Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Հետպատերազմյան, առավել ևս՝ վերջին ամիսների իրադարձությունները Հայաստանը դուրս են բերում սովորական աշխարհաքաղաքական հունից, այսինքն՝ «հարմարավետության գոտուց», վերածվելով խորացող անորոշության գործոնների։ Եվ մեր անվտանգությանը, իրավունքներին, ազատություններին, կենսակերպին ու զարգացման հեռանկարներին վերաբերող «հավասարումներում» «հաստատունները» վերածվում են «փոփոխականների»
Արևմուտքին ուղղված ռուսաստանյան պահանջներն անիմաստ են և անողոք
Ուկրաինա-ռուսական սահմանին ծագած ռազմաքաղաքական ճգնաժամը, որ առաջացել է Սառը պատերազմից հետո Ռուսաստանի կողմից ռազմական ուժերի և միջոցների խոշորագույն կուտակման հետևանքով, Արևմուտքին նետված մարտահրավերի միայն մի մասն է՝ էպիկենտրոնը։ Կրեմլը պահանջում է Արևմուտքի հետ նոր ռազմաքաղաքական «սահմանազատման գծեր», որոնք կհամապատասխանեն «Ստալինյան սահմաններին»։ Իսկ վերջիններս գծվել են 1945 թվականի մայիսին, Երկրորդ աշխարհամարտի արդյունքում՝ հիտլերյան օկուպացիայից ազատագրված երկրներում տասնամյակներով հաստատելով Յալթա-Պոտսդամով լեգիտիմացված սովետական օկուպացիան։ Եվ չի կարող ակնհայտ չլինել, որ նման պահանջը պարզապես «անիմաստ և անողոք» է, անընդունելի և անիրագործելի՝ թեկուզ հենց այն պատճառով, որ կասկածի տակ է առնում 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած տասնյակ երկրների, ինչպես նաև դրան ձգտողների ինքնիշխանությունն ու ինքնուրույն ընտրությունը։ Անիմաստ է, որովհետև 2022-ը 1945 չէ, պուտինյան Ռուսաստանը ստալինյան ԽՍՀՄ չէ, իսկ միավորված, ազատ և ժողովրդավարական Եվրոպան՝ Ամերիկայի հետ Անդրատլանտյան միությամբ, հենց նրա համար է, որ նրան դիմեն սպառնալիքի դեպքում, առաջին հերթին՝ եթե այդ սպառնալիքը արևելքից է։ Եվ հավաքական Արևմուտքն այժմ միավորված է ավելի քան երբևէ, իսկ Կրեմլին էլ ոչ մեկը նման բարոյական (ու քաղաքական) իրավունք չի տվել։
Սակայն ռուսական պահանջները նաև նշանակում են, թե հետխորհրդային երկրները պետք է ապրիորի համարվեն Ռուսաստանի «բացառիկ շահերի գոտի», ինչից բխում է նրանց ինքնիշխանության սահմանափակումն ու Արևմուտքի կողմից նման իրավիճակի «լեգիտիմացումը»։ Սա, բնականաբար, վերաբերում է նաև Հայաստանին։ Սրան զուգահեռ Մոսկվան, «հինգերորդ շարասյուների» և «քաոսի արտահանման» միջոցով առաջ է մղում «Ռուսաստան-Բելառուս ձևաչափով միութենական պետության» գաղափարը և լայնածավալ ապատեղեկատվական արշավ է անցկացնում ոչ միայն իր պետական և մերձպետական ԶԼՄ-ներով՝ դրանում ներգրավելով նույնիսկ որոշ ավտորիտար առաջնորդների, օրինակ՝ Լուկաշենկոյին, այլև ապագա զոհ երկրների՝ իրեն կողմնակից ԶԼՄ-ներով։
«Ռուսական աշխարհի» քարոզչի վերաորակավորված բռնապետը
Հայաստանի հասցեին Լուկաշենկոյի վիրավորական հայտարարության մեջ անուշադրության մատնվեց մի կարևոր բան. այսպես կոչված «միութենական պետության» վերաբերյալ այդ հայտարարության համատեքստը։ Լուկաշենկոն, որ իր անփառունակ կառավարմամբ թաղել է բելառուսական անկախ պետականությունը և միայն այդ գնով է շարունակում նստած մնալ ռուսական սվինների վրա, Երևանին ազդանշան տվեց. դուք եք հերթում, և «գնալու տեղ չունեք»։ Երևանից հնչած պատասխանները, որոշ բացառություններով, հասցեագրված էին միայն «խոսող բերանին»՝ ի դեմս «ռուսական աշխարհի» քարոզիչ բելառուս բռնապետի։ Ու առ այն, որ դա ասվել է կոպիտ տոնով, սակայն այդպես էլ անդրադարձ չեղավ այն գաղափարին, հանուն որի Լուկաշենկոն «մեջլիս էր մտել»։ Իսկ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը, թե «Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա», կիսատ-պռատ է թվում, քանի որ կտրուկ կերպով և սկզբունքորեն չի մերժում այդ հանցավոր գաղափարը։ Չէ՞ որ բոլորովին էլ անտեղի չէ հարցնել. եթե այսօր այդ հարցն օրակարգում չկա, ապա ի՞նչ երաշխիք կա, որ այն չի լինի ապագայում, եթե Մոսկվան անի «առաջարկություն, որից հնարավոր չլինի հրաժարվել»։ Ի վերջո, խոսքն այն երկրի մասին է, որին Մոսկվան բերման «ենթարկեց» այսպես կոչված «եվրասիական միություն»՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին բարոյապես նվաստացնելով նրա ղեկավարին միայն նրա համար, որպեսզի Ուկրաինային հասկացնի, թե Մոսկվային, տեսեք-տեսեք, դուր չեն գալիս ԵՄ-ի հետ նույնիսկ խորացված հարաբերությունները՝ ասոցացման համաձայնագրի շրջանակներում, որում նույնիսկ անորոշ ապագայում անդամակցության հարց չկա…
Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամը, որը փլուզեց Մոսկվայի հետ նախապես մանրակրկիտ համաձայնեցված «Նազարբաև-Տոկաև-տրանզիտ» կոմբինացիան, ցույց տվեց, որ հետխորհրդային ավտորիտար ռեժիմներում իշխանության անցնցում փոխանցում սկզբունքորեն հնարավոր չէ, և դա կրեմլյան «աշտարակների» ներսում տագնապ և նրանց միջև «հարաբերությունների» լարվածություն առաջացրեց։ Սրանով է մեծապես բացատրվում Կրեմլի ագրեսիվության ակնհայտ աճն ու նրա այսօրվա անմիտ խաղը՝ անդնդի եզրին։ Հենց այս է հուշում Լուկաշենկոյի «այցը» Կրեմլի գլխավոր քարոզչին, հենց այս մասին է «վտանգավոր Սորոսի» վերաբերյալ Ալիևի խրատաբանությունը՝ «երիտասարդության ներկայացուցիչների» հետ հանդիպման ժամանակ։
Ռուսական ազդեցության դեգրադացիան և Հայաստանի ապագա մարտահրավերները
Եթե մի կողմ թողնենք ուժերի հարաբերակցության բոլոր հնարավոր վերլուծությունները, կողմերի մտադրությունների վճռականությունը և այլ գործոններ, ապա միայն ռուսական դիվանագիտության բառապաշարի անկումային դեգրադացիան և անցումը անպարկեշտ բառակույտի, բավարար են արձանագրելու ռուսական բոլոր փաստարկումների թուլությունն ու նրա «փափուկ ուժի» զրոյացումը։ Սրանով իսկ մնում է միայն բռնության, շանտաժի և մեր ազգային շահերին հակասող որոշումներ ընդունելուն հարկադրելու ներուժը։ Ռուսաստանի համար դա «մշակված սցենար» է, որը կարող է մեզ դնել ընտրության առջև՝ մեր քաղաքական էլիտայի «ավանդական» մտածելակերպը հանելով «հարմարավետության գոտուց»։ Հնարավոր է նաև ռուսական «փորձարկված սցենարը»՝ իբրև «գրոհային» օգտագործելով պուտինյանին չզիջող ալիևյան ավտորիտար ռեժիմը։ Հատկապես, երբ հայտարարվում է, թե ռուսական զորքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի երկար կմնան, քան նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ։
Հայաստանի խնդիրը ոչ թե հենց այդ ծառացածն է, այլ այն, որ նրա քաղաքական էլիտան դա խնդիր չի համարում՝ հույսը դնելով ռուսական «թերևս կանցնի» հոգեբանության վրա։ Այն դեպքում, երբ Հայաստանը ոչ միայն «պլան Բ»-ի կարիք ունի, այլև դա իրագործելու հնարավորությունների կուտակման։ Սա միանգամայն լուծելի խնդիր է՝ շնորհիվ ռազմական կազմակերպության իրական նորացման և ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և դրանց անշրջելիության կառուցվածքային երաշխիքների, բոլոր ուղղությունների քաղաքականությունների, այդ թվում՝ ռազմականի դիվերսիֆիկացման՝ անտեսելով Մոսկվայի ճիչերն ու տեղեկատվական պատերազմը, խնդրահարույց հարևանների հետ թեկուզ և նվազագույն մակարդակի կանխատեսելի և կանոնակարգված հարաբերությունների, և հայրենադարձության՝ առաջին հերթին Ռուսաստանի հայերի, որոնք վաղուց այնտեղ անելիք չունեն։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմից հետո էլ ի՞նչ կարող էր մեզ պարտադրել ճակատագիրը։ Սակայն փաստ չէ, որ դա մեր ամրության և քաղաքական հասունության վերջին փորձությունն էր։ Քանզի այսպիսի «ռազմավարական դաշնակիցը» և նրա «ազդեցության» մռայլ ստվերը արդեն իսկ զարգացման արգելակներ են և մեր ազգային անվտանգությանը ինքնակա սպառնալիքների գեներատոր բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն ու մշակույթ։
Ուկրաինայի սահմաններին ճգնաժամը, պարզվում է, նաև մեզ է վերաբերում։ Եվ ազատ Ուկրաինան ակամա պայքարում է նաև բոլոր հետխորհրդային ազգերի ազատության համար։ Իսկ Ռուսաստանը մեզ անպարկեշտ առաջարկություն կանի միայն այն ժամանակ, երբ նրան կկլանի։ Կկարողանա՞։ Ոչ։ Չկարողացավ 2014-ին, այսօր չի կարողանա առավել ևս։ Ուկրաինացիներն այսօր հաստատակամ են իրենց ազգային երազանքին ընդառաջ և միասնական են, ինչպես երբեք իրենց պատմության ընթացքում, և դա, անշուշտ, մեծացնում է նաև մեր հնարավորությունները։
Հետխորհրդային ավտորիտարիզմի ճգնաժամը, նրա վերաճումը վտանգավոր, ագրեսիվ, իսկ երբեմն նույնիսկ մարդատյաց դրսևորումների, տեղի է ունեցել ոչ հանկարծակի և ոչ երեկ-մյուս օրը։ Դա, ցավոք, դարձել է պատմական օրինաչափ գործընթաց, որի զոհը մի ամբողջ սերունդ է՝ հետխորհրդային համարյա բոլոր երկրներում, և Հայաստանում առաջին հերթին, քանզի նման իրավիճակում նրա աշխարհագրական առավելությունները ոչ միայն չիրացվեցին, այլև դարձան փակուղի և մի տեսակ «պատիժ», ինչը չես ասի այլ երկրների մասին։ Միևնույն ժամանակ և միևնույն չափով՝ դա հետևանք է հիմնականում վնասակար քաղաքական որոշումների, որոնք անկախության տարիներին ընդունել է երկրի քաղաքական ղեկավարությունը, նրա քաղաքական վերնախավը, որ գոնե միջնաժամկետ հեռանկարի համար բավարար խորաթափանցություն չդրսևորեց։ Եվ քաղաքական գործիչների այսօրվա սերնդին է տրված լուծելու հասունացած խնդիրները և ուղղելու սխալները։ Ոչ միայն իրենցը, որ արդեն հասցրել են անել, այլև նախկիններինը, որոնց հետևանքների համար այսօր ենք վճարում։ Եվ պետք է լուծել այսօր ամբողջովին, և ոչ թե թողնել ապագա սերունդներին, «լավ ժամանակներին», ինչպես եղել է մինչ հիմա։ Այդ «լավ ժամանակն» արդեն եկել է՝ անխուսափելի, բայց և «տհաճ»՝ մեր քաղաքական դասի նշանակալի ու մտավոր ծուլությամբ տառապող ներկայացուցիչների համար։