Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Երևան
2020 թ. արցախյան պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բազմաթիվ նոր մարտահրավերներից մեկը ՀՀ զինված ուժերի բարեփոխումն ու արդիականացումն է: Պատերազմն ապացուցեց մեկ բան. ՀՀ զինված ուժերը պատրաստ չէին 21-րդ դարի պատերազմներին: Հասկանալի է, որ պատերազմներում մարտնչում են ոչ միայն բանակները, այլև պետությունները, և Ադրբեջանի հետ էականորեն խախտված ռազմական բալանսի պայմաններում ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր անել ամեն ինչ՝ լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Առավել ևս անթույլատրելի էր կատարել այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրին Ռուսաստանի լուռ համաձայնությանը Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի հարցում: Սակայն ռազմավարական մակարդակում կատարված աշխարհաքաղաքական լուրջ սխալները չեն չեղարկում այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերն էականորեն հետ էին մնացել ռազմարվեստի ժամանակակից միտումներից, իսկ մի շարք զորատեսակներ ավելի շատ առկա էին թղթի վրա, քան իրականում:
Կարելի է շատ երկար քննարկել այս իրավիճակի պատճառները, փնտրել, գտնել և փորձել պատժել մեղավորներին: Հասկանալի է, որ համակարգային ձախողման հիմքերը դրվել են 1994 թ. արցախյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո: Դրանք ներառում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսին են ծառայողական առաջխաղացման գործընթացում մերիտոկրատական սկզբունքների գրեթե իսպառ բացակայությունը, կոռուպցիոն տարատեսակ սխեմաների լայն տարածվածությունը, ռազմական կրթության ցածր որակը, այդ թվում՝ հիմնականում ռուսական ռազմական բուհերում կրթություն ստացածների մասով: Պատճառների թվում անհրաժեշտ է նշել նաև զինվորական ծառայության գրավչության էական անկումը, ինչի հետևանքով Հայաստանում գործող ռազմական բուհեր հիմնականում ընդունվում էին ցածր ինտելեկտուալ կարողություններ և մարդկային որակներ ունեցող անձինք: Բոլորովին չնսեմացնելով տասնամյակներ շարունակ այս ոլորտում կատարված կոպիտ սխալների վերհանման նշանակությունը, ոչ պակաս կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսի զինված ուժեր են մեզ պետք առաջիկա տասնամյակներում, և ըստ այդմ մշակել համապատասխան հայեցակարգ և գործողությունների ծրագիր:
Հասկանալի է, որ զինված ուժերի և առանձին զորատեսակների բարեփոխումների և արդիականացման թեմաների քննարկումը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ: Չցանկանալով մխրճվել մասնագիտական քննարկումների դաշտ՝ հարկ է նշել, որ բանակի արդիականացման ծրագրի մշակման համար առաջնային նշանակություն ունի հետևյալ հարցը. ի՞նչ խնդիրներ են լուծելու զինված ուժերը: Բարեփոխումների ցանկացած ծրագիր պետք է հենվի այդ հարցի հստակ պատասխանի վրա, միայն այդ դեպքում է հնարավոր մշակել արդյունավետ հայեցակարգ և զբաղվել դրա իրականացմամբ: Այդ հարցի պատասխանն իր հերթին անմիջականորեն կախված է առկա և ապագա արտաքին-քաղաքական մարտահրավերների և ՀՀ անվտանգային միջավայրի ու զարգացման հեռանկարների ճիշտ գնահատումից:
Այս համատեքստում հարկ է նշել, որ առաջիկա առնվազն երկու տասնամյակի ընթացքում միջազգային անվտանգային ճարտարապետությունը գտնվելու է կերպափոխումների և ցնցումների փուլում, ինչն անխուսափելիորեն ապակայունացնող ազդեցություն է թողնելու տարածաշրջանային զարգացումների վրա: Ինչքան էլ ՀՀ գործող կառավարությունը հայտարարի տարածաշրջանում, կամ առնվազն Հայաստան – Ադրբեջան ու Հայաստան – Թուրքիա հարաբերություններում խաղաղության դարաշրջան բացելու իր վճռականության մասին, աշխարհաքաղաքականությունն ունի իր տրամաբանությունը, որը բացարձակապես չի ենթարկվում առանձին գործիչների ցանկություններին ու երազանքներին: Հարավային Կովկասն առնվազն մինչև 2040 թվականը շարունակելու է լինել նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհի տարբեր կենտրոնների շահերի բախման կետերից մեկը, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Եթե նույնիսկ Ռուսաստանին հաջողվի ապագա «Ռուսական աշխարհի» մեջ ներառել թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Վրաստանը, ինչն ինքնին քիչ հավանական է հատկապես Վրաստանի մասով, և սերտացնել համագործակցությունը Իրանի հետ, ապա առնվազն Թուրքիան, հատկապես հետէրդողանյան փուլում, շարունակելու է հանդես գալ որպես տարածաշրջանում Ռուսաստանին հակակշռող ուժ: Նույնիսկ այս քիչ հավանական սցենարի դեպքում, որը նախատեսում է Հարավային Կովկասի ամբողջական կլանում Ռուսաստանի կողմից, և արցախյան, աբխազական ու օսական հակամարտությունների փաստացի վերածում ներռուսաստանյան խնդիրների, Հայաստանին անհրաժեշտ են լինելու մարտունակ և արդիական զինված ուժեր՝ Ադրբեջանի կողմից Արցախի հարցում ռազմական շանտաժին դիմագրավելու համար:
Առավել իրատեսական է թվում այն սցենարը, որի դեպքում Ռուսաստանին չի հաջողվի Վրաստանը ներառել «ռուսական բևեռում», իսկ Ադրբեջանն ամեն կերպ կփորձի բալանսավորել Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս սցենարի պարագայում Հայաստանին առավել ևս անհրաժեշտ են մարտունակ զինված ուժեր, առնվազն 2020 թ. պատերազմից հետո մնացած Արցախի հայաբնակ հատվածը և հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելու համար, քանի որ այս սցենարում Ռուսաստանն ամեն կերպ խուսափելու է Ադրբեջանի հետ ռազմական բախումից՝ փորձելով տարատեսակ մեթոդներով սիրաշահել Բաքվին և առնվազն թույլ չտալ վերջինիս անցումը հակառուսական ճամբար:
Հաջորդ կարևոր հետևությունը, որ անհրաժեշտ է կատարել ՀՀ զինված ուժերի արդիականացման հարցի քննարկման ժամանակ, այն ճշմարտության ըմբռնումն է, որ ժամանակակից ռազմարվեստում հարձակողական և պաշտպանողական գործողությունների միջև առկա անջրպետը փաստացի վերացել է: Ցանկացած հաջող պաշտպանողական գործողություն անպայմանորեն ենթադրում է նաև հարձակողական օպերացիաների իրականացում: Այս առումով պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ շատ հաճախ բացառապես պաշտպանական նպատակներով պետությունները հարկադրված են իրականացնել կանխարգելիչ գործողություններ հակառակորդի տարածքում: Այս համատեքստում ուղղակի անիմաստ են այն հայտարարությունները, որ ՀՀ զինված ուժերը պետք է բարեփոխվեն, սակայն նրանք չեն ունենալու հարձակողական ներուժ, և օգտագործվելու են բացառապես պաշտպանական նպատակներով: Նման հարցադրումները նշանակում են ի սկզբանե ընդունել, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են էականորեն հետ մնալ ժամանակակից ռազմարվեստի պահանջներից և, ըստ էության, մնալու են 20-րդ դարում, բացարձակապես ի վիճակի չլինելով ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում արդիական զինված ուժեր ունենալու հիմնական նախապայմաններից մեկը զինված ուժերի տեխնոլոգիական հագեցումն է: Սկսած առնվազն 20-րդ դարի վերջին տասնամյակից՝ ռազմական գործողությունների ընթացքն ու ավարտը որոշվում է ոչ այնքան զինվորների բարոյահոգեբանական հատկանիշներով, թեև դրանք շարունակում են պահպանել իրենց նշանակությունը, որքան զորքերի տեխնիկական հագեցվածությամբ: Այս առումով անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ հաշվարկել այս ոլորտում ՀՀ ունեցած ներուժը և հստակ սահմանել այն տեխնոլոգիաներն ու զինատեսակները, որոնք կարող են արտադրվել Հայաստանում և որոնք անհրաժեշտ է ներմուծել: Վերջին տասը տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է ՀՀ-ում մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորության մասին, տարբեր ցուցահանդեսներում և ռազմական շքերթներում ներկայացվել են դրանց նմուշները, սակայն 2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ այս հարցում ՀՀ-ն էականորեն հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից կամ Իսրայելից, այլև Թուրքիայից և Իրանից:
Կարևոր խնդիր է նաև պարտադիր զինծառայության հարցը: Շատ է քննարկվում ապագայում միայն արհեստավարժ բանակ ունենալու նպատակահարմարության և հնարավորության մասին: Սակայն դրանք հիմնականում իրականությունից կտրված խոսակցություններ են: Նույնիսկ այնպիսի պետություն, ինչպիսին Լիտվան է, որը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո վերացրել էր պարտադիր զինվորական ծառայությունը՝ հենվելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների անվտանգային երաշխիքների վրա, 2014 թ. ուկրաինական ճգնաժամից հետո վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունը որպես սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտ տարր: Այլ հարց է, որ ժամանակակից մոտեցումների կիրառմամբ հնարավոր է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը և ավելի քիչ ժամանակահատվածում պատրաստել մարտական առաջադրանքներ կատարելու ունակ զինվորներ: Պարտադիր զինծառայությունը նաև մարտունակ պահեստազոր ունենալու լավագույն տարբերակն է, ինչը ևս անհրաժեշտություն է անկայունությամբ աչքի ընկնող մեր տարածաշրջանում:
ՀՀ զինված ուժերը կանգնած են համակարգային բարեփոխումների և արդիականացման հրամայականի առջև: Սակայն Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի, միջնաժամկետ հեռանկարում սպասվող զարգացումների և ռազմարվեստում տեղի ունեցող ինտենսիվ փոփոխությունների ոչ ճիշտ գնահատումն այս գործընթացը կտանի սխալ ուղղությամբ՝ Հայաստանն ու Արցախը ենթարկելով նոր փորձությունների: