Հաագայի դատարանը, որ երեկ լսեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, առաջիկա ամիսներին, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում որոշում կկայացնի։ Հայկական կողմը, հարցի հրատապությունը հաշվի առնելով, խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին։
Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն մեկուկես ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։
Ադրբեջանն, ի պատասխան, երեկ հակադարձեց, թե Հայաստանի մեղադրանքները անհիմն են։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովի խոսքով՝ Հայասանը Լաչինի միջանցքի փակ լինելն օգտագործում է որպես քաղաքական լծակ։
«Ադրբեջանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև վերահաստատել է, որ չի պարտադրել որևէ սահմանափակում Լաչինի երկայնքով երթևեկելուն և ոչ էլ կարող էր անել, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերասկողության տակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնում են, որ որևէ նպատակ չունեն և չեն ունեցել ճանապարհ փակելու։ Իրականում ամեն օր տասնյակ մեքենաներ և բեռնատարներ անցնում են ակցիայի վայրի կողքով։ Մինչ ես այստեղ խոսում եմ, 19 հոգի Կարմի խաչի ուղեկցությամբ անցել է միջանցքով», – ասել է Մամեդովը։
Մինչդեռ հայկական կողմը հենց դա էլ ընգծում է՝ մեքենաները միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ են անցնում, Արցախի բնակիչների համար կյանքի ճանապարհը փակ է։
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից անհապաղ միջոցներ էր ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։
«Նախագահ Ալիևը բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և, որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում», – ասաց Կիրակոսյանը։
Պաշտոնական Բաքուն, սակայն, շարունակում էր հակադարձել, որ որևէ համոզիչ մեկնաբանություն չի կարող հանգեցնել նրան, որ Ադրբեջանը միտումնավոր փորձում է վնասել էթնիկ հայերին, որոնք ապրում են «իր ձևակերպմամբ «Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտում»։ Ավելին՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը Հայաստանին մեղադրեց բանակցային ձևաչափով խնդիրը քննարկելու հրավերից հրաժարվելու մեջ։
«Երբ դեկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում պետք է հանդիպեին բանակցությունների ևս մի շրջափուլի համար, այդ թվում՝ Լաչինի հարցի շուրջ, Հայաստանն, առանց բացատրության, վերջին պահին հրաժարվեց հանդիպումից։ Այդ օրից ի վեր Հայաստանը մերժել է բոլոր հրավերները՝ հարցը հանգուցալուծելու համար», – հայտարարեց Մամադովը։
Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կքննվի Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը»։ Հայկական կողմը ևս երկու ժամ կունենա հակափաստարկներ ներկայացնելու համար։