2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքում, որոնց էպիկենտրոնը եղել են Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջանները։ Երկրաշարժերն ընդգրկել են Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան 10 նահանգ՝ Քահրամանմարաշ (Մարաշ), Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիե, Գազիանթեփ (Այնթափ), Շանլըուրֆա (Ուրֆա)[1], Ադըյաման, Մալաթիա և Հաթայ: Փետրվարի 19-ի դրությամբ զոհերի թիվը հատել է 40 հազարը, իսկ վիրավորների թիվը՝ 100 հազարը։ Թուրքիայի ձեռներեցների և գործարարների համադաշնությունը (TÜRKONFED) չի բացառել, որ զոհերի թիվը կհասնի 73․000-ի, իսկ նյութական վնասը կգերազանցի 84 միլիարդ դոլարը՝ երկրի ՀՆԱ-ի 10%-ից ավելին․ այդ գումարից 70․75 միլիարդ դոլարը կկազմի բնակֆոնդին պատճառված վնասը, 10․4 միլիարդ դոլարը՝ ազգային եկամտի կորուստը, 2․91 միլիարդ դոլարը՝ աշխատուժի կորուստը։ Համեմատության համար՝ 1999 թ․ Մարմարա ծովում գրանցված՝ Թուրքիայի ամենաավերիչ երկրաշարժերից մեկի հետևանքով զոհվել է 18․373 մարդ, իսկ նյութական վնասը կազմել է 17․1 միլիարդ դոլար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վերջին ավերիչ երկրաշարժերն ունեն ներքաղաքական ու արտաքին-քաղաքական մեծ հետևանքներ։
Ներքաղաքական – 2023 թ․ հունվարի 18-ին Էրդողանն իշխող ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն) նիստում առաջարկեց հունիսի 18-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին՝ ակնարկելով, որ 73 տարի առաջ այդ օրը վերջ է տրվել ներկայիս հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական ՀԺԿ-ի (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) 27-ամյա (1923-1950 թթ․) կառավարմանը։ Իր առաջարկն Էրդողանը ներկայացում էր ոչ թե որպես արտահերթ ընտրություն, այլ ընտրությունների մեկ ամիս շուտ անցկացում՝ պայմանավորված հունիսին բուհերի ընդունելության քննությունների, ամառային արձակուրդների մեկնարկի, հաջի գնալու գործոններով։
Սակայն ընդդիմադիր «Լավ կուսակցության» (Iyi parti) առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ Էրդողանը միտումնավոր է ընտրել մայիսի 14-ը, քանի որ դա բուհերում քննական ժամանակաշրջան է, և ուսանողների մի զգալի մասը ֆինանսական միջոցների սղության և այլ պատճառներով հազիվ թե քվեարկության համար օդանավով մեկնեն իրենց բնակության (գրանցման) վայրեր և հետ վերադառնան։ Համակարծիք ենք Մերալ Աքշեների հետ, քանի որ մի շարք սոցհարցումներ վկայել են, որ Z սերունդը (18-25 տարեկան) դեմ է Էրդողանի բռնաճնշումներին, ավելի աշխարհիկ ու ազատասեր է, արևմտյան արժեքների ջատագով (գալիք ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է 5-7 միլիոն մարդ)։
Էրդողանը վերջին ամիսներին բազմաթիվ քայլեր էր ձեռնարկել երկրի սոցիալ-տնտեսական դրությունը շտկելու, ընդդիմադիր դաշինքը ջլատելու, քրդերի ընտրազանգվածի մի զգալի մասին իր կողմը գրավելու, արտաքին-քաղաքական ոլորտում երկրի և անձամբ իր վարկը բարձրացնելու ուղղությամբ, որոնք կոչված էին գալիք նախագահական ընտրություններում նրա հաղթանակն ապահովելուն։ Սակայն վերջին ավերիչ երկրաշարժերը խառնեցին նրա խաղաքարտերը։ Ընդդիմությունն ու հասարակության մի զգալի մասը սկսեցին Էրդողանին մեղադրել որոնողափրկարարական գործողությունները ձախողելու, զոհերի ու ավերածությունների իրական ծավալը նվազեցնելու, փրկվածներին փողոցներում անօգնական թողնելու, հասարակությանը շարունակ մանիպուլացնելու[2], նախորդ տարիներին երկրաշարժի գոտում «շինարարական համաներում» հայտարարելու մեջ։ Մեղադրանքները շոշափում էին նաև Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանին՝ երկրում «թղթե շենքեր»[3] կառուցելու համար (այժմ աղետի գոտում հրատապ քանդման կարիք ունի 50․576 շենք/շինություն)։
Նման ֆոնին գրեթե անհնար է պատկերացնել մայիսի 14-ին ընտրությունների անցկացումը, քանի որ 60-օրյա նախընտրական արշավը վերոնշյալ 10 նահանգներում[4] պիտի սկսվի մոտ մեկ ամիս անց։ Թուրքական մամուլի որոշ հրապարակումներում անհնար է համարվում նաև հունիսի 18-ին ընտրություններ անցկացնելը՝ հաշվի առնելով, որ երկրաշարժերի հետևանքով կորել են մի շարք գրանցամատյաններ, ի հայտ է եկել բազմաթիվ տվյալներ թարմացնելու անհրաժեշտություն։ Չի բացառվում, որ գալիք ընտրությունները կանցկացվեն աշնանը, կամ էլ Էրդողանը կփորձի այս տարի չանցկացնել ընտրություններ (նա ժողովրդից խնդրել է 1 տարի՝ երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար)։
Ներկա պայմաններում Էրդողանի գերխնդիրն ընտրությունները հնարավորինս հետաձգելն է և դրանով ժամանակ շահելը․ դա կենսական հարց է, և Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նրա ճնշմամբ կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Էրդողանը փորձելու է այդ ընթացքում առաջին հերթին Արևմուտքից (ԱՄՆ, ԵՄ) ու իսլամական (արաբական ու թյուրքական) աշխարհից օտար ներդրումներ ներգրավելու շնորհիվ հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժերի հետևանքների զգալի մասը (Թուրքիան որոշակի օգնություն կստանա նաև Ռուսաստանից՝ գազային զեղչի, գազի վճարումների հետաձգման, ներդրումների տեսքով)։ Ընդդիմությունը, սակայն, կտրականապես դեմ է ընտրությունները հետաձգելուն՝ դա հավասարեցրել է «քաղաքացիական հեղաշրջման»՝ ընդգծելով, որ Թուրքիան իրավական պետություն է, և երկրի Սահմանադրությունը հստակ ասում է, որ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմական ժամանակաշրջանում։
Եվ եթե 1999 թ․ երկրաշարժը նպաստեց 2001 թ․ Թուրքիայում ֆինանսական լրջագույն ճգնաժամ առաջացնելուն և այդպիսով 2002 թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն ու Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գալուն, ապա 2023 թ․ երկրաշարժն Էրդողանի ու նրա թիմի համար կարող է ունենալ արդեն հակառակ էֆեկտ։ Ինչպես 2002 թ․ ընտրազանգվածի զգալի մասը քվեարկեց ոչ թե ԱԶԿ-ի օգտին, այլ՝ գործող իշխանությունների դեմ, այնպես էլ գալիք ընտրություններում ընտրազանգվածի զգալի մասը կարող է քվեարկել ոչ այնքան ընդդիմության օգտին, որքան գործող իշխանությունների դեմ։ Էրդողանի ճակատագրի հարցում վճռորոշ է լինելու ընտրությունների անցկացումը հետաձգել/չհետաձգելը․ պաշտոնավորումը շարունակելու հարցում Էրդողանի վճռականությունը որևէ կասկած չի հարուցում։
Արտաքին-քաղաքական – 2023 թ․ փետրվարի 13-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ 80 երկրների փրկարարական խմբեր (9247 փրկարար) աղետի գոտում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին՝ հավելելով, որ օգնության առաջարկ ընդհանուր առմամբ ստացվել է 100 երկրից։ Փետրվարի 14-ին էլ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի մոռանա դժվար պահին իրեն մեկնած օգնության ձեռքը՝ ընդգծելով, որ երկիրը բախվել է ոչ միայն իր, այլև մարդկության պատմության մեջ ամենամեծ բնական աղետներից մեկին։
Համայն աշխարհից ստացվող այս օգնությունը բացասաբար կազդի Էրդողանի՝ «մշտապես արտաքին թշնամի ունենալու և դրա շուրջ սեփական հասարակությանը կոնսոլիդացնելու» մարտավարության վրա։ Նման մասշտաբի աջակցություն ստանալուց հետո Էրդողանի համար, թերևս, կբարդանա (բայց անհնար չի դառնա) «ավանդական չարակամներին» քննադատելը, ընդգծելը, որ «Թուրքիան շրջապատված է թշնամիներով, որոնք միայն ցանկանում են վնասել նրան», ինչը կարևոր դեր պիտի խաղար (խաղա) նախընտրական շրջանում։
Փետրվարի 8-ին թուրք լրագրող Քան Սերհաթ Հալիսն իր թվիթերյան էջում, դիմելով Էրդողանին, գրել է. «Այն մարդիկ, ում դուք անվանում եք «հայի սերմ», «հունական սերունդ», հենց հիմա ջանք չեն խնայում փլատակների տակ գտնվող մարդկանց փրկելու համար -5 աստիճան ցրտի պայմաններում։ Գոնե հարգեք»։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Մայքլ Ռուբինն էլ նշել է, որ բոլոր երկրները, որոնց Էրդողանը սպառնացել է վերջին տարիներին՝ Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը, Հայաստանը, Թուրքիային օգնություն են առաջարկել կարիքի պահին: Քուրդ բանտարկված առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը, մեջբերելով Էրդողանի հայտնի սպառնալիքը՝ «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ», Twitter-ում գրել է․ «Ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք մի առավոտ հանկարծակի եկան օգնության»։
Ի դեպ, փետրվարի 9-ին Anadolu գործակալության հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ Թուրքիա ուղարկած փրկարարների թվում երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելը՝ 450 փրկարար, որին Էրդողանը շարունակ խստապես քննադատում է (առաջին տեղում Ադրբեջանն է՝ 725 փրկարար)։ 3-րդ տեղում Հնդկաստանն է՝ 252 փրկարար (Քաշմիրի հարցում Թուրքիան աջակցում է Պակիստանին, որը 85 փրկարար է ուղարկել), իսկ 4-րդ տեղում՝ Ֆրանսիան՝ 204 փրկարար։
Ուշագրավ են նաև փետրվարի 12-ին աղետի գոտում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքերը․ «Հունաստանն առաջին երկրներից է, որն օգնություն առաջարկեց և անմիջապես Թուրքիա ուղարկեց որոնողափրկարարական խմբեր ու ինքնաթիռներ՝ մարդասիրական օգնությամբ։ Երկրաշարժի գոտի Դենդիասի այցը Թուրքիայի հետ Հունաստանի և հույն ժողովրդի համերաշխության ցուցիչ են»։
Եվ, վերջապես, փետրվարի 11-ին Anadolu գործակալությունը լուսանկարներով երկու նյութ է հրապարակել Հայաստանի կողմից Ադըյաման որոնողափրկարարական ջոկատ ուղարկելու և 100 տ հումանիտար օգնություն տրամադրելու մասին՝ ընդգծելով, որ այդ նպատակով բացվել է վերջին 35 տարում փակ մնացած հայ-թուրքական սահմանը։ Նշենք, որ Հայաստանի կողմից փրկարարներ ուղարկելը լայն արձագանք չէր ստացել թուրքական մամուլում՝ չհաշված որոշ ԶԼՄ-ների կողմից Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի տվյալ հրապարակումներով կիսվելը։ Մինչդեռ ՀՀ-ի կողմից հումանիտար օգնություն ուղարկելը և հատկապես Մարգարայի կամրջով հայկական բեռնատարների անցումը լայնորեն լուսաբանվել է թուրքական հայտնի լրատվամիջոցի կողմից։ Թուրքական իշխանությունները կարող էին խնդրել/պահանջել, որ Հայաստանը հումանիտար օգնությունն ուղարկի օդային ճանապարհով, սակայն Էրդողանը պահը, թերևս, նպատակահարմար է գտել, որպեսզի սահմանը, թեկուզ ժամանակավորապես, բացվի իրենց տեսանկյունից նման հարմար պայմաններում։
Հայկական կողմի այս քայլերը, որոնք ցավագին են ընկալվում Ադրբեջանում, բավականին կարևոր են՝ հաշվի առնելով Էրդողանի ասածն այն մասին, որ ինքն ակնդետ հետևում է, թե դժվարին պահերին ո՛ր երկրներն են կանգնում Թուրքիայի կողքին։ Փետրվարի 7-ին Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Այդ ամենը կարող է հանգեցնել հետագա ամիսներին ՀՀ-Թուրքիա սահմանը բացելուն (բաց պահելուն)։ Դա կարող է տեղի ունենալ նաև Թուրքիայում երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործընթացում․ Հայաստանը կարող է իր տարածքն առաջարկել դեպի Թուրքիա տարանցիկ բեռնափոխադրումների (հումանիտար օգնություն, շինանյութեր) համար։ Թուրքիայում երկրաշարժերի ավերիչ հետևանքները, թուրքական իշխանությունների դժվարին դրությունը, Հայաստանի մարդակենտրոն/մարդասիրական արձագանքը՝ ներառյալ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցն Անկարա, դրական ֆոն են ստեղծում Թուրքիայում՝ երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման համար։
Այսուհետ Թուրքիայում է՛լ ավելի կնվազի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ արտահայտվողների թիվը, ինչն իր հերթին կնվազեցնի այդ քայլին գնալու հարցում Էրդողանի (կամ հաջորդ իշխանությունների) հնարավոր մտավախությունները/կասկածները։ Հետերկրաշարժյան փուլում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը (սահմանի բացումը) բավական անհրաժեշտ կլինի երկրաշարժից տուժած գոտու բնակիչների համար, որոնք նախկինի համեմատ ավելի շատ կողմ կարտահայտվեն հայ գործարարների, զբոսաշրջիկների/ուխտագնացների հոսքին։ Տվյալ գործոնը, թերևս, զերծ չի մնա Էրդողանի ուշադրությունից՝ հաշվի առնելով ընթացիկ տարում Թուրքիայում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
___________________
[1] Քեմալական շարժման ժամանակ Ֆրանսիային (Անտանտ) դիմադրելու համար Մարաշը վերանվանվել է Քահրամանմարաշ (թարգմանաբար՝ Հերոս Մարաշ), Ուրֆան՝ Շանլը Ուրֆա (Փառապանծ Ուրֆա), Այնթափը՝ Գազի Անթեփ (Հաղթող Այնթափ)։
[2] Էրդողանի խոսքերով՝ փլուզված շենքերի 98%-ը կառուցվել է մինչև 1999 թ․։
[3] Այս թեմայով մեջբերենք թուրքական երկու հայտնի ասացվածք՝ Deprem değil, bina öldürür («Ոչ թե երկրաշարժը, այլ շենքն է սպանում»), Deprem öldürmez, ihmal öldürür («Երկրաշարժը չի սպանում, անփութությունն է սպանում»)։
[4] 2018 թ․ նախագահական ընտրություններում Էրդողանը ճնշող մեծամասնությամբ հաղթել է 10 նահանգից 7-ում։