ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստն Արցախում ստեղծված հումանիտար իրադրության կապակցությամբ պետք է դիտել որպես հայ ժողովրդի ձեռքբերում, որին կարճ ժամանակահատվածում արդեն երեք անգամ հաջողվել է բարձրացնել արցախյան խնդիրն ամենաբարձր կարգավիճակ ունեցող՝ աշխարհում անվտանգության հարցերի համար պատասխանատու մարմնի քննությանը։ Այդ նիստի հնարավորությունն իսկ ոչ միայն և ոչ այնքան հայոց պետականության, որքան հայ ժողովրդինն է, որի ներուժը հնարավոր է դարձրել արցախահայության դեմ ցեղասպանության խնդրի ներառումը ՄԱԿ ԱԽ, համաշխարհային ԶԼՄ-ների և շատ երկրների խորհրդարանների ու կառավարությունների օրակարգում։
Նիստի ընթացքը թույլ է տալիս խոսել գործող դերակատարների երեք խմբի մասին։ Առաջին ու ամենամեծ խումբը ներառում է Արևմուտքի և երրորդ աշխարհի մի շարք երկրներին, որոնք հանդես են եկել Հայաստանի լիակատար և միանշանակ աջակցությամբ։ Ակներև էր, թե ում հետ Հայաստանը պետք է ջանա կառուցել երկկողմ և բազմակողմ դաշնակցային հարաբերություններ։ Ընդհանուր առմամբ՝ կարելի է արձանագրել, որ միջազգային ասպարեզում Հայաստանի բնական դաշնակիցներն են զարգացած ժողովրդավարական երկրները։
Երկրորդ խումբն ավտորիտար երկրներն են, որոնց միջուկը կազմում են Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Չինաստանը, որը, ելնելով համընդհանուր և աշխարհաքաղաքական շահերից, սատարում է Ռուսաստանին։ Նիստն առավելագույն հստակությամբ ցույց է տվել, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ուղղված ամենասուր սպառնալիքը բխում է ռուս-թուրքական ռազմավարական դաշինքից։ Ընդ որում, հայ ժողովրդի պետական ինքնիշխանության տապալմանը և արցախահայության ցեղասպանությանը միտված սպառնալիքների իրականացման առաջատար դերը ներկայիս պատմական փուլում պատկանում է Ռուսաստանին։ Ադրբեջանը «մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգի շրջանակում պետք է դիտվի որպես դե-ֆակտո Թուրքիայի մաս դարձած պրոքսի-երկիր։ Այսինքն, Հայաստանը դիմակայության մեջ է գտնվում ոչ թե Ադրբեջանի պես փոքր պետության, այլ աշխարհի ավտորիտար իշխանության կենտրոնների հետ։ Այս դիմակայությունն իր բնույթով ասիմետրիկ է, երբ հակառակորդների քանակային առավելությունը պետք է հավասարակշռվի հայկական կողմի դրսևորած որակներով և առաջին խմբի երկրների հետ երկկողմ և բազմակողմ դաշինքների ստեղծմամբ։
Երրորդ երկրների խումբը միջանկյալ դիրք է գրավում և դրանց կարելի է «տատանվող» անվանվել։ Հիմնականում դրանք BRICS/ ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) և երրորդ աշխարհի երկրներն են, որոնց հետ նպատակասլաց աշխատանքը հնարավորություն կտա դրանցից ոմանց Հայաստանի կողմը քաշել։
Այսպիսով՝ նիստը ցույց է տվել, որ արցախյան խնդրի շուրջ հստակորեն արտացոլվում է աշխարհում ձևավորված ժողովրդավարական և ավտորիտար ուժի կենտրոնների միջև բաժանումը, որոնց դիմակայությունը վճռելու է, թե ինչպիսին կլինի նոր ձևավորվող աշխարհակարգը։ Այս իմաստով արցախյան խնդիրն իր բնույթով համընդհանուր և աշխարհաքաղաքական է. այն չի կարող սոսկ տեղային դիտվել, որովհետև տեղային լինելու դեպքում որոշումը կբխեր տարածաշրջանային մակարդակում փոքր երկրների միջև փոխզիջումների որոնումից։ Տվյալ եզրակացությունը հերթական անգամ հաստատում է 2020 թվականից հետո Հայաստանի որդեգրած ռազմավարության սխալականությունը, որը միտված էր արցախյան խնդիրը մեկուսացնելու, հակամարտության աշխարհաքաղաքական և քաղաքական տարողությունն անտեսելու և այն սոսկ հումանիտար մակարդակին իջեցնելու նպատակին։ ՄԱԿ ԱԽ բոլոր զեկուցողներն անդրադառնում էին արցախյան կարգավորման քաղաքական հայեցակետերին, որոնք առաջնային և այլ՝ այդ թվում և հումանիտար բաղադրիչներ ածանցող էին ներկայացվում։
Բացի դրանից՝ համարյա բոլոր զեկուցողները խոսում էին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման անհրաժեշտության մասին, դրանով իսկ ակնարկելով Ռուսաստանի՝ որպես անվտանգության և Լաչինի միջանցքի անխափան գործունեության երաշխավորի ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատվությունը։ Ավելին՝ Ռուսաստանի ներկայացուցիչը բացահայտ հայտարարել է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես տվյալ համաձայնագրի և ոչ որևէ այլ ձևաչափերի շրջանակում։ Այս հայտարարությունը որևէ քննադատությանը չի դիմանում, բայց ընդգծում է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և ցեղասպանական վարքագծին մասնակցելու Ռուսաստանի պատասխանատվությունը։
Այս իրավիճակում միանգամայն բնական կլիներ, եթե Հայաստանը մատնանշեր Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից իրենց իսկ ստանձնած պարտավորությունների ոտնահարումը և ՄԱԿ ԱԽ-ին խնդրեր փոխարինել Ռուսաստանը և ռուսական ռազմական ներկայությունն անվտանգության նոր երաշխավոր միջազգային խաղաղապահ ուժերով։ ՄԱԿ ԱԽ-ն բացառիկ հնարավորություն է տվել հեռանալ միջազգային ասպարեզում Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից դիրքավորելու կեղծ կաղապարից, բայց հայկական կողմը սահմանափակվել է արցախյան խնդիրը որպես բացառապես հումանիտար՝ ո՛չ քաղաքական և ո՛չ աշխարհաքաղաքական ներկայացնելով։
Տվյալ որոշումն անհնար է պատահական կոչել։ Խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության գիտակցված ընտրության մասին է։ Հայկական սահմանադրական դաշտի անկատարությունը, երբ իշխանության թևերի միջև հակակշիռներ գոյություն չունեն, իշխանության ամբողջությունը կենտրոնացնում են գործադիր իշխանության ձեռքում, որը, հետևաբար, անձնական պատասխանատվություն է կրում ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման համար՝ նպաստելով երկրում կառավարման ավտորիտար ձևի հաստատմանը։ ՄԱԿ ԱԽ նիստը հստակորեն ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն ընտրություն են կատարել ավտորիտար երկրների խմբի օգտին՝ ընդդեմ և ի վնաս հայ ժողովրդի ազգային շահերին։ Նրանց կատարած սույն ընտրությունն արտացոլում է հայոց պետականության ինստիտուտների ողջ տրամաբանությունը։
Այսպիսով, ՄԱԿ ԱԽ նիստը ցույց է տվել, որ հայոց պետականության դեմ ուղղված ամենասուր սպառնալիքն ընթացիկ պատմական փուլում ստեփանակերտյան և երևանյան իշխանություններն են։ Ընդ որում, տարվող քաղաքականությունը փոխելու համար գոյություն չունի ոչ մի ինստիտուցիոնալ նախադրյալ՝ անգամ ինքնապահպանման բնազդից ելնելով։ Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանությունները շահագրգռված չեն ինքնիշխան քաղաքականություն վարելու մեջ։
Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակն ակներևաբար ցուցադրում է տվյալ եզրակացության արդարացիությունը, երբ անգամ սովի և ցեղասպանական քաղաքականության իրականացման պայմաններում ստեփանակերտյան իշխանություններն ընդունակ չեն անցնելու արցախյան հասարակության պաշտպանությանը։ Ողբերգական իրավիճակ է ստեղծվել, երբ արցախյան հասարակությունը զարմանքով բացահայտել է, որ տասնամյակների ընթացքում ստեղծված պետական իշխանության ինստիտուտները հետամուտ չեն եղել հայ ժողովրդի ազգային շահերին։
Սա արցախյան հասարակությանը ստիպում է սկսել հասարակական շարժում՝ իշխանության քայլերի և արցախահայության շահերի միջև տարբերությունն արձանագրելու համար, քանի որ վերջինս կտրականապես դեմ է իշխանության ընտրած ուղեգծին, բայց սահմանադրական դաշտի շրջանակում օժտված չէ իշխանությանն իր որդեգրած քաղաքական ուղղությունից հետ կանգնեցնելու համար անհրաժեշտ հնարավորություններով։ Այնչափ մեծ ջանքերով և միջոցներով Արցախում պետական իշխանության ձևավորված մարմիններն այլափոխվել և վերածվել են կոլաբորացիոնիստական և հակահայկական օղակների, ինչն էլ որակապես բարդացրել է առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակը։ Արցախյան հասարակությունը կրկին հարկադրված է սկսել կոնսոլիդացման գործընթացը՝ Ռուսաստանի և Թուրքիա/Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանն արձագանք ձևավորելու համար։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ներկայիս իշխանության փոփոխությունը հայ ժողովրդի համար առաջնահերթ խնդիր է դառնում։ Այս եզրակացությունը վաստակել է բացառապես ներկայիս իշխանությունը, որը վերահաս գոյաբանական ռազմական սպառնալիքների ետնապատկերին իրավիճակը վատթարության այսպիսի աստիճանի է հասցրել։ Թե որքանով է այս վարքագիծը գիտակցված կամ անարհեստավարժության, գաղափարական և հոգեբանական հակումների հետևանք, երկրորդական է, քանի որ արձանագրվող հետևանքներն ամեն պարագայում Հայաստանի և հայ ժողովրդի համար կործանարար են լինում։ Ստեփանակերտում և Երևանում ներկայիս իշխանությունը կործանում է հայոց պետականությունն ընդամենը մեկ նպատակի՝ սեփական իշխանության պահպանության համար։
Տասնամյակների ընթացքում ձևավորված իշխանական վերնախավը պատրաստ է այնչափ ջանքերով և կորուստներով ձեռք բերված Հայաստանի անկախությունն ու պետական ինքնիշխանությունը փոխանցել արտաքին ուժի կենտրոններին՝ ելնելով անձնակենտրոն շահերից և անձնական անվտանգության երաշխիքներից։ Այսպիսով, հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական ռազմական սպառնալիքներին ավելանում է նոր՝ զուտ իշխանական վերնախավի գործողություններից առաջացող նոր սպառնալիքը։ Տվյալ իրավիճակը պահանջում է նոր սպառնալիքը չեզոքացնելու ունակ արձագանքի իմաստավորումն ու ձևավորումը՝ խուսափելով հանդերձ քաոսից և պետական ինստիտուտների խորտակումից։ Սա իր բարդությամբ ոչ սովորական և ձեռակերտ սպառնալիք է, որի հաղթահարման համար անհրաժեշտ պատասխանը պետք է ձևակերպի հայ ժողովուրդը։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան