Տևական ձգձգումներից ու խոչընդոտումներից հետո Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմանն է ընդունել զենքի շրջանառությունը կարգավորող օրենքի նախագիծ։ Թե ինչու են հայ օրենսդիրները խնդրին այսպիսի զգուշավորությամբ վերաբերվում՝ հասկանալ կարելի է. օրենքը յուրօրինակ ճեղքում է, որը սկզբնավորում է հանրային կյանքում զենքի շրջանառության հարցում խորհրդային ժառանգությունից հրաժարվելու գործընթացը։ Տվյալ ոլորտում այսօր գործող օրենսդրությունը հենվում է ԽՍՀՄ իրավական ժառանգության վրա և շարունակում է զենքի, քաղաքացու, պետության և հասարակության միջև հարաբերությունների խորհրդային ավանդույթները։
Խորհրդային մտածողության շրջանակում զենքը և զենքի կիրառության իրավունքը պետության մենաշնորհ էր. քաղաքացու՝ զենք ունենալու իրավունքը խիստ նեղ խորշերում էր տեղավորվում, օրինակ՝ որս։ Քաղաքացու և զենքի փոխհարաբերության բոլոր մյուս ձևերը գործում էին զենք ունենալու և կիրառելու խստագույն մենաշնորհ ունեցող պետության շրջանակում։ Խորհրդային Միությունը, որպես ամբողջատիրական, ապա ավտորիտար պետություն, քաջ գիտակցում էր զենքին ներհատուկ իշխանության ուժը և իշխանության համար ապստամբության հնարավոր սպառնալիք հանդիսացող զինված քաղաքացու վտանգավորությունը։ Ուժային գերատեսչություններում ծառայություն չանցնող քաղաքացին պետք է մեկուսացվեր զենքից, պետք է զրկված լիներ զենք ունենալու և այն կիրառելու իրավունքից։
Անկախ հայոց պետականության վերականգնումից հետո զենքի մասին օրենքը լուրջ փոփոխություններ չի կրել։ Ինչո՞ւ տասնամյակներով պատերազմական դրության մեջ գտնվող հայոց պետությունը նպատակահարմար չի համարել զբաղվել զենքի, քաղաքացու, հասարակության և պետության միջև հարաբերությունների վերանայմամբ. այս հարցը կարող է մի քանի բացատրություն ունենալ, թեև դրանք այսօր ավելի շատ ունեն պատմական նշանակություն՝ հետխորհրդային Հայաստանում իշխանության բնույթն ըմբռնելու շրջանակում։
Այսպես թե այնպես՝ միայն 2020 թ. երկրորդ արցախյան պատերազմում կրած պարտությունն է ստիպել պետությանն ուշադրություն դարձնել զենքի մասին օրենսդրությունը վերանայելու՝ քաղաքացիների նախաձեռնության վրա։ Տվյալ դեպքում կարևոր է ընդգծել, որ սպասվող փոփոխությունները կլինեն հասարակական ակտիվության և պետության վրա հասարակության ճնշման հետևանք, քանի որ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը բխում է ոչ թե Պաշտպանության կամ Ներքին գործերի նախարարությունների, այլ խորհրդարանի ու հասարակության կողմից։
Կարելի է խոսել նոր օրենքի ընդունման ռազմաքաղաքական և մշակութային-հասարակական հայեցակետերի և հետևանքների մասին։ Հայաստանի անվտանգության միջավայրը և նրա՝ պատերազմի մեջ գտնվելու հանգամանքը պահանջում են քաղաքացու և մարտական զենքի միջև փոխահարաբերությունների պարզեցում։ Այսօր Հայաստանը չունի ռազմավարական խորություն. մոբիլիզացիայի գործընթացը պետք է ընթանա առավելագույն արագությամբ, իսկ երկրի բնակչությունը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների հանկարծակի վերսկսմանը։ Այսպիսի պայմաններում հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի մասնակցելու ռազմական գործողություններին նախքան արագացման ենթակա ազգային մոբիլիզացիայի որոշակիորեն դանդաղ գործընթացների ծավալումը։
Այսպիսի իրավիճակում մարտական զենք ունենալու իրավունքը ծայրաստիճան կարևոր է դառնում։ Հայաստանը տարածքային պաշտպանության համակարգ ստեղծելու կարիք ունի, որի շրջանակում քաղաքացիական բնակչությունն առ մարտական զենք պետք է լայն և արագ մատչելիություն ունենա՝ սկսված ռազմական գործողությունների պայմաններում պաշտպանությունը կազմակերպելու համար։ Տարածքային պաշտպանության համակարգի ստեղծումը պահանջում է երկու փոխկապակցված խնդիրների լուծում՝ հասարակության հնարավորինս լայն շերտերին սովորեցնել մարտական զենքի կիրառությունը և մարտական զենք ունենալու իրավունքը։ Նոր օրենքը միավորում է տվյալ խնդիրները, քանի որ մարտական զենք ունենալու իրավունքը պահանջում է համապատասխան պատրաստություն ու մարտական զենք ունենալու արտոնավորում։ Այս իմաստով նոր օրենքն ավելի խիստ է, քանի որ պահանջում է հիմնարար կրակային պատրաստություն անցնելու ընթացակարգի մշակում ու գործադրում՝ նախքան զենք ունենալու թույլտվության տրամադրումը։ Գործող օրենքում այդպիսի ընթացակարգն ու պահանջը բացակայում են։
Այսպիսով՝ նոր օրենքը, ընդարձակելով մարտական զենք ունենալու հնարավորությունները, քաղաքացիներին պարտավորեցնում է զենքի օգտագործում սովորել՝ դրանով իսկ արգելակելով զենքից օգտվելու հմտություններին չտիրապետող անձանց անվերահսկելիորեն զենքն ունենալու հնարավորությունը։ Նոր օրենքի այս հայեցակետն իրավապահ մարմիններին զենքի շրջանառությունը վերահսկելու հավելյալ լծակներ է շնորհում՝ նվազեցնելով անպատրաստ բնակչության կողմից այն պատահականորեն կիրառելու հնարավորությունը։
Միաժամանակ՝ կարևոր է նոր օրենքի քաղաքական հայեցակետը, երբ ստեղծվում են անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ Հայաստանում «զինված քաղաքացու» նախ՝ հասկացության, ապա նաև բուն երևույթի առաջացման համար։ Մարտական զենք և այն գործածելու հմտություններ ունենալը մարդու հոգեբանության մեջ որակական փոփոխությունների են հանգեցնում։ Զենք ունենալու և կիրառելու իրավունքը սեփական ընտանիքը, անձը, համայնքը և երկիրը պաշտպանելու համար վերջնարդյունքում բերում է հասարակությունն ու պետությունը պաշտպանելու ունակ զինված քաղաքացու ձևավորմանը։
Զինված քաղաքացին դառնում է ժողովրդավարական-քաղաքացիական հասարակության և պետության հիմքն ու երաշխավորը, քանի որ զենքը շարունակում է լինել «մեծ համահավասարեցնող», որն իր տերերին հավասար է դարձնում օրենքի և հասարակության առջև։ Զինված քաղաքացու ի հայտ գալը հայ հասարակության մեջ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի՝ նրան հետխորհրդայինից քաղաքացիականի վերափոխելու ճանապարհին։
Հետխորհրդային շրջանում Հայաստանում քաղաքացիական-ժողովրդավարական գործընթացների անկայունությունն ու խոցելիությունը կարող են հաղթահարվել զենքի և հասարակական-քաղաքական կյանքում նրա դերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության միջոցով։ Այս իմաստով նոր օրենքը կարող է կարևոր քայլ դառնալ հայ ժողովրդի մեջ հեղափոխական փոփոխություններ կերտելու ճանապարհին։ Հետագայում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել գործող մի շարք օրենքների մեջ. պետք է մշակվեն «զինված քաղաքացի» հասկացությունը կարգավորող նոր օրենքներ։ Խոսքը համակարգային փոփոխությունների և դեպի 21-րդ դարի Հայաստան տանող երկարատև ճանապարհի առաջին քայլի մասին է։
Այս ճանապարհով ընթանալն անխուսափելիորեն հանգեցնելու է հայ հասարակության սոցիալական հոգեբանության փոփոխությունների։ Կայսրությունների շրջանակներում դարեր շարունակ զենք ունենալու իրավունքից զրկված հայը կրկին իրեն կվերադարձնի տվյալ իրավունքը՝ վերստանալով ազատ լինելու հնարավորությունը։ Կրկին կստեղծվեն հայ ժողովրդի մեջ դարերի ընթացքում զենք ունենալու և կիրառելու մեռցված մշակույթի վերականգնման պայմանները։
Օրենքը հնարավորություններ կստեղծի հաղթահարել պետականության կորստյան պայմաններում առաջացած զենք ունենալու և կիրառելու հայոց մշակույթի և ավանդության մեջ առաջացած խզումները։ Հայաստանի պետական ինքնիշխանության կայունությունը պահանջում է յուրաքանչյուր հայի մեջ վերականգնել սեփական տան, հողի, երկրի և ճակատագրի ինքնիշխան տիրոջ հաստատակամությունը։ Զենք ունենալու և կիրառելու իրավունքն անհրաժեշտ և շատ կարևոր քայլ է ազատ, անկախ և միացյալ Հայաստան հայի վերադառնալու համար։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան