Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած հրադադարի մասին հայտարարությունը Հարավային Կովկասում փոխեցին տարածաշրջանային հիմնական խաղացողների նպատակները, և օրակարգում հայտնվեցին մի շարք այլ հարցեր։ Դրանցից է Զանգեզուրի կամ Մեղրու միջանցք անուններով հայտնի հասկացությունը, որը, ըստ ամենայնի, պիտի միացնի Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Աշխարհաքաղաքական օրակարգում ինչպե՞ս հայտնվեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում գրված է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»[1]: Այս հայտարարության հրապարակումից անմիջապես հետո թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան բոլոր լծակները գործի դրեց՝ այս կետը ներկայացնելու որպես ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ կետով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման համար տրվելիք գործիք։ Միևնույն ժամանակ, հայկական իշխանություններն էլ այն մեկնաբանեցին և շարունակում են մեկնաբանել տարածաշրջանի բոլոր ուղիների` առանց նախապայմանների ապաշրջափակման ծիրում։ Այսինքն՝ ըստ պաշտոնական Երևանի՝ ճանապարհների վերաբացման դեպքում կբացվի այն ճանապարհը, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը իրար, սակայն այն չի լինելու միջանցքի տեսքով՝ ի հաշիվ ՀՀ սուվերեն տարածքի։
Ժամանակագրորեն փոքր-ինչ հետ գնալով՝ կտեսնենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը ամենևին նոր հասկացություն չէ աշխարհաքաղաքական օրակարգում։ 1992-ի հունվարին ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը հրապարակեց մի ծրագիր, ըստ որի՝ նախատեսվում Էր, որ Արցախի Լաչինի շրջանի և ՀՀ Մեղրու շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը[2]։ 2000-ականներին ևս «տարածքների փոխանակմամբ» հակամարտությունը կարգավորելու համանման մի օրակարգ առաջ մղվեց Քի Ուեսթի բանակցություններում։ Այդտեղից հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը[3]։
Վերադառնալով հետպատերազմյան ժամանակաշրջանին՝ պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամից իր օրակարգում մտցրեց ամեն կերպ թույլ չտալ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը։ 2021 թվականի հունվարին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը այցելեց Բաքու, Մոսկվա և Երևան։ Հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը նշեց, որ «Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»[4]։ Այսինքն՝ այդ այցով և դրանից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Ակնհայտ է, որ խոսքը ՀՀ հարավային շրջանների մասին է։
Իրանական փորձագիտական դաշտում գրվեցին մի շարք հոդվածներ, հետազոտություններ, որտեղ մանրամասն ներկայացվեցին այն վտանգները, որոնք կարող են սպառնալ այդ երկրին, եթե թույլ տա, որպեսզի ի կատար ածվի թուրք-ադրբեջանական մեծագույն նպատակ դարձած «Զանգեզուրի միջանցքը»։ Մասնավորապես, ըստ իրանցի վերլուծաբանների, այդ միջանցքը Իրանին կհարվածի անվտանգային և տնտեսական ոլորտներում։ Անվտանգության տեսանկյունից հարվածի տակ է հայտնվելու Իրանի թե՛ տարածքային ամբողջականությունը և թե՛ ազգային անվտանգությունը։ Ինչպես գիտենք, Իրանի Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգները, որոնք սահմանակից են Հայաստանին, երկար ժամանակ է՝ գտնվում են թուրք-ադրբեջանական ազդեցության գոտում, ուստի պատահական չէ, որ հաճախ այս նահանգները աչքի են ընկնում իրենց պանթուրքիստական տրամադրություններով։ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և «միջանցքի» կառուցման մասին լուրերից հետո Իրանում այս շրջանակները հատկապես ակտիվացան՝ թմբկահարելով «Մեղրիի միջանցքի» հարցը։ Իրանցի վերլուծաբանները գտնում են, որ եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ այդ «միջանցքը» և վերահսկողություն սահմանել Սյունիքի վրա, նրա և նրա մեծ եղբոր հաջորդ քայլը լինելու է վերը նշված նահանգները ամեն գնով Իրանից կտրելը և որպես «Հարավային Ադրբեջան» Ադրբեջանի Հանրապետությանը կցելը։
Հաջորդ վտանգը, որ առկա է «միջանցքի» գաղափարում, տարածաշրջանում և առհասարակ, Իրանի սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ի և Իսրայելի ներկայության ավելացումն է լինելու։ Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին նշել է, որ դեռ պատերազմի ժանանակ Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի միացյալ նպատակը Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանի գրավումն էր, սակայն Իրանի ռազմական քայլերը Անկարային և Բաքվին ստիպեցին հրաժարվել այդ ծրագրից և բավարարվել տարանցիկ հաղորդակցական կապերի գաղափարով, ինչը հստակեցվել է զինադադարի համաձայնագրով[5]: Անհրաժեշտ է հատկապես ուշադրություն դարձնել Իսրայելի ներկայությանը տարածաշրջանում․ երևույթ, որը կտրականապես հակասում է Իրանի շահերին։ Դեռ 44-օրյա պատերազմի արդյունքում է Իրանի հարևանությամբ՝ Արցախի օկուպացված շրջաններում, զգալի Իսրայելի ներկայությունը, ինչն էլ ավելի կմեծանա «միջանցքի» բացումով։
«Զանգեզուրի միջանցքով» Իրանին սպառնացող տնտեսական վտանգների մասին խոսելով՝ իրանցի փորձագետը նշում է, որ նկատի ունենալով ներգրավված կողմերի հակաիրանական դիրքորոշումը՝ «միջանցքով» նոր էներգակիրների ստեղծումը կվերացնի տարածաշրջանում Իրանի էներգետիկ դերակատարումը։ Մասնավորապես, Նախիջևանում իրանական գազը կփոխարինվի թուրքականով, կվերացվի Իրան-Թուրքիա գազատարը, «Մեղրիի միջանցքի» ստեղծմամբ և Նախիջևան-Թուրքիա ադրբեջանական գազի տեղափոխմամբ Թուրքմենստանի գազի փոխանակումը կդադարեցվի ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի համար, և այդ առումով ևս Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը կնվազեն: Ըստ փորձագետի՝ վտանգի տակ կարող են հայտնվել նաև հայ-իրանական էներգետիկ հարաբերությունները։ «Նախքան 44-օրյա պատերազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանում տարանցման, էներգիայի փոխանցման և տրանսպորտային նախագծերի առավելություններից, եթե համաձայնի Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շուրջ: Ակնհայտ է, որ Հայաստանի կախվածությունը Ադրբեջանի Հանրապետության գազից կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում Բաքվի գերակայությունը, ինչպես նաև կապահովի Հայաստանի համաձայնությունը՝ «Մեղրիի միջանցքով» դեպի Նախիջևան էներգիայի մատակարարման հարցում: Հետևաբար, հավանական է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանին գազ մատակարարելու պատրաստակամությունը և ապագայում ավելի էժան գնով գազի մատակարարումը վերջ կդնի Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ գազի մատակարարման քսանամյա պայմանագրին»[6]։
Ի հավելումն տնտեսական այս վտանգների՝ հարկ է հիշել 2021-ի մարտին Իրանի և Չինաստանի միջև ստորագրված 25 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Այն վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացմանը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել տարածաշրջանում[7]։ Այդ համաձայնագրի լիարժեք իրագործման համար ԻԻՀ-ն պիտի ազատ կապ ունենա դեպի հյուսիս, իսկ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու դեպքում կավելանա նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։
«Զանգեզուրի միջանցք» եզրույթի՝ առաջնային օրակարգ ներխուժումից ի վեր Իրանը տարբեր մակարդակներով անընդհատ փորձել է չեզոքացնել այն կամ գոնե հակադարձել։ Սակայն հատկանշական է, որ 2021-ի ապրիլի 13-ին Ալիևը, խոսելով «միջանցքի» մասին, հայտարարեց, թե Բաքուն ու Թեհրանը եկել են «լիարժեք կոնսենսուսի»՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բացման հարցում: «Հետպատերազմյան շրջանի սկզբում նման մտահոգություններ կային, սակայն, ինչպես գիտեք, բարձրաստիճան պատվիրակություններ, ԱԳ նախարարը, փոխարտգործնախարարը այցելեցին Ադրբեջան, և մենք՝ անձամբ ես, երկուսի հետ էլ մանրամասն քննարկեցինք այդ հարցը։ Պարոն Զարիֆը և պարոն Արաղչին և ես, կարծում եմ, ընդհանուր հայտարարի եկանք այս հարցում։ Ես գիտեմ, որ նրանք հետո այցելել են Ռուսաստան և Թուրքիա՝ նույն հարցերը քննարկելու համար, և մենք ունենք լիարժեք կոնսենսուս: Իրանը վճռականորեն աջակցում է այս նախագծին»[8]։
Նա հավելում է, որ Նախիջևան տանող տրանսպորտային «միջանցքը» չի բաժանի Իրանն ու Հայաստանը, հակառակը, Իրանը երկաթուղային կապ կունենա Հայաստանի հետ Նախիջևանի տարածքով։
Թե ինչ կուլիսային բանակցություններ են եղել կողմերի միջև, չենք կարող ասել, սակայն նկատելի է, որ կարծես Իրանի դիրքորոշման մեջ սկզբնական շրջանում առկա խիստ կոշտությունը փոխվել է, և կողմերը գուցե անցել են բանակցելու ու սակարկելու փուլին։ Գուցե այստեղ կարևոր է նաև «միջանցքի» աշխարհագրական դիրքի փոփոխությունը։ Եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր «միջանցք» ստեղծել Մեղրիում՝ անմիջապես Իրանի հարևանությամբ, ապա վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերը «միջանցքի» հող են նախապատրաստում ավելի հյուսիսում՝ Սիսիանի մոտ։ Բայց և, հարկ է նշել, որ Իրանը ձեռքերը չի լվացել իր հյուսիսային շրջաններում սպասվող զարգացումներից։ Օրինակ՝ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արագ ավարտի համար կարևոր էր ԻԻՀ նախագահ Ռաիսիի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ[9]։ Եվ միայն դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցավ կրակի դադարեցում։
_________________________
[1] Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։ https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/
[2] Ի՞նչ կապ կա Մեղրին հանձնելու, Քի Վեսթի և «հոկտեմբերի 27-ի» միջև. մեկնաբանում է Փոլ Գոբլը։ https://factor.am/1549.html
[3] Առավել մանրամասն տե՛ս Վարդան Օսկանյան, «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները», Երևան, Սիվիլիթաս հիմնադրամ, 193-198:
[4] آیوازیان در دیدار ظریف عنوان کرد: ایران چهارمین همکار اقتصادی ارمنستان
[5] یک کارشناس اوراسیا: پروژه دالان زنگزور در راستای اهداف رژیم صهیونیستی است https://www.farsnews.ir/news/14000203000553/%DB%8C%DA%A9-%DA%A9%D8%A7%D8%B1%D8%B4%D9%86%D8%A7%D8%B3-%D8%A7%D9%88%D8%B1%D8%A7%D8%B3%DB%8C%D8%A7-%D9%BE%D8%B1%D9%88%DA%98%D9%87-%D8%AF%D8%A7%D9%84%D8%A7%D9%86-%D8%B2%D9%86%DA%AF%D8%B2%D9%88%D8%B1-%D8%AF%D8%B1-%D8%B1%D8%A7%D8%B3%D8%AA%D8%A7%DB%8C-%D8%A7%D9%87%D8%AF%D8%A7%D9%81-%D8%B1%DA%98%DB%8C%D9%85-%D8%B5%D9%87%DB%8C%D9%88%D9%86%DB%8C%D8%B3%D8%AA%DB%8C
[6] Նույն տեղում։
[7] قرارداد ایران و چین و همکاری ۲۵ ساله: از توافق ایران و چین چه میدانیم https://tejaratnews.com/training/%D8%AA%D9%88%D8%A7%D9%81%D9%82-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%88-%DA%86%DB%8C%D9%86
[8] President Aliyev’s 13 April conference: talking points․ https://top-center.org/en/analytics/3115/president-aliyevs-13-april-conference-talking-points