակետների շուրջ անորոշության, անհստակության զգացման խորացմանը։ Փոխհամաձայնության հասնելու բոլոր փորձերը, այդ թվում՝ պետության միջնորդությամբ, ձախողվում են։ Առավել արդյունավետ մեխանիզմ կարող է լինել պետության օգնությամբ առանձին նոր կառույցի ստեղծումը, որն արդեն իր շուրջ կսկսի հավաքել ակտիվ գործիչների։
Նույնկերպ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում նաև այլ ճակատներում։ Փաստացի այս պահին քարոզչական պայքարում Հայաստանը և Արցախը առավելապես պատասխանողի դերում են, ինչն էականորեն թուլացնում է հայկական դիրքերը։ Հետևաբար անհրաժեշտություն կա կանխարգելող քայլերի միջոցով չեզոքացնելու ադրբեջանական քարոզչությունը․ ադրբեջանական քարոզչության ուսումնասիրության միջոցով հնարավորինս պետք է վեր հանվեն հետագա հավանական թեզերը, և մինչև դրանց տարածումը մշակվեն հակաթեզեր, ադրբեջանական թեզերը կանխող նարատիվներ, և դրանք դրվեն շրջանառության մեջ։ Ըստ որում, կարևորագույն խնդիրն այն է, որ տեղեկատվական պայքարը պետք է անմիջականորեն համակարգվի պետական կառույցների կողմից՝ ներդաշնակ համագործակցության միջոցով։
Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան