«Լեռնային Ղարաբաղը պետք է կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին»,- սեպտեմբերի 9-ի ԱԺ հատուկ նիստին ասել է նախագահի միակ թեկնածու Սամվել Շահրամանյանը։ Ավելի ուշ 22 կողմ ձայնով նա ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ։ Նույն օրը երեկոյան Արցախի Տեղեկատվական շտաբը հերթական ֆեյսբուքյան գրառումն արեց, որով տեղեկացրեց․ «Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն»։ Հիշեցնենք, որ Աղդամ-Ասկերան ճանապարհն արցախցիների կողմից արգելափակված է օգոստոսի 29-ից։
Սրան նախորդել էր մեկ այլ կարևոր իրադարձություն, որը բավական սրել էր Արցախում տիրող իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ առաքելության ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող ուսանողներից Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում օգոստոսի 28-ին առևանգել էին ադրբեջանական սահմանապահ ծառայություն իրականացնող անձինք։ Ուսանողների առևանգումից հետո՝ նույն օրը ժամը 17։00-ին, հավաք էր կազմակերպվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հավաքի մասնակիցները պահանջում էին Արցախի իշխանություններից քայլեր ձեռնարկել ուսանողներին հետ բերելու համար։ Իրար հետևից գումարվեցին Անվտանգության խորհրդի նիստ, հետո Ազգային ժողովի արտահերթ բաց քննարկում՝ հրապարակում հավաքված մարդկանց պահանջով։ Քննարկման ավարտից հետո նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց՝ վաղն առավոտյան լավ լուր կհայտնի առևանգվածների ծնողներին։
Նախագահը հարցրեց՝ «ժըղո՛վուրթ, տուք ինձ վստահումը՞ք»։ Ազգային ժողովի դիմաց հավաքված մարդիկ բացականչեցին՝ «չէ՜»։
Հաջորդ օրը պաշտոնական լավ լուրը չեղավ։ Եղավ մոտ հազար արցախցիների հավաք Աղդամ-Ասկերան սահմանագոտում։ Օգոստոսի 29-ին ադրբեջանական աղբյուրները տեսանյութ էին տարածել, որում Կարմիր Մահիկի միջոցով հումանիտար բեռները Բաքվից ուղևորվում էին Ստեփանակերտ։ Մարդիկ բետոնե արգելապատնեշներով փակեցին ճանապարհը, վրաններ խփեցին՝ գիշերելու նպատակով։
Օգոստոսի 30-ին հումանիտար բեռների թեման շարունակում էր մնալ լրահոսում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ֆրանսիական բեռներն էին, որոնք ուղարկվել էին Փարիզից ու Ֆրանսիայի մի շարք խոշոր շրջաններից։ Նույն օրը Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Բերտրան Քսավիեն նշել է, որ Ադրբեջանը արգելել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով։ Շատերը ֆեյսբուքում կատակում էին, որ այդպես էլ չհամտեսեցին ֆրանսիական բագետներ ու կրուասաններ։
Նախագահ Հարությունյանը շատ կարճ անդրադարձավ այս իրադարձությանը իր ֆեյսբուքյան էջում։ Նա միայն հույս հայտնեց, որ «հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները»։ Սակայն հաջորդ օրը նա գրեց մեկ ուրիշ, երկարաշունչ գրառում, որի մեջ Արցախի ժողովրդից ներողություն խնդրեց 44-օրյա պատերազմում կրած պարտության մեջ մեղավորության իր բաժնի համար։ Հավաստիացրեց, որ պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո ձեռնարկել է իր ուժերի ու լիազորությունների սահմանում բոլոր քայլերը։ Շրջափակումը փորձեց բացատրել նրանով, որ Արցախում հետպատերազմյան կյանքը վերադարձել էր կայուն հուն, այդ իսկ պատճառով «ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը։ Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը»։
Նախագահն այդ գրառման մեջ լուրջ հայտարարություններ նույնպես արեց։ Նախ՝ ասաց, որ հաջորդ օրը հրաժարականի դիմում է ներկայացնելու Ազգային ժողովի նախագահին, և որ որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին։ Հետո՝ որ Գուրգեն Ներսիսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից ու պետնախարար է նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Միայն օրեր անց՝ սեպտեմբերի 4-ին, իր հաջորդ ֆեյսբուքյան գրառման մեջ Արայիկ Հարությունյանը ավելի բաց խոսեց հրաժարականի մասին: Նա վաղուց էր ուզում թողնել պաշտոնը, սակայն գործող սահմանադրական կարգավորումներով նախագահի հրաժարականը ենթադրում էր միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, որի իրականացումը, իրավացիորեն, մշուշոտ է: Սահմանադրական նոր փոփոխությամբ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը կարող է «անցումային նախագահ» ընտրել՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը: Խոսքը Սահմանադրության 168.1 հոդվածի մասին է, որն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսին: Արայիկ Հարությունյանը պարզապես սպասում էր հարմար առիթի: Նա նախագահ էր ընտրվել լրիվ ուրիշ Արցախում, լրիվ ուրիշ խնդիրներով: Հրաժարականը սպասելի էր ու չզարմացրեց շատերին:
Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմումը ներկայացրեց Ազգային ժողով: Նրա հետ Կառավարության կազմից դուրս եկավ նաև Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը: Մի օր առաջ էլ հրաժարականի դիմում էր ներկայացրել պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Հաջորդ մի քանի օրերին մարդկանց ուշադրության կենտրոնում նախկին ու ապագա նախագահները չէին: Սեպտեմբերի 3-ին տարածվեց հայտարարություն. «Սիրելի՛ քաղաքացիներ, ս.թ. սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով:…Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց, մոտավոր՝ 200 գրամ»:
Նույն օրը Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արձանագրել էին շփման գծում ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կենտրոնացում:
Այդ ընթացքում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով: «Միասնական Հայրենիք» խմբակցության նախագահի թեկնածուն Սամվել Բաբայանն էր: Սակայն Արցախի Հանրապետության Ոստիկանությունը վերջին 10 տարում Արցախում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժել էր: Տեղեկանքները կարևոր են ոչ միայն սոցիալական նպաստ ստանալու, այլ նախագահ ընտրվելու համար: Այդպիսով, «Միասնական Հայրենիք» խմբակցությանը վերադարձվեց նախագահի առաջադրման մասին դիմումը:
Սեպտեմբերի 8-ին հայտարարությունների ու կոչերի պակաս չեղավ: Ազգային ժողովի խմբակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որն ավարտեցին Արցախի պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից զերծ մնալու կոչով: Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սթափության կոչ արեց: Ասաց, որ պետական մարմիններն ամեն ինչ կանեն ներքին կայունությունը պահպանելու համար:
Հաջորդ օրը նախագահի ընտրությունից բացի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի թիմակիցների հավաքն էր:
Սեպտեմբերի 9-ի առավոտյան ժամը 10-ից մարդիկ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց: Վերջինի մուտքը փակ էր արգելապատնեշներով ու անձրևանոցներ հագած ոստիկաններով: Ժամը 11:00-ին Ազգային ժողովում հրավիրվեց հատուկ նիստ՝ Արցախի նախագահի ընտրության հարցով: Լրագրողներին արգելեցին նիստերի դահլիճ մտնել հեռախոսներով: Նիստից երկար սպասված ուղիղ եթերը չեղավ: Երկու ժամ անց Ազգային ժողովը տարածեց հայտարարություն. «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածներով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի Հանրապետության նախագահ»:
Ս.Շահրամանյանն իր ամբողջ գործունեության ընթացքում հիմնականում աշխատել է ուժային կառույցներում: Նա նաև հայտնի Ռազմահայրենասիրության նախարարության միակ նախարարն էր:
Ինչ որ է, նիստին ներկա էին 31 պատգամավորներ: «Միասնական Հայրենիք» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց: Խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ 1994 թվականից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում ինքնախաբեությամբ զբաղվող ու քարոզչական աղբ թողարկող իշխանությունը վերարտադրվում է Սամվել Շահրամանյանի ընտրությամբ: Արդյունքում նախագահի միակ թեկնածուն ընտրվեց՝ 22 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
Հրապարակում ընդհարումներ չեղան: Սամվել Բաբայանն էլ ֆեյսբուքում շնորհավորեց Սամվել Շահրամանյանին ու մաղթեց հավատարմությամբ իրականացնել իրեն առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը:
Սեպտեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքը հեղեղված էր Աղդամ-Ասկերան ճանապարհի բացման մասին գրառումներով: Սակայն հաջորդ օրը պարզ դարձավ, որ այն դեռ փակ է: Ադրբեջանը չբացեց Լաչինի միջանցքը, Արցախը չթույլատրեց հումանիտար բեռների մուտքը Աղդամի ճանապարհով: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Աղդամի ճանապարհը բացելու շուրջ համաձայնությունը կապ չունի այն առաջարկության հետ, որով պետք է բացվեին Աղդամի ու Լաչինի ճանապարհները Կարմիր Խաչի մատակարարումների համար:
Սամվել Շահրամանյանն ինչպե՞ս է պատրաստվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ ստանալու, Լաչինի միջանցքով Հայաստանի հետ ուղիղ կապ ունենալու, այլ ճանապարհներ գործարկելու խնդիրները: Իր ելույթում դա չէր գրել:
Փորձագիտական շրջանակներում Արցախի շուրջ գրեթե աքսիոմ դարձած մի նախադասություն կա․ մեծ հաշվով կարևոր չէ, թե նախագահն ով է։ Այդպե՞ս է, արդյոք։
Ալյոնա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ