Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ազատ, անկախ և ….զինված

Հայ ժողովրդի ապագան համաշխարհային «ձմռան» պայմաններում

hayk
September 2022
Ազատ, անկախ և ….զինված

Գիշերային մարզումներից հետո: Լուսանկարը՝ «Մարտական Եղբայրություն» ֆեյսբուքյան էջից

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Զենքի մասին օրենքի փոփոխության և ընդհանրապես՝ զենք կրելու իրավունքի իրացման մասին քննարկումներն իմաստ ունեն միայն, եթե դրանք տեղի են ունենում երկրի պաշտպանության համակարգի ընդհանուր, արագ և արմատական բարեփոխման ավելի լայն շրջարկում:

Ընդ որում, այստեղ կարևոր է ոչ միայն բարեփոխումը, այլև դրա արագ և արմատական բնորոշիչները: Արագը կարևոր է, որովհետև միջազգային և դրա արտացոլումը հանդիսացող տարածաշրջանային հարաբերությունների մթնոլորտը երկար ժամանակ չի տալիս ու չի ենթադրում, ավելին՝ վճռական պատմական ժամանակներում հաղթում է միայն վճռական քայլեր կատարողը և արագ կողմնորոշվողը, իսկ արմատականությունը բխում է այն փաստից, որ 2020 թվականի՝ անվանապես Արցախյան, բայց իր էությամբ Հայաստանյան՝ անկախության պատերազմը բացահայտեց առկա պաշտպանական համակարգի արմատական անհամարժեքությունն առկա պահանջներին:

Մեր համոզմամբ՝ պաշտպանության համակարգի արմատական բարեփոխումը ենթադրում է զենք կրելու իրավունքի աստիճանական ազատականացում: Ավելի պարզ ասած՝ Հայաստանի քաղաքացին, անկախ սեռից, իդեալում պետք է լինի զինավարժ և ունենա զենք կրելու իրավունք, եթե չասենք պարտականություն: Հասկանում ենք, որ նման պնդումը միանգամից բազմաթիվ հարցեր և մտահոգություններ է առաջ բերում, որոնց մի մասը լիովին հիմնավոր և ընդունելի են: Սակայն պետք է միանգամից զգուշացնենք, որ մենք այստեղ չենք խոսելու թեմայի զուտ իրավական և տեխնիկական առումների մասին, որոնք ինքնին այնքան կարևոր են, որ արժանի են առանձին և հաճախ՝ նեղ մասնագիտական դիտարկման (իրավաբանների, զինվորականների և այլոց կողմից): Նշենք միայն, որ, բնականաբար, հասկանալի են այս նուրբ թեմայի հետ կապված մտահոգություններն ու վտանգները, բայց դրանք լուծելի պետք է համարել՝ մտածված, մանրակրկիտ կազմակերպված և համափարփակ մոտեցման դեպքում: Նաև ինքնին պարզ է, որ զենքի ազատականացման գործընթացը պետք է իրացվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ և ամեն քայլից հետո՝ վերլուծելով դրա փորձը:

Մենք, սակայն, այստեղ խոսելու ենք թեմայի սկզբունքային, այլ ոչ թե տեխնիկական կողմի մասին, քանի որ առանց սկզբունքների մասին խոսակցության բացարձակ անիմաստ է դառնում տեխնիկական մանրամասների քննարկումը, իսկ անխուսափելի դժվարությունների հաղթահարումը այս մտահղացման ճանապարհին արդարացված կարող է լինել միայն սկզբունքների բարձր արժեքով:

Միայն թե նշենք, որ մեզանում որևէ քաղաքական և ռազմական խնդրին տարածված ծույլ և թույլ մոտեցումը՝ «դժվար է, հետևաբար անհնարին», պետք է ոչ թե պարզապես արմատապես հաղթահարվի, այլ շիկացած երկաթով մոխրացվի, եթե ուզում ենք որևէ ապագա, էլ չասած առաջընթաց ունենալ մեր ազգային կյանքում: Նոր մոտեցումը պետք է լինի՝ «անհրաժեշտ է և հիմնավոր է, ուրեմն՝ լուծումը պետք է գտնվի, որքան էլ բարդ լինի»: Այսուհետ՝ «սկզբունքորեն ճիշտ ես ասում, բայց դժվար է իրագործել» մտածողության կրողները պետք է, պատկերավոր ասած, երկու տարվա պարտադիր վերադաստիարակման ենթարկվեն:

Թեմայի սկզբունքային կողմն ունի երկու հիմնական առում՝ բուն ռազմականը և քաղաքականը: Քաղաքականի-ռազմականի հարաբերության ցանկացած ձևաչափում առաջնայինն, իհարկե, քաղաքականն է: Սակայն դիտարկումն ավելի հարմար է սկսել ռազմականից՝ մտքում պահելով, որ ռազմականը որքան էլ կարևոր, բայց քաղաքականի հետևանքն ու գործիքն է, և չի կարող իրացվել, իսկ իրացվելու դեպքում ճիշտ կիրառվել՝ քաղաքականից դուրս և անկախ:

Ռազմական առումը

2020 թվականին կրած ծանր պարտությունից բխում է Հայաստանի պաշտպանության համակարգի արմատական վերանայման խնդիրը: Սա, մի կողմից, թվում է ինքնին պարզ, բայց, մյուս կողմից, կարծես թե ցայսօր այդպես էլ պարզ և աներկբա չձևակերպված խնդիր է:

Ճշտենք՝ մենք նկատի չունենք, որ պարտության բուն և միակ պատճառը ռազմական համակարգն էր: Հակառակը, ինչպես վերը նշել ենք՝ քաղաքականն առաջնային է ռազմականի նկատմամբ, և պարտության պատասխանատվութունը նույնպես նախ քաղաքական է: Սակայն, պարզ է ինքնին, որ ռազմական համակարգը չի կարող խուսափել պատասխանատվության իր չափից:

Ընդ որում՝ պաշտպանության համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը երեք կարևոր իմաստով է բխում ռազմական պարտությունից:

Առաջին. եղած պաշտպանական համակարգի անհամարժեքությունը, իր բուն՝ պաշտպանական գործառույթը կատարելու անկարողությունը

Երկրորդ. այս անհամարժեքությունից և պարտությունից բխող նոր որակի վտանգները

Երրորդ. այն փաստը, որ ինտենսիվ ռազմական գործողությունների ավարտն ակնհայտորեն չի բերել և չի բերում իրավիճակի խաղաղեցման ու կայունացման, այլև հակառակը, թեկուզ և ոչ ինտենսիվ բնույթի, սակայն, փաստացի ռազմական և թշնամական գործողությունները Հայաստանի դեմ շարունակվում են:

Այժմ համառոտ կերպով դիտարկենք այս երեք կետերը:

ա. Եղած պաշտպանական համակարգի անհամարժեքության հիմքը, մեր համոզմամբ, հայկական յուրահատուկ պայմաններից և փորձից (աշխարհագրություն, ժողովրդագրություն, քաղաքական ավանդույթ, պայքարի ազգային-ազատագրական բնույթ) կտրված օտար՝ սովետական-ռուսական մոդելի կույր պատճենումն էր:

Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հավասարակշռված էին ներկայացված Ղարաբաղյան շարժման էությունից բխող ռազմուժի և ռազմական գործողությունների ժողովրդական հիմքը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ սովետական բանակի հայկական սպաների ռազմական պրոֆեսիոնալիզմը, ապա հետագա զարգացումը հանգեցրեց ժողովրդական շարժումից դուրս եկած տարրի և հոգու նվազմանն ու այլասերմանը: 2020-ին մոտեցանք իր երբեմնի հիմքից՝ ժողովրդական շարժման շնչից լրիվ կտրված զինուժով, որի մտածողությունը, աշխարհայացքը, մարտավարությունը, կազմակերպումն ամբողջությամբ պատճենում էր սովետա-ռուսական բանակը: Փաստացի ունեինք անվանապես հայկական, իսկ փաստով՝ սովետա-ռուսական բանակ:

Սրան հակառակ չփոխվեց մեր պայքարի նպատակն ու բնույթը՝ այն շարունակեց մնալ իր էությամբ ազգային-ազատագրական: Իսկ նման պատերազմում անհնար է հաջողության հասնել պայքարի և քաղաքականության լրիվ այլ մոդել ենթադրող ռազմական համակարգով՝ նույնիսկ, եթե այդ համակարգն իր տեղում արդյունավետ է գործում (մեր դեպքում նույնիսկ դա չկար, քանի որ ակնհայտ է այսօր Ուկրաինայում ռուսական բանակի և 2020-ին Արցախում մեր բանակի ձախողումների ընդհանուր տրամաբանությունը):

Բանը հասավ նրան, որ հատկապես Շուշիի ուղղությամբ թշնամին հաղթանակ տարավ ա՛յն ռազմական մեթոդներով, որոնցով պետք է մարտնչեինք մենք, եթե զարգացնեինք մեր աշխարհագրական, ժողովրդագրական և ազգային-գաղափարական պայմաններից բխող ռազմական համակարգ: Մոբիլ, փոքր խմբերով, լեռնային տեղանքում ռազմական հաջողության հասնելը դարձավ 2020-ին թուրքերի, այլ ոչ թե հայերի մարտավարական հնարը:

Անշուշտ, ռազմական համակարգի նկարագրած զարգացումն օդի մեջ տեղի չունեցավ, այլ սերտորեն կապված էր երկրի ընդհանուր քաղաքական զարգացման հետ: Անկախ Հայաստանն, ըստ էության, վերադարձավ այն բանաձևին, որի շուրջ կառուցվում էր նաև Սովետական Հայաստանը՝ անվտանգության երաշխիքների դիմաց անկախության զիջում: Այդ բանաձևն իր փլուզումն ապրեց 1988-1991 թթ.-ին՝ Սումգայիթից մինչև Գետաշեն, երբ ապացուցվեց, որ անկախության զիջումը չի ապահովում անվտանգություն, և անհրաժեշտ է պաշտպանության սեփական համակարգ ստեղծել: Այդ գիտակցումից ծնվեց հայկական նոր զինուժը:

Սակայն 1990-ականների կեսերից սկսած սողացող և շարունակական վերադարձ կատարվեց դեպի նախկին բանաձևը, և 2020-ին մենք ականատես եղանք դրա հերթական փլուզման:

Հենց դրա համար է կարևոր գիտակցել, որ պաշտպանության համակարգի փոփոխությունն այսօրվա Հայաստանում չի կարող կրել կոսմետիկ կամ զուտ «մասնագիտական» զինվորական բնույթ, այլ պետք է սկսվի արմատներից և փիլիսոփայությունից:

Նույն ուղղությամբ փոխվեց նաև Ղարաբաղյան հարցի ընկալումը և պաշտոնական մեկնաբանությունը: Համաժողովրդական խնդրից այն վերածվեց նեղ դիվանագիտական հարցի և ստացավ էզոտերիկ բնույթ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հպարտանում էին, որ Ղարաբաղյան հարցին երկրում տիրապետում է մի քանի հոգի միայն: Կարելի է ասել, որ այսպիսի զարգացման մեջ կա օբյեկտիվ հիմք: Մենք չենք ուզում այժմ քննարկել այս պնդման ճիշտ և սխալ կողմերը, այլ տվյալ դեպքում ընդամենը փաստում ենք:

Կային նաև հավելյալ հանգամանքներ՝ տարբեր ժամանակներում Հայաստանի իշխող խմբերը պատերազմի ժողովրդական տարերքի մեջ տեսնում էին մրցակցություն իշխանության համար պայքարում, և առավել ևս՝ այդ տարերքի մեջ վտանգ կար արտաքին գերակայող ուժի համար: Բնական է, որ դա ունեցավ շատ նյութական հետևանքներ:

Մեր պատմության մեջ մենք եթե ոչ լրիվ նույն, ապա շատ նման իրավիճակի հետ արդեն առնչվել ենք: 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում պրոֆեսիոնալ ռուսահայ սպաների կողմից առաջնորդվող բանակը նույնպես պարտվեց պատերազմում, որն իր բնույթով ազգային էր, ընդ որում՝ շշմեցուցիչ է Կարսի անկման և Շուշիի անկման պատմությունների նմանությունը՝ գրեթե ուղիղ 100 տարի տարբերությամբ: Սրան զուգահեռ Նժդեհի ժողովրդական զորքը հաղթում էր քանակապես իրեն գերազանցող ռուս-թուրքական ուժերին Զանգեզուրի ճակատներում՝ ճիշտ նույն այն ժամանակ, երբ հանձնվում էր Կարսը:

Ընդհանրապես, մեր պատմական փորձը՝ 1920-ից մինչև մեր օրերը, վկայում է, որ զինուժի կառուցման լավագույն մոդելը մեզ համար ժողովրդական և պրոֆեսիոնալ սկզբունքների համադրումն է,և դրանց ճիշտ կշռույթը: Ընդ որում՝ ճիշտ կշռույթն այստեղ ենթադրում է ժողովրդականի առաջնորդող դեր և դիրք:

Անշուշտ, այս բանաձևը պետք է հետագայում մանրամասն բացվի: Այստեղ նշենք միայն, որ ժողովրդականություն ասելով, տվյալ դեպքում, նկատի ունենք բավականին լայն սպեկտր, որի մեջ են՝ ռազմական համակարգի համապատասխանությունը երկրի և ժողովրդի քաղաքական փորձին, ազգային իդեալներին, տեղանքի պայմաններին, ժողովրդագրական տվյալներին, պետական համակարգին (ժողովրդավարություն) և այլն:

բ. Ծանր պարտությունից հետո շատերն ակնկալում էին, որ գոնե պարտության գնով կհասնենք խաղաղության և ժամանակ կունենանք հասկանալու նոր իրավիճակը և ելքի ծրագրեր կազմելու: Սակայն, դրանք սին հույսեր էին: Իրականությունն այն է, որ պարտությունը ոչ միայն չբերեց և չի բերելու խաղաղության, այլև նոր որակի անվտանգության մարտահրավեր և վտանգների պատճառ է: Սրանցից ամենաակնհայտն, իհարկե, Սյունիքին ուղղված վտանգն է, էլ չասած դեռևս հայկական մնացած Արցախի հատվածի մասին: Բայց խնդիրը միայն առանձին տարածքային հատվածները չեն: Ընդհանրապես, անհասկանալի և անորոշ է մնում նոր պայմաններում Հայաստան պետության անվտանգության և գոյության իսկ հեռանկարը: Սա նույնպես պահանջում է անվտանգության և պաշտպանության համակարգի արմատական վերանայում՝ սկսած դրա փիլիսոփայական հիմքերից:

Վերոնշյալ սին հույսերը բխում էին 2020 թվականի պատերազմի բնույթի սխալ ընկալումից, այդ թվում ամենաբարձր՝ պաշտոնական մակարդակում: Պատերազմը սխալմամբ ընկալվում էր որպես սոսկ Արցախյան, և փաստացի՝ տարածքային: Սրանից բխում էր, որ Արցախի կամ դրա կարևոր հատվածների կորստյամբ վճռվում է մի կողմից պատերազմի ելքը, մյուս կողմից էլ՝ դրանից հետո պատերազմը դադարում է, և սկսվում է, թեկուզ ծանր պարտության գնով «ձեռքբերված», բայց խաղաղության շրջանը: Իրականությունն այն է, որ Արցախը պատերազմի առիթն էր, բայց ոչ բուն, կամ գոնե միակ նպատակը և էությունը: Պատերամի խնդիրն իրականում շատ ավելի լայն է, և այն մասն է առնվազն հետսովետական տարածքում անկայունացման մեծ փուլի, որի մյուս ակնառու «սերիան» է նույն Ուկրաինան: Եթե այս գիտակցությունը լիներ պատերազմի ժամանակ, այն կարող էր և պետք է վարվեր լրիվ այլ կերպ: Այսօր էլ այս գիտակցությունն անհրաժեշտություն է՝ ճիշտ ձևակերպելու համար պաշտպանության ոլորտի արմատական բարեփոխումների էությունը: Իսկ այն, որ պատերազմի ավարտից հետո էլ պատերազմը Հայաստանի դեմ փաստացի չի դադարում, և այդ շարունակության նպատակների մեջ մտնում է ոչ միայն Արցախը, այլև առնվազն Սյունիքը (իրականում՝ ամբողջ Հայաստանը և նրա անկախ կարգավիճակը), լավագույն վկայությունն է նրա, որ 2020-ի խնդիրն Արցախը չէր:

գ. Վերջապես, կա ավելի մեծ պատկերը: Պատերազմը մաս էր և է ոչ միայն զուտ հետսովետական տարածքի, այլև ընդհանրապես միջազգային կարգի անկայունացման մեծ փուլի, որի սկիզբը կարող ենք համարել 2010-ականների Մերձավորարևելյան մեծ ճգնաժամը: Ցանկացած աշխարհակարգ ունենում է նման անկայունացման և անցման փուլեր: Եվ այդ ժամանակ է, որ այս կամ այն կողմ և հիմնականում ուժով լուծվում են նաև տեղական խնդիրները: Այդպիսի մի փուլ ապրեցինք 1990-ականների սկզբին: Ապրում ենք նաև այսօր: Դրա տևողությունը և արդյունքները ոչ ոք չի կարող կանխորոշել, և համենայն դեպս չեն երևում թուլացման նշանները: Հակառակը՝ պատերազմն Ուկրաինայում է՛լ ավելի արմատական փոփոխություն մտցրեց համաշխարհային կլիմայում: «Ձմեռը» ոչ միայն մոտ է, այլև արդեն եկել է: Միջազգային կարգում ուժի վակուումն է բերել նոր կայսերապաշտական նախագծերի ակտիվացմանն, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանի նեոսովետական նախագիծը կամ էլ Թուրքիայի նեոօսմանիզմը: Բնական է, որ դրանք նաև համագործակցության եզրեր են գտնում հանուն ընդհանուր նպատակի՝ տիրող աշխարհակարգի էլ ավելի թուլացման և անկայունացման:

Փաստացի, աշխարհը մտել է պատերազմի դարաշրջան, և այս շրջարկում հույս ունենալ, որ առանձին վերցված փոքր Հայաստանը պետք է թևակոխի հակառակ՝ խաղաղության դարաշրջան, մեղմ ասած, զարմանալի և անիրատեսական է: Իհարկե, մարդիկ նեղվում և նեղանում են այս պնդումից: Շատերին թվում է, որ սա բխում է հեղինակի չար և ռազմատենչ բնույթից: Ցավոք սրտի, բացի այս զուտ զգացմունքային հակադարձից, դժվար է գտնել այլ՝ ավելի բանական հակափաստարկ այն պարզ պնդմանը, որ աշխարհի մաս կազմող Հայաստանը չի կարող իրեն դուրս պատկերացնել այդ նույն աշխարհից և նրա զարգացման հիմնական ուղղությունից: Կարելի էր տեղափոխվել Մարս, բայց դա ժամանակ է պահանջում և նախապատրաստական աշխատանք:

Ի՞նչ ենք անելու, եթե, օրինակ, Ռուսաստանը լուրջ պարտություն կրի Ուկրաինայում, ինչն ամենևին էլ անհավանական չէ, և մտնի խորը ներքին փոփոխությունների և անկայունության փուլ որպես այդ պարտության հետևանք. կա՞ մեկը, որ այսօր պնդի, թե դա բացարձակապես անհնարին է: Իսկ ի՞նչ ենք անելու, եթե հակառակը՝ Ռուսաստանը վճռական հաղթանակ տանի Ուկրաինայում և, վերադառնալով Այսրկովկաս, պարտադրի իր նորսովետական նախագիծը, որի դիմաց պետք է զիջենք անկախության մնացորդները և այն, ինչ դեռ ունենք զիջելու Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի վերջինս նույնպես համաձայնի ռուսական ծրագրին: Մենք ոչ մեկին ենք պատրաստ, ոչ մյուսին:

Եվ սա միայն Ռուսաստանին վերաբերող սցենարներն ենք հիշատակում:

Մեր պետական ռազմավարությունը ոչ թե այսօր, այլ դեռ 30 տարի առաջ պետք է կառուցված լիներ նման հարցադրումների շուրջ: Որովհետև մեզ պես պետությունների հեռանկարը մեծապես կախված է համաշխարհային քամիների ուղղությունից: Կարգավորումները, որոնք թույլ են տալիս փոքր Հայաստանի գոյությունն այս աշխարհում, շատ նուրբ են՝ ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանություն, Ռուսաստանի ոչ շատ ուժեղ, ոչ շատ թույլ վիճակ, և սրան գումարած՝ Թուրքիայի, Իրանի, Մերձավոր Արևելքի, հետսովետական տարածքի հատվածների զարգացումները՝ Ուկրաինա, Միջին Ասիա և այլն: Մի փոքր խախտում այդ կշռույթում արդեն հանգեցրեց 2016-ի և 2020-ի պատերազմների, և չար լեզուները կասեին՝ նույնիսկ 2018-ի հեղափոխությանը: Չորս տարում երկու պատերազմ, մեկ հեղափոխություն, և կինոն դեռ շարունակվում է….:

Ի՞նչ է բխում վերը շարադրված երեք կետերից

Եղած ռազմական համակարգի անհամարժեքությունից, պատերազմում դրա ծանր պարտությունից և պարտության պատճառների վերլուծությունից հետևում է նոր ռազմական համակարգի կառուցումը ժողովրդականության սկզբունքի շուրջ: Արդեն նշել ենք, որ ժողովրդականությունը նշանակում է երևույթների լայն սպեկտր, որի թվարկումը տես վերը: Ընդհանուր տրամաբանությունն է՝ ռազմական համակարգը պետք է բխի տեղական պայմաններից և փորձից: Բացի թվարկածից՝ ժողովրդականության սկզբունքը նշանակում է նաև, որ երկրի պաշտպանությունը պետք է հենվի զինված և զինավարժ ժողովրդի վրա:

Գրեթե նույն հետևությունները բխում են նաև մյուս երկու կետերից՝ պարտությունից բխած նոր որակի վտանգների ու մարտահրավերների հայտնվելուց և աշխարհակարգի աճող անկայունությունից: «Համաշխարհային ձմռան» պայմաններում Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը, պաշտպանությունը և գոյությունն իսկ միայն նախ հենվելով սեփական ուժերի վրա, ինչը ենթադրում է համաժողովրդական ներգրավվածություն պաշտպանության գործին: Համաժողովրդական ներգրավվածության գործոնը չի կարելի թերագնահատել: Ե՛վ համաշխարհային, և՛ մեր պատմությունը բազմաթիվ անհերքելի օրինակներով վկայում է, որ համեմատաբար փոքրածավալ պետությունների և ժողովուրդների համար համաժողովրդական կազմակերպված դիմադրությունն անփոխարինելի արդյունավետության միջոց է հանուն ինքնիշխանության պայքարում: Այն կարելի է համարել «փոքր ժողովուրդների» միջուկային զենքը՝ միակ միջոցը, որով այլ տարբերակներում պարտության դատապարտված հանրությունը կարող է հույս ունենալ դիմակայելու էքզիստենցիալ վտանգներին:

Անշուշտ, ժողովրդականության սկզբունքը պետք է ոչ թե հակադրվի կամ բացառի մյուս, այդ թվում պրոֆեսիոնալիզմի և կանոնավորության սկզբուքներին, այլ, ինչպես արդեն նշել ենք, դրանք պետք է համալրեն և հավասարակշռեն միմյանց: Սակայն, այսքանով հանդերձ պետք է նշել, որ առանձին վերցված պրոֆեսիոնալ մոդելը չի կարող երբեք լիարժեքորեն լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը:

Աշխարհում չկա մեկ իդեալական ռազմական մոդել բոլոր ժամանակների և տեղանքների համար: Մեր պատմական փորձն ու մեր ժողովրդի քաղաքական ավանդույթն, ինչպես նշել ենք, հուշում է, որ մեր իդեալական մոդելը ժողովրդականի և պրոֆեսիոնալի բալանսն է:

Ընդ որում՝ ժողովրդականի հենքով և երկուսի կշռույթով պաշտպանության մոդելը կարելի է համարել նույնիսկ որոշ չափով պատերազմի կանխման, պրեվենտիվ պաշտպանության մոդել: Համենայն դեպս, շատ ավելին, քան զուտ պրոֆեսիոնալը կամ կանոնավորը, այն կարող է հետ պահել որևէ ագրեսորի ախորժակները մեր երկրի նկատմամբ, քանի որ մի բան է պատերազմ պլանավորելով հաշվի առնել միայն կանոնավոր բանակի, իսկ այլ բան է՝ նաև ժողովորդական համատարած դիմադրությունը:

Առարկությունները, որ ժողովրդականության սկզբունքը պաշտպանության ոլորտում կարող է հնացած լինել տեխնիկական առաջընթացի պատճառով, մեծ հաշվով դեմագոգիկ են: Դա կարելի է ապացուցել և տեսականորեն, բայց, թերևս ամենակարճ և ազդու ապացույցը կարող է լինել հենց մեր աչքի առաջ ծավալվող ուկրաինական պատերազմը, որը Ուկրաինայի կողմից հաջողությամբ վարվում է հենց ժողովրդական և պրոֆեսիոնալ տարրերի համադրությամբ: Հատկապես Ուկրաինայի հյուսիսային՝ անտառային և անտառատափաստանային տեղանքում ժողովրդական սկզբունքով կազմավորված միավորները զգալի դեր խաղացին և խաղում են:

Քանի որ մեր կրթված հանրությունը չի սիրում տեսություն և գիտություն, դժվար է ընկալում պատմական փորձը (իր գավառական մտածողության պատճառով անընդատ վախենում է հնացած երևալ), և առավել ևս սրբազան վախ ունի սեփական փորձն իմաստավորելու և դրա հիմամբ ստեղծագործելու, և դրա փոխարեն սիրում է դրսի օրինակներ, ապա հենց ուկրաինական փորձը կարող է լավագույնս հասկանալի դարձնել այն մոդելը, որից խոսում ենք:

Այդ փորձի օրինակով մենք կառաջարկեինք նոր զինուժի եռաստիճան կառուցվածք՝ պրոֆեսիոնալ-կանոնավոր, գաղափարական և ժողովրդական «հարկերով» (իրականում այս առաջարկն, իհարկե, բխում է ոչ միայն ուկրաինական փորձից, այլ արդեն վերը շարադրած մեր նկատառումներից՝ տեսությունից և սեփական փորձից): Ուկրաինայում այս եռաստիճան կառուցվածքն արտահայտվում է կանոնավոր բանակով, նրա կազմի մեջ մտած ու  այսպես կոչված «նացբատերով» («Ազով» գունդը և այլն) և «տեռօբորոնայով»՝ տարածքային պաշտպանության միավորներով: Խոսքն, իհարկե, բառացի պատճենման մասին չէ այս համակարգի, այլ ստեղծագործական օգտագործման: Օրինակ, որպես գաղափարական տարր կարող են հանդես գալ վերջին պատերազմի մասնակիցների միությունները:

Ընդ որում, նման համակարգում պրոֆեսիոնալիզմի դերը ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ ավելի է շեշտվում, քանի որ հնարավորություն է ստեղծվում եռաստիճան համակարգի պրոֆեսիոնալ հատվածը վերածել հատուկ պատրաստության, էլիտար միավորների:

Նոր ռազմական համակարգը ենթադրում է և համապատասխան մարտավարական մտածողություն: Օրինակ, արդեն հիշատակված մոբիլության, փոքր խմբերով հատուկ պայմաններում գործելու, համարձակ և արագ գործողությունների, տեղանքն առավելագույնս օգտագործելու հնարավորությունն ու մարտավարությունը բխում են մի կողմից ժողովրդական պատերազմի, իսկ մյուս կողմից էլ հատուկ պատրաստություն անցած պրոֆեսիոնալ միավորների բնույթից, և հակառակը՝ դժվար իրագործելի է «սովորական», մանավանդ ծանրաշարժ «սովետական» բանակով:

Ահա այն լայն շրջարկի ռազմական առումը, որի շրջանակներում իմաստ ունի քննարկել Զենքի մասին օրենքում փոփոխությունները:

Մենք խոստացանք, բայց փաստորեն չտեղավորեցինք մեր խոսակցության մեջ խնդրի քաղաքական առումը: Առիթներ կլինեն դեռ դրա մասին խոսելու: Այստեղ հիշատակենք միայն, որ պետք է կապեինք զինված ժողովրդի սկզբունքը մի կողմից՝ ներքին քաղաքական համակարգի, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության հետ: Որպես ներքին քաղականության մաս՝ զինված ժողովրդի սկզբունքը բխում է մեր հանրության քաղաքական ավանդույթից՝ ազգային ժողովրդավարությունից: Այն բացառում  և կանխում է որևէ բռնապետական համակարգի ձևավորումը, ապահովում է ազատ և ժողովրդավարական համակարգ: Մյուս կողմից էլ՝ առավելություններ է տալիս արտաքին միջավայրի նկատմամբ, քանի որ այդ միջավայրի բռնապետական համակարգերը չեն կարող իրենց թույլ տալ ակնարկ իսկ զինված ժողովրդի սկզբունքի՝ որևէ, թեկուզ սահմանափակ, տարբերակով: Այդ դեպքում՝ սա նաև մարտահրավեր է դառնում այդ բռնապետությունների համար, իսկ հայ ժողովուրդը կարողանում է որոշ չափով հաղթահարել ծանր պարտության հետևանքով էլ ավելի ընկած իր փաստացի ինքնիշխանության չափը: Հասկանալի է, իհարկե, որ հենց արտաքին միջավայրից էլ գալու է Հայաստանում դեպի զինված ժողովուրդ մոդել և ընդհանրապես՝ ժողովրդականության հենքով նոր ռազմական համակարգի ստեղծմանը առավել հուժկու, կազմակերպված դիմադրությունը՝ սկսած քարոզչությունից, ընդհուպ մինչև սադրանքներ: Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

 

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ
Երևան

 

 

Թեգեր Հոդվածներսեպտեմբեր երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

September 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք...

Կարդալ ավելին
ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

September 2022

Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է

September 2022

«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Starmus. գիտության և երաժշտության համաշխարհային փառատոնը Հայաստանում ու դրա նշանակությունը

September 2022

Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.