Դեպի Հակարի կամուրջ արցախցիների խաղաղ երթի գաղափարն ու դրա իրականացման նախապատրաստական աշխատանքները որոշակի հարցեր ու կասկածներ են առաջացրել արցախյան հանրությունում, ինչը միանգամայն բնական է։ Իրոք, խաղաղ երթը կապված է թե՛ հնարավորությունների, և թե՛ մարտահրավերների ու ռիսկերի հետ։ Ու, բնականաբար, դրանք պետք է հանգամանորեն ու մանրակրկիտ քննարկվեն ու վերլուծվեն, որպեսզի նվազագույնի հասցվեն բոլոր ռիսկերը։ Միևնույն ժամանակ, մարդիկ պետք է հասկանան, որ 100-տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, և որ բոլոր դեպքերում էլ վտանգի որոշակի աստիճան լինելու է։ Մեկ այլ բան էլ պետք է գիտակցել՝ առկա իրավիճակը դանդաղ մահ է նշանակում, այնպես որ քայլեր ձեռնարկելը, այդ թվում՝ ռիսկային քայլեր ձեռնարկելն այլընտրանք չունի։
Ինչ որ է, կուզենայի անդրադառնալ այն հիմնական մտահոգություններին ու հարցերին, որոնք ծագել են արցախյան հանրությունում։ Դրանց վերլուծությունն ու դիտարկումը միայն մի նպատակ ունեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում կառուցողական հանրային քննարկման ենթարկել խաղաղ երթի գաղափարն ու իրականացման մեխանիզմները։ Նպատակը հանրային կոնսենսուսի ապահովումն է այս հարցում։
Խոսելով երթի վտանգավորության մասին՝ որոշ մարդիկ էլ փորձում են խուճապ տարածել։ Բայց թույլ տվեք հարցնել՝ հակառակորդին հանձնվե՞լն է անվտանգ։ Թե՞ դանդաղ մահն է անվտանգ։ Թե՞ առանձին-առանձին միջանցքով անցնելն ու անցակետը հատելն է անվտանգ։ Կարծում եմ՝ զանգվածային երթն ավելի անվտանգ է այդ բոլոր տարբերակների համեմատ։ Վագիֆ Խաչատրյանի փաստացի առևանգումը, այն էլ ԿԽՄԿ-ի աչքի առաջ, մեզ այլ տարբերակ չի թողել։
Մարդիկ հարցնում են՝ քաղաքական ի՞նչ խնդրի լուծմանն է միտված երթը։ Խաղաղ երթը կստիպի աշխարհին առերեսվել իրականության հետ։ Ի վերջո, Ալիևն ասում է՝ ճանապարհը բաց է մարդկանց համար։ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության պարագան այլ է, այո՝ Ադրբեջանի նախագահը չի ժխտում, որ ճանապարհը փակ է այդ բեռնատարների համար, բայց ահա խաբում է բոլորին, թե մարդկանց համար բաց է։ Մեր խաղաղ երթով այդ սուտն ի ցույց դնենք, ու աշխարհը վերջնականապես կհամոզվի, որ շրջափակումը համապարփակ է, ինչն էլ ենթադրում է համարժեք գնահատականներ ու գործողություններ։
Անդրադառնամ նաև ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի դերին։ Մենք նամակով դիմել էինք զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել երթի անվտանգությունը։ Ստացել ենք մի անհեթեթ պատասխան, ըստ որի նման երթերի անվտանգության ապահովման գործառույթ նախատեսված չէ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։ Անտրամաբանական պատասխան է։ Ի՞նչ տարբերություն՝ Լաչինի միջանցքով խաղաղ բնակիչների մե՞կ ավտոմեքենա է տեղաշարժվում, թե՞ տասը կամ հարյուր։ Իսկ ինչ վերաբերում է ստուգելուն՝ արդյո՞ք զենք-զինամթերք չի տեղափոխվում, ապա մենք ոչ միայն դեմ չենք, այլև կողմ ենք, ավելին՝ խնդրում ենք, որ մեր ոստիկանությունն էլ նրանց աջակցի։ Դրանով իսկ մենք նույնպես լիովին համոզված կլինենք, որ ոչ ոք չի խախտել խաղաղ երթի սկզբունքները։ Բայց փաստացի իրողությունն այն է, որ ռուսաստանյան խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց առաքելությունը։ Դրանով իսկ նրանք ավելի են ամրապնդում մեր կասկածներն առ այն, որ Արցախի շրջափակումն Ադրբեջանի ու Ռուսաստանի հանցավոր գործակցության արդյունք է։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը, ապա հենց դրա իրականացմանն է միտված մեր նախաձեռնությունը, այնպես որ պետք չէ հայտարարությանը հղում անելով մերժել նույն այդ հարտարարությունը ու ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածել։
Լուրջ մտահոգություն կա առ այն, որ հակառակորդը կարող է սիմետրիկ քայլեր ձեռնարկել, ասենք՝ դեպի Հակարի կամուրջ մեր 10-հազարանոց երթին պատասխանել նույն թվաքանակով երթի կազմակերպմամբ՝ դեպի Իվանյան (տարիքով մարդիկ կհիշեն՝ արցախյան շարժման սկզբում ադրբեջանական «խաղաղ երթ» ձեռնարկվեց Աղդամից Ասկերան, որի ճանապարհին ավերվեց-այրվեց ամեն ինչ) կամ Աջափնյակ։ Էն գլխից ասեմ, որ սա չի կարող սիմետրիկ քայլ համարվել, այլ ընդհակառակը՝ այն միանշանակ ասիմետրիկ է լինելու։ Որովհետև մեր նախաձեռնությունը բխում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության տառից և ոգուց։ Իսկ ադրբեջանցիների հնարավոր երթն ինչի՞ց է բխելու, ի՞նչ կենսական անհրաժեշտությամբ է պայմանավորված լինելու։ Հետո էլ՝ եթե ադրբեջանական կողմը նման սադրանք անելու լինի, ապա դա կիրականացնի առանց մեր նախաձեռնության, քանի որ նրան առիթ կամ պատճառ պետք չի լինի։
Բայց մի կարևոր հանգամանք էլ կա։ Կա ինչպես միջանցք, այնպես էլ շփման գիծ։ Մեր նախաձեռնության մասնակիցները դուրս չեն գալու ո՛չ միջանցքից, ո՛չ էլ շփման գծից։ Իսկ ադրբեջանցիների պարագայում այդպես չէ՝ նրանք փաստացի խախտելու են շփման գիծը, ինչի համար ոչ մի արդարացում կամ հիմնավորում չի կարող լինել։ Նրանք փաստացի խախտելու են իրենց իսկ նախագահի ստորագրած փաստաթղթի դրույթները։ Ուստի կլինի համապատասխան գնահատական։ Չեմ կարծում, թե հակառակորդը կուզենար իր գործողությունների ևս մի դատապարտող գնահատական ստանալ։
Եվ ընդհանրապես՝ մենք պիտի պայքարենք 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված մեր իրավունքների համար։ Զիջումը զիջման է հանգեցնում։ Փառուխի դեպքը, Բերձորից ու շրջակա գյուղերից ժամանակից շուտ դուրս գալը նաև մեր մեղքով է եղել՝ մենք բավարար ջանք չենք գործադրել դրանք պահելու համար։
Եվ, վերջապես, ամենակարևորի մասին։ Ի՞նչ են առաջարկում բոլոր այն մարդիկ և քաղաքական ուժերը, որոնք դեմ են խաղաղ երթին։ Ուզում եմ հարցնել նրանց՝ ի՞նչ եք առաջարկում։ Ի՞նչ անենք։ Արդեն կարծես թե պայմանավորվեցինք, որ ոչինչ չանելը մահ է, դանդաղ մահ։ Ուրեմն՝ ի՞նչ անել։ Այլ տարբերակ առաջարկեք։ Այլընտրանք առաջարկեք։ Հուշեք, թե որն է ելքը։
Մինչդեռ դառը իրողությունն այն է, որ մեր նախաձեռնությունը մերժող քաղաքական ուժերն ու քաղաքական առաջնորդները ոչ մի այլընտրանք չեն առաջարկում։ Այո՛, նրանք դեմ են Աղդամով մատակարարումներին, բայց նաև համակերպվել են Լաչինի միջանցքի փակ լինելու իրողությանը։ Ուրեմն՝ ի՞նչ են ուզում նրանք, և ո՞րն է նրանց նպատակը։ Արցախյան հանրությունում արդեն բացահայտ խոսում են նրանց իբր թե գաղտնի պլանի մասին, այն է՝ տարհանել Արցախի բնակչությանը Հայաստան, այնտեղ բողոքի ալիք բարձրացնել և զավթել իշխանությունը։ Սա է նրանց կարճ խելքով գծված պլանը։ Այսինքն՝ ուզում են Արցախը զոհել հանուն Հայաստանում իրենց իշխանության։ Ահա թե ինչու են նրանք խուճապ առաջացնում և մեր նախաձեռնության շուրջ վախի մթնոլորտ ստեղծում։
Ամենաահավորն այն է, որ նրանց գործունեությունը լիովին տեղավորվում է ռուսաստանյան շահերի շրջանակներում։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ նույն մարդիկ և ուժերը մեր նախաձեռնությունը ներկայացնում են որպես հակառուսական և դրանով իսկ մերկացնում իրենց իսկական դեմքը։ Նրանք ռուսական շահերի, ռուսական օրակարգի սպասարկողներն են և ոչ մի, բացարձակապես ոչ մի առնչություն չունեն հայկական շահերի ու օրակարգի հետ։ Եթե նրանք ռուսների շահերը չեն սպասարկում, ապա ինչու՞ չեն դիտարկում միջազգային խաղաղապահների ներգրավման հնարավորությունը։ Ամեն ինչի մասին խոսում են, բացի այդ հնարավորությունից։ Չեն խոսում, որովհետև ռուսները դա չեն ուզում, իսկ իրենք էլ ռուսների ուզածով են առաջնորդվում։ Ուրիշ գաղտնիք չկա, սա է դառը իրականությունը։
Իսկ խաղաղ երթը հենց հայկական շահերի սպասարկմանն ու հայկական օրակարգի ձևավորմանն է միտված։ Այն նպաստելու է, որպեսզի արցախահայությունը նորից գործոն դառնա ու իր ձեռքը վերցնի իր իսկ ճակատագիրը, չվստահի այդ ճակատագիրը ոչ մեկին, քաջություն ունենա նայելու իրականության դեմքին ու փորձի սեփական միջոցներով շտկել իրավիճակը։
Վագիֆ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ մենք նույնիսկ նահանջելու տեղ չունենք, և որ փրկության ուղին մեկն է` պայքարել։ Ու պայքարել միասին։ Պայքարել՝ ինքներս մեզ փրկելու համար։ Ինքներս մեզ փրկելով էլ՝ փրկել Արցախը։ Խաղաղ երթը կհամախմբի ազգը ու կվերածնի պայքարի ոգին։ Ու բոլորին կստիպի հաշվի նստել մեզ հետ ու հարգել մեր արժանապատվությունը։
Արթուր ՕՍԻՊՅԱՆ
«Հեղափոխական կուսակցության» առաջնորդ
Ստեփանակերտ