Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի՝ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, հատուկ ընդգծված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։ «Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ընդգծված է դիմումում:
Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է անցյալ տարվա դեկտեմբերից, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ բարդ հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչները լրիվ շրջափակման մեջ են։ Բաքվի այս քաղաքականությունը մեն մի նպատակ ունի՝ հասնել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ինտեգրմանը»։ Այլ կերպ ասած՝ ալիևյան ռեժիմը ձգտում է ստեղծել մի իրավիճակ, որն անհնարին է դարձնում սեփական հայրենիքում արցախահայության հետագա բնակությունը։ Միով բանիվ՝ Ղարաբաղի հայաթափում, տվյալ տարածաշրջանի էթնիկ զտում։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ՀՀ դիմումն այս փուլում դարձավ, թերևս, Երևանի, Ստեփանակերտի և միջազգային հանրության գիտակից մասի՝ Ադրբեջանի հանցագործ մտադրությունների դեմ ուղղված գործողությունների գագաթնակետը։ Գործողություններ, որոնք կազմված էին համապատասխան կոչերից, և, ամենագլխավորը, շրջափակված Արցախ Հայաստանից հումանիտար օգնության՝ սննդամթերքով բեռնատարների շարասյուն ուղարկելով։ Հայաստանի կառավարության տվյալ նախաձեռնությանն արդեն միացել են «Գրանդ Քենդի» հրուշակագործական ընկերությունը, ինչպես նաև ֆրանսիական քաղաքներ և դեպարտամենտներ։
Ոչ մի բեռնատարի, բնականաբար, ադրբեջանցիները թույլ չտվեցին անցնել Լեռնային Ղարաբաղ։ Եվ դրանք բոլորն առաջվա պես կանգնած են Կոռնիձորում՝ Ադրբեջանի ինքնահռչակ սահմանին։ Կարևոր է շեշտել, որ ադրբեջանական ապօրինի անցակետում կայանված մարդասիրական օգնությամբ բեռնատարներն առնվազն պակաս խնդիր չեն Ալիևի ռեժիմի համար, քան նրա կողմից սովի մատնված արցախցիների համար։ Ալիևի պահվածքին արդեն հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանք բոլորն էլ այցելել են Կոռնիձոր, տեղում ծանոթացել իրավիճակին։
Միանալով ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին՝ ՄԱԿ մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է արել Լեռնային Ղարաբաղի երեխաներին և նրանց ընտանիքներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։ Իսկ օգոստոսի 7-ին Ադրբեջանին Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը անհապաղ վերականգնելու կոչ արեցին ՄԱԿ սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին և կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Ֆարիդա Շահիդը։
Եվս մի, անկասկած, ճիշտ և հաշվարկված քայլ արեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա դիմեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նրա փորձագիտական կարծիքն իմանալու նպատակով։ Վերջինս իր զեկույցում հաստատեց, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի Գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
«Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի», – նշել է Օկամպոն զեկույցում՝ հավելելով, որ սովամահությունը, որպես մարդկանց ոչնչացնելու մեթոդ, անտեսվել է միջազգային ողջ հանրության կողմից, երբ օգտագործվել է հայերի դեմ 1915 թ.-ին, ինչպես նաև հետագայում հրեաների, լեհերի, Լենինգրադում ռուսների, այնուհետև՝ կամբոջացիների, ինչպես նաև Սրեբրենիցայում բոսնիացիների դեմ։ «Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին», – նշված է զեկույցում։
Այդ զեկույցի հրապարակման հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքն առավել հավաստի է դարձնում Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները: Հղում կատարելով միջազգային փորձագիտական շրջանակներին՝ Փաշինյանն այդ քաղաքականությունը բնութագրեց իբրև ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիային ենթադատ:
Ի պատասխան այս բոլոր կոչերի ու գնահատականների՝ ալիևյան Ադրբեջանը շարունակում է խոսել «տարածքային ամբողջականության» սկզբունքի մասին և ուղղակիորեն հայտարարում է, որ այդ սկզբունքն իրեն թույլ է տալիս Ղարաբաղի հայերի հետ վարվել այնպես, ինչպես ուզում է։ Ինչը, սակայն, բացարձակապես չի խանգարում նրան փորձել խուսանավել այս ծանր իրավիճակում։ Նույն օպերայից էր օգոստոսի 11-ին ռուսական «Կոմերսանտ» նետված խայծը՝ հերթական «լավրովյան պլանի» մասին, ըստ որի Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել էին, որ սկզբում պիտի բացվեր Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց կբացվեր Լաչինի ճանապարհը։ Պայմանավորվածության հետևում ակնհայտորեն կանգնած էր Մոսկվան։ Արդեն օգոստոսի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաստատելով վերը նշվածը, մեղադրեց «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակչության ներկայացուցիչներին»՝ վերջին պահին պայմանավորվածությունը խախտելու մեջ։
Այս ամբողջ իրավիճակում կա մեկ, մեզ համար, թերևս, կարևոր նարատիվ. կանխել արցախցիների նկատմամբ սեփական ընթացիկ հանցագործությունների և վերջին երեք տասնամյակում Արցախի ինքնորոշման գործընթացների միջև Բաքվի կողմից որևէ զուգահեռ անցկացնելու բուն հնարավորությունը։ Իսկ Բաքուն փորձում է դա անել և փորձում է շատ ակտիվորեն։ Սեփական հանցագործությունների արդարացման ադրբեջանական ողջ ընթացիկ հայեցակարգը հիմնված է Ղարաբաղի ժողովրդի դեմ դեռևս 1992 թվականին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու համար Հայաստանին ուղղված մեղադրանքների վրա: Բաքուն 1992 թվականից սկսված սեփական ագրեսիայի հետևանքները թաքցնելու համար այլ փաստարկներ պարզապես չունի։
Ահա այդ փաստի հերթական ապացույցը. պատասխանելով տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումների մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածեց հետևյալ հայտարարությունը. «Այն երկրի ղեկավարը, որն Ադրբեջանի հողերի գրեթե 20%-ի օկուպացման ժամանակ ադրբեջանցիների զանգվածային կոտորածներ և էթնիկ զտումներ է իրականացրել ոչ միայն այս հողերում, այլև Հայաստանի տարածքում, բարոյական իրավունք չունի հայտարարելու էթնիկ զտումների մասին»։
Ահա՝ սեփական հիվանդ գլխից խնդիրը առողջին փոխադրելու փորձը։ Ահա՝ հայ ժողովրդի նկատմամբ սեփական ագրեսիայի տխուր հետևանքները Հայաստանի վրա բարդելու արշավը։ Ու դա այն ժամանակ, երբ փաստը մեկն է. Ադրբեջանն է 1992 թվականին սկսել պատերազմն ընդդեմ ղարաբաղցիների, անմիջապես այն բանից հետո, երբ անդամակցեց ԵԱՀԽ-ին, ապա և ՄԱԿ-ին։ Սկսեց պատերազմը՝ խախտելով ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սեփական միջազգային պարտավորությունները։ Պարտավորություններ, որոնք, ի դեպ, նույն ժամանակ ստանձնել էր նաև Հայաստանը։ Եվ այդ արշավին պետք է և կարելի է ակտիվորեն հակադարձել՝ տարածելով ադրբեջանականը իսպառ հերքող սեփական նարատիվները։
Եվ այսպես, ամփոփելով արդյունքները, անհրաժեշտ է փաստել հետևյալը. Կոռնիձորում կանգնած, շրջափակված Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ բեռնատարները դիդակտիկ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր դեռ կասկածում են Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու շրջափակելու փաստին։ Եվ, ըստ էության, Հայաստանի առաջին իրական քայլը՝ ալիևյան տվյալ հանցագործության ցուցադրման ուղղությամբ։ Բնավ չնսեմացնելով հարյուրավոր հայտարարություններն ու Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչերը, այսուհանդերձ, ստիպված ենք փաստել, որ միայն գործողությունները կարող են և պետք է հնարավորություն տան հասնելու այդ նպատակին։ Սակայն Արցախի շրջափակման փաստի լուսաբանումը միջազգային և համաշխարհային մամուլում (հազվադեպ բացառություններով), մեծ հաշվով, սկսվել է միայն այսօր՝ դրա փաստացի սկզբից 8 ամիս անց։ Ինչը Երևանի մեծ դիվանագիտական ձախողումն է։.
«Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ ու օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչությանը դիմակայելու գործում»,- օգոստոսի 10-ին իր թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Առնվազն տարօրինակ է, որ նման միտքը ԱԳՆ-ի պատասխանատու անձի մոտ ծագել է Արցախի շրջափակումը սկսելուց ութ ամիս հետո միայն։ Քանի որ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ ու օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում» իսկապես խիստ կարևոր է, սակայն ոչ այնքան Բաքվի քարոզչությանը դիմակայելու, որքան այդ նույն միջանցքն ապաշրջափակելու համար։ Եվ այդ լուսաբանմանը Երևանը պարտավոր էր օժանդակել Լաչինի միջանցքում ադրբեջանական սահմանապահների հայտնվելու հենց առաջին օրից։
Ժամանակը և բոլոր վերջին իրադարձությունները ցուցադրում են գլխավորը. Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպանությանը աշխարհի արձագանքն ու գործողություններն ուղղակիորեն կախված են տեղում իրական վիճակը ներկայացնելուն միտված մեր ջանքերից։ Այս իմաստով արցախցիների խաղաղ երթը Ստեփանակերտից դեպի Հակարի կամրջին ադրբեջանցիների տեղադրած ապօրինի անցակետ այլընտրանք չունի։ Ինչպես և, ի դեպ, այդ նույն անցակետ մյուս կողմից՝ Գորիսից հանդիպական երթը։
«Խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է»։ Այս ձևակերպումը լավագույնս է արտացոլում Արցախի շուրջ այսօրվա իրավիճակը։ Այս առումով Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, անկասկած, հնարավոր է։ Սակայն ոչ կոչերով և հայտարարություններով, այլ կոնկրետ, բացառապես խաղաղ գործողություններով, որոնց աշխարհն արդեն պարզապես չի կարող չարձագանքել։ Յուրաքանչյուր նման քայլ պետք մեկ նպատակ հետապնդի՝ Ալիևին քշել փակուղի և ստիպել նրան սխալվելու։ Ինչի համար հայությունը, այո՛, այո՛ հենց հայությունը՝ Արցախում, Հայաստանում և աշխարհում ունի բոլորը ռեսուրսներն ու հնարավորությունները։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան