Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են հանրություների ու պետությունների առաջ 21-րդ դարում։ Սա պահանջում է վերանայել և վերագնահատել անվտանգության «ավանդական» հայեցակարգերը և նորացնել նոր բնույթի սպառնալիքների դեմ պայքարի գործիքակազմն ու մեթոդները։
Ինչպիսի՞ն է այս հարցում իրավիճակը Հայաստանում։ Ի սկզբանե ճիշտ կլինի փաստել, որ վիճակն անմխիթար է, և որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո նոր փուլի մեջ է մտել ժողովրդավարությունների ու ավտոկրատիաների գլոբալ առճակատումը, և հիբրիդային պատերազմն ավելի անողոք է դարձել, դառնալով մի յուրատեսակ «մարտ՝ առանց կանոնների»։ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի համար, ժողովրդավարությունն ու անվտանգությունն ապրիորի մի ամբողջություն են կազմում, և մեկի ամրապնդումն առանց մյուսի անհնար է, ու ակնհայտ է, որ մեր երկրի վրա հիբրիդային գրոհների գլխավոր թիրախներն են ժողովրդավարությունն ու տարածքային ամբողջականությունը։ Խոսելով հիբրիդային գրոհների մասին՝ բնականաբար, նկատի է առնվում ինչպես տեղեկատվական (այդ թվում՝ ապատեղեկատվական), այնպես էլ զուտ ռազմական բաղադրիչը։ Այստեղից էլ բխում է այդ սպառնալիքներին հակազդելու օրակարգը, որը, ինչպես տեսնում ենք, Հայաստանում պետական մակարդակով դեռ մշակված չէ, իսկ ինքնին դիմակայությունը տեղեկատվական «ճակատում» առայժմ հանդիսանում է պարզապես գիտակից մարդկանց «մենաշնորհը», իսկ պետության կողմից այդ դիմակայությունը կրում է իրավիճակային, դրվագային ու ոչ համակարգային բնույթ։
Հայաստանի համար խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Ադրբեջանի կողմից հիբրիդային գրոհները որպես թշնամական են գնահատվում Արցախի շրջափակման ու հումանիտար աղետի, Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա մշտական հարձակումների, երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ «դանցիգյան միջանցքի» պահանջների ոգով հրապարակային ոտնձգությունների համապատկերում, և դա այն դեպքում, երբ «դաշնակից» Ռուսաստանի հիբրիդային գրոհները մնում են առանց պաշտոնական գնահատականի, ասել է թե՝ առանց այն բանի ընկալման, թե ինչպես պետք է վարվել դրանց հետ։ Ու դեռ հարց է, թե մեր դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ինչն է ավելի վտանգավոր՝ Ադրբեջանի հետ «սև-սպիտակ» հակամարտությու՞նը, որը շարունակվելու է առնվազը մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, թե՞ Ռուսաստանի կողմից տեղեկատվական և արտաքին-քաղաքական «բարեկամական» սաբոտաժը, քանի որ այդ երկիրը շարունակում է դե-յուրե մնալ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը»։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն հանգամանքը հաշվի առնելով, որ ակնհայտ է Մոսկվայի և Բաքվի օրակարգերի առնվազը համակարգումը Երևանի վրա հիբրիդային ներգործության հարցում։
Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը նվիրված է հիբրիդային սպառնալիքներին, դրանց դիմակայելու խնդրին ու կիբերանվտանգությանը՝ ավելի լավ հասկանալու համար այն վտանգների բնույթը, որոնք մեր առջև ծառացել են միջազգային հաստատությունների ճահճացման ժամանակաշրջանում, ինչը սովորաբար լինում է համաշխարհային պատերազմների ժամանակ։ Հիմա արդեն՝ նաև հիբրիդային։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն