Որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Այսօր շատերը զարմանք են արտահայտում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների «անսպասելի» ջերմացման առթիվ: Ես բազմիցս նշել եմ, որ ոչ մի անսպասելի «ջերմացում» տեղի չի ունեցել: Իսրայելի և Թուրքիայի միջև թե՛ սրացումը և թե՛ ջեմացումը կանխատեսելի ու ծրագրված էին: Կար ընդամենը մեկ տարբերություն՝ հարաբերությունների սրացումը հակասում էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը, իսկ ջերմացումն՝ ընդհակառակը:
Պետք է հստակ հասկանալ, որ «Մավի Մարմարայի» հետ կատարված միջադեպը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սրացման ոչ թե պատճառն էր, այլ սոսկ հետևանքը: Արդարության և զարգացման կուսակցությունն իշխանություն դառնալուց հետո փորձ է կատարել վերականգնել Թուրքիայի գերակայությունը նախկին Օսմանյան կայսրության աշխարհագրական շրջանակներում: Սկսվել է այսպես կոչված նեոօսմանիզմի քաղաքականության իրականացումը:
Նախ՝ Թուրքիան փորձել է հանդես գալ որպես արաբամահմեդական աշխարհի առաջնորդ։
Երկրորդ՝ Թուրքիան փորձել է պայմանավորվել տարածաշրջանային առաջատար տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ հարակից տարածաշրջանները, այդ թվում և Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ:
Այս երկու նախագծերի իրականացումն արտաքին-քաղաքական ասպարեզում պահանջում էր հակաարևմտյան, ընդհանուր առմամբ՝ հակաամերիկյան և մասնավորապես՝ հակաիսրայելական հռետորաբանություն: Առաջին տագնապաբեր նշանը պաշտոնական Անկարայի ամերիկյան հակաիրաքյան դաշինքին մասնակցելուց հրաժարվելն էր:
Սակայն, նախ՝ պարզվել է, որ տարածաշրջանի արաբամահմեդական պետությունների մեծամասնության համար միանգամայն հաճելի էր Թուրքիային հակաիսրայելական դաշինքում տեսնել, բայց ո՛չ ավելին: Այսինքն, պարզ դարձավ, որ նրանք բոլորովին էլ մտադիր չեն ճանաչել Թուրքիայի առաջնորդությունը հակաիսրայելական դաշինքում:
Երկրորդը՝ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ էին Թուրքիային ընդունել տարածաշրջանային հակաարևմտյան դաշինքի մեջ: Սակայն այս ուղղությամբ ևս պաշտոնական Անկարայի սպասելիքներին վիճակված չէր իրականություն դառնալ: Ե՛վՌուսաստանըև՛ԻրանըհրաժարվելենԹուրքիայիհետկիսվելթե՛ՀարավայինԿովկասումևթե՛ՄիջինԱսիայում:
Արաբամահմեդական աշխարհի, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի այդօրինակ վարքագծի պատճառները բոլորովին այլ թեմա են:
Եվ ամեն ինչ «դարձաւ ի շրջանս իւր»: Ուզում եմ հիշեցնել, որ «Մավի Մարմարայի» միջադեպը տեղի է ունեցել 2010թ. մայիսի 31-ին:
Արդեն 2010թ. նոյեմբերին, այսինքն տառացիորեն չորս ամիս անց ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունվել է ԵվրոՊՐՈ համակարգ ստեղծելու որոշումը, որը նախատեսում էր այս համակարգի որոշ տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում։ Մեկ տարի անց, այսինքն՝ 2011 թ. սեպտեմբերին, Անկարան և Վաշինգտոնը ստորագրել են Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային համակարգի (ԵվրոՊՐՈ) շրջանակներում Թուրքիայում ամերիկյան ռադարի տեղակայման վերաբերյալ փաստաթուղթ: Ոչ ոք չէր վիճարկում, որ ԵվրոՊՐՈ-ի տարրերը Թուրքիայի տարածքում զետեղելու նպատակներից էր Իրանի կողմից հրթիռային հնարավոր հարվածներից Իսրայելին պաշտպանելը:
Այդ պահից, այսինքն՝ 2010 թ. նոյեմբերից ի վեր Թուրքիան և Իսրայելը, ինչպես ժողովրդականություն վայելած հայտնի ֆիլմում, փնտրում, բայց ոչ մի կերպ չէին գտնում հարաբերությունները բարելավելու հարմար առիթը: Բայց դա անհրաժեշտ էր անել առանց դեմքը, այսինքն՝ ընտրազանգվածի աջակցությունը կորցնելու: Եվ ահա Իսրայելը ներողություն է հայցել, որի տեքստը համաձայնեցվել էր դրանից դեռևս մեկ ու կես տարի առաջ՝ Նեթանյահուի իշխանությունը պահպանած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Մի խոսքով՝ շահերը հաղթել են զգացմունքներին ու հռետորաբանությանը: Թուրքիան չի կարողացել և չէր էլ կարող դուրս պրծնել ամերիկյան ազդեցության շրջանակից: Այսօր Թուրքիան տարածաշրջանում ամերիկյան շահերի վերասփռողն է, բնականաբար՝ սեփական շահերի հաշվարկմամբ: Բայց դա էլ ամբողջը չէ…
Քաղաքագետ Իքրամ Նուր Շաբիրին իր Iran.ru կայքում հրապարակված «Թուրքիան և Իսրայելը՝ ամերիկյան «վերաձևման» ենթակապալառուները» հոդվածում նշում է. «Օբամայի՝ որպես խաղարարարի և Անկարային ու Թել-Ավիվին հաշտեցնողի հաջողությունը և Իսրայելի դարակազմիկ ներողությունը ստվերվում են մի քանի հանգամանքներով: Պաշտոնական մակարդակում՝ այո, Անկարան ու Թել-Ավիվը միմյանց նկատմամբ սուր հայտարարություններ էին հղում: Կենցաղային մակարդակում՝ այո, առկա էր լարվածությունը, անգամ հրաշալի ֆիլմ է նկարահանվել՝ «Պաղեստին. գայլերի հովիտը» անզուգական Նեջադի Շաշմազի մասնակցությամբ:
Սակայն, այդ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները … հրաշալիորեն զարգանում էին: Եթե դիտենք դրանց դինամիկան, ապա 2010թ. առաջին 10 ամիսների ընթացքում (ճիշտ «Մավի Մարմարայի» միջադեպի տարին) Թուրքիայից Իսրայել ներմուծումն աճել է 18%-ով, իսկ իսրայելական արտահանումը Թուրքիա՝ 29%-ով:
Դիցուք՝ 2011 թվականը։ Իսրայելի Արտահանման ինստիտուտի տվյալներով հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Իսրայելի և Թուրքիայի միջև առևտուրն աճել է ևս 26%-ով՝ կազմելով 2,8 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայից արտահանման ծավալները միջին հաշվով գրանցել են 23%-ի աճ: Որտե՞ղ են այստեղ հարաբերությունների լուրջ վատթարացման նշանները:
Այո՛, Էրդողանի կառավարությունը որոշ ժամանակով սառեցրել է Իսրայելի հետ պաշտպանական արդյունաբերության համար կնքված պետական պատվերները: Իսրայելն, իր հերթին, որոշել է չվերադարձնել Թուրքիային շարժիչների փոփոխության կարիք ունեցող «Նեգոպ» մակնիշի հինգ անօդաչու թռչող սարքեր և հրաժարվել է մատակարարել Բարակ-8 հրթիռներն ու Մ-60 տանկերի համար նախատեսված զինամթերքն ու պահեստամասերը: Դադարեցվել է ԱՄՆ-ից Թուրքիայի գնած չորս АВАКС համակարգերի նորոգումը, որոնց վրա իսրայելական IAI-Elta ըկերությունը պետք է տեղադրեր 25 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային համակարգ: Սակայն, քիչ անց, երբ հանրային դժգոհոթյունը մարել է, ռազմատեխնիկական համագոծակցությունը կրկին նախկին հունի մեջ է մտել, մինչդեռ հատուկ ծառայությունների համագործակցությունը երբևէ չի էլ դադարել»:1
Այո՛, Միացյալ Նահանգները հրապարակավ ամենասկզբից պնդում էին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտության վրա՝ առաջարկելով բնականոնացման գործընթացի մեկնարի մի շարք տարբերակներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ:
Ըստ էության, այս հարցին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեում Պետդեպարտամենտի 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում: Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի շատ կարևոր դերակատարություն աշխարհի խոցելի տարածաշրջանում գտնվող իր երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու գործում: Ջոն Քերրին Թուրքիային բնութագրել է որպես շատ ուղղություններով ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցող պետություն, նշելով, որ իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ ունի սերտ աշխատանքային հարաբերություններ:
Ջ. Քերրին հայտնել է, որ վերջին շրջանում նա մի քանի անգամ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. «Թուրքիան խոստանում է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացին: Նա աջակցում է մեզ սիրիական հարցում. շաբաթ օրը Թուրքիայում տեղի կունենա հիմնական սիրիական խմբերի նիստը: Թուրքիան մեզ հետ քննարկումներ է վարում Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի սառեցված հակամարտությունների կարգավորմանն աջակցելու համար: Կարծում եմ, որ այս հարցերում Թուրքիան կլինի կառուցողական խաղացող»:
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններից կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին։ Նախ՝ ԱՄՆ-ն պաշտոնապես Թուրքիային «կարգում» է Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը և Միջերկրական ավազանն ընդգրկող աշխարհագրորեն կարևոր տարածաշրջաններում ամերիկյան շահերի վերասփռող:2
Պետք է նշել, որ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի տածած այս վստահությունը բոլորովին էլ մեծ սիրուց չի բխում: Ամեն ինչն ամենուր վերահսկել չի հաջողվում, ուստի ծագում է տարածաշրջանային մակարդակում դաշնակիցների հետ իշխանությամբ և պատասխանատվությամբ կիսվելու անհրաժեշտությունը՝ ամբողջական վերահսկողությունը պահպանելով միայն համաշխարհային ընդգրկման ու նշանակության գործընթացների վրա: Իսկ մեր կողմից դիտարկվող տարածաշրջանում ԱՄՆ-ի համար «կուսակալի» ընդունելի այլ թեկնածու չկա: Չէ՞ որ այսքան ընդարձակ տարածության «կուսակալը» պետք է ոչ միայն ամերիկամետ լինի, այլև ունենա անհրաժեշտ ռազմաքաղաքական ու տնտեսական հզորություն ու պաշարներ և հեղինակություն հանդիսանա տարածաշրջանի մյուս երկրների համար: Ֆինանսատնտեսական պաշարներից բացի բոլոր այլ ուղղություններում Թուրքիան հիմնականում համապատասխանում է ներկայացված պահանջներին: Օրինակ, ԱՄՆ-ի ավելի վստահելի դաշնակից Իսրայելը չի կարող ունենալ տարածաշրջանի մյուս երկրների համար անգամ նվազագույն անհրաժեշտ չափով «ընդունելի» լինելու հույսը:
Երկրորդը՝ Իսրայելն, ըստ էության, «կուսակալի» մոտ Վաշինգտոնի հավատարմատար է նշանակվել: Փաստորեն, Քերրին հայտարարել է ԱՄՆ-ի միջտարածաշրջանային կողմնակիցների կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ պետք է մտնեն Թուրքիան, Իսրայելը, Վրաստանը և Ադրբեջանը: Այս դաշինքն ընդհանուր առմամբ օժտված է բոլոր անհրաժեշտ ֆինանսատնտեսական, հաղորդակցաէներգետիկ, ռազմաքաղաքական և մարդկային պաշարներով: Ըստ էության, խոսքը միջտարածաշրջանային ինտեգրացիոն նախագծի մասին է, որը ենթադրում է ռազմաքաղաքական և տնտեսական բավականին ինքնաբավ դաշինքի ձևավորում:
Մի խոսքով, Թուրքիայի և Իսրայելի միջև ամուսնություն է կնքվել, որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է…
1.http://iran.ru/news/analytics/87071/Turciya_Izrail_subpodryadchiki_amerikanskogo_pereformatirovaniya
2.http://ru.apa.az/news/245605