Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների ու հեռախոսազրույցների մասին տեղեկատվությամբ, որոնց միավորում է մեկ ընդհանուր մտահոգություն՝ թույլ չտալ, որ իրավիճակը հանգի տարածաշրջանային պատերազմի՝ 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամագրված բոլոր նոր անդամների «ֆինլանդացման» մոսկովյան պահանջի համապատկերում։ Թվում է, դա աշխարհագրորեն մեզնից այնքան հեռու է, որ կարելի է առանձնապես չանհանգստանալ։ Բայց մեծ վերաբաժանման ու համատարած անորոշության ժամանակաշրջան ապրող ժամանակակից աշխարհն այն միջավայրն է, որում ապրում է և դեռ երկար կապրի Հայաստանը՝ իր չլուծված խնդիրներով։
Անկախության 30-ամյա «ստաժով» հայկական պետականությունը՝ ժողովրդավարության արդեն իսկ առկա սաղմերով ու դրան հասնելու մեծ կամքով, այսօր դիմակայում է գոյաբանական մարտահրավերների ինչպես ռազմավարական հակառակորդների կողմից՝ ի դեմս ավտորիտար ռեժիմների, այնպես էլ համանման «դաշնակիցների» կողմից։ Ինչպիսի նոր մարտահրավերներ ու երկընտրանքներ է խոստանում այս նոր աշխարհը և ինչպես դրանք հաղթահարել նվազագույն կորուստներով ու առանց ինքզինքը կորցնելու՝ սա միանգամայն իրատեսական խնդիր է այսօրվա հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթի համար։ Ու շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ում հետ և ինչպես պիտի գործ ունենանք մեր տարածաշրջանում, որտեղ խաչվում են միջազգային շատ խաղացողների շահերը՝ ավանդական և միանգամայն նոր ու բավականին հավակնոտ խաղացողների, ինչպիսին է, օրինակ, Չինաստանը։
Իսկ որո՞նք են մեր շահերը, որտե՞ղ են մեր ակնկալիքների իրատեսության սահմանները, և ովքե՞ր են «մեր բարեկամներն ու թշնամիները»՝ այս մասին են մեր նոր թողարկման հեղինակային բացառիկ հոդվածները։