Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն տվեցին Հայաստանի տարածքում երկամյա մանդատով նոր քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայելուն։ Մոտ 100 փորձագետներից ու դիտորդներից կազմված առաքելությունն իր աշխատանքը կսկսի փետրվարի 20-ից։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին։
Այս հոդվածը փորձ է քննարկելու Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում ԵՄ առաքելության դերն ու նշանակությունը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։
Եվ այսպես, ամենից առաջ հարկ է ընդգծել, որ սա ԵՄ արդեն երկրորդ նմանատիպ առաքելությունն է։ ԵՄ առաջին դիտորդական կարճաժամկետ առաքելությունը Հայաստանում աշխատեց անցյալ տարվա հոկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 19-ը։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 20-ին նոր մշտադիտարկման առաքելության տեղակայման համար հող նախապատրաստելու նպատակով Հայաստան ժամանեց իրավիճակի գնահատման խումբը։
Համաձայն ԵՄ խորհրդի համապատասխան որոշման, նոր քաղաքացիական առաքելության առաջին չորս ամիսների աշխատանքը կարժենա 8,1 միլիոն եվրո։ Հետագա ժամանակաշրջանի ֆինանսավորման գումարը կորոշի ԵՄ խորհուրդը։ Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի խոսքով՝ առաքելությունը կլինի իրենց «աչքերն ու ականջները» տեղում, և «դրա առկայությունը պետք է զսպի Ադրբեջանի նոր հարձակումները»:
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման համար Հայաստանի խնդրանքով տեղակայվող առաքելության պաշտոնական հիմնական գործառույթներն են՝ տեղերում իրավիճակն ու հակամարտության առնչվող ցանկացած միջադեպ արձանագրելը, համապատասխան զեկույցներ պատրաստելը։ Դիտորդները պետք է նաև որոշեն տեղական բնակչության և նրանց իրավունքների նկատմամբ սպառնալիքները՝ որպես Ադրբեջանի հետ հակամարտության ուղղակի կամ անուղղակի հետեւանք։
Շահառուների արձագանքը
Տվյալ որոշմանը Երևանի արձագանքը կանխատեսելի էր. ողջունելով այն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Բաքուն, իր հերթին, հայտարարեց, որ ի գիտություն ընդունելով ԵՄ որոշումը՝ հույս ունի, որ այն չի խաթարի փոխադարձ վստահությունը։ ԱՄՆ-ն, ի դեմս Պետդեպարտամենտի մամլո խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի, նույնպես ողջունեց Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը։ «ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր անմիջական գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է»,- հայտարարել է Պատելը։
Առանձին հարկ է հիշատակել այս առումով Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը ԵՄ դիտորդներին համարում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դիմակայության սպառնալիք։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարեցին Սմոլենսկյան հրապարակից։
Սրանից բացի, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց նաև, թե՝ «Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում»։ Հայտարարության մեջ սրան հաջորդում են ստանդարտ ձևակերպումներն ու հղումները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Արցախում ռուսական խաղաղապահներին, ՀԱՊԿ-ին և Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորախմբին։ Վերջիններս, սպառնացին ՌԴ ԱԳՆ-ից, «կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։
Կարճաժամկետ հեռանկարներ
Առաքելության տեղակայման կարճաժամկետ հեռանկարները հիմնականում առնչվում են դրա նախաձեռնողին՝ Հայաստանին։ Եվ տարածաշրջանով շահագրգռված հիմնական ուժային կենտրոնների համար, ընդհանուր առմամբ, հատուկ աշխարհաքաղաքական հետևանքներ չեն պարունակում։ Սահմանների անվտանգության և անձեռնմխելիության՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» 1997 թվականի պայմանագրով նախատեսված պարտավորությունից Ռուսաստանի փաստացի հրաժարումից, Ադրբեջանի ագրեսիային գոնե գնահատական տալու ՀԱՊԿ-ի խուսափումից հետո Հայաստանը հայտնվեց անվտանգության յուրատեսակ վակուումում։ Իսկ առավել ստույգ, այդ իմաստով մնաց «օդից կախված»։ Պարզապես այն պատճառով, որ դեռևս դե յուրե գոյություն ունեցող անվտանգության ռուսաաստանյան ճարտարապետությունը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ։ Համենայն դեպս՝ Հայաստանի համար։
Այս հանգամանքի առավել ակնառու դրսևորումը 2020 թվականի թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի ժամանակ անմիջականորեն Հայաստանի տարածքի գնդակոծման ընթացքում ՌԴ անգործությունն էր։ Արցախի վրա հարձակմանը Մոսկվայի արձագանքի բացակայության մասին չենք հիշատակում, քանի որ Արցախի վերաբերյալ ՌԴ-ն պաշտոնական պայմանագրային պարտավորորություններ չունի։ Հիշեցնենք նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումներին արձագանքի բացակայությունը։ Վերջին հարձակումն ավարտվեց մի քանի հարյուր հայ զինվորականների զոհվելով և Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթմամբ։ Իսկ Հայաստանը թղթի վրա դեռևս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ռուսական զինվորական ստորաբաժանումները և հենակետերը անգործության էին մատնված նաև տեղերում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Չգործեց նաև հակաօդային պաշտպանության Հայաստանի և Ռուսաստանի միասնական համակարգը, որը ղեկավարվում է ռուսական հրամանատարական կետից։
Հասկանալի և օրինաչափ է, որ նման պայմաններում, մնալով մենակ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, որոշ գնահատականներով՝ նաև Իսրայելի հետ, Հայաստանը պետք է շտապ կարգով լուծեր սեփական անվտանգությունն ապահովելու խնդիրը։ Եվ որոշում ընդունվեց դիմել ԵՄ-ին՝ կարճաժամկետ հեռանկարով դիտորդական առաքելություն տեղակայելու խնդրանքով։ Լավ հասկանալով, որ Ադրբեջանի և նրա դաշնակիցների ներխուժման առումով այդ առաքելությունը համադարման չէ, այսուհանդերձ, հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի հետ սահմանի առավել խնդրահարույց հատվածներով տեղաշարժվող ԵՄ դրոշն առնվազն կարող է կանխել սեպտեմբերյան հարձակման ծավալի ադրբեջանական որևէ գործողություն։ Առավել ևս, որ ԵՄ առաջին առաքելության երկամսյա աշխատանքի ժամանակ Ադրբեջանը Հայաստանի ուղղությամբ միայն գնդակոծում էր։ Այդ ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հրադադարի խախտման 15 դեպք։ Սակայն հայկական զինվորականներից զոհեր չեն եղել։ Ընդսմին, ԵՄ-ին դիմելու՝ Հայաստանի ղեկավարության գլխավոր դրդապատճառը, հենց սահմանին սեփական քաղաքացիների սպանությունները և, իհարկե, թշնամական հերթական ներխուժումներն ու նոր տարածքների բռնազավթումը կանխելն էր։
Երկարաժամկետ հեռանկարներ
Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ առաքելությունը նվազագույնը կարող է ընդլայնվել։ Այս մասին արդեն բացեիբաց խոսում են Բրյուսելում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների իրավիճակից կախված՝ հնարավոր է այդ ընթացքում նաև երկարաձգվի դրա գործունեության ժամկետը։ Սակայն այս հնարավոր հեռանկարնե՛րը չեն կանխորոշիչը։ Հայաստանում, ինչու ոչ՝ նաև Հարավային Կովկասում եվրոպական, արևմտյան ներկայության հեռանկարներում գլխավորը… Ռուսաստանի կողմից սեփական դաշնակցային պարտավորությունների կատարումն է։ Հենց որ Մոսկվան սկսի կատարել ՀԱՊԿ-ի շրջանակերում և 1997 թվականի միջպետական պայմանագրով Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները, ինքնաբերաբար կվերանա եվրոպական դիտորդների անհրաժեշտությունը։
Սակայն դա ընդամենը տեսություն է։ Գործնականում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով Թուրքիայից, հետևաբար նաև Ադրբեջանից նրա կախվածությունը միայն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ընդունակ չլինելով Ուկրաինայում հասնելու իր նպատակներին՝ Ռուսաստանն այսօր խրվել-մնացել է ուկրաինական դաշտերում և մի շարք աշխարհաքաղաքական չափանիշներով օբյեկտիվորեն ուկրաինական հարցում թուրքական չեզոքության անհաղթահարելի կարիքն ունի։ Անկարան այդ չեզոքությունը պահպանում է, բայց՝ մասամբ։ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի ագրեսիայի պատճառով ռուսական գազը գնելուց Եվրոպայի հրաժարումը Մոսկվային ստիպում է նաև Բաքվի հետ ոչ պաշտոնական գործարքի գնալ։ Այժմ արդեն գազային։ Դրա շրջանակներում Ալիևը, բնականաբար, իր «շահերի» պաշտպանմամբ, ռուսական գազը իր սեփականին զուգահեռ մղում է Եվրոպա։ Վերջինս էլ գերադասում է աչք փակել դրա վրա. դրսում, ի վերջո, ձմեռ է։
Հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի ավարտի տեսանելի որևէ նախապայմանի բացակայությունը, Ռուասատանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրավիճակային համագործակցությունից հրաժարվել երկարատև ապագայում չի կարող։ Նաև անհրաժեշտ է ընդգծել, որ Ուկրաինան Ռուսաստանին Անկարայի և Բաքվի հետ նման համագործակցության մղող ընդամենը մի ուղղությունն է։ Կան Սիրիային, Իրանին, Կենտրոնական Ասիային վերաբերող խնդիրներ։ Այստեղ ևս ՌԴ-ն հարկադրված է հաշվի առնելու Թուրքիայի կարծիքը։
Այս բոլոր աշխարհաքաղաքական իրողությունները ստեղծում են մի օբյեկտիվ իրավիճակ, որում Ռուսաստանի շահերը շարունակում են չհամապատասխանել նրա դեռևս ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի շահերին։ Ինչը որևէ հույսի տեղ չի թողնում, որ Մոսկվան երկարաժամկետ ապագայում կկատարի Հայաստանի առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Այստեղից էլ Երևանի առջև հառնում է լոկ թղթի վրա գոյություն ունեցող, Ռուսաստանի վրա հիմնվող անվտանգության համակարգի արմատական փոփոխության անայլընտրանքի անհրաժեշտությունը։ Սա հրամայական է դարձել սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի սկզբից։ Եվ արդեն այսօր հնարավոր է թվում կանխատեսել, որ Հայաստանում եվրոպական դիտորդները կդառնան ընդամենը այդ երկարատև, սակայն անշեղ ճանապարհի առաջին ծիծեռնակները։ Ճանապարհ, որն այսօր բոլոր նախադրյալներն ունի ավարտվելու անվտանգության սկզբունքային նոր ճարտարապետությամբ ողջ Հարավային Կովկասում։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) փորձագետ
Երևան