Սեպտեմբերի սկզբին Երևանում կայացավ «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով գիտաերաժշտական փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ճանաչված աստղաֆիզիկոսներ, ինժեներներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակակիրներ։ Այս տարվա փառատոնը նվիրված էր Մարս մոլորակի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին թռիչքին։ Starmus-ի՝ Հայաստանում անցկացման մասին հայտնի դարձավ երկու տարի առաջ, որին հաջորդեցին փառատոնի կազմակերպչական աշխատանքներն ու ծրագրի կազմումը։
Հայաստանում փառատոնի անցկացման գործում էական դերակատարում ունեցավ Starmus-ի համահիմնադիր, տնօրեն Գարիկ Իսրայելյանը, մյուս համահիմնադիրը հռչակավոր Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն էր, ով ևս ժամանել էր Երևան։ Ընդհանուր առմամբ, Starmus-ի շրջանակում հանդես եկան 50 խոսնակներ, նրանք կազմակերպեցին դասախոսություններ, վարեցին դրանք։ Հայաստան ժամանած հյուրերի թվում էին հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, ինչպես նաև Չարլզ Բոլդենը, Քրիս Հեդֆիլդը, Չարլի Դյուկը, այլք։ Փառատոնի երաժշտական մասն ապահովելու համար Հայաստանում էին System Of a Down աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ կոմպոզիտոր Դերեկ Շերինյանը։
Starmus փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011-ին Կանարյան կղզիներում, հաջորդող երկու տարիներին նույնպես փառատոնն այնտեղ է անցկացվել, 2017-ին փառատոնը հյուրընկալել էր Նորվեգիան, 2019-ին՝ Շվեյցարիան, իսկ արդեն այս տարի՝ Հայաստանը։ Փառատոնի հիմնական գաղափարը աստղագիտության, տիեզերագիտության ոլորտի մասնագետների ու մրցանակակիրների մեկտեղումն է՝ մտագրոհների, տեղեկատվության փոխանակման, դասախոսությունների կազմակերպման, ուսանողների ու դպրոցականների համար դասերի անցկացման նպատակով։ Նախկինում, փառատոնի շրջանակում որպես խոսնակներ հանդես են եկել հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, ինչպես նաև ամերիկացի միլիարդատեր, գյուտարար Իլոն Մասկը։
Starmus-ի անցկացումը Հայաստանում կարելի է դիտարկել որպես վերջին տարիներին գիտության հանրայնացման նպատակով ծավալված արշավի ու գիտության կարևորությունն ընդգծող գործընթացների մի մաս։ Հայաստանում գիտության արժևորման արշավի առանցքային բաղադրիչ-պահանջը գիտության ֆինանսավորման ավելացումն էր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և այդ պատերազմում հակառակորդի կողմից կիրառված նորագույն սպառազինության առկայությունը հայաստանյան հասարակության շատ շերտերի մոտ առաջ բերեց գիտության զարգացման միջոցով երկրի անվտանգությունն ապահովելու շուրջ դիսկուրս։ Այս քննարկումները հետզհետե միս ու արյուն ստացան, ձևավորվեցին նախաձեռնություններ, որոնք կառավարության վրա ճնշման միջոցով կարողացան գիտության ֆինանսավորման, գիտական ենթակառուցվածքների արդիականացման պահանջ առաջ քաշել։ Դրանցից ամենահայտնին, թերևս, «Գիտուժ» նախաձեռնությունն էր. «Գիտուժ»-ին անդամակցում են բարձր տեխնոլոգիական տարբեր ընկերություններ, հիմնադրամներ, գործարարներ ու գործարար միություններ։ Նախաձեռնության առաջնային նպատակն էր հասնել գիտության ոլորտի ֆինանսական հատկացումների ավելացմանը։
Նախաձեռնությունը շեշտում էր, որ Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40, իսկ ղեկավարների 50 տոկոսը կենսաթոշակային տարիքի է, գիտաշխատողների միջին բազային աշխատավարձն էլ մոտ 100.000 դրամ է՝ միջին աշխատավարձից երկու անգամ քիչ։ Պետության կողմից հիմնված գիտական կազմակերպությունների ֆինանսավորումը կառավարությունն իրականացնում է 3 ձևով. բազային ֆինանսավորմամբ, որն ուղղվում է ենթակառուցվածքների պահպանմանն ու աշխատավարձերին, գիտական աստիճանի հավելավճարին: Նպատակային-ծրագրային ֆինանսավորման դեպքում գումարներն ուղղվում են պետության համար առաջնահերթ ու հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ՝ պայմանագրային, ֆինանսավորումն այն եղանակն է, երբ միջոցներ են տրամադրվում գիտնականներին, հետազոտական խմբերին մրցույթով հաստատված իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։ «Գիտուժ»-ի այս արշավը, կառավարության տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումները բերեցին էական փոփոխությունների գիտության ֆինանսավորման մասով։
Անցած տարվա սեպտեմբերին կառավարությունը հաստատեց 2022-ի բյուջեն, այստեղ առանցքային էր գիտության հատկացումների աճը,որը կազմել էր ավելի քան 25.1 միլիարդ դրամ, ինչն իր հերթին մոտ 83 տոկոսով ավել էր 2021-ի բյուջեով սահմանված հատկացումներից։ Թեպետ «Գիտուժ»-ը սա ողջունեց, բայց նախաձեռնությունը կառավարության քայլերը մինչ այս պահը բնութագրում է որպես մասնակի քայլեր, որոնք համակարգային խնդիրներին լուծում չեն տալիս։
Մինչ այդ կառավարությունը կատարել էր մեկ այլ քայլ, որով փոփոխել էր գիտաշխատողների աշխատավարձերի բազային սանդղակը, և եթե 2021-ին բազային աշխատավարձի ֆոնդը կազմում էր 4 միլիարդ դրամ, ապա 2022-ին այն կազմեց 7.7 միլիարդ, իսկ 2025-ին կազմելու է 14.4 միլիարդ։ Աշխատավարձային բազայի վերանայում տեղի չէր ունեցել 2010-ից ի վեր։ 2021-ի ապրիլին, մեկ այլ որոշմամբ, վերաբաշխումներ կատարվեցին, և կառավարությունը 2.8 միլիարդ դրամով ավելացրեց գիտության բյուջեն, մասնավորապես՝ ավելացված հատկացումներն ուղղելով թեմատիկ գիտական հետազոտությունների իրականացմանն ու գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը՝ լաբորատորիաների կահավորում, սարքավորումների ձեռքբերում։
Գիտության ուղղությամբ պետական ֆինանսական այս հոսքերը, սակայն, դեռ չեն կարողացել լուծել այնպիսի էական հարց, ինչպիսին գիտության «ծերացումն» է Հայաստանում և գիտական կադրերի արտահոսքը։ Հատկանշական է, որ Հայաստանից արտերկիր տեղափոխված գիտաշխատողները տարբեր ինստիտուտներում ու համալսարաններում շոշափելի արդյունքներ են գրանցում։ Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, սակայն, այն նվազագույնն է, որ կարող է մեղմել գիտաշխատողների, գիտնականների արտահոսքը Հայաստանից։ Թե ինչքանով է աշխատավարձերի էական բարձրացումը որպես կադրային արտահոսքը զսպող գործոն արդյունավետ եղել, ցույց կտան առաջիկա տարիները։
Մյուս էական գործոնը վերաբերում է գիտական արդյունքներին. «Հետք մեդիագործարան»-ը անցյալ տարի հրապարակել էր մի ուսումնասիրություն, որը վերաբերում էր միջազգային գիտական ամսագրերում Հայաստանից հրապարակվող հոդվածների քանակին և դրանց ազդեցության գործոնին։ Գիտական ամսագրի ազդեցության գործոնը չափում է, թե գիտական այլ ամսագրերում միջինում որքան են հղում կատարել տվյալ ամսագրին։ 2020-ին հայ գիտնականները հրապարակվել են 545 գիտական ամսագրերում, սակայն դրանցից միայն 230-ն ունի ազդեցության գործոն, այսինքն այդ հոդվածների 58 տոկոսը չեն ունեցել ազդեցության գործոն։ Գիտական ազդեցության գործոն ունեցած հոդվածների հիմնական մասը եղել են բնագիտատեխնիկական ոլորտի։
Նույն հրապարակման համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2012-2020 թվականներին եղած հրապարակումները տատանվել են 1939-ից 2311-ի շրջանակում, ընդ որում՝ ամենաշատը ԳԱԱ-ում հրապարակվել են հոդվածներ 2017-ին։ Հայաստանի ներսում ևս հրապարակումները մեծամասամբ բնագիտատեխնիկական ոլորտի են։ Այս թվերից, ըստ էության, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը խնդիր ունի գիտական հոդվածների ազդեցության գործոնի տեսակարար կշիռը մեծացնել արտասահմանում տպագրվող հոդվածների շարքում։
Մյուս խնդիրը, որ բարձրաձայնվում է, բիզնես-կրթություն-գիտություն շղթայի արդյունավետ գործարկումն է։ Հայաստանում, ցավոք, գիտության ու բիզնեսի միջև առկա խորը անջրպետի պայմաններում չկան գիտական հաստատությունների և բիզնեսի փոխգործակցության հաջողված նախագծեր։ Այնուհանդերձ, որպես փոքր ու հաջողված օրինակ արժե նշել ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից արտադրված և պետական պատվերի շրջանակում վաճառված կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը։ 2021-ի սեպտեմբերի դրությամբ ինստիտուտը առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին» տրամադրել էր ավելի քան 103.000 թեստեր։ Ինստիտուտի թեստերն ավելի էժան էին, բայց 2021-ի դեկտեմբերից, երբ համաշխարհային շուկայում, ինչպես նաև Հայաստանում թեստերի գինը նվազեց, արտադրությունը դադարեց։ Շեշտենք, որ սա փոխգործակցության եզակի օրինակ էր, այն էլ ոչ թե մասնավորի և գիտական հաստատության, այլ պետական պատվերով գերատեսչության և գիտական հաստատության միջև։ Կառավարությունն իր հնգամյա զարգացման ծրագրում նախատեսում է ստեղծել կառույց, որի նպատակն է լինելու աջակցել գիտությունից բիզնես պատվերներին, ինչպես նաև կօգնի գիտական առանձին ճյուղերում առևտրայնացման ներուժ ունեցող մշակումներին։
Հայաստանի գիտատեխնիկական, նաև անվտանգային նշանակալի վերջին ձեռքբերումներից մեկն էլ տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակն էր։ Դրա մասին հայտարարվեց մայիսի 25-ին, արբանյակի ձեռքբերումն ու դրա հետ կապված գործըթնացներն իրականացվում էին խիստ գաղտնի պայմաններում։ Արբանյակի ձեռքբերումն ու կառավարումն իրականացվում է պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների համագործակցությամբ, ակնկալվում է, որ մինչև եկող տարվա սկիզբ կհիմնվի արբանյակային կենտրոն, ընդունիչ կայան՝ համապատասխան մասնագետներով։
Հայաստանում գիտության ֆինանսավորման աճը, ենթակառուցվածքների բարելավումը, բնականաբար, էական քայլեր են, սակայն գիտության զարգացումը, գիտական ենթակառուցվածքների վերազինումն ու ընդլայնումը ոչ թե պիտի դիտարկել իբրև նպատակներ, այլ միջոց՝ զարգացած և անվտանգ պետություն ունենալու ճանապարհին։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան