Հայաստանի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) առկա հումանիտար իրավիճակին, երևակել է տարբեր երկրների դիրքորոշումները արցախահայության նկատմամբ Ալիևի վարչակարգի գործողություների գնահատման հարցում, գործողություններ, որոնք իրականացվում են Ռուսաստանի թողտվությամբ։
Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ամիսներ շարունակ հայկական փորձագիտական հանրույթում և Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածում շրջանառվում էր մի կարծիք, ըստ որի հարկ է հարցը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում և հասնել պարտադիր բնույթի բանաձևի ընդունման։
Նիստը տեղի ունեցավ, դիրքորոշումները հստակեցվեցին, պատկերը պարզվեց, սակայն բանաձև ընդունված չէ, չկա անգամ նախագահողի հայտարարություն, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կողմից։ Մի կողմից, դա կարող է հանրային հիասթափության արժանանալ, քանի որ հավաքվել, արտահայտվել և անարդյունք իրար հրաժեշտ են տվել «այստեղ և հիմա» ընթացակարգով, մինչդեռ իրավիճակն անհապաղ միջամտություն է պահանջում։ Սակայն, մյուս կողմից էլ, տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթները երևակել են Հայաստանի տեսանկյունից բավականին տարօրինակ և հակաբնական պատկեր. ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ալիևի վարչակարգի ապօրինի գործողությունների միակ և ամենամոտիվացված փաստաբանն է դարձել մի երկիր, որը ճակատագրի հեգնանքով հանդիսանում է մեր միակ դե-յուրե ռազմավարական դաշնակիցը։
Որքան էլ Հայաստանը ձգտում էր հարցը ներկայացնել որպես բացառապես հումանիտար՝ խուսափելով անվանել հումանիտար ճգնաժամի ճարտարապետներին և դրանով իսկ իբր թե «չքաղաքականացնելով» հարցը, միևնույն է՝ խնդիրը քաղաքական բնույթ ունի, և դրա լուծումն էլ կարող է լինել քաղաքական, իսկ հիմնախնդրի նկատմամբ միջազգային հանրությունում առկա դիրքորոշումները տրոհվել են հիմնականում ըստ արժեքային համակարգի, և հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես տեսնում ենք, կոնսենսուս չի ապահովվել։
Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումն ամփոփում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կայացած նիստի նախնական արդյունքները։ Հեղինակային վերլուծական հոդվածներն ու արտատպությունները շահագրգիռ ընթերցողներին կօգնեն ավելի լավ գլուխ հանելու միջազգային հանրությունում առկա շահերի ու ընկալումների բազմաշերտ միահյուսվածքներից, որոնք երևակվել են միջազգային այս հեղինակավոր հարթակում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն