Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ
Ստեփանակերտ
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Թուրքիայի և միջազգային վարձկանների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն իրականացրել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և այդ տարածքներից հայկական հետքը վերացնելու քաղաքականություն։ Հայկական պատմամշակութային արժեքների դեմ իրականացվող անհանդուրժողականությունն ու թշնամանքը Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դրսևորում է և դրա անմիջական հետևանք։
Պատերազմի ընթացքում թիրախային և ոչ խտրական հարվածներ են հասցվել ոչ միայն Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերին, այլև այդ բնակավայրերում տեղակայված հայկական պատմամշակութային հուշարձաններին։ Պատերազմից հետո արձանագրվել են բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հուշարձանների, գերեզմանատների ու մշակութային կոթողների հիմնովին ոչնչացման և պղծման դեպքեր։
2021 թվականի հունվարին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակույթի ոլորտի արցախյան փորձագետների հետ համատեղ պատրաստել է զեկույց[1], որում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի ընթացքում պատմության և մշակույթի կոթողների դեմ ուղղված ռազմական ակտերը, որոնք արգելված են միջազգային իրավունքի նորմերով, մասնավորապես՝ զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայով։
Զեկույցում անառարկելի ապացույցներ են ներկայացվել 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից երկու անգամ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ։ Տեղակայված լինելով քաղաքի կենտրոնական հատվածում` տաճարն ամբողջությամբ դուրս էր ցանկացած ենթադրելի ռազմական թիրախների շրջանակից, ավելին` հարձակումների պահին այն որպես ապաստարան էր հանդիսանում Շուշիի քաղաքացիական բնակչության համար։ Տաճարի վրա հարձակումների հաջորդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով տաճարի թիրախավորումը, սակայն հասցեական չմեղադրելով Ադրբեջանին, այլ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ Հաագայի կոնվենցիայի դրույթներին[2]։
Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դեկտեմբերի 16-ին հրապարակել է զեկույց, որում ընդգծել է, որ տաճարի թիրախավորումն առերևույթ ռազմական հանցագործություն է՝ շեշտադրելով նաև, որ կազմակերպությունը տաճարի՝ ռազմական նպատակով օգտագործման վերաբերյալ որևէ փաստ չի արձանագրել[3]։
Հայկական հոգևոր-մշակութային կարևորագույն կոթողի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման և նրա պատմությունը խեղաթյուրելու նոր գործողություններ են ձեռնարկվել ադրբեջանական իշխանությունների կողմից հրադադարի մասին հայտարարության ընդունումից հետո։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ եկեղեցու պատերին ադրբեջաներենով տարբեր գրություններ են արվել, իսկ տաճարի խորհրդանիշ հրեշտակների արձանները ոչնչացվել են այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտել են Շուշի։ Տաճարի պատմությունը խեղաթյուրելու և նրա հայկականությունը կասկածի տակ դնելու նպատակով ադրբեջանական իշխանություններն այն «հռչակել» են ռուսական ուղղափառ եկեղեցի, հեռացրել եկեղեցու գմբեթը և նախաձեռնել այսպես կոչված «վերականգնման և վերակառուցման աշխատանքներ»։ Այնինչ, ըստ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
ԱՀ ՄԻՊ զեկույցում առանձին հավելվածով ներկայացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական նշանակալի պատմամշակութային 1456 հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախի տարածքում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պատմությունը աղավաղելու, «աղվանացնելու»՝ Ադրբեջանի կողմից դեռևս 1950-ական թվականներից ակտիվորեն իրականացվող քաղաքականությանը։
ՄԻՊ զեկույցը նպատակ էր հետապնդում ապացույցներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության պահպանության միջազգային օրենսդրության կոպտագույն խախտումների վերաբերյալ և ահազանգելու միջազգային կառույցներին առ այն, որ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային արժեքները գտնվում են ոչնչացման ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ։ Հարցի կարևորության մասին մի շարք զեկույցներ և տեղեկանքներ են կազմվել նաև հայկական Սփյուռքի կազմակերպությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որոնք հասցեագրվել են մի շարք միջազգային մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցով հատուկ զեկուցողին, ՄԱԿ-ի կրոնական իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին[4]։
Հոգևոր-մշակութային արժեքների պահպանության և միջազգային օրենսդրությամբ ամրագրված կրոնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր է այդ արժեքների հասանելիության ապահովումը արժեքները կրող ժողովրդի համար, ինչը Ադրբեջանի կողմից վարվող անհանդուրժողական քաղաքականության պարագայում ուղղակի անհնար է։ Թեև եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև բանավոր պայմանավորվածությամբ հնավորություն էր ստեղծվել Դադիվանքի եկեղեցի հայ ուխտավորների պարբերական այցերի համար, և մի քանի ամիս շարունակ իրականացվել են նման այցեր, սակայն 2021 թվականի մայիսից ադրբեջանական կողմը արգելել է հայ ուխտավորների այցերը Դադիվանք։ Այսօր միայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորներն են հոգևոր ծառայություն իրականացնում վանքում։
Ընդհանուր առմամբ, եթե գնահատելու լինենք հարցի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը, ապա կարող ենք պնդել, որ առնվազն մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունները պատշաճ կերպով իրազեկված են և ինչ-որ ձևաչափերով արձագանքել են հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչերին։ Դեռևս 2020 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղ ուղարկելու փորձագիտական խումբ՝ տեղում մշակութային արժեքների գույքագրում իրականացնելու և դրանց հետագա պաշտպանությունը ապահովելու համար[5]։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր առաջարկը վերահաստատել է 2020 թվականի դեկտեմբերին՝ միաժամանակ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը առաջարկին որևէ պատասխան չի տվել[6]։
Միջազգային մակարդակում այս կարևորագույն հարցին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմամբ։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»[7]:
Սակայն պետք է արձանագրել, որ անգամ միջազգային դատական ատյանի կողմից կայացված նման որոշման առկայության պարագայում էլ ադրբեջանական կողմը շարունակում է առաջ տանել հայկական հուշարձանները և դրանց պատմությունը աղավաղելու և խեղաթյուրելու գործընթացը։ Ասվածի մասին է վկայում 2022 թ. փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը գործնականում չունի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության իրավիճակի հստակ և առարկայական մշտադիտարկում իրականացնելու և դրանց դեմ ուղղված վանդալիզմի դրսևորումները կանխարգելելու լծակներ ու մեխանիզմներ, հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է՝ ապացուցելու, որ մշակութային արժեքների պաշտպանության համար ձևավորված ողջ միջազգային օրենսդրությունը ունի պրակտիկ նշանակություն և չի կրում զուտ հռչակագրային բնույթ։
_____________________
[1] AD HOC PUBLIC REPORT THE ARMENIAN CULTURAL HERITAGE IN ARTSAKH (NAGORNO-KARABAKH): CASES OF VANDALISM AND AT RISK OF DESTRUCTION BY AZERBAIJAN, 26.01.2021, https://artsakhombuds.am/hy/document/792
[2] Situation in the Nagorno-Karabakh conflict zone UNESCO statement, 09.10.2020, https://en.unesco.org/news/situation-nagorno-karabakh-conflict-zone-unesco-statement
[3] Azerbaijan: Attack on Church Possible War Crime, 16.12.2020,
https://www.hrw.org/news/2020/12/16/azerbaijan-attack-church-possible-war-crime
[4] Armenian Bar Assosiation, https://armenianbar.org/category/artsakh/
[5] Nagorno-Karabakh: Reaffirming the obligation to protect cultural goods, UNESCO proposes sending a mission to the field to all parties, 20.11.2020, https://en.unesco.org/news/nagorno-karabakh-reaffirming-obligation-protect-cultural-goods-unesco-proposes-sending-mission
[6] UNESCO is awaiting Azerbaijan’s Response regarding Nagorno-Karabakh mission, 21.12.2020, https://en.unesco.org/news/unesco-awaiting-azerbaijans-response-regarding-nagorno-karabakh-mission?fbclid=IwAR3IQZbbHi-9QPx-xrirscs0r_RXIKxAthpse-0wlqbEr8tUPSt1r7d1owo
[7] ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ, 08.12.2021, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/12/08/CERD_decision/11225