Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թուրքիայի և Իսրայելի միջև «ամուսնություն» է կնքված

marut
April 2013

Որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Այսօր շատերը զարմանք են արտահայտում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների «անսպասելի» ջերմացման առթիվ: Ես բազմիցս նշել եմ, որ ոչ մի անսպասելի «ջերմացում» տեղի չի ունեցել: Իսրայելի և Թուրքիայի միջև թե՛ սրացումը և թե՛ ջեմացումը կանխատեսելի ու ծրագրված էին: Կար ընդամենը մեկ տարբերություն՝ հարաբերությունների սրացումը հակասում էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը, իսկ ջերմացումն՝ ընդհակառակը:

Պետք է հստակ հասկանալ, որ «Մավի Մարմարայի» հետ կատարված միջադեպը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սրացման ոչ թե պատճառն էր, այլ սոսկ հետևանքը: Արդարության և զարգացման կուսակցությունն իշխանություն դառնալուց հետո փորձ է կատարել վերականգնել Թուրքիայի գերակայությունը նախկին Օսմանյան կայսրության աշխարհագրական շրջանակներում: Սկսվել է այսպես կոչված նեոօսմանիզմի քաղաքականության իրականացումը:

Նախ՝ Թուրքիան փորձել է հանդես գալ որպես արաբամահմեդական աշխարհի առաջնորդ։

Երկրորդ՝ Թուրքիան փորձել է պայմանավորվել տարածաշրջանային առաջատար տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ հարակից տարածաշրջանները, այդ թվում և Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ:

Այս երկու նախագծերի իրականացումն արտաքին-քաղաքական ասպարեզում պահանջում էր հակաարևմտյան, ընդհանուր առմամբ՝ հակաամերիկյան և մասնավորապես՝ հակաիսրայելական հռետորաբանություն: Առաջին տագնապաբեր նշանը պաշտոնական Անկարայի ամերիկյան հակաիրաքյան դաշինքին մասնակցելուց հրաժարվելն էր:

Սակայն, նախ՝ պարզվել է, որ տարածաշրջանի արաբամահմեդական պետությունների մեծամասնության համար միանգամայն հաճելի էր Թուրքիային հակաիսրայելական դաշինքում տեսնել, բայց ո՛չ ավելին: Այսինքն, պարզ դարձավ, որ նրանք բոլորովին էլ մտադիր չեն ճանաչել Թուրքիայի առաջնորդությունը հակաիսրայելական դաշինքում:

Երկրորդը՝ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ էին Թուրքիային ընդունել տարածաշրջանային հակաարևմտյան դաշինքի մեջ: Սակայն այս ուղղությամբ ևս պաշտոնական Անկարայի սպասելիքներին վիճակված չէր իրականություն դառնալ: Ե՛վՌուսաստանըև՛ԻրանըհրաժարվելենԹուրքիայիհետկիսվելթե՛ՀարավայինԿովկասումևթե՛ՄիջինԱսիայում:

Արաբամահմեդական աշխարհի, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի այդօրինակ վարքագծի պատճառները բոլորովին այլ թեմա են:

Եվ ամեն ինչ «դարձաւ ի շրջանս իւր»: Ուզում եմ հիշեցնել, որ «Մավի Մարմարայի» միջադեպը տեղի է ունեցել 2010թ. մայիսի 31-ին:

Արդեն 2010թ. նոյեմբերին, այսինքն տառացիորեն չորս ամիս անց ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունվել է ԵվրոՊՐՈ համակարգ ստեղծելու որոշումը, որը նախատեսում էր այս համակարգի որոշ տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում։ Մեկ տարի անց, այսինքն՝ 2011 թ. սեպտեմբերին, Անկարան և Վաշինգտոնը ստորագրել են Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային համակարգի (ԵվրոՊՐՈ) շրջանակներում Թուրքիայում ամերիկյան ռադարի տեղակայման վերաբերյալ փաստաթուղթ: Ոչ ոք չէր վիճարկում, որ ԵվրոՊՐՈ-ի տարրերը Թուրքիայի տարածքում զետեղելու նպատակներից էր Իրանի կողմից հրթիռային հնարավոր հարվածներից Իսրայելին պաշտպանելը:

Այդ պահից, այսինքն՝ 2010 թ. նոյեմբերից ի վեր Թուրքիան և Իսրայելը, ինչպես ժողովրդականություն վայելած հայտնի ֆիլմում, փնտրում, բայց ոչ մի կերպ չէին գտնում հարաբերությունները բարելավելու հարմար առիթը: Բայց դա անհրաժեշտ էր անել առանց դեմքը, այսինքն՝ ընտրազանգվածի աջակցությունը կորցնելու: Եվ ահա Իսրայելը ներողություն է հայցել, որի տեքստը համաձայնեցվել էր դրանից դեռևս մեկ ու կես տարի առաջ՝ Նեթանյահուի իշխանությունը պահպանած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Մի խոսքով՝ շահերը հաղթել են զգացմունքներին ու հռետորաբանությանը: Թուրքիան չի կարողացել և չէր էլ կարող դուրս պրծնել ամերիկյան ազդեցության շրջանակից: Այսօր Թուրքիան տարածաշրջանում ամերիկյան շահերի վերասփռողն է, բնականաբար՝ սեփական շահերի հաշվարկմամբ: Բայց դա էլ ամբողջը չէ…

Քաղաքագետ Իքրամ Նուր Շաբիրին իր Iran.ru կայքում հրապարակված «Թուրքիան և Իսրայելը՝ ամերիկյան «վերաձևման» ենթակապալառուները» հոդվածում նշում է. «Օբամայի՝ որպես խաղարարարի և Անկարային ու Թել-Ավիվին հաշտեցնողի հաջողությունը և Իսրայելի դարակազմիկ ներողությունը ստվերվում են մի քանի հանգամանքներով: Պաշտոնական մակարդակում՝ այո, Անկարան ու Թել-Ավիվը միմյանց նկատմամբ սուր հայտարարություններ էին հղում: Կենցաղային մակարդակում՝ այո, առկա էր լարվածությունը, անգամ հրաշալի ֆիլմ է նկարահանվել՝ «Պաղեստին. գայլերի հովիտը» անզուգական Նեջադի Շաշմազի մասնակցությամբ:

Սակայն, այդ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները … հրաշալիորեն զարգանում էին: Եթե դիտենք դրանց դինամիկան, ապա 2010թ. առաջին 10 ամիսների ընթացքում (ճիշտ «Մավի Մարմարայի» միջադեպի տարին) Թուրքիայից Իսրայել ներմուծումն աճել է 18%-ով, իսկ իսրայելական արտահանումը Թուրքիա՝ 29%-ով:

Դիցուք՝ 2011 թվականը։ Իսրայելի Արտահանման ինստիտուտի տվյալներով հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Իսրայելի և Թուրքիայի միջև առևտուրն աճել է ևս 26%-ով՝ կազմելով 2,8 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայից արտահանման ծավալները միջին հաշվով գրանցել են 23%-ի աճ:  Որտե՞ղ են այստեղ հարաբերությունների լուրջ վատթարացման նշանները:

Այո՛, Էրդողանի կառավարությունը որոշ ժամանակով սառեցրել է Իսրայելի հետ պաշտպանական արդյունաբերության համար կնքված պետական պատվերները: Իսրայելն, իր հերթին, որոշել է չվերադարձնել Թուրքիային  շարժիչների փոփոխության կարիք ունեցող «Նեգոպ» մակնիշի հինգ անօդաչու թռչող սարքեր և հրաժարվել է մատակարարել Բարակ-8 հրթիռներն ու Մ-60 տանկերի համար նախատեսված զինամթերքն ու պահեստամասերը:  Դադարեցվել է ԱՄՆ-ից Թուրքիայի գնած չորս АВАКС համակարգերի նորոգումը, որոնց վրա իսրայելական IAI-Elta ըկերությունը պետք է տեղադրեր 25 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային համակարգ: Սակայն, քիչ անց, երբ հանրային դժգոհոթյունը մարել է, ռազմատեխնիկական համագոծակցությունը կրկին նախկին հունի մեջ է մտել, մինչդեռ հատուկ ծառայությունների համագործակցությունը երբևէ չի էլ դադարել»:1

Այո՛, Միացյալ Նահանգները հրապարակավ ամենասկզբից պնդում էին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտության վրա՝ առաջարկելով բնականոնացման գործընթացի մեկնարի մի շարք տարբերակներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Ըստ էության, այս հարցին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեում Պետդեպարտամենտի 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում: Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի շատ կարևոր դերակատարություն աշխարհի խոցելի տարածաշրջանում գտնվող իր երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու գործում: Ջոն Քերրին Թուրքիային բնութագրել է որպես շատ ուղղություններով ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցող պետություն, նշելով, որ իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ ունի սերտ աշխատանքային հարաբերություններ:

Ջ. Քերրին հայտնել է, որ վերջին շրջանում նա մի քանի անգամ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. «Թուրքիան խոստանում է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացին: Նա աջակցում է մեզ սիրիական հարցում. շաբաթ օրը Թուրքիայում տեղի կունենա հիմնական սիրիական խմբերի նիստը: Թուրքիան մեզ հետ քննարկումներ է վարում Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի սառեցված հակամարտությունների կարգավորմանն աջակցելու համար: Կարծում եմ, որ այս հարցերում Թուրքիան կլինի կառուցողական խաղացող»:

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններից կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին։ Նախ՝ ԱՄՆ-ն պաշտոնապես Թուրքիային «կարգում» է Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը և Միջերկրական ավազանն ընդգրկող աշխարհագրորեն կարևոր տարածաշրջաններում ամերիկյան շահերի վերասփռող:2

Պետք է նշել, որ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի տածած այս վստահությունը բոլորովին էլ մեծ սիրուց չի բխում: Ամեն ինչն ամենուր վերահսկել չի հաջողվում, ուստի ծագում է տարածաշրջանային մակարդակում դաշնակիցների հետ իշխանությամբ և պատասխանատվությամբ կիսվելու անհրաժեշտությունը՝ ամբողջական վերահսկողությունը պահպանելով միայն համաշխարհային ընդգրկման ու նշանակության գործընթացների վրա:  Իսկ մեր կողմից դիտարկվող տարածաշրջանում  ԱՄՆ-ի համար «կուսակալի» ընդունելի այլ թեկնածու չկա: Չէ՞ որ այսքան ընդարձակ տարածության «կուսակալը» պետք է ոչ միայն ամերիկամետ լինի, այլև ունենա անհրաժեշտ ռազմաքաղաքական ու տնտեսական հզորություն ու պաշարներ և հեղինակություն հանդիսանա տարածաշրջանի մյուս երկրների համար: Ֆինանսատնտեսական պաշարներից բացի բոլոր այլ ուղղություններում Թուրքիան հիմնականում համապատասխանում է ներկայացված պահանջներին: Օրինակ, ԱՄՆ-ի ավելի վստահելի դաշնակից Իսրայելը չի կարող ունենալ տարածաշրջանի մյուս երկրների համար անգամ նվազագույն անհրաժեշտ չափով «ընդունելի» լինելու  հույսը:

Երկրորդը՝ Իսրայելն, ըստ էության, «կուսակալի» մոտ Վաշինգտոնի հավատարմատար է նշանակվել: Փաստորեն, Քերրին հայտարարել է ԱՄՆ-ի միջտարածաշրջանային կողմնակիցների կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ պետք է մտնեն Թուրքիան, Իսրայելը, Վրաստանը և Ադրբեջանը: Այս դաշինքն ընդհանուր առմամբ օժտված է բոլոր անհրաժեշտ ֆինանսատնտեսական, հաղորդակցաէներգետիկ, ռազմաքաղաքական և մարդկային պաշարներով: Ըստ էության, խոսքը միջտարածաշրջանային ինտեգրացիոն նախագծի մասին է, որը ենթադրում է ռազմաքաղաքական և տնտեսական բավականին ինքնաբավ դաշինքի ձևավորում:

Մի խոսքով, Թուրքիայի և Իսրայելի միջև ամուսնություն է կնքվել, որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է…

1.http://iran.ru/news/analytics/87071/Turciya_Izrail_subpodryadchiki_amerikanskogo_pereformatirovaniya

2.http://ru.apa.az/news/245605

 

 

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայ-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ
  • Հայաստանը պետք է ներդաշնակվի, այլ ոչ թե հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխություններին
  • Ռազմավարական վերանայումը՝ օրվա հրամայական

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.