Գրաֆիտիի պատմությունից
Տասնամյակներ են անցել այն օրից, երբ Նյու-Յորքի մետրոներում ի հայտ եկան առաջին գրաֆիտիները, և հիմա մենք կարող ենք վստահաբար ասել, որ գրաֆիտին այսօր աշխարհի շատ երկրներում զարգացած մշակութային ուղղություն է, որը հաճախ ասոցացվում է ժամանակակից արվեստի հետ, հաճախ նաև դիտարկվում որպես նրա մաս: Սակայն մինչև այդպիսին դառնալը գրաֆիտին բարդ ճանապարհ է անցել:
1978 թվականին Նյու–Յորքի քաղաքապետ դարձավ Էդ Կոչը, որը պայքար սկսեց գրաֆիտիի դեմ: Նա ոստիկաններ նշանակեց նաև Նյու- Յորքի մետրոյի վագոններում, որպեսզի արգելի գրաֆիտիների նկարման գործընթացը[1]: Սակայն ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց: ԱՄՆ-ում սկիզբ առան տարբեր երիտասարդական շարժումներ (հատկապես աչքի էին ընկնում հիպիները), որոնք նախկին գաղափարները և աշխարհը համարում էին հնացած, իսկ իրենց՝ նորի և նոր աշխարհի հիմնադիր: Այս շարժումների անբաժանելի մասն էր հիփ-հոփ շարժումը: Աստիճանաբար երիտասարդական շարժումները՝ գրաֆիտիի հետ միասին, ներթափանցեցին Եվրոպա, ու առաջին երկիրը, որտեղ զարգացավ գրաֆիտին, Ֆրանսիան էր:
ԽՍՀՄ-ում իրավիճակն այլ էր: Խորհրդային Միությունում տիրում էր միակուսակցական համակարգ, որն ուներ իրեն բնորոշ գաղափարախոսությունը: Հատկապես Ստալինի կառավարման ժամանակաշրջանում այլախոհությունը հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում արգելված ու անհնարին էր: Ամեն ինչ ենթարկվում էր կենտրոնին և վերահսկվում էր նրա կողմից: Միայն խրուշչովյան «Ձնհալ»-ից և գորբաչովյան «Վերակառուցում»-ից հետո իրավիճակը փոխվեց:
Հայաստանը, լինելով ԽՍՀՄ-ի կազմում, ևս ենթարկվում էր այս օրենքներին, ուստի ինչպես խորհրդային մյուս երկրներում, այնպես էլ մեզ մոտ գրաֆիտին ուշ զարգացում ստացավ: Հատկապես 2000-ական թվականներին Հայաստանի տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում սկսեցին ի հայտ գալ Արցախյան առաջին պատերազմում զոհված հայտնի հրամանատարների (Մոնթե Մելքոնյան, Դուշման Վարդան, Պետրոս Ղևոնդյան, Լեոնիդ Ազգալդյան) և հայտնի մարդկանց (Սոս Սարգսյան, Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան, Մհեր Մկրտչյան և այլք) գրաֆիտի դիմանկարները (իհարկե, այլ թեմաներով գրաֆիտիներ ևս հանդիպում են, օրինակ՝ մայրաքաղաքի կամարանցումներում (դալան) սկսեցին նկարել գեղեցիկ պատկերներ): Այս գրաֆիտիների մեծ մասի հեղինակը նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է: 2018 թվականին ՊԱՏՄԻ հասարակական կազմակերպությունը սկսեց նոր նախաձեռնություն՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղը սթրիթ-արթ գյուղի վերածելու համար: Գյուղացիների տների պատերին սկսեցին նկարվել գրաֆիտիներ, որոնք արտացոլում էին հենց գյուղացիների պատմած պատմությունները: Այս պատմությունները կապ ունեն Մեղրաձորի և նրա պատմության հետ:
Ինչպե՞ս ստեղծվեց PATMI-ն
«…Արևմտյան Հայաստանում անընդհատ հայկական հետք էինք ման գալիս, և հիմնական գաղափարը, որ մեր մտքում ծագեց, այն էր, որ մեր ժառանգությունը, որը հարուստ է, պետք է սնդուկներից դուրս հանել, բայց այնպես, որ մարդկանց աչքին երևա: Այսինքն՝ վիզուալ ձևը մարդկանց դուր գա, մարդիկ հասկանան, որովհետև եթե դու հանես ու թղթի վրա գրես, ոչ մեկը դա չի կարդա: Սարինի հետ գնացինք թեք-թոքի: Մինչև սկսվելը («Թումո»-ում էր) լոգոն էինք նայում, շատ հետաքրքիր էր լոգոն սարքած, ու այդ լոգոյից խոսակցությունը գնաց այնպես, որ Սարինը սկսեց պատմել իր ուղևորություններից մեկի մասին (Սարինը շատ է ճամփորդել), որ ինքը գնացել է Չիլիում մի գյուղ՝ հատուկ «սթրիթ արթ» գյուղ տեսնելու համար: Ես էլ պատմեցի իմ երազանքի մասին (երազում եմ, որ մեր գյուղի բոլոր կտուրները գունավոր լինեն): Միանգամից եկանք այն մտքին, թե իսկ ինչու՞ չանել սթրիթ արթ Մեղրաձորում և որ այդ սթրիթ արթը հիմնված լինի պատմության վրա: Այդ հանդիպումը եղել է սեպտեմբերի 15-ին: Մենք մեկ ամիս անց գրանցեցինք ՀԿ-ն ու սկսեցինք մեր հետազոտությունը ՝ «սնդուկներից» պատմությունները դուրս հանելու» մասին։
Հայրենասիրական գրաֆիտիները Ապրիլյան և 44-օրյա պատերազմներից հետո
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵՊՀ-ի տարբեր մասնաշենքերի պատերին նկարվեցին պատերազմական հերոսների (Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Բենիամին Եղոյանի) գրաֆիտի դիմանկարները: Նախաձեռնությունը պատկանում էր Մարտական պատրաստության ակումբի հիմնադիր Արմեն Խաչիկյանին և նկարիչ Արթուր Ավագյանին: Ապրիլյան պատերազմից հետո Արմեն Խաչիկյանը և ԵՊՀ-ի ուսանողական կառույցները ռազմահայրենասիրական շատ ծրագրեր են իրականացրել Հայաստանում և Արցախում:
Պատմում է Արմեն Խաչիկյանը։
-Ինչպես՞ ծագեց Ապրիլյան պատերազմի հերոսներին նկարելու գաղափարը, և ինչպես՞ նախաձեռնեցիք այն:
-Այդ ժամանակ ընկերներով «Մարտական պատրաստության ակումբ» հիմնադրեցինք և մի շարք ծրագրեր իրականացրինք։ Հերոսների գրաֆիտի նկարների պատկերումը ևս այդ մեծ ծրագրերի մի մասն էր։ Դրանք միտված էին ազգային գաղափարախոսություն սերմանելուն, երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակելուն, նրանց կարևոր բովանդակություն փոխանցելուն։ Այդ գրաֆիտիների մեջ որքան կարևոր են հերոսները և նրանց նկարները, նույնքան էլ կարևոր են հարակից գրությունները, օրինակ՝ «Նրա զենքը իր տանկն էր, քոնը՝ քո գիտելիքը»: Երևույթն ավելի շատ սոցիալական ազդեցություն ուներ ուսանողների համար, ովքեր իրենց կրթությամբ, իրենց արժեհամակարգով պիտի օրինակ ծառայեն։ Հերոսների հետ միասին առանձնացրինք հասարակության կողմից սիրված անձանց: Հանդիպեցինք Արթուրի հետ, տեսանք նրա նկարներից մեկը, որտեղ Թաթուլ Կրպեյանն էր պատկերված զորամասերից մեկի պատին, և այդպես գաղափարը ծագեց[3]: Արդյունքում Երևանի պետական համալսարանի երեք մասնաշենքերին պատկերվեցին Ապրիլյան պատերազմի երեք հերոսներ՝ Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը և Բենիամին Եղոյանը:
–Ինչ՞հաղորդագրություն կամ գաղափար են փոխանցում, ըստ Ձեզ, անցորդներին կամ ուսանողներին այդ դիմանկարները:
-Ես ենթադրում եմ, որ այն, ինչ-որ մենք ուզում էինք, հաջողվել է փոխանցել: Ամեն օր դասի գալիս կամ վերադառնալիս մարդն այդ միտքն ունենում է՝ որ պետք է լավ սովորի, որ պետք է իր զենքը իր կրթությունը լինի, և իր կրթությամբ պիտի նպաստի Արցախի և Հայաստանի անվտանգությանն ու բարեկեցությանը։
44-օրյա պատերազմն իր հետևանքներով ազդեց նաև գրաֆիտիի գաղափարական փոփոխության վրա: Պատերազմի ընթացքում և հետո սկսեցին Հայաստանի տարբեր քաղաքներում նկարել զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարները, հաճախ նաև կից նկարներով և գրություններով: Սա նոր երևույթ էր, և հասարակության վերաբերմունքը ևս միանշանակ չէր, սակայն ժամանակի ընթացքում գրաֆիտիները կարծես ձուլվեցին բնակավայրի ֆոլկլորին և դարձան դրա բաղկացուցիչ մասը: Ուշագրավ է, որ դիմանկարներ նկարվում են Հայաստանի թե՛ քաղաքային և թե՛ գյուղական բնակավայրերում: Ի տարբերություն նակինում եղած նախաձեռնությունների, որոնց հեղինակները կա՛մ նկարիչներ էին, կա՛մ առանձին անհատներ (առանց ֆինանսական շահույթ հետապնդելու), այժմ զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարներ նկարելը պատվերով է արվում: Դիմանկարները նկարում են հիմնականում զինվորների մերձավոր հարազատների կամ ընկերների, որոշ դեպքերում դպրոցի տնօրենների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով (այս դեպքում ևս նկարիչները ֆինանսական շահույթ չեն հետապնդում և աշխատանքի համար ֆինանսական հատուցում չեն ստանում): Մինչև դիմանկարը նկարելը հաճախ անհրաժեշտ է լինում հատուկ տեխնիկա՝ բարձր պատերի վրա նկարելու համար։ Այդ ամենի համար պատասխանատու է պատվիրատուն, նկարչի գործը միայն նկարելն է։
Դիմանկարները նկարվում են բնակելի շենքերի կամ այն կրթօջախների պատերին, որտեղ սովորել է զոհված զինվորը (պատվիրատուն է որոշում նաև այն վայրը, որտեղ պետք է նկարվի դիմանկարը)։ Բնակելի շենքերի պատերին նկարելու համար հաճախ անհրաժեշտ է լինում հատուկ թույլտվություն։ Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ոչ բոլորին կարող է դուր գալ այս երևույթը, հետևաբար նկարելուց առաջ պատվիրատուն ստանում է շենքի բնակիչների 50%-ի համաձայնությունը։ Այս բոլոր նախապատրաստական և անհրաժեշտ գործողություններից հետո է միայն գործը սկսվում։ Նախկինում երբեք հայրենասիրական գրաֆիտին չի եղել այսքան պահանջված և երբեք իրագործման համար չի կրել այսքան կազմակերպված բնույթ։
Երևանում գրաֆիտի դիմանկարների մեծ մասի հեղինակը նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է (բացառությամբ ԵՊՀ տարբեր մասնաշենքերի պատերին Ապրիլյան պատերազմի հերոսների նկարները, որոնց հեղինակը Արթուր Ավագյանն է), իսկ Հրազդան քաղաքում նկարների հեղինակը Արսեն Պետրոսյանն է:
Հասարակությունը և հայրենասիրական գրաֆիտիները
Հասարակությունը մշակել է միջոցներ՝ մահերին արձագանքելու համար: Եթե շրջենք Հայաստանում՝ կհանդիպենք տարբեր հուշաղբյուրներ, հանգստի տաղավարներ, խաչքարեր՝ նվիրված զոհված, ավտովթարի կամ այլ պատահարի զոհ դարձած մարդկանց: Զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարները եկան լրացնելու այս շարքը: Հոգեբանական տեսակետից մարդիկ ավելի շատ հոգեպես ցնցվում են, երբ կորցնում են հարազատին անսպասելի կերպով: Իսկ այն, ինչ անսպասելի է, դժվար է ընդունել և համակերպվել: Այս պարագայում հասարակությունն ինքնաբուխ կերպով ստեղծում է վայրեր, որտեղ արտահայտում է իր ցավը:
Այս համատեքստում զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարները ևս դարձան ցավի և հիշատակի վայրեր, սակայն դրանք ինքնաբուխ հիշատակման վայրի կոնցեպտի մեջ չեն տեղավորվում, այն պատճառով, որ ստեղծվում են պատվերով: Օրինակ, 2022 թվականին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցավ հրդեհը, որի հետևանքով եղան զոհեր, և առևտրի կենտրոնը ամբողջությամբ այրվեց: Հրդեհի հաջորդ օրը Սուրմալույի մոտակայքում հասարակ քաղաքացիներ ինքնաբուխ կերպով բերում էին խաղալիքներ ու ծաղիկներ՝ ի նշան ցավի, սգո և հարգանքի: Ոչ ոք դա չէր պատվիրել, սա ինքնաբուխ հասարակական դրսևորում է[4]: Իսկ զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարների դեպքում գործընթացը նկարի ու նկարման վայրի ընտրությունից մինչև կից նկարների ու գրությունների նկարման ընտրությունը պատվիրվում է զոհվածի հարազատների կողմից:
Որպես նոր երևույթ՝ հայրենասիրական գրաֆիտին լայն արձագանքի արժանացավ: Այդ արձագանքը միանշանակ չէր: Հետազոտության ժամանակ կատարված հարցումները ցույց տվեցին, որ մարդկանց կարծիքներն այս հարցում բաժանվում են երկու մասի: Մի մասը կարծում է, որ այս երևույթը մարդկանց (հատկապես նրանց, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմի ժամանակ) ևս մեկ անգամ հիշեցնում է իրենց կորուստն ու ցավը, հետևաբար՝ կարիք չկա, որ դիմանկարները նկարվեն, որպեսզի ավելորդ անգամ մարդիկ սթրես չապրեն և շուտ համակերպվեն տեղի ունեցածին: Մյուս մասը, ընդհակառակը, կարծում է, որ շատ ճիշտ է զոհված զինծառայողների դիմանկարները պատկերելը, քանի որ այդկերպ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, մեր աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, երբեք չենք մոռանում, թե ում կյանքի գնով է մեզ տրված մեր կյանքը: Մարդիկ պարտքի զգացում ունեն և համարում են, որ պարտավոր են միշտ հիշել, որ այդ կյանքը իրենց տրված է, քանի որ հասարակ զինվորները զոհել են իրենցը՝ հանուն հայրենիքի: Այն, թե ինչ արագությամբ տարածվեց դիմանկարները նկարելու գործընթացը, արդեն իսկ խոսում է հասարակության դրական վերաբերմունքի մասին, այդ մասին են փաստում նաև այն հաղորդագրությունները, որոնք ստանում են նկարիչները, ինչպես նաև մեկնաբանությունները համացանցում, որոնք թողնվում են դիմանկարների լուսանկարներին կից:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ հայցորդ (ապագա սոցիալական մարդաբան), Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, ֆոնդապահ
Երևան
______________________
[1]Игорь Поносов, Искусство и город, с.69
[2] Մ. Պետրոսյան, ԴՆ, Հարցազրույց ՊԱՏՄԻ հասարակական կազմակերպության համահիմնադիր Նաիրա Հարությունյանի հետ:
[3] Մ. Պետրոսյան, ԴՆ, Հարցազրույց Արմեն Խաչիկյանի հետ:
[4]Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում զոհվածների, https://www.civilnet.am/news/671437/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%B6%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB/, վերջին դիտումը՝ 01.06.2023.