Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
1. Ներածություն. Ռազմավարական համատեքստ
Երկրորդ արցախյան պատերազմի արդյունքները ստիպում են հայ ժողովրդին վերանայել այն հիմքերը, որոնց վրա անկախության վերականգնումից հետո կառուցվել էին իր պետականությունն ու հասարակական կյանքը հետխորհրդային շրջանում։ Լայնածավալ ռազմական գործողությունների և շարունակվող հիբրիդային պատերազմի պայմաններում Հայաստանի զինված ուժերը ստիպված են լուծել մարտունակության վերականգնման բարդ խնդիրներ՝ որակապես փոփոխված անվտանգային միջավայրում։ Հարավային Կովկասում, ինչպես և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային գործընթացներում որոշիչ դեր են ձեռք բերել հիբրիդային և ոչ կանոնավոր ռազմական գործողությունները, որոնց կարող են մասնակցել Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և մի շարք այլ իսլամական պետությունների զինված ուժերն ու արմատական ահաբեկչական խմբավորումները։
Հայաստանի անվտանգության համակարգի և պաշտպանության զարգացումն ուղենշային փաստաթղթերը՝ պետության պաշտպանության, տարածքային պաշտպանության, Հայաստանի տարածքի օպերատիվ կազմավորման և այլ հայեցակարգեր, ունեն արմատական վերանայման կարիք՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանների և տարածքի որակապես աճած խոցելիությունը։
Արցախի մի շարք առանցքային տեղաշրջանների, ինչպես նաև ՀՀ այն տարածքների կորուստը, որոնք թշնամուն թույլ են տալիս վերահսկել երկրի միջազգային հաղորդակցությունները, որոշ ուղղություններում պահանջում է փաստացիորեն զրոյից ստեղծել տարածքային պաշտպանության համակարգ։ Առանձնակի մարտահրավեր ու սպառնալիք է Հայաստանի և հայ ժողովրդի կիբեր-, ինֆո- և փսի- անվտանգության ապահովումը։
Անցած ճանապարհն ունի վերիմաստավորման անհրաժեշտություն, որը թույլ կտա հասկանալ 2020 թ․ արցախյան պատերազմի հայտնի արդյունքների պատճառները։ Կարելի է խոսել հետխորհրդային շրջանում պատերազմով փորձությանը չդիմակայած հայոց պետականության կերտման հետևյալ սկզբունքների մասին։
Պետականակերտման հենքում բացառապես խորհրդային ժառանգության օգտագործումը․ Ի խախտումն Անկախության Հռչակագրի՝ հետխորհրդային Հայաստանի իշխանական վերնախավը պետականակերտման հենքի համար ընտրել է բացառապես Խորհրդային Հայաստանի ժառանգությունը։ Հետխորհրդային Հայաստանը հրաժարվել է Առաջին Հանրապետության իրավահաջորդությունից, ավելին՝ հայոց պետականության հազարամյա ավանդույթից։
Այսչափ նեղ տեսական ու ռազմավարական հորիզոնները սահմանափակում էին հայոց պետականությունը խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի շրջանակներում, իսկ Հայաստանն էլ պարզապես ունակ չի եղել նկատելու նույն այդ ժամանակաշրջանի ավարտը միջազգային ասպարեզում։ Մնալով հետխորհրդային տրամաբանության ու «քերականության» շրջանակներում՝ Հայաստանը չի կարողացել ընտելանալ ու հարմարվել ծավալվող այն փոփոխություններին, երբ ՌԴ-ն սկսել է «ԽՍՀՄ-2.0» կառուցել, իսկ անվտանգության միջավայրում գերիշխող են դարձել պատերազմ ու քաղաքականություն վարելու հիբրիդային սպառնալիքներն ու եղանակները։
Հայ ժողովրդի բաժանումը։ Դարձյալ խախտելով Անկախության Հռչակագիրը՝ հետխորհրդային Հայաստանի իշխանական վերնախավն ընտրել է երկու՛ հայկական պետությունների կառուցման ուղին։ Բացի այդ, հայ ժողովրդի ավելի քան 80 տոկոսը կազմող Սփյուռքը զրկվել է պետականակերտմանն ուղիղ և ակտիվ մասնակցության հնարավորությունից։ Իրադրային փաստարկներն ու հաշվարկները հանգեցրել են հայ ժողովրդի զարգացման հիմնարար սկզբունքի՝ նրա միասնության և միացյալ պետությունն ու ապագան կերտելու միահամուռ կամքի ցուցաբերման խախտմանը։ Լինելով բաժանված՝ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը չեն դիմացել տարածաշրջանային պատերազմի ծանրաբեռնվածությանը։
Դաշնակցի գերակա դերակատարումն անվտանգության և պաշտպանության համակարգի կերտման ժամանակ։ Թե՛ Հայաստանի անվտանգության համակարգը, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգում նրա գործառույթներն ու դերը կառուցված էին ՌԴ-ի՝ որպես միակ ռազմական և ռազմավարական դաշնակցի ներուժի ու հնարավորությունների հաշվարկով։ Կոմպլեմենտարության և բազմավեկտոր քաղաքականության մասին հռետորաբանության քողի ներքո Հայաստանի իշխանական վերնախավն ուղղակիորեն և անվերապահորեն ՌԴ-ի հետ է շաղկապել Հայաստանի ազգային շահերը։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախընտրել է ձևանալ, թե չի հասկանում, որ ՌԴ-ն կարող է ունենալ հայկական շահերին չհամապատասխանող կամ հակոտնյա շահեր։ ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքներով սերտորեն կապված Հայաստանը և նրա անվտանգության ու պաշտպանության համակարգը չեն կարողացել ընտելանալ տարածաշրջանում և աշխարհում կատարված որակական փոփոխություններին։ Ավելին՝ ՌԴ-ի անվտանգության երաշխիքներն Արցախի վրա չէին տարածվում, իսկ հայկական իշխանական վերնախավը դա նախընտրում էր չնկատել։
ՌԴ-ի հետ միասնական տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության համակարգի ստեղծման սխալ մոտեցումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Հայաստանը չէր դիտարկում Թուրքիայի կողմից գոյաբանական ռազմական սպառնալիքի խնդիրը՝ այն զսպելու գործառույթը փոխանցելով Ռուսաստանի Դաշնությանը։ Հայաստանի անվտանգության և պաշտպանության համակարգը չէր պատրաստվում տարածաշրջանային ընդգրկմամբ ռազմական հակամարտության, որն էլ երկրորդ արցախյան պատերազմում ճակատագրական ու կործանարար դեր է ունեցել։ Խորը միջազգային մեկուսացման պայմաններում Հայաստանը միայնակ ստիպված է եղել տարածաշրջանային պատերազմ մղել մի շարք երկրների լայն դաշինքի դեմ, որը ներառում է նաև տարածաշրջանային ուժային կենտրոններ՝ ի դեմս Թուրքիայի և Պակիստանի։
Բացի այդ, Հարավային Կովկասում Թուրքիայի մասնակցությամբ լայնածավալ ռազմական հակամարտությունը հնարավոր է դարձել ռուս-թուրքական ձևավորված դաշինքի շնորհիվ։ Ընտրություն կատարելով Հայաստանի ռազմական դաշնակցի պարտավորությունները կատարելու և Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների միջև՝ ՌԴ-ն ընտրել է երկրորդը․ Հայաստանի շահերի և տարածքի զոհաբերման գնով Թուրքիան հրավիրվել է Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ միասին ազդեցության գոտիները կիսելու։
Երկրորդ արցախյան պատերազմի հետևանքներն ու ձևավորվող միջազգային անվտանգության միջավայրն անհնարին են դարձնում Հայաստանի ազգային և պետական ինքնիշխանության պաշտպանությունը բացառապես պետական հաստատությունների գործառնության հաշվին։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժի կենտրոնների, նրանց կայսերական անցյալի և ծավալվող նորակայսերական նախագծերի բախման տարածաշրջանում գտնվող Հայաստանը և նրա գլխին կախված սպառնալիքների գոյաբանական բնույթը պահանջում են անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով ներգրավել ողջ հայ ժողովրդի ներուժն ու հնարավորությունները։
Բացի այդ, եթե պետությունների մեծամասնության համար ազգային և պետական ինքնիշխանության պաշտպանության խնդիրը սահմանափակվում է իր տարածքով, ապա Հայաստանի պարագայում այն որակապես ավելի բարդ է։ Հայ ժողովրդի ավելի քան 80 տոկոսը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, իսկ ներկայիս սահմանները միջազգայնորեն ճանաչված Առաջին Հանրապետության դեմ ագրեսիայի և նրա տարածքի զգալի մասի բռնազավթման, ինչպես նաև Մեծ Եղեռնի հետևանք են։
Այսպիսով, ագրեսորների քանակական և որակական առավելության նկատմամբ արձագանքը պետք է լինի անվտանգության և պաշտպանության համապարփակ (comprehensive) համակարգի ստեղծումը։ Հաշվի առնելով հայության բնույթը 21-րդ դարում՝ համընդգրկուն անվտանգության և պաշտպանության միայն գլոբալ համակարգն ի վիճակի կլինի զսպել կամ հետ մղել ագրեսիան՝ կազմակերպելով համաժողովրդական դիմադրություն հայ ժողովրդի ազգային և պետական ինքնիշխանության պաշտպանության համար։
2. Համընդգրկուն անվտանգության և պաշտպանության հայեցակարգը
2.1 Անվտանգության և պաշտպանության կերտման հանդեպ համընդգրկուն մոտեցման կայացման պատմություն
Ամբողջական համընդգրկուն մոտեցումը անվտանգության և պաշտպանության կառուցման հանդեպ, երբ կառուցվող համակարգերը հենվում են ոչ միայն պետության, այլև ողջ հասարակության և ժողովրդի վրա, պատմականորեն քաջ հայտնի է։ «Համընդգրկուն անվտանգություն» (comprehensive security) եզրույթը ծագել է 1950-ականների սկզբին Շվեդիայում առաջացած «տոտալ պաշտպանությունն» (total defence) հայեցակարգի անունից։ Սառը պատերազմի ժամանակ «տոտալ պաշտպանությունը» նշանակում էր երկրի պաշտպանության համար լայն ռազմական և քաղաքացիական պատրաստություն, որը պահանջում էր զինված ուժերի, այլ պետական հաստատությունների և հասարակության սերտ համագործակցություն ու համակարգված գործողություններ։ Համատարած պաշտպանության սկզբունքը ժողովրդի բոլոր մարդկային, նյութական և բարոյական հնարավորությունները ռազմական ջանքերին ենթարկելն ու ծառայեցնելն է։
Համատարած պաշտպանության հայեցակարգը չեզոք և չմիացած երկրների անվտանգության քաղաքականության կարևորագույն տարրն էր, որը նրանց պատասխանն էր ռազմական առումով ավելի խոշոր և ուժեղ երկրներից բխող սպառնալիքներին։ Այն արտահայտում էր երկրի պաշտպանությունը ստանձնելու պատրաստվածություն՝ ի հեճուկս փոքր պետությունների և մեծ տերությունների կարողությունների միջև առկա ահռելի անհավասարության։ Համընդգրկուն պաշտպանությունը հնարավոր ագրեսորին զսպող գործոն էր՝ թշնամական գործողությունների արժեքի բարձրացման հաշվին։ 1960-ականների սկզբներին «համատարած պաշտպանություն» եզրույթի փոխարեն հետզհետե ավելի հաճախ սկսել են օգտագործել «համընդգրկուն պաշտպանություն» (comprehensive defence) և «պաշտպանության հանդեպ համընդգրկուն մոտեցում» (comprehensive approach to defence) եզրույթները՝ հաշվի առնելով ամբողջատիրության և համատարած-տոտալ պատերազմի հետ աղերսային բացասական համընկնումները։
Սառը պատերազմի ավարտից հետո համընդգրկուն պաշտպանության հայեցակարգը հետզհետե ընդլայնվել է, վերածվելով համընդգրկուն անվտանգության (comprehensive security) հայեցակարգի, որը ներառում է ոչ միայն պատերազմը, այլև ճգնաժամների կառավարումը, խաղաղ ժամանակներին բնորոշ՝ պետությանը և ժողովրդին ուղղված ոչ ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները։ Անվտանգության համակարգի կառուցման հանդեպ համապարփակ մոտեցումն ընդունել են Շվեյցարիան, Հյուսիսային Եվրոպայի և Բալթիայի երկրները, Ավստրիան, Իսրայելը, Թայվանը, Սինգապուրը և այլն։
Այս մոտեցումը պահանջում է ընդհանուր պնակի մեջ ներառել ազգային անվտանգության ռազմական և ոչ ռազմական հայեցակետերի լայն շրջանակ՝ զինված հակամարտության ժամանակ քաղաքացիական և զինվորական անձանց ռազմական համագործակցությունից մինչև ճգնաժամների, տարերային աղետների, համավարակների և այլնի ժամանակ նրանց փոխգործակցությունը։ Համընդգրկուն անվտանգությունն ի հայտ է գալիս ազգային և հասարակական հաստատությունների ու տեղական համայնքների գործունեության արդյունքում, որոնք միահամուռ կերպով ապահովում են պետական հաստատությունների, քաղաքական համակարգի, տնտեսության, հասարակության և անհատ քաղաքացիների պատշաճ գործառնությունը։
Ներկայումս նկատվում է անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված համընդգրկուն անվտանգության հանդեպ հետաքրքրության աճ, որը հետզհետե ավելի դինամիկ է դառնում։ Տվյալ ոլորտում ժամանակակից տրամախոսությունը ձևավորվում է «հիբրիդային սպառնալիքներին դիմակայություն», «գորշ գոտի» հասկացություններով, երբ խաղաղության և պատերազմի միջև սահմաններն էլ ավելի լղոզված են դառնում, իսկ քաղաքական և ռազմական նպատակներին հասնում են ռազմական և ոչ ռազմական միջոցների ինտեգրման շնորհիվ։ Այս համատեքստում պետության և ժողովրդի՝ սպառնալիքներին հաջողությամբ դիմակայելու և պաշտպանությունը կառուցելու կարողությունը կախված է ազգային հզորության բոլոր տարրերն՝ ընդհուպ անհատ քաղաքացիներին ինտեգրելու պատրաստությունից։
2.2 Համընդգրկուն անվտանգության և պաշտպանության սկզբունքները
Համընդգրկուն անվտանգության և պաշտպանության ժամանակակից հայեցակարգը հենվում է երկու հիմնարար սկզբունքի՝ տոկունության (resilience) և դիմադրության (resistance) վրա։
Տոկունությունը կարող է սահմանվել որպես երկրի ունակություն թշնամական հարձակմանը դիմագրավելու և այն հաղթահարելու համար՝ հասարակության պատրաստության, հակառակորդի օպերատիվ նպատակների համար պետության տարածքի անմատչելիության և ողջ հասարակության ու ժողովրդի կողմից զինված ուժերին մատուցած աջակցության շնորհիվ։ Տոկունությունը քաղաքացիական պատրաստվածության և պետության ռազմական ներուժի միավորման արդյունքն է։ Ընդգծված ազգային ինքնության զգացում ունեցող միացյալ հասարակությանն ավելի դյուրին է դիմակայել արտաքին ագրեսիային և ճնշմանը։
Դիմադրությունը կազմակերպված ջանքեր գործադրելու՝ հասարակության և ժողովրդի կամքն ու պատրաստակամությունն է, որը ներառում է գործողությունների ողջ ներկապնակը՝ ոչ բռնի գործողություններից մինչև բռնի գործողություններ՝ օրինավոր, անգամ վտարանդի/տեղափոխված կամ ստվերային կառավարության ղեկավարության ներքո։ Համընդգրկուն անվտանգության և պաշտպանության հայեցակարգի համաձայն՝ պետության մարմինները և ողջ հասարակությունը համատեղ պատասխանատվություն են կրում դիմադրության շրջանակներում ռազմական և քաղաքացիական գործողությունների կազմակերպման և անցկացման համար։
Դիմադրության նպատակն է անկախության և բոլոր լիազորություններով օժտված օրինավոր կառավարության վերականգնումն ինքնիշխան պետության շրջանակում, որի տարածքը լիովին կամ մասամբ բռնազավթված է օտար տերության/տերությունների կողմից, վերահաստատումը։
Դիմադրության հիմնասյունը տոկունություն է։ Ժողովուրդը պետք է ունենա վառ արտահայտված ազգային ինքնությամբ՝ ինքնիշխան և անկախ պետություն ունենալու կամքով օժտված քաղաքացիների։ Այս դրույթը կարելի է դիտել որպես դիմադրության կազմակերպման պարտադիր պայման։
Այսպիսով, անվտանգության հանդեպ համընդգրկուն մոտեցումը կարելի է դիտել որպես արտաքին ագրեսիայի և ճնշման նկատմամբ պետության և ժողովրդի տոկունության բարձրացման և ագրեսիայի դեպքում զինված ուժերի ու ողջ հասարակության դիմադրության համար անհրաժեշտ օպերատիվ միջավայրի ապահովման միջոց։ Այն կարող է ընկալվել նաև որպես համակարգման միջոցով սիներգիայի կամ, առնվազն, անվտանգության համակարգի գործող անձանց միջև հակամարտությունների վերացմանը հասնելուն միտված փիլիսոփայություն կամ մտածելակերպ։
Անվտանգության հանդեպ համընդգրկուն մոտեցումը ձևական փաստաթղթավորված գործընթաց կամ չափորոշված ծրագիր չէ, այլ ընտելունակություն ենթադրող հնարավորություն։ Օրինակ, ՆԱՏՕ-ն որոշել է չմշակել և չհրապարակել անվտանգության հանդեպ որևէ համընդգրկուն մոտեցման սահմանում՝ իր անդամներին վերապահելով տվյալ հասկացության սեփական ընկալումը մշակելու հնարավորությունն ու իրավունքը։
3. Հայաստանի անվտանգության և պաշտպանության համընդգրկուն համակարգ
3.1 Անվտանգության և պաշտպանության համընդգրկուն համակարգի մակարդակներն ու գործող անձինք
Հայաստանի դեպքում կարելի է խոսել անվտանգության և պաշտպանության համընդգրկուն համակարգի հետևյալ մակարդակների մասին։
- Հայ ժողովրդի անվտանգության համընդգրկուն համակարգ,
- Հայաստանի անվտանգության և պաշտպանության համընդգրկուն համակարգ,
- Տեղաշրջանների պաշտպանության տարածքային համակարգ և Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգ,
- Հայաստանի քաղաքացու անվտանգության համակարգ։
Անվտանգության համընդգրկուն համակարգը ներառում է ոչ միայն պետության հետ առնչակցվող գործող անձանց լայն շրջանակ։ Հայերիս պարագայում պետությունից բացի կարելի է առանձնացնել գործող անձանց ևս երեք կատեգորիա՝ հայ հասարակությունը, Հայոց եկեղեցին և Սփյուռքը։ Պատկերավոր ասած՝ պետական հատվածը ներառում է հայ ժողովրդի ներուժի ըմդամենը 5 տոկոսը, մինչդեռ ներուժի 95 տոկոսն այլ կատեգորիաների հետ է աղերսվում։
Անվտանգության ու պաշտպանության հանդեպ համընդգրկուն մոտեցման առանցքային խնդիրը ողջ ժողովրդի ներուժի համակարգված օգտագործումն է։ Պաշտպանության և անվտանգության համընդգրկուն համակարգի ծայրահեղ կարևոր տարրը համահայկական «Աշխարհազոր» հարթակն է, որի գործունեությունը պետք է կառուցակարգվի իրավական դաշտի շրջանակներում։ Այս հարթակը պետք է պայմաններ ստեղծի հայ ժողովրդի ոչ պետական ներուժի և հնարավորությունների կենտրոնացման և համաձայնեցման համար՝ Հայաստանի և սեփական իսկ անվտանգության համար հայերիս անմիջական ներդրումն ունենալու կարողության և ցանկության զարգացման միջոցով։
4. Եզրակացություն
Պատերազմի փորձությանը չդիմացած Հայաստանի անվտանգության և պաշտպանության համակարգը կարոտ է արմատական բարեփոխումների, որոնց իրականացումը կհանգեցնի նորի ձևավորմանը։ Նոր համակարգի սկզբունքներից մեկը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի պետական ու ազգային ինքնիշխանության վրա հիմնվածությունը, որը բխում և հենվում է Հայաստանի քաղաքակրթական, մշակութային և պատմական ժառանգականության վրա՝ առանց որևէ բևեռի և ուժի կենտրոնի վերատեսչության դիմելու։ Այսինքն, անվտանգության և պաշտպանության նոր համակարգի հիմնատարրերից մեկը պետք է լինի հայ ժողովրդի քաղաքակրթական ու մշակութային ժառանգությունը. Հայաստանը և հայոց պետականությունը պետք է դիտվեն որպես անցյալի, ներկայի և ապագայի միակուռ ամբողջականություն։
Անվտանգության և պաշտպանության այսպիսի համակարգի կառուցումը վերջնարդյունքում կհանգեցնի ինքն իրեն բևեռ համարող հայ ժողովրդի և իր պետականության անվտանգությունն ու զարգացումն ապահովող միջավայրը ստեղծելուն ունակ նոր հայոց պետության ձևավորման։
Նոր համակարգի մյուս սկզբունքը՝ ողջ հայ ժողովրդի ներուժի և հնարավորությունների ներգրավման անհրաժեշտությունն է։ Սփյուռքյան, սոցիալական և այլ շրջանակներին պատկանելուց բխող բոլոր սահմանափակումները պետք է բացառվեն։ Նոր Հայաստանը պետք է լինի պատմական Միացման հիման վրա կերտված համայն հայության պետությունը՝ հայոց քաղաքակրթության և մշակույթի պատմության խզումների վերացման շնորհիվ։ Բացի այդ, հայոց պետությունը պետք է հենվի այժմյան Միացման վրա, երբ Պատմական Հայաստանի տարածքում և ողջ աշխարհում ապահովվում է հայ ժողովրդի տարբեր մասերի միավորումը, որը թույլ կտա իրացնել հայության՝ որպես համաշխարհային երևույթի հնարավորությունները։
Միացման շրջանակում հայոց պատմության և ներկայի ամբողջականությունն ապահով հենք է հայոց ապագայի և Հայաստանի պետական ու ազգային ինքնիշխանության համար։ Այսպիսի հենքը թույլ կտա կառուցել հայ ժողովրդի դեմ երևակված և հետագայում ի հայտ գալիք մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանք ձևակերպելուն ունակ պետություն և անվտանգության ու պաշտպանության համակարգ։ Կարելի է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի համընդգրկուն պաշտպանության և անվտանգության համակարգ կերտելուն միտված և համայն հայությունը ներառող ամբողջական համընդգրկուն մոտեցման մասին (holistic comprehensive approach)։ Միայն այսկերպ կառուցված համակարգը կարող է լուծել Հայաստանի դեմ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ուժային կենտրոնների ագրեսիան զսպելու խնդիրը։