Երևանը և Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ և համաշխարհային հանրության սևեռուն հայացքի ներքո գալիս են այն բանական եզրահանգման, որ երկու հարևան երկրների միջև խնդիրների ողջ համալիրը հնարավոր չէ լուծել, եթե դրանք չբաժանվեն երկու խումբ ենթահարցերի՝ այն հարցերի, որոնք ավելի լավ է հիմա «չշոշափել», և այն հարցերի, որոնց լուծումը տվյալ պահին ոչ միայն հնարավոր է թվում, այլև ցանկալի՝ ի շահ բոլոր կողմերի։ Համենայն դեպս, առաջին հայացքից հենց նման եզրակացության կարելի է հանգել՝ լսելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներին՝ ս.թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման հանրամատչելի դրվագներում՝ բանակցությունների սկզբի ներածական խոսքերում, համատեղ-ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում և, իհարկե, կարդալով նրանց կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։
Խոսքը սահմանազատման/սահմանագծման և բոլոր այն հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, որոնք անխափան գործել են խորհրդային ժամանակաշրջանում։ Սակայն, դրան զուգահեռ, տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի լայն կոնտեքստ են ձևավորում, ինչն էլ զգալի ազդեցություն է ունենում բանակցային կողմերի դիրքորոշման վրա։ Այստեղ և՛ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային խոշոր դերակատարների շահերն են, և՛ հաղորդակցային նոր կապերի ստեղծման փորձերը՝ արդեն առկա կապերին զուգահեռ։ Մասնավորապես, իրանա-ադրբեջանական բանակցությունները, «մեծ խաղում» Թուրքմենստանի ներգրավումը, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին տարածաշրջանային և արտատարածաշրջանային խոսակցությունները, որոնք կարող են վերաձևել էներգամատակարարումների ու բեռնափոխադրումների ճարտարապետությունն ու լոգիստիկան։
Մեր նոր թողարկումը կոչված է լրացնելու այս պատկերը, որը ներկայումս աշխույժ մեկնաբանվում է տարբեր կարծիքների բավականին լայն միջակայքում։ Ինչն էլ բնական է, քանի որ մշակվում են բավականին բարդ ու արմատացած խնդրի լուծումներ՝ փոխադարձ վստահության անգամ նվազագույն մակարդակի բացակայության պայմաններում և, առայժմ, «զրոյական գումարով խաղի» տրամաբանությամբ։ Բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, և մենք հետևում ենք դրա ընթացքին՝ Մոսկվայում փոխվարչապետերի եռակողմ հանդիպում, Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների սպասվող հանդիպում և այլ՝ ոչ պակաս կարևոր իրադարձություններ, որոնք կարող են ազդել բանակցային տվյալ ռաունդի արդյունքների վրա, այդ թվում և՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ անցկացվելիք Ժողովրդավարությունների առաջին գագաթնաժողովը։ Այս ամենի մասին՝ մեր հաջորդ թողարկումներում։