Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան չորրորդ հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները։
Շառլ Միշելը նշում է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։
Թե ինչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, հայտնի չէ։ Ամիսներ առաջ Բաքուն 5 սկզբունքներ էր ներկայացրել, որին Հայաստանը արձագանքել էր վեց կետանոց պատասխանով։ Բաքուն դա անգամ առաջարկ չէր համարել։ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը փակված համարելով՝ Հայաստանից պահանջել էր միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաև՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերություններ հաստատում, կոմունիկացիաների բացում։
Երևանն ընդունելի էր համարել Բաքվի առաջարկները, պատասխանել էին՝ Ադրբեջանից Հայաստանը տարածքային պահանջներ չունի։ Առանց հստակեցնելու՝ ինչ կարգավիճակ են պատկերացնում, նաև շեշտել էին՝ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը այդ մասին քննարկում եղել է։
Նշվում է միայն, որ քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում», որևէ խոսք չկա նաև Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ եղան։
Դրական ու արդյունավետ գնահատելով բանակցությունները՝ Շառլ Միշելը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկում են ունեցել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների և անհետ կորած անձանց ճակատագրի շուրջ։ Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին շեշտել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։
Շառլ Միշելը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ քննարկել է սահմանի դելիմիտացիային առնչվող հարցերը, և թե «ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։
«Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։ Դիտարկել ենք նաև տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող քննարկումների առաջընթացը», – նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Իր հայտարարության վերջում Շառլ Միշելը նաև ընդգծում է երկու ժողովուրդներին երկարատև ու կայուն խաղաղությանը պատրաստելու կարևորությունը։
«Հանրային ուղերձները շատ կարևոր են այս առումով, նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք լսում են մյուս կողմում և քննարկում»,- նկատել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է առաջիկայում ևս աջակցել երկարատև, կայուն խաղաղությանը։
Շառլ Միշելի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։