2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց և նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ավարտվեց 44-օրյա պատերազմը: Տարածքային կորուստներից բացի ունեցանք մարդկային զգալի կորուստներ: Այս վերջին հանգամանքը հանգեցրեց հետպատերազմյան սթրեսի, որից փորձում ենք դուրս գալ ցայսօր, ընդ որում՝ դրա միջոցների մասին տարբեր պատկերացումներ կան հանրությունում:
Հանրությունը, մարդիկ ինքնաբուխ կերպով գաղափարներ են առաջ քաշում ցավի հաղթահարմանն ու սփոփանքին միտված: Այդ միջոցներից մեկը զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարներն են տարբեր շինությունների պատերին։ Գրաֆիտիի այս տեսակն ընդունված է անվանել հայրենասիրական գրաֆիտի։ Մինչև 44-օրյա պատերազմը հայրենասիրական գրաֆիտիներ հանդիպում էին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Դրանք հիմնականում Արցախյան առաջին պատերազմի հայտնի հերոսների, հայտնի դերասանների կամ գրողների գրաֆիտի նկարներն են։
2020 թվականից առաջ հայրենասիրական գրաֆիտիներ հիմնականում նկարվել են ինքնաբուխ կերպով։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առավ և աստիճանաբար տարածվեց զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարների կազմակերպված պատկերումը։ Ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների՝ այժմ դիմանկարներ սկսեցին պատկերել բնակելի շենքերի ու կրթօջախների պատերին։
Զոհված զինծառայողների գրաֆիտիի դիմանկարների պատկերումն, իրոք, կազմակերպված գործընթաց է, որը լայն տարածում է ստացել Հայաստանում՝ դառնալով ոչ միայն սգի արտահայտման, այլև սփոփանքի դրսևորման, զինծառայողներին հերոսացնելու և նրանց ճանաչելի դարձնելու յուրօրինակ միջոց։
Պատերազմական գրաֆիտիները միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, ինչպես ասում են՝ կան տարբեր կարծիքներ, որոնց մասին խոսվում է սույն թողարկման նյութերում։ Այս պարագայում, կարծում ենք, շատ կարևոր է հանրային կոնսենսուսի ձեռքբերումը։
Մեր այս հատուկ թողարկման հրավիրյալ խմբագիրը պատմաբան Մարիամ Պետրոսյանն է։ Թողարկման մեջ ամփոփվել են մի հետազոտության արդյունքներ, որն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն