Արցախի ամբողջական շրջափակումից սկսած հայ ժողովրդի, ինչպես նաև ուժի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք կենտրոնների ջանքերը հանգեցրին արտաքին-քաղաքական ասպարեզում շրջադարձի, երբ Հայաստանն ու Արցախը կայուն առավելություն ունեն գլոբալ տեղեկատվական տարածքում, միջազգային դատական ատյաններում։ Ի պատասխան՝ Ռուսաստանը և Թուրքիան/Ադրբեջանը լայնածավալ տեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ու մեծացրել են դիվանագիտական ճնշումները։ Կիրառվում են նաև ռազմական դիվանագիտության և շանտաժի մեթոդներ, երբ Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին՝ հայ ժողովրդին աշխարհաքաղաքական ասպարեզում զիջումների ստիպելու նպատակով։ Սակայն ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս, քանի որ 2023-ին, ի տարբերություն 2020-ի, հայ ժողովրդի ազգային շահերը համընկել են մի շարք ուժային կենտրոնների՝ Հարավային Կովկասում ունեցած շահերի հետ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ քաղաքականություն վարել։
2023 թվականի վերջնամասում արցախյան հասարակությունը ստիպված հակամարտում է միաժամանակ երեք ասպարեզում։ Արտաքինում՝ անհրաժեշտ է դիմակայել Ռուսաստանի և Թուրքիայի/Ադրբեջանի ճնշմանը։ Սակայն Արցախը պետք է հաղթահարի նաև Երևանի իշխանությունների ոչ համարժեք պահվածքը, ինչը նոր երևույթ է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մինչև 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմում պարտությունը Երևանի և Ստեփանակերտի քաղաքականությունը ներդաշնակեցվել էր, և կարելի էր խոսել մեկ միասնական քաղաքականության մասին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու քայլերը հանգեցրին հայկական քաղաքականության անհամապատասխանության և երբեմն նույնիսկ Արցախի խնդրի վերաբերյալ հակադիր կարծիքների։ Երևանից հնչող հայտարարությունները բարդացնում են առանց այն էլ ծանր իրավիճակը՝ ստիպելով արցախյան հասարակությանը արհեստական խնդիրներ լուծել։ Կարելի է հիշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ակնկալիքների նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին և այլ հայտարարությունները։ Երևանի իշխանությունները հեշտությամբ հրաժարվում են հետխորհրդային շրջանում հայկական պետականության ձեռքբերումներից՝ այդպես էլ ջանք չթափելով հայ ժողովրդին բացատրելու նման պահվածքի իմաստը և շղարշվելով «խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգով։
Սակայն ամենածանր հետևանքն Արցախի դրածո իշխանությունների ձախողված ներքին քաղաքականությունն էր, որն իրականում միտված էր պետականության կազմաքանդմանը։ Ստեփանակերտի իշխանությունները բացահայտ անտեսում էին արցախահայության շահերը և ի վիճակի չեղան կառավարելու երկիրը պատերազմի և արտակարգ իրավիճակների պայմաններում։ Պատերազմի պայմաններում, երբ հասարակությունը գտնվում է համեմատաբար հավասար պայմաններում և ընդհանուր ջանքերով հաղթահարում պատերազմի դժվարությունները, չափազանց կարևոր է պահպանել արդարության սկզբունքը։
Այս իմաստով իշխանությունների հանցավոր անփութության ու անպատասխանատվության բացահայտ դրսևորում է ռազմական դրության և շրջափակման պայմաններում Արցախի նախագահի հրաժարականը։ Համաշխարհային պատմության մեջ չափազանց դժվար է գտնել օրինակներ, երբ երկրի նախագահը ռազմական դրության պայմաններում սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, որպեսզի հնարավորություն ստանա թողնելու իր պաշտոնը՝ պետությունն ու հասարակությունը թողնելով բախտի քմահաճույքին։ Շրջափակումը հաղթահարելուց հետո արցախյան հասարակությունը պարտավոր է անդրադառնալ իշխանությունների վարքագծի գնահատականին՝ հետագայում նմանատիպ պահվածքը բացառելու նպատակով։
Այսպիսով, շարունակվող պատերազմի և շրջափակման, ինչպես նաև իշխանությունների պահվածքի պատճառով Արցախում ստեղծվել է դասական արտակարգ իրավիճակ/բացառիկ դեպք։ Կարլ Շմիտը բացառիկ դեպքը սահմանում է որպես «ծայրահեղ անհրաժեշտության, սպառնալիքի դեպք», երբ խոսքը վերաբերում է պետության գոյաբանական սպառնալիքին: Բայց ո՞վ է բացառիկ դեպքի կրողը։ Ո՞վ է իր վրա վերցնում բացառիկ դեպքի ժամանակ որոշում կայացնելու և բացառիկ իրավիճակի առկայության մասին հայտարարելու պատասխանատվությունը: Դա ինքնիշխանն է (սուվերենը), պատասխանում է Շմիտը. «Ինքնիշխանը նա է, ով որոշում է կայացնում արտակարգ դրության մասին»։
Պատմությունն աներկբա ցույց է տալիս, որ ազգի քաղաքական կյանքը հաճախ ունենում է օրենքի պահանջներին չհամապատասխանող ձևեր։ Արևմտյան ազգային պետությունների պատմության մեջ բացառիկ իրադարձությունն առնվազն նույնքան կարևոր դեր է խաղացել, որքան օրենքը և իրավական համակարգը: Ջորջիո Ագամբենն իր «Արտակարգ դրությունը» աշխատությունում առաջարկում է «բացառիկ դեպքի կարճ պատմություն»՝ ցույց տալով դրա պարբերաբար կրկնվելը Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների պատմության մեջ առնվազն 1791 թվականից սկսած:
Ընդսմին, ինքնիշխանության տեղակայումը օրենքի շրջանակներում որոշելու առարկա չէ և կարող է լինել շարժական՝ տեղաշարժվելով իբրև քաղաքական պայքարի հետևանք։ Ինքնիշխանության ներուժը որոշվում է ոչ այնքան ինստիտուտներով, որոնք կարող են դառնալ անգործունակ, որքան որոշումներ կայացնելու և գործելու կարողությամբ։ Այլ կերպ ասած՝ անհնար է հստակ նշել, թե ճգնաժամային և բացառիկ դեպքերում կոնկրետ պահին որտեղ է գտնվելու ինքնիշխան որոշումների կայացման կենտրոնը։
Քաղաքականության մեջ և քաղաքական կյանքում, ինչպես նաև անձնական կյանքում, ցանկալի արդյունքների չբերող որոշումը որոշում չէ, այլ ժեստ և հռետորաբանություն: Թերևս, նաև կորցրած իշխանության խորհրդանիշ: Քաղաքական գործընթացների վրա ազդելու համար անհրաժեշտ են ոչ թե պարզապես գաղափարներ ու մտորումներ, այլ գործողություններ։ Ինքնիշխան է այն իշխանությունը, որը ոչ թե պարզապես նույնականացնում է բացառիկ դեպքի առկայությունը, այլև ի վիճակի է որոշում կայացնել և գործել այդ պայմաններում։ Դա կամք է պահանջում, ոչ թե բանականություն: Կամային գործողությունը հենվում է միայն ու միայն իր վրա և չի դիմում արտաքին որևէ ուժի: Պնդումները, թե ինքնիշխանությունը պետք է մի իրավիճակում դրսևորի այսինչ վարքագիծը, իսկ մեկ այլ իրավիճակում՝ այլ, անիմաստ են։
Չկան նորմեր, որոնք կարող են կարգավորել անհատի կամ պետության վարքագիծը բացառիկ դեպքում։ Պարտավորությունը գոյություն ունի իրավական համակարգում, սակայն արտակարգ դրության պայմաններում կա միայն կամք և ստեղծված իրավիճակում որոշում կայացնելու կարողություն։ Ընդսմին, ի տարբերություն բանականության և օրենքի աշխարհի, որը կարող է լինել վերացական և ենթադրական, կամքը և կամային ակտերը միշտ կոնկրետ են և իրական ու առարկայացած:
Ինքնիշխանությունը և ինքնիշխան որոշումը օրենքի և իրավական ակտի այլընտրանք չեն, այլ այն կետը, որտեղ օրենքը և բացառիկ դեպքը հատվում են: Բացառիկ դեպքը հղում է պահանջում այն նորմին, առանց որի դառնում է քաոս ու անարխիա։ Բացառիկ դեպքի պայմաններում գործող ինքնիշխանության տեսությունը հաստատում է նորմը։
Ազատ համակարգը, նշում է Շմիտը, կարիք ունի բացառիկ դեպքի, որն ազատ ընտրության հնարավորություն է տալիս և պահանջում է որոշում կայացնող սուբյեկտ՝ ինքնիշխան։ Քաղաքական համակարգը, որպես ազատության արդյունք, պետք է ենթադրի և ներառի ինչպես կարգ ու կանոն, այնպես էլ բացառիկ դեպք և ինքնիշխան որոշում։ Ինչպես բացատրում է Ջորջ Շվաբը, «ինքնիշխանը սովորական ժամանակներում ննջում է, բայց հանկարծ արթնանում է, երբ սովորական իրավիճակը սպառնում է արտակարգի վերածվել»:
Ստեփանակերտում առկա հասարակական-քաղաքական գործընթացը, երբ մարդկանց մի նեղ շրջանակ (Արցախի նախկին նախագահներ և մի շարք այլ անձինք) հայտարարեց, թե որոշումներ է կայացնելու Արցախի ճակատագրի վերաբերյալ, խոսում է ինքնիշխան որոշումներ կայացնողի գործառույթներ ստանձնելու նրանց մտադրության մասին։ Եթե համաձայնենք այս պնդման հետ, ապա ինքնիշխանությունն ու ինքնիշխանության կրողը դառնում է ոչ թե հայ ժողովուրդն ու նրա մասը՝ արցախահայությունը, այլ «նեղ շրջանակը»։ Այս մոտեցումը պետք է անընդունելի համարել ժողովրդավարական երկրի համար, որտեղ ինքնիշխանության կրողը ժողովուրդն է։
Ստեփանակերտյան հանրությունը պետք է կտրականապես մերժի նման մտադրությունները։ Արցախի ինքնիշխանության կրողը արցախահայությունն է՝ որպես հայ ժողովրդի մաս, և ինքնիշխան իրավունքների ուզուրպացումն անընդունելի է։ Նման հայտարարությունն ու հանրային ջանքերը համախմբելու կոնկրետ քայլերն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն ինքնիշխանությունը հասարակությանը վերադարձնելու և հասարակության մեջ ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակ նոր ուժային կենտրոնի ձևավորման համար։
Խորը ազգային ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքը կարող է լինել ստեղծումը արտակարգ մարմնի՝ «Պաշտպանության պետական կոմիտեի» (ՊՊԿ), որը կստանձնի լիարժեք գործադիր և օրենսդիր իշխանություն: Արցախը փորձ ունի. նման մարմին ստեղծվել է 1992 թվականին՝ նմանատիպ համազգային ճգնաժամի ժամանակ, երբ Արցախի ճակատագիրը մազից էր կախված։
Արցախի Հանրապետությունը կարող է ևս մեկ անգամ ընտրել այս լուծումը և ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում առկա է ռուս-թուրքական ռազմական ներկայությունը, որն անհնարին է դարձնում ընտրությունների անցկացումը։ Դա թույլ կտա կառուցիկ դարձնել անցումային շրջանն արտակարգ իրավիճակում։ Հաշվի առնելով իշխանության բոլոր թևերի նկատմամբ վստահության բացակայությունը՝ ՊՊԿ-ի ստեղծման, կազմի որոշման և նախագահի ընտրության հարցում որոշիչ ձայնը պետք է ունենա Արցախի կազմակերպված հասարակությունը՝ ի դեմս Ստեփանակերտի հանրության։ Հաշվի առնելով պահի բարդությունն ու պատասխանատվությունը՝ անհրաժեշտ է խոսել ուղղակի ժողովրդավարության մեթոդների և ինքնիշխան որոշումների կայացմանը հասարակության անմիջական մասնակցության մասին։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան