Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում: Այսօրվա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր ըմբռնման ձևավորումը պետք է ընթանա դաշինքում ժողովրդավարության ամրապնդմանը զուգահեռ:
Դեռևս 2014 թվականին, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, ԵՄ-ն հաղթահարեց իր իսկ պատմական տարաձայնությունները Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ և համաձայնեց մի շարք պատժամիջոցների, որոնք այդ ժամանակվանից զարմանալիորեն պահպանվեցին: ԵՄ-ն նաև աջակցել է Ուկրաինային տնտեսապես, ինչպես նաև՝ քաղաքական բարեփոխումների հարցում: Քանի որ Ռուսաստանը գնալով ավելի համարձակ է դարձել ԵՄ-ն խարխլելու իր մտադրության մեջ, եվրոպացի առաջնորդները պակաս միամիտ են դարձել Մոսկվայի հետ երկխոսության ձևավորման հնարավորության հարցում:
Այնուամենայնիվ, բաժանումները շարունակում են հետապնդել Եվրոպան, քանի որ դրանք հիմնված են ոչ միայն քաղաքական նախապատվությունների, այլ նաև աշխարհայացքների տարբերության վրա: Դրանցից առանձնանում են անվտանգության և ժողովրդավարության հարցերում տրոհումները, քանի որ սկսել են հատվել վտանգավոր ձևերով: Անվտանգության մասին պատկերացումները, հատկապեսn երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, տրամախաչվում են եվրոպական ժողովրդավարությունների միջև խորացող բաժանմանը, և այդ սեպերը անառողջ ճեղքվածք են ստեղծում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի միջև:
Մինչ Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային՝ իր սահմաններին զորքեր կուտակելով, իսկ Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին դատապարտվել է տասնութ տարվա ազատազրկման, լարվածության այս դրսևորումները Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումների թաքնված հետևանքն են: Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, հանդիպեցին ԵՄ արտգործնախարարները, երկու օր անց Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները ողջունեցին Արևելյան Եվրոպայից ժամանած իրենց գործընկերներին :
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԵՄ առաջնորդները հավաքվում են Եվրոպայի Խորհրդի տարեվերջյան նիստին, որպեսզի որոշեն, ի թիվս շատ հարցերի, թե ինչպես լիարժեքորեն զսպել Ռուսաստանին Ուկրաինան ապակայունացնելուց կամ կանխել այնտեղ նրա ներխուժումը: Միացյալ Նահանգները Եվրոպայից պահանջում է կոշտ պատասխան՝ Ուկրաինային աջակցելու պարտականությունն ակնհայտորեն Ատլանտյան օվկիանոսի այս կողմում է:
Ինչպե՞ս է արձագանքում Եվրոպան. ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել պատժամիջոցների փաթեթի շուրջ «Վագներ» միավորման դեմ, որը, լինելով Ռուսաստանում տեղակայված վարձկան խմբավորում, պատասխանատու է ռազմական գործողությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար մի շարք հակամարտություններում և երկրներում: Սա կարևոր քայլ է, բայց դժվար թե զսպի Ռուսաստանին:
Այս հոդվածի գրվելու պահին Եվրոպայի Խորհրդի ներկայացրած եզրակացությունների նախագիծը, համաձայնեցնելով Վաշինգտոնի և Լոնդոնի հետ, նախազգուշացնելու է Մոսկվային «ահռելի հետևանքների և զգալի ծախսերի» մասին՝ առանց ակնարկելու հետևանքների բնույթը: Բելառուսի իշխանությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ չեն սպասվում։
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը ևս նման անորոշ ձևով պնդում է. «մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Արևելյան գործընկերության տարածաշրջանի շատ հատվածներում շարունակական ապակայունացմամբ և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումներով»: Նույնիսկ եթե Արևելյան գործընկերությունը մի նախաձեռնություն է, որը կապում է ԵՄ-ն վեց գործընկեր երկրների հետ, ամենաեվրոպամետ անդամները՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, վաղուց պահանջում են իրենց «եվրոպական ապագայի» ավելի հստակ հեռանկար:
Այս խուլ պատասխանները փոխզիջման արդյունք են նրանց միջև, ովքեր չեն ցանկանում սադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հատելով նրա նոր կարմիր գծերը, և նրանց, ովքեր ԵՄ-ի՝ ավելի հաստատակամ լինելու հույս ունեն դաշինքի գործընկերների նկատմամբ ռուսական ոտնձգությունները հետ մղելու հարցում: Փոխզիջման հետևում կան տարբեր՝ խորապես գիտակցված հեռանկարներ, որոնք ձևավորում են այս մարտավարությունը։
Պարզ ասած, Եվրոպայում Ռուսաստանի ընկալումը խորապես տարբերվում է պատմությամբ և աշխարհագրությամբ ավելի մոտ գտնվող, սակայն Ռուսաստանը որպես անվտանգության սպառնալիք դիտարկող երկրների և այն երկրների միջև (հիմնականում Արևմտյան Եվրոպայից), որոնք այլևս չեն վստահում Մոսկվային, բայց ձգտում են երկխոսության տնտեսական և էներգետիկ կապերի, ինչպես նաև՝ Եվրոպայում Ռուսաստանի պատմական դերի ճանաչման հիման վրա: Այս մոտեցումը անվստահություն է ներշնչել Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում՝ կապված Եվրոպայի անվտանգության մեջ ԵՄ դերի ուժեղացման հետ. այս երկրները կցանկանային տեսնել, որ ռուսական սպառնալիքի իրենց ընկալումը ավելի լավ արտացոլված լինի ԵՄ որոշումներում, և ոչ միայն ՆԱՏՕ-ում:
Արևմտյան Եվրոպայում Հունգարիայի և Լեհաստանի դեմոկրատական հետընթացը նույնպես անվստահություն է առաջացնում: Արդարության համար պետք է նշել, որ ժողովրդավարական անկումը չի սահմանափակվում միայն այս երկու երկրներով, այլ ներառում է նաև հին արևմտյան ժողովրդավարությունները: Սակայն Հունգարիայի և Լեհաստանի կառավարություններն են, որոնք համակարգված կերպով խաթարում են օրենքի գերակայությունը: ԵՄ կառույցների և Վարշավայի միջև դիմակայությունը նվազման նշաններ ցույց չի տալիս, ընդ որում՝ Վարշավան սպառնում է արգելափակել մնացած բոլոր որոշումները: Հունգարիան հաճախ վետո է դնում արտաքին քաղաքական որոշումների վրա, թեև խորամանկորեն խուսափում է դա անել այնպիսի կարևոր հարցերի դեպքում, ինչպիսին են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Ժողովրդավարական հետընթացի մասին բողոքը ավելի խորն է, քան վետոները։ Մտավախությունն այն է, որ սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվել է ամբողջ եվրոինտեգրման նախագիծը, հետ են մղվում՝ քայքայելով օրենքի գերակայությունը՝ ԵՄ միասնական շուկայի էական բաղադրիչը, նույնիսկ ԵՄ ամենապրագմատիկ աջակիցների համար:
Դաշինքը միավորող ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ առավել արմատական հավատարմության վերաբերյալ պահանջը նույնպես օգտագործվել է ԵՄ որոշ կառավարությունների կողմից Արևմտյան Բալկանների անդամակցության ճանապարհին հետագա առաջընթացը արգելափակելու համար: Աշխարհաքաղաքական և հասարակական ծախսերը հսկայական են. Արևմտյան Բալկաններում դեմոկրատները քաղաքական բարեփոխումներ իրականացնելու խիզախություն չունեն, կենսունակ ժողովրդավարամետ քաղաքացիական հասարակությունը գնալով հիասթափվում է (ինչպես Արևելյան Եվրոպայում), տարածաշրջանը դառնում է այլ ուժերի աշխարհաքաղաքական խաղադաշտը, և 1990-ականների պատերազմներին հաջորդած կարգավորումը ավելի ու ավելի է մոտենում փլուզման Բոսնիայում և Հերցեգովինայում: Սա վառ հակադրությունն է 2000-ականների իրողության հետ, երբ ԵՄ-ի ընդլայնումը դեպի Կենտրոնական Եվրոպա ազդարարվում էր որպես արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունը:
Անվտանգության և ժողովրդավարության խորը կապը ի սկզբանե դրսևորվել է եվրաինտեգրացիայի պատմության մեջ, քանի որ եվրոպայի անվտանգությունը դառնում է հրատապ, էկզիստենցիալ մարտահրավեր, այն պահանջում է ավելին, քան փոխզիջում բազեի և աղավնիների միջև: Անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ վերահաշվարկը պետք է հաշվի առնի Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների կողմից անվտանգության սպառնալիքի ընկալումը: Սա էր պատճառներից մեկը, որ այս երկրները թեքվեցին դեպի արևմուտք, երբ կործանվեց «երկաթե վարագույրը»:
Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ բոլոր երկրների ժողովրդավության որակը նրանց համերաշխության հիմքն է։ Դրա ուղուց շեղումը իր մեջ ԵՄ-ն մասնատելու վտանգ է ներկայացնում: Սա տխուր և մութ ստվեր կլինի Եվրոպայում՝ սառը պատերազմի ավարտից հետո ԵՄ-ի լուսավորչական գործունեության համար:
Հեղինակ՝ Ռոզա Բալֆուր