Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարվում է երկու կողմերի միջև լուրջ քաղաքական տարաձայնությունների հանգուցալուծումից կարճ ժամանակ անց, սակայն շատ մանրամասներ մնում են անհայտ։
Դեյվիդ Օ՛Բիրն, նոյեմբերի 22, 2021
Ըստ լուրերի՝ Իրանն ու Ադրբեջանը նավթի և գազի հետ կապված տարաձայնությունները լուծելու սկզբունքների շուրջ հասել են ուղենշային համաձայնության։
Չնայած համաձայնության մանրամասները դեռևս հստակ չեն, նշմարվում է, որ Բաքուն և Թեհրանը համաձայնել են լրջորեն քննարկել համագործակցության հեռանկարները Թուրքմենստանից Իրանով Ադրբեջան գազի տրանզիտի, Կասպից ծովի նավթի և գազի հանքավայրերի զարգացման և Իրանից՝ Ադրբեջանի էքսկլավ Նախիջևան գազի մատակարարման հարցերում։
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Նավթի նախարար Ջավիդ Օվջիի միջև հանդիպումը եզրափակվեց երկուսի՝ «մոտ ապագայում նավթի և գազի ոլորտում համագործակցության մասին նոր փաստաթղթերի ստորագրման մասին» համատեղ հայտարարությամբ։ Ըստ Իրանի «Shana» գործակալության՝ Օվջին հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակության հետ կառուցողական հանդիպման ընթացքում ձեռք են բերվել լավ համաձայնություններ։
Ըստ «Shana»-ի, Օվջին հաստատել է, որ երկու կողմերի միջև որոշ համաձայնություններ են ձեռք բերվել հարևան երկրներից (նշելով Թուրքմենստանը՝ որպես գազի ստացման հնարավոր աղբյուր) դեպի Ադրբեջան գազի հնարավոր փոխանցման և Նախիջևանին գազի մատակարարման վերաբերյալ, ինչպես նաև Օվջին նշել է, որ նախնական բանակցություններ են տեղի ունեցել Կասպից ծովի նավթի և գազի հանքավայրերի զարգացման վերաբերյալ։
«Իրանն ու Ադրբեջանը քննարկել են էներգետիկ ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացումը։ Այս կապակցությամբ նոր փաստաթղթեր կստորագրվեն»,- իր հերթին նշել է Մուստաֆաևը` հավելելով, որ «ադրբեջանցի փորձագետները Իրանում էին՝ պայմանավորվածությունների մանրամասները քննարկելու համար»:
Միանշանակ չէ՝ արդյո՞ք պայմանավորվածությունները վերջնական են և պարտավորեցնող, թե դեռևս բանակցությունների առարկա են։
Օվջին ասել է, որ «առաջիկա շաբաթների ընթացքում» հետագա համաձայնագրեր կստորագրվեն «նավթի, գազի ոլորտներում և Կասպից ծովի նավթի ու գազի հանքավայրերի զարգացման շուրջ», հաղորդում է «Shana»–ն։
Հնարավոր նշանակալից գործարքների մասին լուրերն անմիջապես հաջորդում էին այն բանին, որ երկու կողմերը փորձում էին թուլացնել քաղաքական լարվածությունը և խոսել էներգետիկայի՝ որպես մի ոլորտի մասին, որտեղ նոր համաձայնագրերը կարող են շատ շահավետ լինել երկու կողմերի համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները դեռևս ուղղակիորեն չեն հաղորդել հանդիպման մասին՝ վկայակոչելով միայն իրանական հաղորդագրությունները:
1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր Նախիջևանը Ադրբեջանից առանձնացվել է Հայաստանի մի հատվածով, ինչը էականորեն բարդացնում է գազի մատակարարումը դեպի էքսկլավ:
2004 թվականին Բաքուն և Թեհրանը կնքել են փոխանակման համաձայնագիր, ըստ որի՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք, իսկ դրա դիմաց Իրանը գազ կմատակարարի Նախիջևանին նույն ծավալի 85 տոկոսի չափով՝ ծավալների տարբերությունը կհաշվարկվի որպես տարանցման վճար:
Բաքուն երկար ժամանակ փորձում է վերանայել գործարքի պայմանները, և դեպի Նախիջևան գազատարի կառուցման երկար ձգձգվող թուրքական ծրագրի նոր նախաձեռնությունը կարող է համոզել Թեհրանին ավելի ճկուն լինել:
Թուրքմենստանի հետ գազի փոխանակման հարցն ավելի խճճված է և ոչ այնքան պարզորոշ։
Թուրքմենստանի մասին իր մեկնաբանություններում Օվջին կարող էր նկատի ունենալ Նախիջևանի հետ կապված փոխանակման գործարքը, ինչը նշանակում է, որ Իրանը պատրաստ կլինի ինչպես նախկինում գազ մատակարարել Նախիջևանին, իսկ դրա դիմաց ստանալ Թուրքմենստանից ներկրվող գազը, որը կվճարվի Բաքվի կողմից՝ Ադրբեջանից Աստարա մատակարարվող գազի փոխարեն։
Այլապես, սակայն, նա կարող էր նկատի ունենալ հնարավոր նոր փոխանակման գործարք, որի համաձայն Իրանը իր ներքին օգտագործման համար նախատեսված գազը կմատակարարի Ադրբեջանին և կփոխարինի այդ գազը Թուրքմենստանից ներկրվող մատակարարումներով:
Նման համաձայնագիրը Ադրբեջանին հնարավորություն կտա բավարարել իր աճող ներքին կարիքները՝ առանց Ռուսաստանից գազ ներկրելու, ինչպես դա արել է նախկինում, կամ կրճատելու արտահանումը դեպի Թուրքիա և Եվրոպա:
Այնուամենայնիվ, դա կարող է որոշ լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի հետ, որը ներկայումս բախվում է էներգետիկ երկու խնդրի հետ․ առաջինը՝ գազի ռեկորդային պահանջարկն է, որը գերազանցում է երկրի ներկայիս ներկրման պայմանավորվածությունները, և երկրորդը՝ գազի դեֆիցիտը, որը շուտով էլ ավելի կսրվի՝ դեկտեմբերին ռուսական գազի մի քանի պայմանագրերի ժամկետի ավարտից հետո:
Անկարան վերջին ամիսներին ձգտում էր բավարարել պահանջարկը՝ ներմուծելով հավելյալ ծավալի գազ և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից, մի ծրագիր, որը, հավանաբար, ավելի դժվար կլինի իրականացնել փոխանակման գործարքի շրջանակներում իրանական գազը Ադրբեջան ներկրելու դեպքում: Սակայն գործարքի մասին լուրը կարող է համոզել Անկարային արագացնել նախատեսվող գազատարի կառուցումը դեպի Նախիջևան:
Կասպից ծովի մասին հայտարարությունը դեռևս ավելի շատ հարցեր է առաջացնում։
Օվջին վկայակոչել է միայն Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի շահագործման վերաբերյալ հնարավոր համաձայնությունը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ այն կներառի։
Նա կարող էր նկատի ունենալ երկու պետությունների ծովային սահմանն ընդգրկող չհորատված տարածքների հնարավոր համատեղ ուսումնասիրումը, կամ՝ որպես այլընտրանք Իրանի համար, որը կարող է օգտագործել Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերության՝ ստորջրյա հատվածների փորձաքննության փորձը՝ Իրանի ծովային հատվածի պաշարները զարգացնելու համար:
2011 թվականին Իրանը հայտարարեց Կասպից ծովի Սարդար Ջանգալ հանքավայրի հայտնաբերման մասին, որը որոշ հաշվարկներով պարունակում է 1,4 միլիարդ խորանարդ մետր գազ և երկու միլիարդ բարել նավթ, սակայն գտնվելով 700 մետր ջրի տակ, այն չափազանց խորն է Իրանի ներքին նավթային ընկերությունների կողմից արդյունահանվելու համար: Երկրի էներգետիկ արդյունաբերությունը տուժել է Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով, որոնք խոչընդոտում են ինչպես բարձր տեխնոլոգիական սարքավորումների գնումը, այնպես էլ միջազգային նավթային ընկերությունների վարձակալությունը՝ երկրի նավթի և գազի առավել դժվար հասանելի հանքավայրերը արդյունահանելու համար:
Դեյվիդ Օ’Բայրնը ստամբուլաբնակ լրագրող է, ով մասնագիտացած է էներգետիկայի ոլորտի լուսաբանման հարցերում: