Սեպտեմբերի 7-ի երեկոյան շատերն անհամբերությամբ սպասում էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ժողովրդին հասցեագրված ուղերձին։ «Կարծում եմ, բոլորը պետք է մոռանան իմ հրաժարականի հույսի մասին։ Ես այնտեղ եմ, որտեղ կամ, բայց ես կգնամ որտեղ պետք է, որովհետև դա իմ բարձրագույն սահմանադրական պարտականությունն է»։ Այսպիսով՝ Զուրաբիշվիլին պատասխանել է իր իմպիչմենտի ընթացակարգը սկսած Վրաստանի կառավարող ուժին՝ «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմին։
Ձևական առիթը Վրաստանի սահմանադրության 52-րդ հոդվածն է, որի համաձայն «Նախագահն արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ է իրականացնում կառավարության համաձայնությամբ»։ Միևնույն ժամանակ, գոյություն ունի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելուն վերաբերող՝ Սահմանադրության 78-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Սահմանադրական մարմիններն իրեն լիազորությունների շրջանակում պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Եվրամիության և Եվրատլանտյան պայմանագրի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի լիակատար ինտեգրումն ապահովելու համար»։
Վրաստանի նախագահի և իշխող թիմի միջև նոր հակամարտության պատճառը Վրաստանի կառավարության կողմից նախագահի «եվրոպական շրջայց» կատարելու արգելքն էր։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ օգոստոսի 30-ին նախագահի վարչակազմը հայտարարեց, որ նախագահ Զուրաբիշվիլին սկսում է եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումների շարք՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու նպատակով։
Շրջայցը սկսվեց Գերմանիայից, որտեղ հաջորդ իսկ օրը՝ օգոստոսի 31-ին, նախագահ Զուրաբիշվիլին առաջին անգամ հանդիպեց Գերմանիայի Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այցը կայացել է գերմանացի գործընկերոջ հրավերով։ Այնուհետև տեղի են ունեցել ևս երկու այցեր և, համապատասխանաբար, հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զուրաբիշվիլու շրջայցը կատարվում է նրա անձնական միջոցների հաշվին, ընդ որում՝ նա ճամփորդում է հանրային գնացքներով և ավտոբուսներով։
Խորհրդարանական մեծամասնությունը երկար չմտածեց։ «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն խորհրդարանական ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահը խախտում է երկրի սահմանադրությունը, քանի որ կատարած շրջայցի համար չի ստացել կառավարության համաձայնությունը։ «Այո՛, Վրաստանի նախագահը խախտում է Վրաստանի սահմանադրությունը։ Կառավարության թույլտվության բացակայությամբ շրջայցի մեկնելը երկրի սահմանադրության խախտում է, ընդ որում՝ կառավարության մերժումը նույնպես ունի հստակ պատճառներ»։
Որպես մերժման պատճառ Մդինարաձեն հիշատակել է նախագահի այն խորհրդարանական ելույթը, որն, ըստ իրեն, «Վրաստանի եվրաինտեգրման դեմ էր․ իբր այսօր Վրաստանն արժանի չէ լինելու եվրոպական ընտանիքի անդամ և ունենալու թեկնածուի կարգավիճակ։ Իր հայտարարության մեջ այդպիսի պաթոս է եղել»։ Մդինարաձեի կարծիքով, երկրի նախագահի դիրքորոշումը Վրաստանի դեմ որոշակի ռիսկերով է հղի։
Մարտի 31-ին իր ամենամյա խորհրդարանական ելույթի ժամանակ նախագահ Զուրաբիշվիլին խստորեն քննադատել էր կառավարող թիմին, որը սկզբնապես ամրապնդել է երկրի եվրատլանտյան ուղեգիծը, բայց, այնուհետև, շեղվել է ժողովրդի կամքից։ Նա քննադատել է կառավարությանը, իբր կառավարական պաշտոնյաները դավադրաբնույթ լուրեր են տարածում այն մասին, որ գոյություն ունի «պատերազմի կուսակցություն», որը ձգտում է ներքաշել Վրաստանին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու մեջ։ Այդ ուժերն աջակցություն են վայելում ոչ միայն Արևմուտքում, այլև Վրաստանում՝ ի դեմս Սաակաշվիլու կուսակցության, մյուս արմատական կուսակցությունների, հասարակական ակտիվիստների և տարատեսակ քրեական շրջանակների։
Հենց այս նպատակով՝ արտաքին վնասակար ազդեցությունը հաղթահարելու համար, խորհրդարանական մեծամասնության անդամները նախաձեռնել և առաջին ընթերցմամբ ընդունել են «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Հենց այս քայլն է աննախադեպ քանակով քաղաքացիների ստիպել հեղեղելու Թբիլիսիի փողոցները՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և եվրոպական ընտրության։ Օրինագիծը հետ է կանչվել։ Նախագահ Զուրաբիշվիլին բացահայտորեն հանդես է եկել տվյալ օրինագծի դեմ։ Նա հրապարակավ բողոքի ակցիայի մասնակիցներին է դիմել։ Ժամանակին «Վրացական երազանք»-ի հովանավորյալը, որի շնորհիվ նա ընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում, այժմ կառավարող թիմի հետ հակամարտության բարձր մակարդակ է թևակոխել։ Գործընթացը մեկնարկել է։
Վրաստանի սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի նախագահի իմպիչմենտի հարցը կարող է օրակարգ բերվել առնվազն խորհրդարանի կազմի մեկ-երրորդի կողմից՝ Սահմանադրության խախտման կամ նախագահի գործողություններում հանցակազմի հատկանիշների առկայության դեպքում։ Հարցը փոխանցվելու է Սահմանադրական դատարան, որն այն կքննի մեկ ամսվա ընթացքում և, այնուհետև, խորհրդարանին կներկայացի իր եզրակացությունը։ Վրաստանի նախագահը պաշտոնից հեռացված կհամարվի, եթե այդ որոշումը սատարի խորհրդարանի ողջ կազմի առնվազն երկու-երրորդը։
«Վրացական երազանք»-ն արդեն հավաքել է 150 պատգամավոր ունեցող խորհրդարանի 80 պատգամավորների ստորագրությունը։ Ընդհանուր առմամբ՝ նրանք կարող են հավաքել 84 ձայն։ Սա բավական է, որպեսզի Սահմանադրական դատարանը սկսի իմպիչմենտի հարցի քննությունը, բայց բավարար չէ իմպիչմենտն իրականություն դարձնելու համար, որի համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն։ Ներկա դրությամբ իշխող թիմն ու իրենց արբանյակներն այդքան ձայն չունեն։
Խորհրդարանում շատ ենթադրություններ են արվել այն մասին, որ իմպիչմենտի հարցի շուրջ քաղաքական առևտրի մեջ կարող է մտնել Սաակաշվիլու կուսակցությունը, որն իր ունեցած ձայներով կարող է լրացնել պակասող ձայները՝ իրենց առաջնորդին բանտից ազատ արձակելու դիմաց։ Սակայն թե՛ նրանք, թե՛ մյուսները բացառել են նման գործարքի հնարավորությունը։
Սեպտեմբերի 8-9-ին Վրաստանում գտնված ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ միասնական ճեպազրույցի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իմպիչմենտի անհրաժեշտությունը բացատրել է բացառապես Սահմանադրությանը հավատարիմ լինելու սկզբունքով։
«Նախագահի իմպիչմենտի հարցը բացառապես իրավական հարց է։ Մենք կառուցում ենք եվրոպական տեսակի ուժեղ ժողովրդավարություն, իրավական պետություն, որում առաջնահերթորեն՝ որպես երկրի հիմնական օրենք պահում և հարգում են սահմանադրությունը։ Նախագահից, վարչապետից և իշխանական հաստատություններից ո՞վ ավելի շատ պետք է հավատարմորեն ի ցույց դնի սահմանադրությունը պահելու և հարգելու օրինակը։ Հետևաբար՝ սա քաղաքական հարց չէ։ Սա զուտ իրավական խնդիր է, որի նկատմամբ մենք իրականացրել ենք ընթացակարգային արձագանք։ Մենք բացատրել ենք, որ, ի հեճուկս խորհրդարանում իմպիչմենտի համար պատգամավորների ձայների անհրաժեշտ քանակ չունենալու հանգամանքի, մենք, այնուամենայնիվ, նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթացը, քանի որ անվերապահորեն հարգում և պաշտպանում ենք մեր երկրի սահմանադրությունը, իրավական պետության վարկանիշը։ Մենք պարտավոր և ստիպված ենք իրականացնել ընթացակարգային արձագանք։ Ուստի այս որոշումը եվրաինտեգրման հետ ոչ մի կապ չունի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին՝ այսպիսով պատասխանելով Բորելին, որը մտավախություն է հայտնել, թե իմպիչմենտի գործընթացը կխորացնի հասարակության մեջ առկա բևեռացվածությունը։
Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ քվեարկությամբ ընտրված վերջին նախագահն է։ Նրա ժամկետը լրանում է 2024 թվականին՝ Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Հաջորդ նախագահին կընտրեն 300 ընտրողներ, որոնցից կեսը կկազմեն Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորները, իսկ մյուս կեսը՝ նահանգների ներկայացուցիչները։
«Վրացական երազանք»-ի համար 2024 թվականը լուրջ փորձաքար է։ Հասարակությունում առկա բևեռացվածության ծայրահեղ աստիճանը, ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու մերժման վտանգով պայմանավորված եվրոպական ինտեգրման բարձր տեմպը և ԵՄ-ին Վրաստանի անդամագրվելու հարցով բանակցությունների մեկնարկը զգալիորեն մեծացնում են իշխանության պահպանումը վտանգող ռիսկերը և իշխող թիմին մղում են իշխանության ամրապնդման։ Այս տեսանկյունից՝ սկզբնապես իշխող կուսակցության հովանավորությունը վայելած, իսկ այժմ անկառավարելի դարձած նախագահի անձը իշխանության համար ակնհայտ սպառնալիք է։
Միևնույն ժամանակ, նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է իր կարճատր ծրագրերի մասին։
«Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի այցելել Եվրոպայի բոլոր գլխավոր մայրաքաղաքները երկուս ու կես կամ երեք ամիսների ընթացքում, որպեսզի բոլորին կարողանամ հասցնել ձեր ցանկությունը, ձեր երազանքը և ձեր ապագան պաշտպանված տեսնելու ակնկալիքը։ Բոլորն էլ գիտեն, որ Վրաստանն այն կամենում է, որ Վրաստանն էլ երբեք չի լինելու, չի վերադառնալու և չի պառկելու Ռուսաստանի ոտքերի տակ։ Սա այն է, ինչ բոլորս միասնաբար պարտավոր ենք պաշտպանել։» Այսպես է նախագահ Զուրաբիշվիլին անզիջում կերպով սահմանել կարճաժամկետ ժամանակահատվածի համար իր քաղաքական օրակարգը։
Սալոմե Զուրաբիշվիլին 1920-ական թվականների խորհրդային բռնազավթման հետևանքով Վրաստանից արտագաղթած երևելի վրացի վտարանդի ընտանիքի հետնորդ է։ Զուրաբիշվիլին մեծացել է Ֆրանսիայում, եղել է ֆրանսիական դիվանագետ։ Սաակաշվիլու կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ նա եղել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Նա ընդգծված կերպով արևմտամետ գործիչ է։ Հույս տածենք, որ նրա դեմ հարուցված իմպիչմենտի իրավական ալիքը չի «ջրի» Վրաստանի պատմական հնարավորությունը՝ ստանալու Եվրահանձնաժողովի եզրակացությունը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու եւ Եվրախորհրդից սույն թվականի դեկտեմբեր ամսին կանաչ լույս ստանալու համար։
Լաշա ՏՈՒՂՈՒՇԻ
Ազատական ակադեմիա, տնօրեն
Թբիլիսի