Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունները տեղի ունեցան երկրի ներքաղաքական իրավիճակի խիստ լարվածության պայմաններում։ Եվ ինչպես ցույց տվեց Արցախի դեմ արդեն սեպտեմբերի 19-ից սկսված ադրբեջանական հերթական, ըստ էության՝ սպասված ագրեսիան, երևանյան ընտրական գործընթացների արտաքին քաղաքական ֆոնը պակաս լարված չէր։
Այս բոլոր ֆոնային հանգամանքները օրինաչափորեն չէին կարող իրենց հետքը չթողնել նախընտրական արշավի մասնակիցների հռետորաբանության և, համապատասխանաբար, ընտրությունների արդյունքների վրա։ Եվ այստեղ պետք է ընդունել աշխարհաքաղաքական համատեքստի առկայությունը թե՛ նախընտրական արշավի ժամանակ, թե՛ դրա արդյունքների ձևավորման ժամանակ։ Վերջինս դրսևորվեց երկու ուղղությամբ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցում և արցախյան հիմնախնդրի համատեքստում։
Ընտրությունների արդյունքները
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ հրապարակած տյալների, այսպիսին են. «Հանրային ձայն» կուսակցություն-9,68%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%, «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%, «Հաղթանակ» կուսակցություն-1.71%, «Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%, «Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%, «Հանրապետություն» կուսակցություն-11.32%, «Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-1.01%, «Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%, «Մայր Հայաստան» դաշինք-15.43%: Այսպիսով, ընտրություններին մասնակցեց 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Դրանցից 4%-ի շեմը հաղթահարեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները, իսկ դաշինքների համար նախատեսված 6%-ինը՝ «Մայր Հայաստան» դաշինք։
Ընտրությունների կարևոր առանձնահատկությունը Հայաստանի ողջ նորագույն պատմության մեջ ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն էր՝ 28,46%։ Ընտրելու իրավունք ունեցող 824250 երևանցիներից քվեարկել է ընդամենը 234 553-ը։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին մայրաքաղաքային ընտրություններին մասնակցել է 370 323 ընտրող կամ 43,65%-ը։ Երևանի 12 վարչական շրջանների 475 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին հետևել են 350 տեղական և 24 օտարերկրյա դիտորդներ։ Ընտրությունների արդյունքներով կձևավորվի 65 անդամից բաղկացած ավագանի, որն իր հերթին կընտրի մայրաքաղաքի քաղաքապետ՝ 5 տարի ժամկետով։ Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ից նոր ավագանին կսկսի իրականացնել իր լիազորությունները։ Քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մանդատները ստանալուց հետո 2 շաբաթվա ընթացքում։
Եվ այսպես, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը չկարողացավ ապահովել ընտրողների 50 տոկոսից ավելիի աջակցությունը, ինչը լիովին բացառում է մեկ ուժի կողմից քաղաքապետ ընտրելու հնարավորությունը։ Մասնակից կուսակցություններից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ 33 մանդատը, ինչը կարող էր թույլ տալ քաղաքապետ նշանակել սեփական թեկնածուին։ «Քաղաքացիական պայմանագիրը» (24 մանդատ) «Հանրապետություն» կուսակցության (8 մանդատ) հետ հնարավոր կոալիցիայի դեպքում հազիվ 32 մանդատ է ստանում։ Այնինչ քաղաքապետի աթոռին Տիգրան Ավինյանին նստեցնելու համար անհրաժեշտ է առնվազն ևս մեկ ձայն։
Երեք ուժեր՝ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը միասին ստանում են 33 մանդատ։ Սա տեսականորեն նրանց հնարավորություն է տալիս կոնսենսուսով ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ «Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը, որն ավելի հայտնի է «Դոգ» մականունով, հայտարարեց, թե պատրաստ է կոալիցիա կազմել մյուս երկու ընդդիմադիր ուժերի հետ, պայմանով, որ վերահսկողական պաշտոնները անցնեն «Հանրային ձայն» կուսակցությանը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր հերթին հայտարարեց, թե պատրաստ են քննարկել կոալիցիայի հարցը, սակայն նախապայմանն այն է, որ թեկնածուն ընդունի իրենց մոտեցումն ամբողջական իշխանափոխության ծրագիր իրականացնելու մասով: Հայկ Մարությանն ի պատասխան առաջարկեց իրեն ընտրել քաղաքապետ, առանց վերապահումների և առանց կոալիցիոն որևէ փաստաթուղթ ստորագրելու, ապա՝ մնալ իրեն ընդդիմություն։
Ռուսաստան-Արևմուտք ընտրություն
Իրենց նախընտրական քարոզարշավում գրեթե բոլոր մասնակիցները մայրաքաղաքային ընտրությունների գալիք արդյունքները կապում էին աշխարհաքաղաքական թեմաների, մասնավորապես՝ Ռուսաստանին կամ Արևմուտքին նախապատվություն տալու հետ։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետությունը», «Արդար Հայաստանը» և «Միացյալ Հայաստանը» ավելի շատ դիրքավորվում են որպես արևմտամետ ուժեր։ «Մայր Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ավելի շատ որպես ռուսամետ ուժեր։ Ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանց թիկունքում կանգնած գործիչների, համապատասխանաբար՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անձերով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն կերպ խուսափում էր սեփական արտաքին քաղաքական կողմնորոշման մասին հիշատակումից, սակայն ամեն ինչ անում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանին պիտակավորելու իբրև ռուսամետ գործիչ։ «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», «Հանուն սոցիալական արդարության» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնականում փորձում էին խուսափել աշխարհաքաղաքական թեմաներից։ «Հանրային ձայն» կուսակցությունը, ավելի ճիշտ՝ նրա «դեմքը»՝ Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ «Դոգը», նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը հիմնականում իր «ուղիղ եթերներն» էին, պարբերաբար հայհոյախառն արտահայտություններ էր ուղղում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հասցեին։
Ելնելով ընտրությունների արդյունքներից՝ կարելի է ենթադրել, որ արևմտամետ աշխարհաքաղաքական ուղղվածությունը մեծացրել է ընտրողների համակրանքը առնվազն «Հանրապետության» նկատմամբ։ Ռուսամետ կողմնորոշման մեղադրանքները նվազեցրին Հայկ Մարությանի ձայները, էլ չենք ասում Մանե Թանդիլյանի և Անդրանիկ Թևանյանի մասին։ Ինչն, ընդհանուր առմամբ, արտացոլում է հայ հասարակության աշխարհաքաղաքական համակրանքների ներկա պատկերը։
Արցախ
Հայ հասարակության և հատկապես երևանցիների շրջանում նախընտրական և հետընտրական տրամադրությունների մեկ այլ կարևոր ցուցիչ էին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող բոլոր վերջին իրադարձությունները։ Շուրջ 10 ամիս տևած Արցախի ադրբեջանական շրջափակումը պարզապես չէր կարող չդառնալ Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հռետորաբանության մաս։ Դրանով հատկապես աչքի էր ընկնում «Մայր Հայաստան» դաշինքը, որի անդամներն ընդհանրապես չէին թաքցնում, որ Երևանի ընտրությունները դիտարկում են որպես Հայաստանում իշխանափոխության հնարավորություն։ Փոխել իշխանությունը, քանի որ վերջինս, իրենց կարծիքով, հանձնել է Արցախը, չի ցանկանում կռվել Արցախի համար և ընդհանրապես վարում է բուռն հակառուսական քաղաքականություն։ Եվս մի ուժ, որը բացահայտ խոստովանում էր, որ Երևանի ընտրություններն իր համար երկրում միայն իշխանափոխության գործիք են, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն էր, որի առաջնորդ Սուրեն Պետրոսյանը բազմիցս հայտարարում էր այդ մասին։ Մնացած ուժերի նախընտրական ելույթներում արծարծվել է նաև արցախյան խնդիրը, բայց շատ ավելի քիչ և ոչ այնքան արմատական, որքան նախորդ երկու դեպքերում։ Սակայն ընտրությունների արդյունքները խոսուն են. Արցախն աննշան դեր է խաղացել ձայների բաշխման գործում։
Սեպտեմբերի 20-ի դրությամբ Արցախի մեր տասնյակ հայրենակիցներ՝ երեխաներ, կանայք, ծերեր, արդեն դարձել էին ադրբեջանական հերթական ագրեսիայի զոհ։ Ադրբեջանական բանակն օրեր շարունակ հրետանուց և անօդաչու թռչող սարքերով գնդակոծում էր ոչ միայն Արցախի ՊԲ դիրքերը, այլև բնակավայրերը։ Եվ Արցախում ռազմական գործողություններին Հայաստանի անմիջական մասնակցելուց հրաժարվելու պատրվակով Հայաստանի ղեկավարության հրաժարականի պահանջով կառավարության շենքի մոտ թևանյանական (իրականում քոչարյանական) ընդդիմության հանրահավաքը նրա նախընտրական քարոզարշավի բնական շարունակությունն էր։
Հարկ է ընդգծել, որ հայ հասարակության մեծ մասը ադրբեջանական հերթական հարձակման համար մեղադրում է Ռուսաստանին։ Վերջինս մեղադրվում է Արցախում ռուս խաղաղապահների փաստացի անգործության մեջ, ինչպես նաև Երևանի հասցեին անտրամաբանական մեղադրանքներ ուղղելու, իսկ ագրեսիա իրականացնող, Հայաստանի տարածք ռազմական գործողություններ տարածող Բաքվին չմեղադրելու և այլնի համար։ Սեպտեմբերի 19-ին քաղաքացիական ակտիվիստների խմբերը փակել էին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքերն ու ելքերը՝ ի նշան բողոքի այսօր Արցախում Մոսկվայի աչառու պահվածքի դեմ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք սիմբիոզ, երկու աշխարհաքաղաքական թեմաների միահյուսում, որն այս կամ այն կերպ ազդել է Երևանի ընտրությունների արդյունքների վրա։
Եզրափակելով՝ պետք է հավելենք, որ այս տողերը գրելու պահին դեռ պարզ չէ թե՛ Արցախի ժողովրդի, թե՛ ալիևյան ագրեսիային ենթարկված Արցախի ճակատագիրը, և թե ով է դառնալու Երևանի քաղաքապետ։ Ռազմական գործողությունները դադարեցվել են Մոսկվայի հովանավորությամբ և բոլոր առումներով ի վնաս Արցախի ևս մեկ համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, հաշվի առնելով ուժերի վերը նկարագրված հարաբերակցությունը, չարժե բացառել տարբեր սցենարներից որևէ մեկը։ Այդ թվում՝ նոր ընտրություններ նշանակելը։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան