Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երեւան
Պահպանողական Սաուդյան Արաբիայում 400-ից ավելի գիրք է արգելվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Դրանց թվում են հայտնի պաղեստինցի գրող եւ պոետ Մահմուդ Դարվիշի ստեղծագործությունները: Համապատասխան որոշումն ընդունել է թագավորության կրոնական ոստիկանությունը՝ Սաուդյան Արաբիայի անվտանգությանը սպառնացող հրատարակությունների դեմ պայքարի արշավի շրջանակներում: 420 գրքերի 10 հազարից ավելի կրկնօրինակներ առգրավվել են մարտի 4-ին Էր Ռիադում սկսված գրքի միջազգային տոնավաճառի ժամանակ (տեղեկությունը՝ ըստ tert.am կայքի, տե՛ս http://goo.gl/QnYjnI):
Հիմա կասեք՝ ի՞նչ կապ ուներ այս իրադարձությունը վերնագրում նշված ռուսական «տապոռի» կամ հայկական ընդօրինակման հետ: Պատասխանեմ՝ ամենաուղղակի: Որովհետեւ եթե Ռուսաստանը շարունակի վերջին մի քանի տարում որդեգրած քաղաքականությունը մեդիայի ոլորտում, ապա շուտով կհասնի նաեւ նոր «Գլավլիտ» ստեղծելուն, բացահայտ գրաքննությանն ու գրքեր եւ թերթեր արգելելուն:
Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, նորից հիշենք, որ այս տարվա փետրվարի մեկից Ռուսաստանում գործողության մեջ է մտել մի օրենք, որը հնարավորություն է տալիս «Ռոսկոմնադզորին» (կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) արգելափակել ցանկացած կայք՝ «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու եւ զանգվածային հրապարակային միջոցառումներին մասնակցելու կոչերի» համար (այս մասին ավելի մանրամասն տե՛ս մեր հրապարակումը «Անալիտիկոնի» նախորդ համարում՝ https://theanalyticon.com/?p=4583#more-4583):
Սակայն, ինչպես պարզվեց, սա դեռ վերջը չէ: Մեդիայի ոլորտում տոտալ վերահսկողություն սահմանելու ռուսական իշխանությունների ախորժակն անհագուրդ է եւ նորանոր դրսեւորումներ է ունենում: Ահա՝ այս տարվա մարտի սկզբին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը «հակառուսական հրապարակումների» համար քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսելն է: Ինչպես ասում են՝ տեղ հասանք: Խորհրդային Միության լավագույն ավանդույթները վերադառնում են նոր տեսքով. հիշո՞ւմ եք, ԽՍՀՄ-ում դատում էին «հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար», ընդ որում՝ այդպիսին կարող էր դիտվել ցանկացած բառ (հրապարակված կամ բանավոր), որը, օրինակ, կդատապարտեր սովետական զորքերի ներխուժումն Աֆղանստան, կգովեր «համաշխարհային կապիտալիզմի» նվաճումները եւ այլն:
Հիմա, ըստ էության, նույն բանն են ուզում Ռուսաստանում իշխողները՝ դա քողարկելով ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: Սակայն այդ քողարկումն առ ոչինչ է դառնում, երբ նախաձեռնության հեղինակը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովն ասում է, թե պատասխանատվության կենթարկվեն այն լրատվամիջոցների ղեկավարները, «որոնք թույլատրում են հակառուսական տեղեկություններով հրապարակումներ, ապահովում են հակառուսական ուղղվածության ծայրահեղական եւ անջատողական ուժերի տեղեկատվական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի սահմաններից դուրս կատարվող իրադարձությունները մեկնաբանելիս» (տե՛ս http://news.rambler.ru/23959844/): Ընդսմին, օրինագծի հեղինակի ասելով՝ նման նախաձեռնության պատճառը որոշ լրատվամիջոցների կողմից ոչ կոռեկտ պատմական անալոգների եւ Ուկրաինայում «պետական հեղաշրջման» մեկնաբանություններն են (նույն տեղում): Ի դեպ, արդեն հայտնի է, որ ռուսական Lenta.ru կայքի գլխավոր խմբագրի հեռացումը կապված էր Ուկրաինական ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշի հարցազրույցի հրապարակման հետ: Իսկ մինչ այդ «Ռոսկոմնադզորը» կայքի ղեկավարությունից պահանջել էր հեռացնել այդ հարցազրույցը: Ահա այսպիսի Ռուսաստան: Ուկրաինական դեպքերի մասին այլ կարծիք ու տեսակետ, պաշտոնական տեսակետից բացի, չի կարելի ներկայացնել: Դա իշխանության կողմից մեկնաբանվում է իբրեւ հակառուսական պրոպագանդա:
Եվ այսուհանդերձ, կարող է թվալ, թե՝ մեզ ի՞նչ Ռուսաստանն, ինչ ուզում է՝ թող անի, իր երկիրը, իր լրատվական քաղաքականությունը, իր մեդիան: Ցավոք, ամեն ինչ այդքան պարզունակ չէ: Բանն այն է, որ Հայաստանի իշխող կուսակցությունն ու վերնախավը սովորություն ունեն, թող ներվի ասել, «կապկելու» ռուսներին: Ընդ որում՝ միշտ ընդօրինակում են վատը, հետադեմը:
Ահա, ռուսների՝ ըստ էության պաշտոնական գրաքննություն մտցնելու այս ֆոնին ուղղակի զավեշտալի է թվում ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված մի օրինագիծ, որը լրացումներ է նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգքի 1087.1 հոդվածում («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»), եւ որն արդեն հասցրել է ստանալ «ընդդեմ ֆեյքերի օրինագիծ» անվանումը: Թվում է, թե նպատակները բարի են, սակայն երբ խորությամբ ուսումնասիրում ես այդ օրինագիծը, միանգամից հասկանում ես, որ նպատակը ռուսական ու սովետական «բարի» ավանդույթներով գրաքննություն հաստատելու մի փորձ է:
Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Դե, որովհետեւ այդ օրինագծով փորձ է արվում՝ նախ՝ լրատվամիջոցների վրա դնել հետաքննիչի գործառույթներ: Այսինքն՝ մինչեւ այս կամ այն սոցիալական ցանցում, բլոգում կամ այլուր հրապարակված ինֆորմացիան օգտագործելը լրատվամիջոցը, ըստ օրինագծի հեղինակների տրամաբանության, պիտի հետաքննություն անցկացնի, պարզելու համար՝ այդ աղբյուրը կամ հեղինակն իրակա՞ն է, թե՞ ոչ: Ի՞նչ պիտի անի լրավամիջոցը՝ անհասկանալի է: Պիտի անձնագիր ու անձնագրային տվյալնե՞ր պահանջի, իսկ գուցե նաեւ լուսանկա՞ր, բնակության հասցե՞…
Երկրորդ, այդ լրացումն իրավունք է տալիս ցանկացած մեկին՝ որոշելու, թե ինչն է զրպարտություն կամ վիրավորանք: Եվ այդ մեկը կարող է, մեջբերում եմ. «հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում» (տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=showdraftHYPERLINK “http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=33026″&HYPERLINK “http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=33026″DraftID=33026 ):
Սա անգամ մի քայլ առաջ է ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու ռուսական օրենքից: Եթե այնտեղ որեւէ նյութ հանելու կարող է պարտադրել միայն «Ռոսկոմնադզորը», ապա Հայաստանում ուզում են իրավունք տալ ամեն մարդու՝ պահանջելու նման բան:
Այս, իսկական գրաքննություն հաստատող, օրինագծի հեղինակներն այդպես էլ չեն հասկանում մի պարզ բան. թե ինչն է վիրավորանք, եւ թե ինչն է զրպարտություն՝ կարող է որոշել միայն դատարանը, եւ քո սուբյեկտիվ ընկալումը դեռեւս բավարար չէ որեւէ կայքում տեղ գտած տեղեկությունները հեռացնելու համար:
Ավելացնեմ, որ բազմաթիվ վնասներից զատ այս օրինագիծը կարող է նաեւ լրատվամիջոցներին, հատկապես՝ առցանց ԶԼՄ-ներին, մղել ինքնագրաքննության:
Ահա, այս օրինագծի հենց այս պահին ի հայտ գալն է, որ տողերիս հեղինակին ստիպում է մտահոգվել: Որովհետեւ սրանից մինչեւ ռուսականի նմանությամբ «հակահայկական» հրապարակումների համար քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսելը մի քայլ է միայն: Իսկ ես չեմ բացառում, որ Հայաստանում իշխող կուսակցությունը կանի այդ քայլը: Մանավանդ, արդեն իսկ իշխանական ամենաբարձր օղակներում աշխատող պաշտոնյաներից լրագրողներին հայրենասիրության դասեր տալու կոչեր են հնչում: Իսկ թե ինչ են հասկանում հայրենասիրություն ասելով այդ չինովնիկները՝ մենք լավ գիտենք. մոտավորապես այս՝ մի գրեք ոչ մի վատ բան երկրի մասին, որ մեր թշնամին չուրախանա…
Ինչեւէ: Ավարտելուց առաջ եւս մի մեջբերում այս հոդվածի սկզբում հիշատակված՝ Սաուդյան Արաբիայում կատարվածի մասին տեղեկությունից: Այն նաեւ մի կարեւոր ուղերձ ունի, որ հաշվի չեն առնում ռուսական «տապոռի կողմնակիցներն ու նրանց հայ հետեւորդները: Ահա՝ «Այնուամենայնիվ, արգելված ստեղծագործությունների հեղինակներին այդ քայլն անգամ ձեռնտու է եղել. ընթերցողները նրանց գրքերին համացանցում ավելի մեծ ուշադրություն են հատկացրել՝ ներբեռնելով էլեկտրոնային տարբերակները» (մեջբերումն ըստ tert.am կայքի, տե՛ս http://goo.gl/QnYjnI):
Այսինքն՝ ինչքան փորձեք արգելել, ինչքան ուժեղացնեք գրաքննությունը, այնքան ազատ խոսքն ավելի ու ավելի մեծ տարածում կունենա: Մանավանդ՝ համացանցում, որի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելը, բարեբախտաբար, վեր է սովետական կարոտախտով տառապող գրաքննիչների ուժերից: