Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Նորերս մի հետաքրքիր տեղեկատվություն գրավեց ուշադրությունս:
ՙՂարաբաղյան հիմնախնդիրը հետխորհրդային տարածքի եւ նույնիսկ ամբողջությամբ վերցրած Եվրոպայի սառեցված այն քիչ հակամարտություններից է, որը կարելի է լուծել՚,- ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ռուսաստանյան տարբեր բուհերի ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Սրանով հանդերձ ՌԴ նախագահը մի հետաքրքիր բացահայտում է արել, որի նրբանկատությունը հասկանալով` ակնկալել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ըմբռնումով մոտեցումը: ՙԶարմանալին այն է, – ասել է Դմիտրի Անատոլեւիչը,- որ երկու նախագահների շրջապատները, բնականաբար, լավ էլ ունեն իրար հետ: Թե° նախագահ Ալիեւի, եւ թե° նախագահ Սարգսյանի շրջապատը հեշտորեն անցնում են ադրբեջաներենից հայերեն եւ հայերենից` ադրբեջաներեն: Սա պարզապես իմ աչքի առաջ է տեղի ունենում: Ավելին` դա, իհարկե, քողարկված պահ է: Բայց ես հույս ունեմ, որ թե° Սերժ Ազատիչը, եւ թե° Իլհամ Հեյդարիչը չեն նեղանա ինձնից, եթե ես ասեմ, որ նրանք նույնպես իրար հետ վատ չեն: Երբ մենք միասին ենք լինում սեղանի շուրջ` նրանք շատ լավ էլ շփվում են իրար հետ՚
(www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1458226.html 21.10.2011):
Ի±նչ է սա նշանակում, եթե ոչ երկակի չափանիշներ, ինչից սովոր ենք բողոքել եւ տրտնջալ, որ միջազգային հանրությունը, այս կամ այն երկիրը տարբեր հայացքով են նայում մեր պատկերացմամբ համանման հիմնախնդիրներին: Բայց այստեղ մի շատ նրբանկատ հանգամանք կա: Մեզ հետ այդպես վարվում են ուրիշները` ուրիշ պետությունները, ուրիշ կազմակերպությունները եւ այլն, իսկ մենք, պարզվում է, այսպես ենք վարվում մեր իսկ ժողովրդի նկատմամբ:
Ընդ որում, սա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի ղեկավարությանը եւ մասնավորապես այդ երկրի նախագահին, ով հրապարակավ (բեմում) խոսում է ատելության եւ թշնամանքի լեզվով, իսկ կուլիսների ետեւում` մարդավարի: Սերժ Սարգսյանն այս առումով համեմատաբար ավելի անկեղծ է, ըստ այդմ էլ` ավելի շահեկան վիճակում: Նա, համենայն դեպս, իր ժողովրդից չի թաքցնում զիջումների էությունը (արդարացված են այդ զիջումները, թե ոչ` այլ հարց է) եւ գիտակցում է, որ, միեւնույն է, մի օր դրանք հանրության սեփականությունն են դառնալու: Այլ հարց է, որ նա էլ երբեմն տարբեր լեզուներով է խոսում հայ հանրության հետ` կախված բանակցային գործընթացում առկա իրավիճակից: Իսկ Ալիեւն ընդհանրապես տարբեր լեզուներով է խոսում տանը եւ դրսում, այլ կերպ ասած` երկիմաստ վիճակի մեջ է դնում սեփական ժողովրդին:
Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանություններին, ապա նրանց դիրքորոշումն ընդհանրապես անհասկանալի է, ըստ այդմ էլ ոչ անկեղծ` գոնե սեփական ժողովրդի հանդեպ: Այսպես, ԼՂՀ իշխանությունները մի կողմից ասում են, որ չունենք ազատագրված տարածքներ` դրանք ԼՂՀ սահմաններն են, մյուս կողմից էլ հայտարարում են, որ միանշանակ ու անվերապահորեն վստահում են ՀՀ իշխանություններին: Իսկ ՀՀ իշխանություններն էլ միշտ կողմ են եղել ազատագրված տարածքները որպես փոխզիջում Ադրբեջանին հանձնելուն:
Ինչ որ է, հակամարտող կողմերի իշխանությունները սեփական երկրում խոսում են ներքին գործածության համար նախատեսված ատելության եւ թշնամանքի լեզվով, իսկ խորհրդային հին ու բարի ժամանակների ոգով էլ ամեն լավը պահում են ՙարտահանման՚ համար, իմա` կուլիսների ետեւում իրար հետ մարդավարի խոսում են:
Տեղին է հիշել նաեւ վաղեմի անկեդոտը Ալիեւ-ավագի եւ Քոչարյանի տասնյակ հանդիպումների մասին: Ասում են, որ այդ ամբողջ ընթացքում նրանք ամեն թեմայով խոսել են իրար հետ, բացի մեկից: Իսկ չեն հասցրել խոսել… ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Ստացվում է` իշխանությունը մարդկային լեզուն պահում է իրեն, թշնամանքի եւ ատելության լեզուն` սեփական ժողովրդին: Հակամարտող կողմերի հանրությունները պիտի նկատի ունենան այս հանգամանքը եւ թույլ չտան իրենց խաղազինվոր դարձնել իշխանությունների ձեռքին, նրանք պիտի կարողանան անկեղծ ու ազնիվ զրույցի կանչել իշխանություններին:
Այսպես թե այնպես` հակամարտող կողմերի հանրությունները պիտի կարողանան լեզու գտնել իրար հետ, իսկ դրա համար պիտի կարողանան երկխոսել, այլ ոչ թե դրա մենաշնորհը թողնել իշխանություններին: Նույնիսկ եթե իշխանությունների երկխոսությունը կոնկրետ արդյունքի հասնի, ապա այն առոչինչ կլինի առանց հանրությունների երկխոսության, առանց նրանց միջեւ վստահության կամուրջների կառուցման:
Հանրությունների երկխոսության բացակայությունն ամենամեծ կորսված հնարավորությունն է մեր հակամարտությունում: Առաջին իսկ օրվանից սկսած:
Տեղին է նշել արցախցի քաղաքագետ Մուրադ Պետրոսյանի կարծիքը: ՙԵթե առանց հանրային գիտակցության մեջ արմատական փոփոխությունների սկսվի խաղաղության շենքի կառուցումը (երրորդ երկրների ակտիվ միջամտությամբ), ապա այդ շենքին (լինի այն անգամ ավարտուն տանիքով) վաղ թե ուշ բաժին է ընկնելու պաղեստինյան խաղաղության ճակատագիրը: Հայերի համար դեպի իրական խաղաղություն տանող բանալին թաղված է ադրբեջանական հանրային գիտակցության մեջ, այլ ոչ թե իշխող էլիտայում, եւ նույնկերպ` ադրբեջանցիների համար բանալին թաղված է հայ հանրային գիտակցության մեջ: Բանակցային գործընթացում դեպի հաջողություն տանող ուղին անցնում է հանրությունների հոգեւոր-բարոյական առողջացման միջով՚: