Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ավելի քան ութամսյա փաստացի շրջափակումը Լաչինի միջանցքի՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու» կարևորագույն հատվածում, աղետալի իրավիճակ է ստեղծել տեղաշրջանում, ինչը ոչ միայն կարող է փլուզել տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ գրեթե եռամյա ջանքերը, այլև վտանգում է իրենց հայրենիքում ապրող 120 հազար հայերի կյանքը։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի տարածաշրջանում՝ եվրատլանտյան տարածության մի մասում, որը, միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի «պատասխանատվության գոտին» է։ Պաշտոնական Ստեփանակերտը, պաշտոնական Երևանը, ինչպես նաև միջազգային հայտնի փորձագետները բաց տեքստով հայտարարում են ցեղասպանության անմիջական սպառնալիքի և ցեղասպանության գործընթացի մասին, որն արդեն գործարկել է Ալիևի վարչակարգը՝ Ուկրաինայում հանցավոր պատերազմի մեջ խրված պուտինյան վարչակարգի լրիվ թողտվության պայմաններում։
Սա մեր կողմից ալարմիզմ չէ, ընդհակառակը՝ արդեն միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողություններն իմաստազրկվում են, եթե կոնկրետ նպատակ չի դրվում՝ «վերջնականապես լուծել Հայկական հարցը» (նացիստական Գերմանիայում 1942 թ. Վանզեյի համաժողովի՝ հրեաների նկատմամբ կիրառվող եզրաբանությամբ) նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում, որտեղ փաստացի հայեր մնացել են նախկին ԼՂԻՄ-ի միայն այն մասում, որը չի վերահսկվում ադրբեջանական բանակի կողմից (Հադրութի շրջանում կամ էլ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, որտեղ հայերն ապրում էին անհիշելի ժամանակներից, 2020 թվականի պատերազմից ի վեր հայեր չկան)։ Ավաղ, բոլոր նշանները կան այն բանի, որ Ադրբեջանում հայերի, Հայաստանի, հայկական ամեն ինչի նկատմամբ ատելությունը Ալիևի ընտանեկան-գողական բռնապետության կողմից բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, իսկ տարածաշրջանի պատմությունն էլ խեղաթյուրվում-հարմարեցվում է նման քաղաքականության արդարացմանը, և այս ամենը վերաճել է կոնկրետ գործողությունների։
Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնապես հայտարարելով խաղաղության հասնելու իր ձգտման մասին, բախվել է մի իրավիճակի, երբ իր ջանքերը, միջնորդների ջանքերը անպատասխան են մնում և ցինիկաբար արհամարհվում են 2020 թ. պատերազմի «հաղթանակի» թմբիրում գտնվող և շարունակվող անպատժելիությամբ այլասերվող պաշտոնական Բաքվի կողմից։ Իսկ մեր «ռազմավարական դաշնակցի» դիրքորոշումն էլ ընդհանրապես ոչ մի քննադատության չի դիմանում. Մոսկվան առաջնորդվում է միայնումիայն իր կայսրապետական շահերով և «ռուսական աշխարհի» տնաբույծ կաղապարներով, ինչը Ուկրաինայում «նույն ժողովրդի» նկատմամբ գազանությունների ու հանցագործությունների համապատկերում մեզ ոչ մի շանս չի թողնում, ավելին՝ անզեն աչքով էլ տեսանելի է Բաքվի գործողություններին Մոսկվայի թողտվությունը։
Ինչպե՞ս ճեղքել Լաչինի միջանցքի՝ 120 հազար հայերի կյանքի ճանապարհի շրջափակումը։ Մեր հերթական թողարկման մեջ կարող եք ծանոթանալ փորձագետի տեսակետի և խաղաղ քաղաքացիական դիմադրություն նախաձեռնած արցախցի հասարակական-քաղաքական գործչի դիրքորոշմանը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն