Հայաստանը, ըստ հեղինակավոր Freedom House-ի, քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, սակայն դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում ընդգծվում է, որ 2004 թվականից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը դարձել են հիբրիդային ռեժիմներ:
Ըստ Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, առավել խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իսկ Հայաստանի ցուցանիշի դրական փոփոխության համար, ըստ Շիրինյանի, հիմք են դարձել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը և հատկապես 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Որոնք մի շարք միջազգային գործընկերների կողմից համարվել են ազատ և անկախ ճանապարհներով իրականացված ընտրություններ, ու ցուցանիշը բարձրացել է նաև դրա շնորհիվ։ Սրա շնորհիվ նաև Հայաստանում մի փոքր կարգավորվեց այն քաղաքական ճգնաժամը, որ ստեղծվել էր 2020 թվականի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով, և այդտեղ ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել «Ազգային ժողովրդավարական կառավարում» կատեգորիայում», – ասաց Շիրինյանը։
Հայաստանը փոքր առաջընթաց է գրանցել նաև դատաիրավական ոլորտում, զեկույցի հեղինակները իշխանություններին հորդորդում են շարունակել բարեփոխումները։ Հայաստանը միևնույն ժամանակ նահանջել է մամուլի անկախության ոլորտում։
«Զեկույցում սա նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության հոդվածի տուգանքների բարձրացումն, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումը մենք դիտարկում ենք որպես անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ», – ասաց Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչը։
Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։
«Այնուամենայնիվ հիբրիդային ռեժիմով պետություններում թեև տեղի են ունենում ազատ և անկախ ընտրություններ, այնուամենայիվ այդ պետություններին բնորոշում են նաև թույլ ժողովրդավարություն ունեցող ինստիտուտներով, և դա ևս կոչ է Հայաստանի իշխանություններին, որպեսզի արագացնեն նաև ժողովրդավարությունն ինստիտուցիոնալիզացնելու պրոցեսը ու դրանք նաև կիրառեն կառավարության բոլոր մարմիններում», – ասաց Շիրինյանը։
Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։