Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան
Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում աշխարհն էականորեն ֆրագմենտացվում է, ավելի ու ավելի ակնբախ են դառնում գլոբալ խաղացողների համար տարբեր տարածաշրջանների կարևորության և այդ տարածաշրջանների համար աշխատող կանոնների տարբերությունները։ Կան տարածաշրջաններ, որտեղ իրավունքները, պայմանագրերը, միջազգային կազմակերպությունները և նորմերը դարձել են էլ ավելի լուսանցքային, ինչն էլ հաճախ օգտագործվում է գլոբալ խաղացողների կողմից։
Օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին Միացյալ Նահանգները տալիս են մուլտիռեգիոնալ պատասխան, որը ենթադրում է, թե ինչքան շատ տարածաշրջաններում նրանք կարողանան թուլացնել Ռուսաստանի դիրքերը, այդքան ավելի փոխզիջումների պատրաստ կդառնա Ռուսաստանը ուկրաինական հարցում։ Հենց այս ծիրում է պետք դիտարկել ԱՄՆ այսչափ ներգրավվածությունը և, որոշ ցուցիչների համաձայն, նաև խթան հանդիսանալը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլում, կամ ԵՄ ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործում։
Հարավային Կովկասը վեր է ածվել մրցակցության գոտու, ուր առկա են գրեթե բոլոր խաղացողների հակադիր շահերը։ Վրաստանը հետզհետե ստանձնում է Արևմուտքի տարածաշրջանային ազդեցության հիմնական հենարանի դերը, Ադրբեջանը փորձում է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, սակայն հատկապես 44-օրյա պատերազմից հետո զգալիորեն հայտնվել է Թուրքիայի ազդեցության ներքո։ Թուրքիան վերջին պատերազմի միջոցով պարզապես ներխուժեց տարածաշրջան և իր ձեռքբերումներն արդեն իսկ հաստատագրեց Շուշիի հռչակագրով։ Իրանը հայտնվեց տարածաշրջանային հիմնական աութսայդերի դերում և այժմ ենթակառուցվածքային ու տնտեսական ծրագրերով փորձում է ուղղել իրավիճակը։
Ռուսաստանը հասավ իր վաղեմի նպատակին ու ստորաբաժանումներ տեղակայեց Արցախում, դրանով իսկ, ըստ էության, տիրանալով Արցախին։ Սա կարևոր արձանագրում է, որ պետք է մանրամասնել․ նա, ով ապահովում է Արցախի (կամ այն ամենի, ինչ մնացել է Արցախից) անվտանգությունը, նաև որոշում է Արցախի ապագան, դրա ապագա հնարավոր կարգավիճակը կամ պատկերավոր ասած՝ «գրպանում է Արցախի բանալիները»։ Հայաստանն այս պարագայում այլևս քաղաքական ազդեցություն չունի Արցախի շուրջ ծավալվող գործընթացների վրա։ Հարկավոր է բյուրեղացնել նաև քաղաքական պատասխանատվության հարցը։ Արդյո՞ք Երևանը, որն այլևս չունի վերահսկողություն Արցախի վրա կամ հնարավորություն՝ ազդելու Արցախի քաղաքական կարգավիճակի ապագայի վրա, կարող է պատասխանատվություն կրել դրա համար։
Հայաստանը վերածվել է Հարավային Կովկասի հիվանդ խաղացողի։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Անցած մեկ տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արվել բանակը կարգի բերելու ու շփման նոր գիծն ամրացնելու ուղղությամբ։ Իշխանությունները և որոշ տեսաբաններ համարում են, թե ճգնաժամն այլևս հաղթահարված է, բայց որոշ վերլուծաբաններ էլ կանխատեսելի են համարում ադրբեջանական նոր հարձակումներ գարնանը։ Ադրբեջանն ինտենսիվորեն ամրանում է Հայաստանի հետ սահմանին․ միայն վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի հետ նոր առաջացած սահմանին հակառակորդը կառուցել է երկու տասնյակից ավելի նոր զորամաս և հարյուրից ավելի լավ ամրացված մարտական կետ։ Դադարը, որից մենք հիմա օգտվում ենք, ավելի շատ կապված է եղանակային պայմանների և նախապատրաստական աշխատանքների հետ։
Ադրբեջանը փորձում է հնարավոր առավելագույնը քաղել իր վերջին հաղթանակից ու շարունակաբար ավելացնում է ճնշումը Հայաստանի սահմաններին։ Կարծում եմ, սակայն, որ Հայաստանի սահմանների վրա բանեցվող ճնշումը նպատակ ունի Հայաստանին ստիպել գնալ Արցախյան հիմնահարցում վերջին զիջումներին և դե յուրե ամրագրելու Ադրբեջանի գրանցած արդյունքները։
Էականորեն աճել է Հայաստանի կախվածության աստիճանը Ռուսաստանից։ Եթե նախկինում անվտանգային առումով Հայաստանը կարողանում էր այսրոպեական խնդիրները լուծել ինքնուրույն, իսկ Ռուսաստանը գծում էր անվտանգության ընդհանուր շրջանակը, ապա այժմ գրեթե բոլոր հարցերը մասամբ կամ ամբողջությամբ կախված են Ռուսաստանից։
Սակայն Հայաստանի առջև ծառացած հիմնական ու երկարաժամկետ խնդիրը հաճախ չի երևում ավելի երկրորդական ու ահագնացնող խնդիրների կողքին։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը հակամարտության մեջ է պետությունների հետ, որոնց մեր երկիրը այլևս չի կարողանալու հաղթել, քանի որ տեխնիկական, ֆինանսական, աշխարհագրական և ժողովրդագրական տարբերությունները պարզապես չափազանց մեծ են։ Եվ բոլոր կանխատեսումներով այդ տարբերություններն ունեն միայն աճի միտում։ Միջնաժամկետ լուծումը, որից Հայաստանը օգտվում էր թե՛ պատերազմից առաջ, թե՛ հատկապես դրանից հետո, Ռուսաստանի հովանավորությունն է։ Հովանավորությունն այդ, բնականաբար, անվճար չէ, և դրա գինը տարեցտարի ավելանում է՝ մաշեցնելով երկրի ինքնիշխանությունը և պետականության հիմքերը։ Բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ աճն ունի երկրաչափական միտում։ Եթե նախկինում ՀՀ զինված ուժերն արդյունավետ վերահսկողություն ունեին ՀՀ տարածքի և ԼՂՀ տարածքի վրա, կար ըստ էության հիմնականում անանցանելի շփման գիծ, ապա ներկայումս ՀՀ տարածքի մի հատվածի ու կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների մի մասի անվտանգությունն անգամ ապահովում են ՌԴ զինվորականները։ Եթե նախկինում Ադրբեջանին հարկավոր էր Թուրքիայի օգնությունը հայկական ուժերի դեմ պայքարում, ապա այժմ Ադրբեջանը դա բավականին հաջող անում է ինքնուրույն։ Եթե նախորդ պատերազմում մեր հաղթանակից հետո բոլոր առումներով պարտված կողմը ավելի արագ էր զարգանում, ապա այլ է իրավիճակը․ հիմա չկա այնպիսի հաշվարկ, որը ցույց կտա, որ 5, 10, 15, 20, 25, 50 տարի հետո Հայաստանում ավելի շատ մարդ է ապրելու, քան Ադրբեջանում, Հայաստանն ավելի հարուստ է լինելու, քան Ադրբեջանը և այլն։ Փաստացի հայկական կողմին մնում է պայմանավորվել։ Պայմանավորվել կա՛մ Ռուսաստանի հետ ու ստանալ անվտանգության հավելյալ երաշխինքներ, կա՛մ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ու գնալ դեպի հաշտություն ու բարիդրացիություն։
Հարկավոր է հասկանալ․ ո՞րն է հայկական կողմի կարմիր գիծը։ Նախկինում դա Արցախի ինքնորոշման իրավունքն էր, Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի համար պայքարը, հայկական ռեկոնկիստայի մեր իրավունքը և այլն։ Բայց այս բոլոր կարմիր գծերը, որոնք ողողել են մեր հասարակության գիտակցությունը, մոռացության են մատնել ամենակարևորը․ ինքնիշխան պետականությունը։ Հանուն այդ պետականության պահպանության է, որ մենք պետք է պատրաստ լինենք ամեն բանի։
Իսկ ի՞նչն է սպառնում այդ պետականության գոյությանը։ Թերևս, լավագույն նկարագրությունը կլինի այս րոպեին առկա վտանգի պրոյեկտումը։ Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների պարագայում Ռուսաստանը վերածվելու է քաղաքակիրթ աշխարհից անջատված ու լքված պետության և այն, բնականաբար, փորձելու է իր «դաշնակիցներին» ներքաշել դրանում։ Բելառուսն արդեն բացահայտորեն բռնել է հենց այդ ուղին, իսկ ի՞նչ կլինի, եթե ռուսական կողմը Հայաստանից պահանջի նույնն անել։ Պատասխանն ավելի քան պարզ է նման պարագայում՝ Հայաստանը ստիպված է լինելու դա անել։ Բայց, ի տարբերություն Սիրիա կամ Ղազախստան ստորաբաժանումներ ուղարկելուն, այս մեկը Հայաստանը չի կարողանա մարսել և կկիսի պատասխանատվությունը Ռուսաստանի հետ։ Նման իրավիճակում հայտնված Հայաստանն էլ ավելի է կորցնելու իր ինքնիշխանությունը և այլևս ներուժ չի ունենալու հակադրվելու ռուսական ինտեգրացիոն գործընթացներին ու, ի վերջո, հայտնվելու է միութենական պետության մեջ՝ վերջնականապես կորցնելով ինքնիշխանությունը և տարրալուծվելով Ռուսաստանի կազմում։ Եթե չլինի ուկրաինական առիթը՝ կգտնվեն այլ միջադեպեր, որոնք կծառայեն որպես առիթ, եթե չլինի հարմար միջադեպ՝ վերոնշյալը տեղի կունենա ավելի դանդաղ, բայց կարևոր է ըմբռնել գործընթացների տրամաբանությունը․ մեր բռնած ուղին տանում է դեպի անդառնալի ինտեգրացիա Ռուսաստանի հետ։ Իրականում չկա տարբերակ, որ Հայաստանը կորցնի պետականությունը Թուրքիայի կամ Ադրբեջանի հարվածների ներքո, բայց բավականին հավանական է, որ դա տեղի ունենա Ռուսաստանի հետ խորապես ինտեգրվելով։
Ռուսական ազդեցության թուլացման հնարավոր ճանապարհներից մեկը հենց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է, սահմանների բացումն ու բարիդրացիությունը, և այստեղ կարծես թե համընկնում են ՀՀ և ԱՄՆ շահերը։ Սա էականորեն կկայունացնի Հայաստանի վիճակը, հայտնի չափով կկայունանան ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, այլև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները և, որպես հետևանք, կթուլանա Հայաստանի կախվածության աստիճանն ու ռուսական կլանման վտանգը։
Այս տարբերակի իրագործման մեծագույն արգելքը համայնքային մտածողության գերակայությունն է պետական մտածողության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պետք է արդյունավետ միջոցներ մշակեն՝ նվազեցնելու համար Սփյուռքից եկող ճնշումները և ծայրահեղ ազգայնական ուժերի ազդեցությունը։ Եթե այժմ Հայաստանի քաղաքական էլիտան չկարողանա համապատասխան քաղաքական որոշում կայացնել ու վճռականորեն գնալ հարաբերությունների կարգավորման, ապա Հայաստանը կկորցնի իր անկախ պետականության պահպանման ևս մեկ հնարավորություն։ Մարդիկ, որոնք կկառուցեն այդ կարգավորման գործընթացը, գուցե հասարակության մի մասի կողմից հիմա թիրախավորվեն որպես դավաճաններ, բայց պատմությունը ոչ հեռու ապագայում ցույց կտա նրանց ճիշտ դերակատարությունը։ Վստահ եմ, որ հասարակական կարծիքը հիմնականում դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց հենց այստեղ է, որ երկիրը պետք է տա քաղաքական ընտրանու առկայության քննությունը։
Քաղաքական ընտրանու վերաբերյալ խոսելիս հնարավոր չէ ուշադրություն չդարձնել այն ցածրագույն խոսույթի, մտածողության ու գործողությունների մակարդակին, որին ականատես ենք լինում։ Եվ, թերևս, սա է Հայաստանի առջև ծառացած ամենախոշոր խնդիրը՝ այն ընտրանու անորակությունը (ինտելեկտուալ, բարոյական թերիությունը), որը որ պետք է կարողանա կառավարել վերոնշյալ բոլոր ռիսկերը։
Ընդհանրապես, ռիսկերը լինելու են միշտ ու բոլոր ոլորտներում․ կարևորն այն է, թե ինչպես են դրանց արձագանքում։