Բրյուսելում կայացել է Փաշինյան—Ալիև հանդիպումը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հանդիպման ավարտից հետո նա հայտարարությամբ է հանդես եկել դրա արդյունքների վերաբերյալ։
Այն ամենը, ինչ այս պահին հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք Երևանից և Բաքվից։
«Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել կոմունիկացիաների ապաարգելափակմանը»
Հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը վերահաստատել են Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարություններին հավատարիմ լինելը։ Երկու առաջնորդներն էլ ընդգծել են կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև կապի հաստատման հարցում առաջընթացը։
Եվրախորհուրդն էլ առաջարկում է հարթակ ստեղծել տնտեսական համագործակցության զարգացման և Երևանի ու Բաքվի միջև վստահության ամրապնդման համար։
Շառլ Միշելի հայտարարությունում նշվում է հումանիտար հարցերի շտապ լուծման՝ դեռևս Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզման անհրաժեշտությունը։ Իսկ ԵՄ-ն խոստանում է աջակցել ականազերծման հումանիտար ջանքերին, այդ թվում՝ խորհրդատվության ձևով, նաև օգնություն տրամադրել հակամարտությունից տուժած բնակչությանը։
Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարությունում ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում ճանապարհների բացման կարևորությունը և այն, որ այդ գործընթացը պետք է անցկացվի բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում։
Շառլ Միշելը կարևոր է համարել երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին որոշումը, որն ընդունվել է հանդիպման ժամանակ։ Ընդ որում, եվրոպական գործընկերները հայտարարում են ճանապարհների բացմանը սատարելու պատրաստակամության մասին։
Տեղեկություններ Երևանից
Դեռևս հանդիպումից առաջ հայկական մեդիան ուշադրություն էր դարձրել դրա մասնակիցների «ընդհարմանը»։ Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել էր․
«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն անվտանգություն և հասանելիություն է ապահովում Լաչինի միջանցքին [ցամաքային միակ ճանապարհը, որը միացնում է Հայաստանն ու Արցախը — JAMnews]։ Հայաստանը պետք է նույնպիսի անարգել հասանելիություն մեզ տրամադրի Զանգեզուրի միջանցքի հարցում [Ադրբեջանը ճանապարհ է պահանջում դեպի իր էքսկլավ Նախիջևան Հայաստանի հարավով — JAMnews]։
Այսօրվա դրությամբ՝ Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի, որ Զանգեզուրի միջանցքով բեռների և քաղաքացիների տեղաշարժի վերահսկողության նպատակով մաքսակետեր տեղադրվեն, ապա մենք նույնպիսի պայմաններ առաջ կքաշենք Լաչինի միջանցքի համար։ Սա տրամաբանական է»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը։
«Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։
Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում», — գրել էր Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։
Բրյուսելի հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է հաղորդել։
Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են հարցերը, որոնք քննարկվել են։
- Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը․
«Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին»:
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․
«Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն»։
- Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։
- Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։
- Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Փորձագիտական կարծիք Երևանից
Հայաստանում փորձագետներն առանձնապես հույսեր չէին կապում բրյուսելյան հանդիպման հետ։ Ակնկալվում էր միայն հումանիտար հարցերի լուծում, մասնավորապես՝ գերիների գոնե մի մասի վերադարձ, որոնք շարունակում են Ադրբեջանում պահվել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը, մասնավորապես, ենթադրել էր, որ եվրոպացի գործընկերներն այս այլընտրանքային հարթակն ավելի շատ ստեղծում են Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնելու նպատակով։
«Եթե Արևմուտքն իրոք շահագրգռված է այս տարածաշրջանում ծավալված որոշակի գործընթացները կասեցնելով և իր աշխարհաքաղաքական կորցրած դիրքերը վերականգնելով, ապա առնվազն կկարողանա բավականաչափ ճնշում գործադրել [Ադրբեջանի վրա] գոնե մեկ հարցով՝ հայ գերիների վերադարձի առումով, քանի որ այս հարցում այլ կարծիք լինել չի կարող, նրանք պետք է վերադարձվեն։ Եթե հետաքրքրված չէ, և սա ընդամենը Ուկրաինայում առաջացած լարմանը Արևմուտքի մուլտիռեգիոնալ պատասխանն է, ապա չենք տեսնի [օգտակարության] այդ ցուցիչը»։
Ամեն դեպքում, Հայաստանի ողջ փորձագիտական համայնքն այն կարծիքին էր, որ պետք է մասնակցել բանակցությունների այս նոր ձևաչափին, որն այլընտրանք է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին։
«Եռակողմ ձևաչափը [Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան] իրականում քառակողմ է, որովհետև թվում է, թե «սենյակում» չորրորդ մասնակից կա, թեև ոչ ոք չի ուզում նրա անունը տալ՝ Թուրքիան։ Այն ամենն, ինչ քննարկվել է այդ եռակողմ ձևաչափով, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին, հայ ժողովրդի կենսական շահերին», — մասնավորապես, կարծում է ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արեգ Քոչինյանը։
Նա ենթադրում է նաև, որ, եթե Ռուսաստանն իրոք սկսի Արևմուտքի միջամտությունն ընկալել որպես սպառնալիք 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված ձևաչափին, ապա կրկին «կակտիվանան Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները սահմանի ողջ երկայնքով, ուժով «միջանցք» գրավելու մասին հայտարարությունները»։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանական մեդիան գրում է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ է կայացել տետ ա տետ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ առանց միջնորդների ներկայության։ Այն կայացել է դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան, Բրյուսելում, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ընթրիքից հետո։
Այն մասին, թե հստակ ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը, դեռ չի հաղորդվում։ Ադրբեջանական մեդիան գրում է միայն, որ կողմերը պայմանավորվել են գործարկել երկաթուղին, որը կապում է Հայաստանն ու Ադրբեջանը։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ և հայտարարություն արել «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Լաչինի միջանցքինն է», — հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել այն մասին, որ «Լաչինի միջանցքում անցակետեր չկան, հետևաբար, Զանգեզուրի միջանցքում նույնպես չպետք է մաքսակետեր լինեն»։ Սա նրա պատասխանն է Հայաստանին, որը մերժում է իր տարածքով միջանցք տրամադրել՝ կորցնելով դրա նկատմամբ իր ինքնիշխան վերահսկողությունը։
«Եթե Հայաստանն ուզում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում», — ասել է Ալիևը։
Փորձագիտական կարծիք Բաքվից
Արևմուտքն ուզում է Ադրբեջանի և Հայաստանի դիմակայության մեջ միջանցքների հարցն ուղղել Ռուսաստանի դեմ, ասում է քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովը։
«Փաշինյանի խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը ոչ մի ընդհանրություն չունի մինչ այս անցկացված բանակցությունների և ստորագրված հայտարարությունների հետ։
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի հայտարարությանն, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին․ դա արվել է Արևմուտքում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ի՞նչ է սա նշանակում։
Առաջին՝ Ալիևը նոր բովանդակություն է հաղորդում Զանգեզուրի միջանցքի օգտագործման ռազմավարությանը։
Երկրորդը՝ սա նշանակում է, որ արևմտյան քաղաքական շրջանակներում բարձրացվել է Լաչինի միջանցքի հարցը, իսկ դա կարող է Ռուսաստանի մոտ խանդ առաջացնել։
Եվ երրորդը՝ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության պայմանն ընդդեմ Զանգեզուրի միջանցքի վերահսկման՝ Արևմուտքի մասնակցության համար պայմաններ է ստեղծում տարածաշրջանում։
Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։ Մնում է սպասել Ռուսաստանի դիրքորոշմանը։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհ պետք է կառուցվի, իսկ ռուս խաղաղապահները պետք է վերադիրքավորվեն այնտեղ։
Իսկ Արևմուտքն, իր հերթին, ձգտում է նվազեցնել խաղաղապահ գործընթացի վրա Ռուսաստանի ազդեցության մակարդակը։
Սակայն արդյո՞ք նա այդ ցանկության գործնական իրականացման համար լծակներ ունի։ Դեռևս դրանք չեն երևում, բայց այս հարցում չարժե շտապել։ Մոտակա ամիսներին իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց կտա, թե ինչ եզրակացություններ կարելի է անել դրանից», — նշել է քաղաքական վերլուծաբանը։