ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի (օգոստոսի 16-ին) բաց նիստ է անցկացրել՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանը անցակետեր է տեղադրել միջանցքում և սահմանափակել տեղաշարժը՝ միաժամանակ առաջարկելով Ադրբեջանի տարածքով անցնող այլընտրանքային երթուղիներ դեպի Ղարաբաղ: Հայաստանը հայտարարում է, որ շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում:
Հայաստանն օգոստոսի 11-ին հղած նամակով հանդիպման անցկացման խնդրանքով դիմել էր ԱԽ–ին՝ վկայակոչելով ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածը: Համաձայն 35-րդ հոդվածի (1)` ՄԱԿ ցանկացած անդամ պետություն «կարող է Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը հրավիրել ցանկացած վեճի կամ ցանկացած իրավիճակի վրա, որը նշված է 34-րդ հոդվածում [այսինքն ՝ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային անհամաձայնության կամ ի զորու է վեճ առաջացնել]»: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների և շահերի պաշտպանության տնօրեն Էդեմ Վոսորնուն նիստի սկզբում տեղեկացրեց խորհրդին իրադրության մասին: Անվտանգության խորհրդի 15 անդամներից բացի նիստին ներկա էին և ելույթ ունեցան նաև Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Եվրոպական Միության ներկայացուցիչները: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անձամբ ներկա է եղել հանդիպմանը, իսկ Ադրբեջանը ներկայացվել է ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցչի կողմից:
Նիստը նախագահում էր Միացյալ Նահանգները, որի ներկայացուցիչը ներկայումս խորհրդի նախագահն է: Դա տեղի է ունենում ամսական հերթափոխով՝ ըստ այբբենական կարգի:
Ելույթ են ունեցել Անվտանգության խորհրդի բոլոր տասնհինգ անդամները, ընդ որում՝ շատերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության անարգել ստացման անհրաժեշտությունը, մեծամասնությունն ընդգծել է տարածքային ամբողջականության կարևորությունը, և բոլորը կոչ են արել առաջընթացի հասնել խաղաղ բանակցություններում, որպեսզի տարածաշրջանը կարողանա դուրս գալ ներկայումս ստեղծված փակուղուց:
Նիստն ավարտվեց առանց Խորհրդի կողմից որևէ որոշում ընդունելու:
Commonspace.eu–ի քաղաքական խմբագիրն իր մեկնաբանությունում նշում է, որ չորեքշաբթի կայացած հանդիպումից երկու կարևոր եզրահանգում կարելի է անել: Առաջինը՝ Ադրբեջանի համար, այն է, որ անկախ նրանից, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի մաս, միջազգային հանրությունը մտահոգված է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում հայկական համայնքին և ինչ վերաբերմունք է ցուցաբերելու ապագայում: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կառավարումը շատերի կողմից դիտարկվում է որպես գալիք իրադարձությունների փորձաքար։ Ադրբեջանը շատ ավելի նուրբ և համապարփակ մոտեցում պետք է ցուցաբերի այդ հարցում, եթե ցանկանում է խուսափել միջազգային հանրության հետ վաղ թե ուշ սպասվող բախումից: Երկրորդ եզրահանգումը Հայաստանի համար է. միջազգային հանրությունը ներկայումս չի ցանկանում և, հավանաբար, նույնիսկ ի վիճակի չէ Ադրբեջանի վրա այնպիսի ճնշում գործադրել, որն ակնկալում է Հայաստանը: Հայաստանին ասում էին, որ լուծումը հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց գրանցելն է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար Անվտանգության խորհրդի շատ անդամների ուղերձը պարզ էր՝ խոսեք Բաքվի հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի կարևոր դեր խաղա ապագայում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ամրապնդվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Բայց մենք դեռ չենք հասել դրան: