Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր
Թբիլիսի
Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված կարևոր իրադարձությունը կայացավ Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին։ Այլ հարցերից բացի ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների առաջնորդները քննարկեցին երկու առանցքային հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այնպես որ, հայ-ադրբեջանական դիմակայության համատեքստում «ո՞ւր է ԵՄ-ն» հարցադրումը լիովին առարկայական էր։ Դրա հետ միասին հարկ է նշել, որ Ռուսաստանն ու Թուրքիան՝ հակամարտության գլխավոր խաղացողները, Եվրամիության համար պարզապես «տեղ չէին թողել»։ ԵՄ-ն ներկայացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը հատուկ ստեղծվել էր հենց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ ԵՄ արտաքին քաղաքականությունը ղեկավարող Արտաքին կապերի եվրոպական ծառայության գոյության ողջ ընթացքում (այնտեղ արդեն երեք հանձնակատար է փոխվել) Մինսկի խմբում ԵՄ-ի համար ոչ մի տեղ չի գտնվել։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ ծավալվեցին, ԵՄ-ն միջամտելու ոչ մի հնարավորություն չունեցավ։ Երրորդ կողմերը Հարավային Կովկասում ներկա են միայն Հարավային Կովկասի երկրների հրավերով։ Օրինակ, ռուսաստանյան ազդեցությունը պայմանավորված է Մոսկվայի աջակցությանն ապավինող Հայաստանի ցանկությամբ։ Թուրքիայի ազդեցությունը՝ Ադրբեջանի և Վրաստանի հրավերով. Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուժեղ մշակութային և քաղաքակրթական կապեր, իսկ Վրաստանի համար Թուրքիան կարևոր է ՆԱՏՕ-ի կառույցներին և սևծովյան անվտանգության համակարգին ինստիտուցիոնալ կերպով ինտեգրվելու համար։ Իսկ Եվրամիությանը ոչ ոք չի հրավիրել։ Այդ իսկ պատճառով տեղին չէ նեղանալ ու դժգոհել, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը չի ներգրավվել։ Եվրամիությունն ինստիտուցիոնալապես ներկա լինել չէր կարող, որովհետև նրան ոչ ոք չէր հրավիրել։
Իսկ Մինսկի խումբն ունակ չի եղել կանխատեսելու և կանխելու զինված հակամարտության վերսկսումը։ Իհարկե, 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմի ընթացքում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից Ֆրանսիան միանշանակ արձագանքել և բացահայտորեն Հայաստանի կողմն է բռնել։ Ֆրանսիայի խորհրդարանը (Ազգային ժողովը և Սենատը) կոչ են արել «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և վերանայել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։»[1] Ֆրանսիայի այս քայլը պաշտոնական Փարիզին ու ողջ Մինսկի խմբին հարվածի տակ է դրել։ Անգամ Ռուսաստանը, որից բոլորն, այդ թվում և Հայաստանում, ակնկալում էին Հայաստանի շահերի պաշտպանությունն, ավելի չեզոք դիրք էր բռնել։ Ադրբեջանն անմիջապես կողմնակալության մեջ է մեղադրել և՛ Ֆրանսիային, և՛ ողջ Մինսկի խմբին։[2]
Գագաթնաժողովը պետք է բոլոր դեպքերում կայանար. այն նոր եվրոպական խորհրդարանի ընտրությունից հետո առաջին գագաթնաժողովն էր։ Ի թիվս այլ երկրների՝ նրանում պետք է ներկա լինեին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կայացել է, քանզի այն թելադրված էր բուն իսկ օրակարգով։ ԵՄ-ն որոշել է անպայմանորեն օգտագործել ստեղծված հնարավորությունը՝ ղարաբաղյան հակամարտության լուծմանը սեփական մասնակցությունն ապահովելու նպատակով։ Եթե չլիներ գագաթնաժողովի առիթը, ապա ԵՄ շրջանակում էլ ե՞րբ էին հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Կրեմլն անմիջապես արձագանքեց ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի և Ալիևի հանդիպման լուրին։ Պուտինը գագաթնաժողովից շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին Սոչի հրավիրեց։ Մոսկվայի այս քայլը կարելի է մեկնաբանել որպես բացահայտ ուղերձ առ այն, որ Կրեմլը չի ննջում։ Սոչիում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը։
Ի՞նչ է տվել Փաշինյան-Ալիև հանդիպումը
Եվ այսպես՝ ԵՄ հրավերով Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելու համար։ Սակայն հանդիպումը ոչ մի նկատելի արդյունք չի գրանցել։ ԵՄ-ն սոսկ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, թեև դրա մասին առանց այդ էլ անընդհատ խոսվում է։ Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունները ոչ միշտ հաջող, իսկ երբեմն էլ դրամատիկ կերպով ընթանում են Մոսկվայի ղեկավարության ներքո։ Սահմանազատման պահանջը Բաքվինն է։ Երևանը փորձում է շրջանցել հարցը, իսկ Մոսկվան ոչ շատ բարձրաձայն արտահայտվում է սահմանազատման օգտին։ Ռուսաստանը պնդում է, որ Սյունիքի/Զանգեզուրի հատվածում տեղի ունենա երկաթգծի ապաշրջափակումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացնելու համար անհրաժեշտ են մոսկովյան արխիվներում պահվող՝ գլխավոր շտաբի ռուսալեզու քարտեզները, որոնք ժամանակին կազմվել են խորհրդային քարտեզագիր փորձագետների կողմից։ Թե ինչպես Ռուսաստանը կարող է օգնել (կամ խանգարել) սահմանազատման գործընթացին՝ բավականին պարզ է, իսկ թե ինչ է կարող անել Եվրամիությունը՝ դեռևս պարզ չէ։ Այդ իսկ պատճառով գագաթնաժողովում ԵՄ-ն երբ գրեթե երկրորդեց, թեև ավելի հստակորեն, սահմանազատման հարցով Ռուսաստանի կարծիքը[3]՝ դրանով իսկ փաստորեն, կարելի է ասել, բռնեց Ադրբեջանի կողմ։
Ճանապարհների կարգավիճակի հարցը
Արժե անդրադառնալ Սյունիքի/Զանգեզուրի ճանապարհների շուրջ իրադրությանը։ Ադրբեջանը պահանջում էր, որ այդ ճանապարհին տրվի միջանցքի կարգավիճակ, որը բացառում է նրա նկատմամբ տեղի հայկական իշխանությունների սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Ընդ որում, Ղարաբաղում արդեն կա Լաչինի միջանցք։ Թեև Լաչինի շրջանը փոխանցված է Ադրբեջանին՝ այս միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ է. Բաքուն իրավունք չունի իրականացնելու բեռների ստուգում։ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ զանգեզուրյան ճանապարհը լաչինյան ճանապարհի պես պետք է ունենա միջանցքի կարգավիճակ։ Հայկական կողմն իր մերժողական կեցվածքը հիմնավորում է նրանով, որ ի տարբերություն Սյունիքով անցնող ճանապարհի՝ Լաչինի ճանապարհն ունի մարդասիրական նշանակություն, իսկ Ադրբեջանին միջանցքն անհրաժեշտ է դեպի Նախիջևան բեռնափոխադրումների համար։ Ղարաբաղում բնակվող հայկական բնակչությունը կախյալ վիճակում է, դրա համար էլ չի կարելի համեմատել Լաչինի միջանցքն ու Սյունիքով անցնող ճանապարհը։ Պուտինի հետ Սոչիում հանդիպելուց հետո և Բրյուսելից առաջ Ալիևը հստակորեն բարձրաձայնում էր երկու համանման միջանցքների թեման։ Իսկ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ասված է, որ Սյունիքի/Զանգեզուրի ճանապարհը չի կարող միջանցք լինել, և դրանով իրականացվելիք բեռնափոխադրումները պետք է կատարվեն ըստ միջազգային իրավունքի սահմանած կարգի։ Առաջին հայացքից թվում է, որ գերակշռել է հայկական դիրքորոշումը, և Բաքուն նահանջել է։ Սակայն, եթե ուշադրություն դարձնենք մանրամասներին, ապա կարելի է ենթադրել, որ գործնականում Ադրբեջանի կողմից ոչ մի զիջում չի եղել։ Բաքուն հատուկ էր բարձրացնում հարցի գինը, որպեսզի այնուհետև այն որպես զիջում ներկայացնի։ Այսպիսով, Ադրբեջանը Եվրոպայի հանդեպ ռևերանս է արել, ստեղծելով տպավորություն, թե նրա միջնորդությունն արդյունավետ է եղել։
ԵՄ պատրաստակամությունը՝ հակամարտության կարգավորման մեջ ֆինանսապես ներառվելու, չափազանց տեղին էր։ Հենց վերջերս Հայաստանը հայտարարել է, որ Սյունիքով անցնող 45 կմ երկարությամբ երկաթուղու հատվածի վերակառուցման համար կպահանջվի 200 միլիոն դոլար։ Ոմանք թերևս կառարկեն, որ սա պարզ զուգադիպություն է, բայց ես այստեղ Բրյուսելի հետ ուղիղ կապ եմ տեսնում։ Սյունիքի ճանապարհը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիայի հետաքրքրության շրջանակում է։ Թուրքական բեռնափոխադրումները Հայաստանի միջով ուղղվելու են Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Այն նաև Հայաստանի շահերից է բխում, քանի որ այդ երկաթուղով հայկական բեռնափոխադրումներն Ադրբեջանի միջով կհասնեն Ռուսաստան։ Ռուսաստանն, իր հերթին, օգտվելու է Ադրբեջանի միջով անցնելիք իրանական բեռնափոխադրումներից։ Փաստորեն՝ Ալիևն ու Փաշինյանը համոզել են ԵՄ-ին նշված երկաթուղու վերակառուցման համար գումար տրամադրել։ Բոլորը գոհ կլինեն, եթե հաղորդակցային ուղիների վերականգնումը ստանձնի Եվրամիությունը։ Մոսկվան նույնպես դեմ չէ, որ Ռուսաստանի շահից բխող նախագծերն իրականացվեն եվրոպական ֆինանսական միջոցների հաշվին։ Թերևս, այս ամենը ձեռնտու է նաև Եվրոպային. հնարավորություն չունենալով քաղաքականապես ներգրավվելու՝ Եվրոպան կներգրավվի ֆինանսապես։ Միաժամանակ, օրակարգից դուրս կգա այն հարցը, թե ուր է Եվրոպան։
Ինչի մասին եզրափակիչ հայտարարության մեջ չի ասվել
Ուշագրավ է, որ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիշատակված չէ։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին նույնպես ոչ մի հիշատակություն չկա։ Հնարավոր է, որ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, բայց ԵՄ պաշտոնական փաստաթղթերում դրան որևէ անդրադարձ չի եղել։ Առաջինն ուշագրավ է, բայց առանձնապես նշանակալից չէ, իսկ երկրորդն ավելի կարևոր է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու անհրաժեշտության մասին խոսում է անգամ Ռուսաստանը։ Ադրբեջանն ու Թուրքիան կտրականապես դեմ են արտահայտվում։ Կարծում եմ, որ ուժերի ներկա դասավորության պայմաններում հազիվ թե հնարավոր կլինի Բաքվին և Անկարային համոզել վերանայելու իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և եթե անգամ չորոշել, ապա գոնե քննարկել կարգավիճակի հարցը։ Հայաստանը միշտ բարձրաձայնում է այդ հարցը, Ռուսաստանը՝ երբեմն, իսկ ԵՄ-ն ընդհանրապես չի բարձրաձայնում այդ մասին։ Թվում է, որ Եվրոպան Բաքվին նեղացնել չի կամենում։ Թերևս, որոշում կա դեռ այս հարցին չանդրադառնալ, գիտակցելով, որ կան ավելի հեշտ լուծման ենթակա հարցեր։ Նմանատիպ վերաբերմունք կա նաև Ուկրաինայի հանդեպ։ Քչերն են բարձրացնում Ղրիմի հարցը, բոլորը խոսում են Դոնբասի մասին։ Եվրամիությունը խոուսափում է անդրադառնալ ամենացավոտ հարցին՝ խախուտ բանակցային գործընթացն ակամա չխաթարելու համար։
Վերջաբան
Հարավային Կովկասում ուրվագծվում է հետևյալ պատկերը։ Հայաստանը հեռացել է ղարաբաղյան հարցի լուծումից, բայց չի թուլացրել իր կախվածությունը Ռուսաստանից։ Եվրոպան զգուշավորություն է դրսևորում. նա կամենում է և՛ իր տեղն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և՛, միաժամանակ, համաձայն է սահմանափակել իր իսկ մասնակցությունը ֆինանսական պաշարների տրամադրմամբ։ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ չեն զիջել իրենց զբաղեցրած դիրքերը։ Հաշվի առնելով ուժերի նոր դասավորությունը՝ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, պետք է ինքն իր ապագայի համար որոշումներ ընդունի։ Երևանը պետք է փորձի հասկանալ, թե ինչի են պատրաստ Թուրքիան, Ռուսաստանն ու ԵՄ-ն։ Բոլոր «ձվերը» ռուսական «զամբյուղի» մեջ դնելը լավագույն ռազմավարությունը չէ։ Նոր իրողություններում սեփական տեղը գտնելու համար Հայաստանը պետք է ամրապնդի ԵՄ-ի հետ կապերը, Բրյուսելի աջակցությամբ աշխատի Թուրքիայի հետ և ամենագլխավորը՝ ոչ մեկից և հատկապես Ռուսաստանից չափազանցված ակնկալիքներ չունենա։ Վերջերս Թուրքիան նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման հատուկ ներկայացուցչին։[4] Նա ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանն է։ Սա լուրջ որոշում է։ Այն նշանակում է, որ հայ-թուրքական շփումները կարող են ծիլեր արձակել։ Ցանկանում ենք հավատալ, որ թուրք-հայկական հարաբերությունների վերականգնումը Հայաստանի համար հավելյալ պաշարներ կստեղծի՝ տարածաշրջանային համատեքստում իրեն դրսևորելու համար։
[1] https://www.kavkaz-uzel.eu/articles/357220/
[2] https://haqqin.az/news/195326