Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Խնամքի արտահոսք». կանանց միգրացիայի եզրերը

marut
October 2014

unnamed (1)Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան – Լոս Անջելես

Վճարովի աշխատանքի իգականացում

Ոչ վաղ ժամանակներից կանացի խնամքն աշխատանքի միջազգային շուկայում դիտվում է որպես ապրանք: Դա կապված է այն բանի հետ, որ կանայք շատ ավելի լայն հնարավորություն են ստացել զբաղեցնելու բարձր որակավորում եւ վարձատրություն ունեցող  աշխատատեղեր, որի պատճառով նրանց հետզհետե ավելի քիչ ժամանակ է մնում զբաղվելու տնային` վերարտադրական աշխատանքով: Այս փաստը զարկ է տվել կանանց օրինական եւ ապօրինի միջազգային միգրացիաներին:

Դրա արդյունքում` խնամքն ու հոգածությունն արտահանվում են այսպես կոչված երրորդ աշխարհի աղքատ երկրներից:   Համաշխարհայնացման աղախինների բանակը (դայակներ, տնային սպասուհիներ եւ խնամքի ոլորտի այլ աշխատակիցներ) հզոր հոսքերով ներխուժել է արեւմտյան տնային տնտեսությունների միկրոտնտեսական կառույցների մեջ: Ներգաղթյալ կանանց աշխատանքը շատ հաճախ քիչ է վարձատրվում, բայց հենց նրանց գործունեության եւ զբաղվածության շնորհիվ է «աներեւույթ»  (invisible) տնային աշխատանքը չվճարվող հարթությունից անցնում վճարովի ծառայությունների ոլորտ:

Սեռական տարանջատման եւ գենդերային հավասարության փոխհարաբերությունների ըմբռնումը հարաբերակցվում է «տարբեր մասնագիտություններում եւ աշխատատեղերում տղամարդկանց եւ կանանց ներկայացվածության» չափման հետ: Հետպատերազմյան շրջանում մասնավոր տնային տարածությունից  վերարտադրական աշխատանքի («reproductive» labor) դեպի հանրային ոլորտի «արտադրական» աշխատանքի («productive» work) անցումը մի կողմից արձանագրում է տղամարդու եւ կնոջ աշխատանքային վարձատրության միջեւ եղած խզման հաղթահարումը (the male\female wage gap), իսկ մյուս կողմից ստեղծում է մի իրավիճակ, երբ կինը օտարվում է ընտանիքի վերարտադրության առօրյա աշխատանքից:  Սոցիոլոգների հաշվարկների համաձայն՝ այսօր աշխատում է ամերիկացի կանանց 72%-ը: Առլի Հոխշիլդի կողմից 1997թ. անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք նվիրված էին բարձր որակավորում եւ վարձատրություն պահանջող ոլորտներում ամերիկացի կանանց աշխատանքային զբաղվածությանը, սասանել են ամերիկացիների ընտանեկան գաղափարախոսությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք իրենց շատ ավելի հարմարավետ են զգում աշխատանքի վայրում, մինչդեռ սեփական տունը  նրանց մոտ ընկալվում է որպես բացասական ապրումներով եւ սթրեսներով լի աշխատատեղ:

Այս երեւույթի հաջորդ հետեւանքը ժամանակակից աշխարհում միջին դասակարգի ձեւավորումն է: Այսպիսով, միջին դասակարգի կարիերամետ կանայք նախըտրում էին ավելի երկար մնալ աշխատավայրում, քան կատարել չվարձատրվող տնային վերարտադրական աշխատանք` դրանով իսկ «փոխելով տնային տնտեսությունների խորհրդանշական, սոցիալական եւ տնտեսական չափորոշիչները»:  Միկրոմակարդակի վրա ամուսնական զույգի նյութական ապահովման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով սրվում է աշխատանքի բաժանման ներընտանեկան խնդիրը: Ընդ որում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում աճող թվով երիտասարդ տղամարդիկ պատրաստակամություն են հայտնում իրենց աշխատող կանանց հետ կիսել խնամքի չվարձատրվող աշխատանքի բեռը: Սակայն, գործնականում վերարտադրական աշխատանքի հավասար բաշխման փորձերը լուրջ ձախողում են կրում, եւ ընդհանուր պատկերը բոլորովին լավատեսական չէ:

«Շարժական/մոբիլ մայրություն» 

Աճող միգրացիան ժամանակակից համաշխարհայնացման ամենավիճելի հայեցակետերից է: Հարցն այն է, թե գենդերը՝ որպես սոցիալական կատեգորիա, ինչպես է ազդում միգրացիոն գործընթացների վրա. օրինակ, ի՞նչ պատճառներով եւ ինչպիսի՞ այլընտրանքներով են առաջնորդվում տեղափոխվելու որոշում ընդունած տղամարդիկ եւ կանայք: Դեռեւս արդիական է միգրացիաների վերափոխող ներուժի մասին պատկերացումը, որը փոփոխում է գենդերային կարգը եւ առօրյա հարաբերությունները թե՛ ընդունող, եւ թե՛ արտահանող հասարակություններում: Այլ խոսքերով՝ հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես են տարիքը, էթնիկականությունը եւ դասակարգը՝ գենդերի հետ փոխադարձ ներգործությամբ, միգրացիայի գործնական իմաստներ ձեւավորում կանանց տարբեր խմբերի համար: Մարդաբանական մոտեցման շրջանակներում կենտրոնանալով ազգային պետության  եւ համաշխարհայնացման վրա՝ կարելի է հետեւել, թե ինչպես է ազդում զգացմունքների առեւտրականացումն ազգային/ազգայնական տրամախոսությունների (դիսկուրսի) վրա:

Բրիտանացի մարդաբան Արմինե Իշխանյանը գիտական շրջանառության մեջ է մտցնում շարժական մայրության հայեցակետը՝ որպես կանանց հարկադրված միգրացիայի հետեւանք, երբ կինը հաճախ ստիպված է լինում թողնել իր երեխային՝ գործատուի երեխային իր ուշադրությունը շնորհելու համար: Իշխանյանի տեսանկյունից նմանատիպ որոշման վրա ազդել են մի շարք գործոններ. 1. Ռուսաստանում առկա տնտեսական անկումն ու ահագնացող ռասիզմը, 2. Լոս-Անջելեսում ոսկերչական արտադրության ճգնաժամը, 3. Մեգապոլիսներում, այդ թվում եւ ԱՄՆ արեւելյան ափում, մասնավորապես՝ Լոս-Անջելեսում տնային սպասուհիների պահանջարկի աճը: Առաջին երկու գործոնները նկատելիորեն նվազեցրել են արական աշխատանքի կարիքը, մինչդեռ երրորդ գործոնը հայ կանանց համար աշխատանքային շուկա է ստեղծել (Ishkanian 2002, 391):

Լոս-Անջելես-Երեւան 

Առավել հստակության համար հարկ է բնութագրել այն քաղաքները, որտեղ իմ ազգագրական հետազոտություններն եմ անցկացրել՝ Լոս-Անջելեսն ու Երեւանը: Լոս-Անջելեսը համապարփակ բազմամշակութային մեգապոլիսներից է, որում էթնիկական տնտեսությունների բջիջներն առավելագույն հստակությամբ են ուրվագծվում: Լոս-Անջելեսի տնտեսության էթնիկական կլաստերներում հայերը զբաղեցնում են ոսկերչական արտադրության խորշը: Այդ իսկ պատճառով այդ ոլորտում 1990-ականներին աշխատած  աշխատանքային միգրանտների մեծամասնությունը հայ տղամարդիկ էին: 1991-1997թթ. Հայաստանից կայուն կերպով արական աշխատանք էր արտահանվում՝ Լոս-Անջելեսի քաղաքային տնտեսության այդ հատվածի աշխատանքն ապահովելու համար: Սակայն 1990-ականների ավարտին իրավիճակը փոխվել է, եւ կառավարական ստուգումների արդյունքում այդ ոլորտում արտադրությունը սկսել է նվազել: Ապօրինի արտերկրացիներին աշխատանք տալու կամ նրանց աշխատատեղերի սանիտարական չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով փակվել են ոսկերչական ոլորտի բազմաթիվ ձեռնարկություններ: Անաշխատանք մնացած տղամարդ միգրանտների մեծ մասը հարկադրված էր վերադառնալ Հայաստան:

Նոր պայմաններում ԱՄՆ են մեկնել մարդկային բավարար կապիտալով օժտված նրանց կանայք կամ ընտանիքի այլ կին անդամներ՝ վերարտադրական աշխատանքի ոլորտն ապահովելու համար: Այդ կանայք հիմնականում աշխատում են որպես դայակներ կամ ընտանիքի տարեց անդամներին խնամողներ:

Սկսենք նրանից, որ, ի տարբերություն տղամարդ միգրանտների, նրանք աշխատանք են կատարում մասնավոր տարածությունում, ինչը դժվարացնում է նրանց հետապնդումը պետական ֆինանսական մարմինների կողմից: Քանի որ խոսքը պաշտոնապես չգրանցված մարդկանց մասին է, նրանք աշխատանք են որոնում ոչ ֆորմալ տնտեսական հատվածում: Վճարման ամենահավանական տարբերակը կանխիկ փողով է՝ առանց որեւէ հարկման: Միաժամանակ, հարկ է նշել, որ ոչ ֆորմալ տեսակի զբաղմունքների մեջ, ինչպիսին են, օրինակ, թմրադեղերի վաճառքը, ավտոմեքենաների առեւանգումը եւ այլն, միայն մասնավոր տնային տնտեսությունների սպասարկումն է, որ իր մեջ արգելված եւ քրեորեն պատժելի տնտեսական գործունեություն չի պարունակում:

Ներգաղթյալ կանանց աշխատանքային պայմանների բացասական կողմն այն է, որ նրանք ստիպված են աշխատել առանց իրենց իրավունքները եւ կատարելիք աշխատանքների ցանկն ամրագրող գրավոր համաձայնագրի, որը պարարտ հող է ստեղծում նրանց վրա դրվող պարտականությունների կամայական մեծացման համար: Այսպիսին էր բոլոր 14 հարցվածների փորձառությունը: Ժամանակային սահմանափակումները եւ աշխատանքների բազմազանությունը նույնպես համարյա երբեք նախապես չեն ճշտվում: Իմ քննած դեպքերի մեծ մասում որպես դայակ հրավիրված կնոջը ծանրաբեռնում էին տնային սպասուհու աշխատանքով՝ տան մաքրում, լվացք-արդուկում, ճաշի պատրաստում, տնային կենդանիներին կերակրում եւ այլ ժամանակատար գործեր: Միաժամանակ, միգրանտուհիները զրկված էին բժշկական ապահովագրությունից եւ արձակուրդի իրավունքից, ինչպես նաեւ՝ ծերության ժամանակ թոշակային ապահովագրությունից օգտվելու հնարավորությունից: Աշխատանքի բնույթն էլ է խորապես անձնավորված՝ նմանվելով ծառա-տեր հարաբերություններին՝ հնամենի աստիճանակարգված հարաբերությունների կարծր կամ մեղմ կաղապարի սահմաններում:

Նման վարձու աշխատանքների էական առավելությունների թվին է պատկանում այն հանգամանքը, որ կին ներգաղթյալները համեմատաբար արագ են ներառվում առկա էթնիկական ցանցերում: Ի հեճուկս իրենց սոցիալական եւ ենթամշակութային լուսանցքայնության՝ նրանք ձեռք են բերում աշխատանք եւ որոշակի պաշտպանվածություն: Գործատուները, անտեսելով լեզվական պակասավորությունը, ճանաչում են անհայտ եւ հեռավոր կրթական հաստատությունների դիպլոմները (արեւելահայերենի եւ արեւմտհայարենի տարբերությունը չի խանգարում փոխադարձ ըմբռնմանը, խոսքը՝ անգլերենի վատ իմացության մասին է) ի հեճուկս ԽՍՀՄ-ում ապրած լինելու սոցիալական հզորագույն տարանջատիչ ջրբաժանի: Դժվար չէ կռահել, որ դայակների որոնողական ռազմավարությունները հիմնականում սահմանափակվում են անձնական շփումների դաշտով: Որոնումն իրականացվում է հատուկ «սփյուռքյան» թերթերի միջոցով: Բայց ամենագլխավորը Լոս-Անջելեսի հայկական եկեղեցիներից մեկին կից գործող «Հայերի աջակցության կազմակերպությունն» է (Armenian Relief Society):

Ցանցերի փոխշահավետ գործակցության հետին կողմն էլ այն է, որ կին միգրանտներն ինքնաբերաբար դուրս են մնում համաամերիկյան աշխատանքային շուկայից: Ընտրելով նկարագրված ամենապարզ ճանապարհը՝ նրանք իրենց մղում են մշակութային պահածոյացման՝ «եփվելով սեփական հյութի մեջ» եւ ինքնասահմանափակվելով իրենց տնային մշակույթի կաղապարներով:

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ռուսաստանցի «ռելոկանտները» Հայաստանում
  • Ալիք հյուսիսից. խնդիրներ և հեռանկարներ
  • Ի՞նչ է սպասում ռուս արտագաղթյալներին Հայաստանում․ ինտեգրո՞ւմ, վերադա՞րձ հայրենիք, թե՞ նոր տեղափոխություն

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.