Միջոցառումը, որը բնորոշվում է որպես մարդու իրավունքների և ազատությունների շուրջ համախմբման կոչ, քննադատության է ենթարկվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսին է Չինաստանը, և նույնիսկ հրավիրվածների մեջ կան քննադատներ։
Ջո Բայդենի՝ հանուն ժողովրդավարության երկօրյա գագաթնաժողովի նախնական մեկնաբանությունների մեծ մասը կարելի է որակել որպես դիվանագետի «բարեգործական պարահանդես»՝ երկար քննարկումներ հյուրերի ցուցակի և նրանց ժամանելու ընթացակարգերի մասին և շատ քիչ՝ դրա ենթադրյալ վեհ նպատակի մասին:
Աֆղանստանում Արևմուտքի ջախջախիչ անհաջողությունից հետո, գագաթնաժողովը կարելի է որակել որպես պոտենցիալ համախմբման կետ ժողովրդավարության համար, սակայն այն ոգևորություն չի առաջացրել նույնիսկ նրանց մոտ, ովքեր այնտեղ հրավիրված են եղել:
Եղել են նաև առանձին արձագանքներ։ Հունգարիան՝ ԵՄ միակ պետությունը, որը դուրս է մնացել 110 երկրների հյուրերի ցանկից, պատասխանել է նրանով, որ փորձել է արգելափակել ԵՄ մասնակցությունը վիրտուալ միջոցառմանը: Մերձավոր Արևելքի գերտերություններրից մեկը՝ ԱՄԷ-ն, որը նույնպես դուրս է թողնվել Բայդենի կողմից, համեստորեն մատնանշում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը երկրին ինքնաթիռներ վաճառելու հարցում:
Երբ Բայդենը նախագահական արշավի ժամանակ խոստացավ անցկացնել գագաթնաժողովը, թվում էր, թե նպատակը բաժանարար գիծ տանելն է Դոնալդ Թրամփի ավտորիտար դաշնակիցների ու ԱՄՆ-ի միջև և ԱՄՆ դիրքը վերականգնելն աշխարհում՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի:
«Ժողովրդավարությունը պատահական չի լինում»,- փետրվարին ասել է Բայդենը։ «Պետք է պաշտպանենք այն, պայքարենք նրա համար, վերահաստատենք այն, հզորացնենք»։ Գագաթնաժողովը որքան ժողովրդավարությունը պաշտպանելու և խթանելու մասին էր, այնքան էլ նպատակ ուներ գիտակցված պատասխան տալու Ամերիկան «ատողներին» (American declinists):
Զարմանալի չէ, որ գագաթնաժողովի դեմ ամենամեծ հակաքարոզչությունը՝ գաղափարական և սոցիալական ցանցերի տիրույթում, եկել է գագաթնաժողովի բացահայտ թիրախներից՝ Ռուսաստանից և Չինաստանից: Վաշինգտոնում երկու երկրների դեսպանները նույնիսկ համատեղ հոդված են գրել՝ որակելով իրադարձությունը որպես «սառը պատերազմի մտածողության արդյունք»: Ռուսաստանը նաև հրապարակեց 2000 բառից բաղկացած առանձին հայտարարություն՝ մանրամասնելով ամերիկյան ժողովրդավարության ձախողումները, լուսաբանելով լրատվամիջոցների կորպորատիվ մանիպուլյացիաները, արտերկրում ժողովրդավարության ապօրինի կիրառումը և կեղծ մեղադրանքն առ այն, որ 2020-ի ընտրությունները գողացվել են Դոնալդ Թրամփից:
Չինաստանը, զայրացած լինելով, որ Թայվանը հայտնվել է հյուրերի ցուցակում, երկար «սպիտակ թուղթ» է պատրաստել չինական ժողովրդավարության մոդելի առավելությունների մասին, որը կրկնում է արտաքին գործերի նախարար Վան Յիի դրույթը։ Նա 2021 թվականի ապրիլին ունեցած իր ելույթում պնդում էր, որ «ժողովրդավարությունը Coca-Cola-ն չէ, որ ԱՄՆ-ն արտադրի օրիգինալ հյութը, իսկ ամբողջ աշխարհն ունենա այդ մեկ համը: Եթե մոլորակի վրա լինի միայն մեկ մոդել, մեկ քաղաքակրթություն, աշխարհը կկորցնի իր կենսունակությունը և կզրկվի աճից»:
«Սպիտակ թուղթը» բացատրում է. «Ժողովրդավարության ֆիքսված մոդել չկա. այն դրսևորվում է բազմաթիվ ձևերով: «Մեկ անձ, մեկ ձայն» և արևմտյան ընտրական համակարգի հիմքում ընկած կուսակցական մրցակցության սկզբունքները քարոզվում են որպես ժողովրդավարության միակ չափանիշ»։
«Չինաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, որը համապատասխանում է մեծ բնակչությամբ հսկայական երկրին: Լինելով բազմամարդ երկիր, որը երկար ժամանակ կրում է թույլ տնտեսական հիմքեր ունենալու հետևանքները, Չինաստանը ձգտում է հավասարակշռության հասնել ժողովրդավարության և զարգացման միջև: Առաջնայինը միշտ մնում է զարգացումը, որին նպաստում է ժողովրդավարությունը, և որն էլ իր հերթին խթանում է ժողովրդավարության զարգացումը։ Չինաստանը երբեք չի զբաղվել ժողովրդավարության մասին դատարկ խոսակցություններով՝ անկախ երկրի զարգացման փուլից»։
Շարունակության մեջ ասվում է․ «Չինաստանում ընդդիմադիր կուսակցություններ չկան։ Սակայն Չինաստանի քաղաքական համակարգը միակուսակցական կառավարման համակարգ չէ: Այն նաև այնպիսին չէ, որտեղ մի քանի կուսակցություններ պայքարում են իշխանության համար և հերթով կառավարում: Դա բազմակուսակցական համագործակցության համակարգ է, որտեղ պետական իշխանությունն իրականացնում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը»։
Ինչ-որ պահի «թուղթը» տպավորիչ խառնաշփոթի մեջ է ընկնում, թե ինչպես են ժողովրդավարությունն ու բռնապետությունը Չինաստանում գոյակցում: Այնպիսի հասկացություններ, ինչպիսին են լրատվամիջոցների ազատությունը և դատական անկախությունը, իսպառ բացակայում են «սպիտակ թղթից», չկա նաև որևէ բացատրություն այն մասին, թե ինչպես է չին ազգը երբևէ ընտրել, թե որ կուսակցությունը պետք է միայնակ որոշի, թե ազգային շահերը որոնք են:
Այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը գնացել են նման քայլերի՝ պաշտպանելու իրենց «ժողովրդավարությունները», վկայում է այն մասին, որ գագաթնաժողովը առնվազն կպել է զգայուն կետերի, կամ՝ որ այս միապետությունները, ամերիկյան ժողովրդավարության ներկայիս վիճակից ելնելով, իրենց այնքան համարձակ են զգում, որ կարծում են, թե վստահաբար կարող են հակահարձակում իրականացնել:
Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Ֆրիդը մտավախություն ունի, որ հավանական է թվարկված պատճառներից երկրորդը․ «Բռնակալները լուրջ են տրամադրված, սա վերացական մի բան չէ։ Բռնակալները պատերազմներ են սկսում. Պուտինը սպառնում է Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմով։ Նա կարծում է, որ իր ժամանակը նորից եկել է, և ժողովրդավարությունը թուլանում է: Մենք այս ֆիլմը նախկինում էլ ենք տեսել, և այն լավ չի ավարտվում։ Նորից 1930-ականներն են»։ Չկա ավելի հրատապ խնդիր, քան ժողովրդավարությունների վերահաստատումը։
Բայց պահի «վեհությունը» չի խանգարել, որ գագաթնաժողովը հարձակման ենթարկվի Արևմուտքում՝ և՛ աջից, և՛ ձախից: Հանրապետական կողմնորոշում ունեցող դոկտոր- պրոֆեսոր Քոլին Դյուքը, ելույթ ունենալով «Heritage Foundation»-ում, կանխատեսում է, որ գագաթնաժողովը կլինի «առաքինություն ցույց տալու փառատոն»: Նա նաև համարում է, որ միջոցառումը կընդգծի այն փաստը, որ մարդու իրավունքները, չնայած Բայդենի հռետորաբանությանը, նրա արտաքին քաղաքականության կենտրոնում չեն: Նա մատնանշում է այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄԷ-ն և Եգիպտոսը, որոնց հետ Բայդենը իր կառավարման ընթացքում գործարքներ է կնքել: «Սա (փառատոնը՝ խմբ․) քարոզչական դիրքորոշում է, և ոչ թե քաղաքական»։
Դանիել Լարիսոնը՝ «Left in Responsible Statecraft»-ից, գրում է, որ նույն դիրքորոշումն ունի: ««Վատ տղաների» այսօրվա «հաղթանակների» քանակի բացատրության առնվազն մի մասն այն է, որ Վաշինգտոնը նրանցից ոմանց «քարտ բլանշ» է տվել՝ իրենց քննադատներին բանտարկելու և սպանելու, այլ երկրներ ապակայունացնելու և չմտածված զինված միջամտություններում ռազմական հանցագործություններ կատարելու համար»։
Այսպիսով, որպեսզի Բայդենի դեմոկրատիայի գագաթնաժողովը հաղթահարի թերահավատության «պատնեշը» և չընկալվի որպես ՀԿ-ների հերթական Zoom հանդիպում, դրան անհրաժեշտ են որոշակի արդյունքներ կամ առնվազն աշխատանքների պլանավորում, որոնք հնարավոր կլինի իրականացնել հաջորդ տարվա ընթացքում:
Գագաթնաժողովի կազմակերպիչները խոստացել են, որ այն կենտրոնանալու է երեք հիմնասյուների վրա՝ «հակառակվել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը»: Տեխնոլոգիաների խնդիրը կանցնի երեքի միջով էլ։
Արտաքնապես, կոռուպցիայի ընդգրկումը որպես գագաթնաժողովի թեմա տարօրինակ է, բայց, ըստ «Ատլանտյան խորհրդից» Բեն Ջուդայի, այն արտացոլում է այն դիրքորոշումը, թե կոռուպցիան կապված է ոչ թե առանձին վատ դերակատարների, այլ վատ համակարգերի հետ, որոնք օգտագործում են ավտորիտարները:
Այլ հայտարարություններ ևս եղել են: Բայդենը հաստատել է, որ մտադիր է բոյկոտել Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ-ն մեծ գումար կտրամադրի վերջերս բացված «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին»: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պատժամիջոցների նոր փուլի մասին հայտարարություն է սպասվում: Սկսել են ի հայտ գալ քաղաքացիական հասարակության տարբեր դաշինքներ՝ տեխնոլոգիաների, կոռուպցիայի և մարդու իրավունքների ուղղվածությամբ։
Այն փաստը, որ քարոզարշավի մասնակիցներ Բելառուսից կամ ակտիվիստ Նաթան Լոուն Հոնկոնգից կխոսեն՝ մի շարք ինքնակազմակերպվող երկրորդական միջոցառումների ֆոնին, ցույց է տալիս, որ կազմակերպիչները գիտակցում են, որ սա չի կարող լինել Ամերիկային պատկանող կամ նույնիսկ բացառապես կառավարությանը պատկանող միջոցառում:
Ջուդան նշում է, որ տպավորված է վարչակազմի նոր հրապարակված հակակոռուպցիոն ռազմավարության որակից՝ խնդիրների վերաբերյալ մտահոգիչ լռությունից հետո։ «Կարծես թե նրանք կգնան գագաթնաժողովին մի քանի իսկապես հիմնավոր գաղափարներով, մի բան, որ նրանք չունեին G7-ից կամ Cop26-ից առաջ»:
Հեղինակ՝ Փաթրիք Ուինթոր