Լրացավ Հայաստանի Զինված ուժերի 30-ամյակը: Երկիրը նշեց այդ հոբելյանն առանց հատուկ հանդիսությունների, մեր բանակի անցած ուղու վերաիմաստավորման մթնոլորտում՝ բնականաբար, 44-օրյա պատերազմի արդյունքների համատեքստում։ Այդ արդյունքները դույզն-ինչ կասկածի տակ չեն դնում այն համոզմունքը, որ հայ զինվորը հերոս է, իսկ բանակը՝ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովման ամենահուսալի գործոնը։
Միևնույն ժամանակ, հանրությունում առկա է անվերապահ կոնսենսուս առ այն, որ ընդհանուր առմամբ պետական մեքենայում գոյություն ունեցող արատների պարագայում առանձին վերցրած բանակում գործերը ապրիորի չեն կարող ճիշտ հունով ընթանալ, իսկ բանակն ինքնին արմատական բարեփոխումների անհետաձգելի կարիքն ունի՝ համապատասխանելու համար առկա և հնարավոր այն մարտահրավերներին, որոնց ճիշտ ընկալումն ու դրանց հաղթահարմանը նախապատրաստությունը ողջ պետության, այլ ոչ միայն բանակի պարտավորությունն է։
Շատ է խոսվում բարեփոխումների մասին, սակայն դեռ պարզություն չկա այն հարցում, թե ինչ բարեփոխումներ են դրանք, ինչ տեսլականի ու հայեցակարգի, ինչ նախատիպի վրա են դրանք խարսխված լինելու, և թե որքանով են բանակում այսօր կատարվող փոփոխությունները համակարգային բնույթ կրում և ինչքանով են դրանք ընկալելի քաղաքացու-հարկատուի համար։ Մեր նոր թողարկման հեղինակներն իրենց պատկերացումներն են ներկայացնում այն մասին, թե ընդհանուր գծերով ինչ պիտի արվի մեր բանակում, իսկ խնդրի ավելի ամբողջական պատկերի համար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նաև արտասահմանյան աղբյուրներից արտատպություններ՝ առ այն, թե 44-օրյա պատերազմից ինչ դասեր պետք է քաղի Ռուսաստանը, որը համարվել ու համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ինչպես նաև մի ուշագրավ հրապարակում Ֆինլանդիայի զինված ուժերի մասին։