Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

hayk
September 2022
Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև արդեն չորրորդ հանդիպումը

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

«Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ», կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում այդպես բնորոշեց դրա նախորդ օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև արդեն չորրորդ հանդիպումը: Առաջինը 2021-ի դեկտեմբերի 14-ին էր, սակայն առաջին և չորրորդ հանդիպումների միջև պարզապես 8-9 ամիս ժամանակ չէ, այլ համաշխարհային իրադրության մի ամբողջ շրջադարձ:

Շառլ ՄԻշելի միջնորդության ներքո «բրյուսելյան ձևաչափ» ասվածը սկսել է մի «աշխարհում», և շարունակվում է բոլորովին այլ «աշխարհում»: Այդ երկու աշխարհների բաժանարար գիծն ուկրաինական պատերազմն է, որը բռնկվեց 2022-ի փետրվարի 24-ին: Այդ պատերազմն այսօր լրջագույն խնդիրների առաջ է դրել հենց Եվրամիությանը, և բանը լոկ առաջիկա ձմռանն ընդառաջ աննախադեպ էներգետիկ ճգնաժամի ռիսկը չէ, որի մեղմման աղբյուրներից մեկն, ի դեպ, Եվրամիությունը դիտարկում է Ադրբեջանին և շաբաթներ առաջ Բաքվի հետ կնքեց հուշագիր՝ մինչև 2027 թվականը Եվրոպա գազի արտահանումը կրկնապատկելու մասին:

Եվրամիությունը նաև խորքային քաղաքական խնդիրների առաջ է, որոնք սպառնում են թե՛ ներեվրոպական ուժերի հարաբերակցության փոփոխությամբ, թե՛ ընդհուպ Եվրամիության կառուցվածքի երերալով: Օրեր առաջ Լեհաստանի վարչապետ Մարովեցկին մեղադրում էր Եվրամիության առաջատարներ Ֆրանսիային ու Գերմանիային՝ կառույցում թելադրող «օլիգարխ» լինելու, անհավասարության համար, իսկ Լեհաստանի նախագահ Դուդան խոսում է այն մասին, որ ներկայիս անհամաձայնությունները միանգամայն հնարավոր են դարձնում ընդհուպ Եվրամիության կազմալուծման հեռանկարը: Օրերս էլ Լեհաստանի իշխող կուսակցության ղեկավար Կաչինսկին հայտարարեց, թե Լեհաստանը պետք է երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում պահանջի Գերմանիայից՝ 1,2 տրիլիոն եվրո:

Եվրոպայի խնդիրները դեռևս ամիսներ առաջ բավականին բաց ձևակերպել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ «եվրոպական սուվերենության» խնդիր, որն առաջանում է ուկրաինական պատերազմով, սակայն ունի, թերևս, ոչ միայն ռուսական սպառնալիք կամ վտանգ: Եվրոպայի առաջատարների համար, համենայն դեպս, լուրջ մարտահրավեր է այն, որ ուկրաինական պատերազմը բարձրացնում է Եվրոպայի հանդեպ Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրամիությունը լքած Բրիտանիայի ազդեցությունը, որն էլ զգալիորեն գործադրվում է նաև արևելաեվրոպական երկրների գործոնով:

Միով բանիվ, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությունը շարունակվում է Եվրամիության ահա այդ լուրջ տնտեսաքաղաքական, ռազմաքաղաքական խնդիրների պայմաններում, առաջացնելով նախ և առաջ պարզ հարց՝ այդ խնդիրներով լեցուն Եվրամիությունը կարո՞ղ է դիվանագիտական բարդ խնդիրներ լուծել Կովկասում, ունենալով այստեղ այնպիսի մրցակիցներ, ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ու նաև որոշակի իմաստով՝ Միացյալ Նահանգները, թեև Վաշինգտոնը հայտարարում է բրյուսելյան ձևաչափի խրախուսման մասին:

Ավելին, վերջին շաբաթներին ռեգիոնում նկատվեց ամերիկյան դիվանագիտության հենց անմիջական աշխուժացում: Միայն պետքարտուղար Բլինքենը վերջին ամսվա ընթացքում Երևան և Բաքու է զանգահարել երկուական անգամ, եղել են նաև նրա տեղակալների և օգնականների զանգեր, իսկ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նրա նախկին օգնական Ֆիլիպ Ռիքերը օրեր առաջ նշանակվել է Կովկասի հարցերով գլխավոր բանակցող, այդ թվում և Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ: Այդ նշանակումը հատկանշական է նրանով, որ աննախադեպ է նշանակվող կադրի բարձր դիվանագիտական կարգավիճակի առումով: Դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն Կովկասում մտադիր է վարել անմիջական աշխույժ խաղ: Ավելին, Միացյալ Նահանգները հուլիսի վերջին փաստացի առաջին անգամ հանրայնացրեց, որ ունի հաղորդուղիների ապաշրջափակման առաջարկ:

Գործոնների համախումբը հստակ է դարձնում, որ Բրյուսելի համար միջավայրն իսկապես ծավալուն է և ոչ հեշտ, ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի բնորոշումը՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ, թերևս միանգամայն հարիր է ընդհանրապես այն միջավայրին, որում ձևաչափն է ինքնին: Այդ պայմաններում Բրյուսելի հանդիպման թերևս գլխավոր արդյունք կարող է համարվել Բրյուսելի հանդիպումը: Թող ներվի այդ բառախաղ-տափակաբանությունը, սակայն դատելով գոնե հրապարակային հայտարարություններից, որ հաջորդել են հանդիպմանը, հնարավոր է անել լոկ այդ եզրակացությունը: Թեև Շառլ Միշելը հանդիպումը գնահատել է կառուցողական և հայտնել հետագա ջանքը ավելացնելու պատրաստակամության մասին, նկատելի է, որ օգոստոսի 31-ի հանդիպումը քիչ բան է փոխել մինչ այդ եղած իրավիճակից, որը սուր գագաթնակետի հասավ օգոստոսի 1-3-ի լարվածությամբ, ինչին հաջորդեց Լաչինի միջանցքի հին ճանապարհը հանձնելու, այսպես ասած, արագացումը:

Թե ինչու Բաքուն գնաց այդ պահանջին, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված էր եռամյա ժամկետ և այն լրանում էր 2023  թվականին, առ այսօր բաց հարց է: Արդյո՞ք եղել են չբարձրաձայնված պայմանավորվածություններ, թե՞ Բաքուն անհաջողության է մատնվել հաղորդուղիների ապաշրջափակման՝ իր համար ցանկալի «միջանցքային» ռեժիմի հարցում, որից փորձել է դուրս գալ «դեմքը Լաչինով փրկելով»: Դժվար է ասել, հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ, իսկ փաստն այն է, որ օգոստոսի 25-ից Արցախ-Հայաստան կապն իրականացվում է Աղավնոն, Բերձորն ու Սուսը շրջանցելով:

Դրան հաջորդեց ոչ միայն Բրյուսելի հանդիպումը, այլ նաև փոխվարչապետերի մակարդակով հանդիպումը Մոսկվայում՝ սահմանազատման և սահմանագծման թեմայով, որը երկրորդն էր մայիսին Երասխում տեղի ունեցած բացառապես երկկողմ՝ հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Մոսկվայում հայտարարվեց, որ քննարկվել են ընթացակարգային հարցեր, իսկ հետո ազդարարվեց, որ երրորդ հանդիպումը կլինի Բրյուսելում, թեև չկա պաշտոնական հաստատում թե՛ վայրի, թե՛ ժամկետի իմաստով: Սակայն դարձյալ փաստ է, որ թեման առկա է թե՛ Մոսկվայի հովանու ներքո, թե՛ նաև բրյուսելյան ձևաչափում:

Եվ ընդհանրապես, այդ ձևաչափի ձևավորումից ի վեր ամենից հաճախ հնչող հարցերից է այն, թե միմյանց հանդեպ ինչ հարաբերակցության մեջ են Բրյուսելի և Մոսկվայի գործընթացները: Օգոստոսի 31-ի հանդիպումից առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարեց, թե Բրյուսեի մտադրությունը կեղծ է և նպատակը հակամարտության կարգավորումը չէ: Հավանաբար, պետք է հասկանալ, թե նպատակը Մոսկվայի դերը թուլացնելն է: Բայց կարո՞ղ է իր «թուլություններն» ունեցող Բրյուսելը թուլացնել Մոսկվայի դերը, հատկապես այն պարագայում, երբ այստեղ կան նաև Անկարայի ու Թեհրանի գործոնները: Գուցե կարող է, եթե լինի Վաշինգտոն-Բրյուսել կուռ տանդեմ: Բայց, ինչպես նշեցի վերևում, լայն ռազմավարության իմաստով հարցեր կան նաև այդ առումով: Ավելին, այստեղ, թերևս, հարկ է նկատել մի ուշագրավ հանգամանք, որը, թվում է, չունի խնդրո առարկայի հետ ուղիղ առնչություն, սակայն գործնականում դրա նշանակությունը Կովկասի իրադարձությունների համար հիմնարար է:

Շաբաթներ առաջ Եվրամիությունը հայտարարեց, որ հաջողվել է Թեհրանի հետ համաձայնեցնել միջուկային գործարքի վերականգնման պայմանավորվածություններ և կազմել բովանդակություն: Այն տրամադրվեց ԱՄՆ-ին, որը մի քանի օր ուսումնասիրելուց հետո պատասխանել էր Թեհրանին: Իրանը օրերս հայտարարեց, որ արձագանքել է ԱՄՆ-ի պատասխանին՝ ԵՄ-ի միջոցով: Երկուստեք պատասխանների բովանդակությունները հայտնի չեն, սակայն մինչ այս պահը եղած արձագանքները կարծես թե այդքան էլ հուսադրող չեն: Իսկ Կովկասում, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրում իրավիճակի զարգացման առումով էական տարբերություն է լինելու՝ ԱՄՆ-ն և Իրանը գործում են համաձայնությա՞ն, թե՞ հակադրության դաշտում:

Ի դեպ, մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ՝ Մոսկվայում տեղի էր ունենում Իրանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը: Եթե  ԱՄՆ-ին չհաջողի Իրանի հետ համաձայնության հարցում, դրանից անշուշտ օգտվելու է Ռուսաստանը: Իսկ այդ պարագայում հարաբերական է լինելու Բրյուսելի դիրքորոշումը: Մի կողմից՝ հասկանալի խնդիրները ՌԴ հետ, մյուս կողմից, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայի անհամեմատ ավելի զգայունությունը կոֆլիկտային իրավիճակի ծավալման և սրացման հանդեպ:

Այս ընդգրկուն «մաքոքի» համատեքստում հատկանշական է դառնում այն, որ օգոստոսի 31-ի հանդիպումից հետո ԵԽ նախագահը հայտարարեց, թե կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին: Մինչ այդ, ըստ հայտարարության, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի մշակման ուղղությամբ, սակայն դա ամենևին նոր համաձայնություն չէ, և անկասկած է, որ խոսքն էլ չափազանց բարդ աշխատանքի մասին է, հաշվի առնելով թե՛ կողմերի դիրքորոշումների իրարամերժությունը, թե՛ այսպես կոչված «միջանցքային», և թե Արցախի կարգավիճակի հարցում, և թե ավելի լայն աշխարհաքաղաքական իմաստով անորոշ, բարդ, հակասական և անկանխատեսելի իրավիճակը:

Ու հենց այդ առումով նոյեմբերը բավականին հատկանշական ժամկետ է միջազգային իրադրության առումով, այն ակնկալիքով, որ մինչ այդ առանցքային մի շարք հարցերում կարող են գրանցվել գոնե հանգրվանային-միջանկյալ որոշակիություններ: Նոյեմբերին է նաև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, որտեղ դեմոկրատական վարչակազմը ձգտելու է լուծել Կոնգրեսը պահելու և Հանրապետականին չզիջելու խնդիրը՝ իր բնույթով ներքին, սակայն նշանակությամբ գործնականում միջազգային հարց, և նոյեմբերին է G20 Վեհաժողովը Ինդոնեզիայում, որին ներկա լինելու մասին է հայտարարել ՌԴ նախագահ Պուտինը, բավականին անհարմար վիճակում դնելով արևմտյան առաջնորդներին:

Ի՞նչ «աշխարհում» է հասունանալու բրյուսելյան ձևաչափում Փաշինյան-Ալիև նոյեմբերյան հանդիպումը, և ու՞մ օգտին է աշխատելու ժամանակը:  Թեև, այդ առումով ժամանակը միշտ աշխատում է այն սուբյեկտի օգտին, որը առաջնորդվում և գործում է աշխատելու ժամանակի ամենօրյա հրամայականով:

 

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան

Թեգեր Հոդվածներսեպտեմբեր առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

May 2022

Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ Վերլուծաբան Երևան 2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

May 2022

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով` Պուտինի պարտությունն Ուկրաինայում բխում է հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի շահերից: Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում օրերս կայացավ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.