Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունը, որում Մոսկվան Եվրամիությանը մեղադրել է «ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն» վարելու մեջ, կասկածի տակ է դրել ԵՄ առաքելության քաղաքացիական բնույթն ու արդյունավետությունը, նաև սպառնացել ռուս սահմանապահների ներկայությամբ։
«Նրանք արձագանքելու են նաև ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
Եվրոպական միության Խորհուրդը հունվարի 23-ին որոշում է կայացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին: Այս անգամ երկարաժամկետ՝ երկու տարով։ Ի տարբերություն նախորդ առաքելութայն, որը գործեց ընդամենը երկու ամիս։ «Առաքելության նպատակներն են նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության ձևավորմանը տեղում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ձևավորմանը»,- հաղորդեցին ԵՄ խորհրդից:
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին վախեցնում է այն, որ «Հայաստանը լքում է ձախողված պետությունների ակումբը», փորձում փոխշահավետ հարաբերություններ կառուցել քաղաքակիրթ աշխարհի հետ։ Ասում է՝ եթե Երևանին դա հաջողվի, կվտանգվի տարածաշրջանում Մոսկվայի ներկայությունը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մանրամասները, նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ է հայտարարել պաշտոնական Մոսկվան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Եվրամիության՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման վերաբերյալ՝ նշելով, որ ԵՄ-ական «փորձագետներից ոչ մի հավելյալ արժեք» չի սպասվում։
«Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի դիտարկմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչները, որոնք «վերածվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն են վարում»։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայտնվելով՝ կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
Ընդգծել են, որ «չպետք է նաև մոլորեցնի առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը», քանի որ այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
ՌԴ արտաքին գերատեսչությունը հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը չեզոքացնելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների շահերին, և համոզմունք հայտնել, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնալու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։
Անդրադարձել են նաև ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայմանը՝ նշելով, որ «Երևանը տրամաբանական ավարտին չի հասցրել այդ ուղղությամբ աշխատանքն ու ընտրություն է կատարել՝ հօգուտ ԵՄ–ի»․
«Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը ՀԱՊԿ–ի ներուժի գործարկման հարցում, ապա կազմակերպության առաքելությունը կարող է օպերատիվ կերպով ծավալվել Հայաստանում»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Մոսկվայից հնչող կոշտ հայտարարությունը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մղվող պատերազմով։
«Նրանք կեղծ օրակարգ են ձևավորել, վհուկներ են փնտրել և գտել՝ ի դեմս ՆԱՏՕ–ի՝ քողարկելու համար իրենց իսկ ագրեսիվ քաղաքականությունը հարևանների նկատմամբ։ Հետևաբար, նախկին հետխորհրդային տարածքների մասով օտար պետությունների կամ միջազգային կառույցների ցանկացած ներգրավվածություն դիտարկում են այդ պրիզմայով»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Ասում է՝ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման թեման Հայաստանը փակված է համարում։ Հակառակն, ըստ նրա, կլիներ «ոչ սկզբունքային և շատ վտանգավոր քաղաքականություն»։ Հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ը նույնիսկ հասցեական հայտարարություն անելուց խուսափեց։
Սիմոնյանը «բացահայտ սուտ» է որակում պաշտոնական Մոսկվայի դիտարկումը, թե «չպետք է նաև մոլորեցնի առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը»։ Ասում է՝ անհանգստացած են արդեն իսկ տեղի ունեցած իրողությամբ, որն էլ ավելի մեծ թափ է հավաքելու։
«Հայաստանը լքում է ձախողված պետությունների ակումբը։ Լիիրավ, ինքնիշխան, փոխշահավետ հարաբերություններ է կառուցելու քաղաքակիրթ աշխարհի հետ՝ որպես ինքնուրույն սուբյեկտ։ ՌԴ–ն վախենում է դրանից, քանի որ եթե Հայաստանը նման հնարավորություններ վաստակի, ռուսական ներկայությունը տարածաշրջանում կվտանգվի»,- շեշտել է նա։
Ըստ նրա՝ Մոսկվան սխալ քաղաքական հաշվարկի հետևանքով խաղադրույք է կատարել Ադրբեջանի վրա, ուստի «թող Բաքուն էլ ապահովի նրանց ներկայությունը տարածաշրջանում»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դաշնակից երկիրն իրեն կարող էր նման սպառնալից հայտարարություն թույլ տալ՝ Սիմոնյանը հայտարարում է՝ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ»․
«Այդ ռազմաքաղաքական պայմանագրերը ոչինչ չարժեն, եթե գետնի վրա այդպիսի քաղաքականություն չի վարվում»։
Պատահական չի համարում այն, որ Մոսկվան Բաքվի տեսակետն է մեջբերել՝ հայտարարելով՝ «եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանն իր «անկողմանակալ միջնորդի» դերը փոխարինել է «ընդդեմ Հայաստանի աշխատող կողմի» դերով․
«Սա ռուս–ադրբեջանական, խորքի մեջ՝ ռուս–թուրքական պայմանավորվածությունների համատեքստում տեղի ունեցող քաղաքականութուն է, որի ճիրաններից Հայաստանը փորձում է դուրս պրծնել»։
Ընդգծում է՝ իր շահերը սպասարկելու համար ռուսական կողմը գնալու է ամեն քայլի, բայց այդ ագրեսիան ու հնարավոր սադրանքները ամենևին էլ պատճառ չեն, որ հայկական կողմը հրաժարվի երկրի ինքնիշխանության համար ավելի բարենպաստ պայմաններ ձևավորելուց։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը «շանտաժի ու վերջնագրերի առաջ չընկրկելու համար»։
«Պետք է շարունակի քաղաքակիրթ աշխարհի հետ սերտ համագործակցության իր որդեգրած ուղին, Արևմուտքում փնտրի իր ազգային անվտանգության համատեքստում օժանդակիչ ուժեր, իսկ դրանք կան։ Եվ այդ հարթակը շարունակաբար զարգացնի՝ մինչև որ քայլ առ քայլ մեր դիրքավորումը բարելավվի քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրների ճամբարում»,- ասել է Սիմոնյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ սա պատմական շանս է, որն այսօր է պետք օգտագործել, քանի որ վաղը ուշ է լինելու։
«Մեզ միշտ խանգարել են որակյալ սպառազինություն գնելիս, որակյալ քաղաքական որոշումներ առաջ մղելիս, հիմա մենք պետք է դա թույլ չտանք»,- հայտարարել է նա։
Վերադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմին՝ Սիմոնյանը նկատել է՝ ՌԴ-ն իր «սխալ ռազմաքաղաքական հաշվարկների հետևանքով գոյաբանական սպառնալիքների առաջ է կանգնած»։ Ասում է՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի և թույլ չտա, որ այդ փլատակների տակ մնանք։