Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

hayk
December 2021
Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ
Վանաձոր

2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: «Չսպասված-սպասելի» պատերազմն այս կամ այն կերպ ազդեց տարածաշրջանի բոլոր երկրների վրա` ստիպելով ներքին և արտաքին դերակատարներին կողմնորոշվել և հնարավորինս արագ ու ճկուն դիրքավորվել նոր ձևավորվող միջավայրում:

Ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակներում «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով» տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորամիավորումները, միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն հանդիսացող Ռուսաստանը կրկին ներկայացավ աշխարհին իբրև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասնակից «ամենաազդեցիկ» դերակատարը: Պաշտոնական Մոսկվան թե՛ հայտարարությունների և թե՛ գործողությունների մակարդակով շարունակաբար շեշտադրել է իր դոմինանտ դերը հետխոհրդային տարածաշրջանում և, մասնավորապես, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում: Մոսկվայի այս «հատուկ» կարգավիճակը երկար տարիներ «ճանաչվել է» ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետությունների`  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Արդյունքում, Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ, Մոսկվան շարունակաբար վարել է իր սեփական աշխարհաքաղաքական գիծը, որը հաճախ համահունչ չի եղել ՄԽ-ի մոտեցումներին:

Արևմտյան փորձագիտական շրջանակներում շատերն են ընդգծում, որ Մոսկվայի նման երկակի գործելակերպը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում`  իբրև ՄԽ համանախագահ պետություն և իբրև առանձին` «հատուկ կարգավիճակով» դերակատար, տարածաշրջանում խաթարել է վստահությունը Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության`  Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի`   Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործողությունները հիմնականում իրականացվել են Մինսկի խմբի շրջանակներում: Առանձին դեպքերում, երբ վերջիններս հանդես են եկել սեփական նախաձեռնություններով, դրանք հիմնականում չեն շեղել կողմերին Մինսկի խմբի պաշտոնական գործընթացից:

Այսօր`  44 օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, վստահությամբ կարելի է ասել, որ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջությամբ պարալիզացված էր, իսկ համանախագահող երկրների ղեկավարների և միջազգային ու տարածաշրջանային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու հորդորները ի զորու չէին դադարեցնելու արյունալի պատերազմը: Փխրուն և ցանկացած պահի նոր ուժով պայթելուն պատրաստ հրադադար հաջողվեց կնքել միայն պաշտոնական Մոսկվայի միջամտությամբ և ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական մասնակցությամբ:

Եվրոպական Միությունը հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացներում փաստացի ներգրավված չի եղել, ընդունված է համարել, որ Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացված է ի դեմս Ֆրանսիայի: Դեռևս 1994 թվականին`   առաջին Ղարաբաղյան պատերազմի հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո, Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է «Մինսկի գործընթացի» անվերապահ աջակցությամբ: Պատրաստվո՞ւմ է արդյոք Եվրոպական Միությունը վերաիմաստավորել իր գործունեությունը կամ վերանայել Հարավային Կովկասին առնչվող իր դիրքորոշումները՝ 44 օրյա զինված հակամարտության արդյունքում նոր status quo-ի հաստատումից հետո: Հարցին համապարփակ պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել բազմաթիվ գործոններ`   այս կառույցի կարողություններն ու հնարավորությունները՝ ներառյալ գոյություն ունեցող քաղաքական որոշումներ  կայացնելու և ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմները, տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ներգրավված այլ դերակատարների  հետ անդամ պետությունների հարաբերությունները և բազմաթիվ այլ հանգամանքներ:

Եվրամիության պաշտոնյաները հենց իրենք էլ շատ հաճախ համեմատում են այս կառույցը ահռելի տանկերի հետ`   շատ հզոր, սակայն նավարկման ընթացքում արագաշարժությամբ և ճկունությամբ աչքի չընկնող: Շատերի կարծիքով՝ Եվրամիությունում որոշումների կայացման գործընթացի հիմնական բարդության պատճառն այդ կառույցի միատարր չլինելն է, քանի որ որոշումները համաձայնեցված պետք է լինեն 27՝   միմյանցից տարբերվող նպատակներ, շահեր և հետաքրքրություններ ունեցող անդամ պետությունների միջև, որոնք, սակայն, կիսում են ժողովրդավարական արժեհամակարգը և որոնց միավորում են տնտեսական փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Չնայած որոշումների կայացման մեխանիզմների բարդությանը՝ Եվրամիությանը, այնուամենայնիվ, հաջողվել է բավականին արագ և արդյունավետ արձագանքել Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների, ռուսաստանյան կամ բելառուսական իշխանությունների կողմից ընդդիմության դեմ իրականացվող բռնարարքների և անօրինությունների կամ Մոլդովայում տեղի ունեցող զարգացումներին: Ծանրաքարշ այս կառույցի այդօրինակ արագ գործելակերպի հիմնական պատճառն այն է, որ վերոնշյալ ճգնաժամային իրավիճակներում ներգրավված կողմերի կամ դրանց դերակատարման և ազդեցության վերաբերյալ գնահատականների շուրջ եղել է կոնսենսուս բոլոր 27 անդամ պետությունների միջև: Այդ պարագայում անդամ պետությունների դիրքորոշման արտահայտումը երկար սպասեցնել չի տվել:

Իրավիճակը, սակայն, այլ է Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերի, նրանց դիրքորոշումների և գործողությունների վերաբերյալ անդամ պետությունների ունեցած տեսակետների հարցում: Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ Եվրամիության ներսում չկա կոնսենսուս կողմերից որևե մեկի օգտին, հետևաբար չկա ընդհանրական գնահատական կողմերի գործողությունների կամ դրանց հետևանքների վերաբերյալ: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքում Բրյուսելից հնչող հայտարարությունները հիմնականում հավասարության նշան էին դնում կողմերի և վերջիններիս գործողությունների վերաբերյալ գնահատականների միջև: Հնչում էին զսպվածություն դրսևորելու ընդհանրական, անհասցե կոչեր և հորդորներ, որոնց, սակայն, չէին հաջորդում մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերը դադարացնելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ: Հիշատակման արժանի է նաև այն փաստը, որ միջազգային հարթակներում`   Եվրոպական Միության անդամ պետությունների կողմից հնչող`   Ուկրաինայում վերջին զարգացումների կամ ընդդիմադիր գործիչների մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ ռուսաստանյան կամ բելառուսական իշխանություններին դատապարտող կոչերին, բանաձևերին և հայտարարություններին միանալու հարցում էլ ավանդաբար զգուշավորություն են դրսևորել թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի իշխանությունները:

Մարտական գործողություններից ավելի քան մեկ տարի անց Եվրամիությունը հայտարարում է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով: Ակնհայտ է, որ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերը տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերից էր: Հատկանշական է, որ Եվրոպական Խորհրդի նախագահի հրավերի վերաբերյալ Կրեմլի արձագանքը երկար սպասեցնել չտվեց. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը մասնակցելու համաձայնության հայտարարություններից անմիջապես հետո հնչեց հրավեր պաշտոնական Մոսկվայից: Եվրոպական Միության մայրաքաղաք մեկնելուց առաջ Փաշինյանը և Ալիևը հրավեր ստացան հանդիպելու ռուսաստանյան Սոչիում: Դժվար կլինի անտեսել կամ թյուրըմբռնել Կրեմլի` թե՛ կողմերին և թե՛ միջազգային հանրությանն ուղղված այս խոսուն գործողության ուղերձը: Սակայն, հետխորհրդային տարածաշրջանում տարբեր ուժգնությամբ պարբերաբար իրենց մասին հիշեցնող բազմաթիվ «սառեցված» հակամարտությունների ֆոնին, որոնցում ավանդաբար Եվրամիությունը և Ռուսաստանը հանդես են գալիս որպես ընդդիմակիցներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում, այնուամենայնիվ, Եվրամիությունում վաղուց «համակերպվել են» Ռուսաստանի` հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ունեցած ազդեցութան հետ:

Բրյուսելում դեկտեմբերի 14-ին  Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներից պարզ է դառնում, որ բրյուսելյան հանդիպումը կառուցված էր`   իբրև նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Սոչիում կայացած հանդիպման տրամաբանական շարունակություն: Հանդիպումից հետո Շառլ Միշելի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության տեքստում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը հավատարիմ կմնան նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Սակայն, ուշագրավ է, որ բրյուսելյան հանդիպման շրջանակներում Եվրամիության կողմից կատարվել են բավականին հետաքրքիր առաջարկություններ, որոնք, ըստ հրապարակված հայտարարության, ընդունվել են նաև Փաշինյանի և Ալիևի կողմից: Մասնավորապես`   Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իսկ բրյուսելյան հանդիպման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, որ ԵՄ-ն փորձագետների առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով: Բացի այդ, Եվրամիությունը ձեռնամուխ կլինի փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը, ինչը սկզբունքորեն բխում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներից, որոնց մասին ավելի ընդհանրական կերպով խոսվել է Սոչիում:

Նույն`   Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, արդեն բուն գագաթնաժողովի անցկացման օրը, տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի մի այլ հանդիպում`  այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել, սակայն հետաքրքրական է, որ այս հանդիպման կազմակերպման նախօրեին կայացել էր Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որի ժամանակ վերջինս տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները խոսել են հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող հարցերի շուրջ և հայտնել են հաստատակամություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները ակտիվացնելու հարցում:

Արդեն բուն գագաթնաժողովի աշխատանքի արդյունքում հրապարակված համատեղ հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ջանքերը, ընդլայնված ներգրավվածությունը և ամրապնդված դերը հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակներում կամ ի աջակցություն վերջիններիս, ներառյալ`  անհրաժեշտության դեպքում, դաշտային ներկայությունը: Հայտարարությամբ, ըստ էության, եզրագծվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական Միության ներգրավվածության շրջանակը և շահագրգռվածության ոլորտները: Դատելով հռչակագրի տեքստից`   միանշանակ է դառնում, որ Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա Արևելյան գործընկերության տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ, չեզոքացնելու համար խաղաղության, անվտանգության և կայունության համար վտանգ հանդիսացող շարունակական ապակայունացման փորձերը և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները:

Վերադառնալով հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Եվրամիության դերին և ազդեցությանը`   անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ այս հակամարտության գոտում «հատուկ միջնորդի» կարգավիճակ ստանձնած ՌԴ-ի հետ Արևելյան գործընկերության տարածաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր հակամարտություններում ԵՄ-ն ավանդաբար գտնվում է հակառակ բևեռում: Վերոնշյալ օրինակները գալիս են հիմնավորելու այն թեզը, որ, այնուամենայնիվ, Եվրոպական Միությունը պատրաստ է ստանձնել ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի քաղաքական անվերապահ ազդեցությանը հակակշիռ ապահովողի դերակատարումը: Նման հակակշռի ապահովումն, անկասկած, անհրաժեշտ է տարածաշրջանում, հատկապես ժողովրդավարության արժեզրկման, նոր անվտանգային և հումանիտար ճգնաժամերի վտանգները կանխելու տեսանկյունից: Մյուս կողմից, հիմնվելով ԵՄ-ի կողմից արդեն իսկ իրականացված գործողությունների վերաբերյալ վերոնշյալ օրինակների վրա, աշխարհաքաղաքական նման զարգացումների պարագայում, կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի Դաշնության հետ նոր առճակատում ունենալու փոխարեն՝ Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը: Այլ կերպ ասած` հակամարտության լուծման քաղաքական  գործընթացներում ներգրավվելու փոխարեն ԵՄ-ն առաջնահերթություն կտա տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովող միջնորդի դերի ստանձնմանը և տնտեսական նախագծերի իրականացմանը`   քաղաքական գործընթացի կարգավորման իրականացումը թողնելով դրա լեգիտիմ մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մնում է միայն հուսալ, որ համանախագահ երկրների ղեկավարներին կհաջողվի դրսևորել բավականաչափ քաղաքական կամք`   հակամարտությունում ներգրավված կողմերի հետ համագործակցությամբ Մինսկի աշխատանքային խումբը վերակենդանացնելու և վերջինիս բնականոն աշխատանքները վերսկսելու ուղղությամբ:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր խմագրություն ուղարկելու համար, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ, դեկտեմբերի 19-ին գերությունից ազատվել և Բաքվից Երևան են բերվել ևս 10 հայ զինծառայողներ։

Թեգեր Շաբաթական թողարկում դեկտեմբերի 20-26

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

December 2021

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

December 2021

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Թբիլիսի   Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված...

Կարդալ ավելին
Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

December 2021

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում:...

Կարդալ ավելին
Կոալիցիա՝ ընդդեմ դիկտատորների

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

December 2021

Հաջակցություն ժողովրդավարության՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ պատմության մեջ առաջին Գագաթնաժողովը, աշխարհի երկրների մոտ կեսի առաջնորդների առցանց մասնակցությամբ, դարձավ միջազգային հարաբերությունների գլոբալ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.