Եվրամիության խորհուրդը հունվարի 23-ին որոշում կայացրեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Համաձայն ԵՄ խորհրդի որոշման՝ հայաստանյան առաքելությունն ունենալու է 3 հիմնական խնդիր. առաջին՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, երկրորդ՝ աջակցել տեղում վստահության ձևավորմանը և երրորդ՝ ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար։ Այն գործելու է ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում, որը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի աշխարհի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում (Ուկրաինա, Վրաստան, Կոսովո, Մալի, Նիգեր, Միջերկրական ծով)։
Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում եվրոպացի դիտորդների տեղակայման շուրջ առաջին անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների միջև Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ ԵՄ դիտորդական խումբը Հայաստանում տեղակայվեց հոկտեմբերի 20-ին և խնդիր ուներ դիտարկել, վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և զեկուցել դրա վերաբերյալ։ Հատկանշական է, որ դա ոչ թե առանձին դիտորդական առաքելություն էր, այլ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմից գործուղված դիտորդների 40 հոգանոց խումբ, որն ուներ երկամսյա մանդատ։
Այդ կարճ ժամանակահատվածում առաքելության արդյունավետ գործունեությունն էլ հիմք դարձավ, որպեսզի Եվրամիությունը, հայկական կողմի խնդրանքով, նախաձեռնի արդեն առանձին քաղաքացիական առաքելություն։ Հայաստանում ԵՄ առաքելությունում ներգրավված է մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և դիտորդներ: Առաքելության գործողության գոտին ընդգրկում է Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, այդ թվում՝ Նախիջևանի հատվածը։ Եվրոպական խորհուրդը հայաստանյան առաքելությանն օժտել է 2 տարվա մանդատով: Դրա շրջանակում ԵՄ դիտորդները կանոնավոր պարեկություն են իրականացնելու Հայաստան-Ադրբեջան սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ են ներկայացնելու Բրյուսել:
ԵՄ առաքելության կարևորությունը և դրա հնարավոր դերակատարումը
Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծման որոշումը բավականին կարևոր է ՝ հաշվի առնելով վերջին երկու տարում Հայաստանի դեմ ադրբեջանական 3 ագրեսիաները, Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ շրջանների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև սահմանին պահպանվող լարվածությունն ու Ադրբեջանի տարածքային նկրտումները։ Թե ինչ արդյունավետությամբ կգործի այս առաքելությունը՝ կախված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք գործոններից։ Այնուամենայնիվ, այսօր կարելի է առանձնացնել մի շարք ուղղություններ, որտեղ այն կարող է հստակ դրական դերակատարում ունենալ։
Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդների ներկայությունը կարող է դառնալ յուրահատուկ զսպաշապիկ Ալիևի համար։ Բաքուն սահմանային սադրանքները սովորաբար ուղեկցում է նաև տեղեկատվական արշավներով՝ փորձելով էսկալացիայի մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Իսկ միջազգային հանրությունը, խորամուխ չլինելով միջադեպերի հանգամանքների մեջ, որպես կանոն խուսափում է հասցեական գնահատականներից՝ կողմերի միջև դնելով հավասարության նշան։ ԵՄ դիտորդների ներկայությամբ, սակայն, Բաքվի այս գործելաոճը դառնում է անհնար։ ԵՄ դիտորդների կողմից իրականացվող դիտարկումները, որոշ դեպքերում՝ տեխնիկական հատուկ միջոցներով, հնարավորություն կտան հստակ արձանագրել ցանկացած սադրանքի հեղինակի, ինչը կզեկուցվի նաև Բրյուսել:
ԵՄ քաղաքացիական առաքելության ներգրավվածությունը դրական կարող է անդրադառնալ նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար անհրաժեշտ նպաստավոր միջավայրի ձևավորման առումով։ Թերևս, գաղտնիք չէ, որ վերջին երկու տարում Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանի վրա հարձակումները և դրանց ընթացքում գերեվարված հայ ռազմագերիներին ակտիվորեն օգտագործում է բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու, զիջումներ պարտադրելու համար։ Այդ լծակի չեզոքացումը կարող է լիցքաթափել իրավիճակը, ինչը կարևորվում է նաև միջնորդական ջանքեր գործադրող Եվրամիության կողմից։ Հատկանշական է, որ նպաստավոր միջավայրի և տեղում վստահության ձևավորման անհրաժեշտությունը հստակ արձանագրված է նաև առաքելության մանդատում:
ԵՄ առաքելությունը կարող է գործնական ներդրում ունենալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում: Եվրամիությունն ունի բավարար փորձագիտական և տեխնիկական կարողություններ՝ այդ գործընթացին աջակցելու համար և բազմիցս նման պատրաստակամություն է հայտնել: Ավելին՝ Պրահայի հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք հանդիսանալու սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։
Հարկ է ընդգծել, որ հնարավոր նոր էսկալացիաների և ռազմական գործողությունների ռիսկերի նվազեցումը բխում է ոչ միայն Հայաստանի շահերից։ Եվրամիությունն այս հարցում նույնպես ունի հստակ շահագրգռվածություն։ Միջազգային իրավունքի սկզբունքները բացահայտորեն ոտնահարող Բաքվի ցանկացած նոր արկածախնդրություն բավական բարդ իրավիճակի մեջ կարող է դնել Եվրամիությանը՝ ստիպելով հասցեական հայտարարություններ կատարել և դիմել քայլերի, որոնք կարող են չբխել նաև սեփական էներգետիկ անվտանգության շահերից։ Ուստի Եվրոպական Խորհրդի նման որոշումն ինչ-որ առումով նաև երաշխավորում է ԵՄ–Ադրբեջան գազային համագործակցության կայունությունը։
Հայաստանում եվրոպացի դիտորդների տեղաբաշխումը նաև գործակցության նոր դաշտ է բացում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Այս որոշումը Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված առաջին կարևոր արդյունքներից է, որով, իհարկե, պաշտոնական Երևանը չպետք է բավարարվի։
Տարածաշրջանային արձագանքները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը, ինչպես արձանագրել է Ժոզեպ Բորելը, տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկն է։ Այն նաև նոր բաղադրիչ է Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետությունում, ինչն, անշուշտ, տարածաշրջանային ուժերը չեն կարող անտեսել։
Երբ նոր դիտորդական առաքելության մասին դեռ միայն խոսակցություններ էին, Ադրբեջանի նախագահը բավական կոշտ արտահայտվեց դրա վերաբերյալ՝ շեշտելով, որ առանց Բաքվի համաձայնության դրա տեղակայումը բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա: ԵՄ խորհրդի որոշումից հետո հայտարարություն տարածեց նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ համեմատաբար զուսպ դժգոհություն արտահայտելով առաքելության հետ կապված և շեշտելով, որ դրա տեղակայումը պետք է պատշաճ կերպով իրականացվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը և չխաթարելով փոխադարձ վստահությունը: Թուրքական կողմը ևս արդեն քանիցս երկրորդել է Բաքվի այս գնահատականները։
Ի տարբերություն Բաքվի և Անկարայի՝ ռուսական կողմի արձագանքն ավելի բուռն է և պայմանավորված է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման մտավախությամբ: ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում միայն կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել հակասությունները: Ռուսական կողմի նման արձագանքի պատճառներից է նաև Հայաստան ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը կառույցից ակնկալում էր քաղաքական գնահատական իր տարածքային ամբողջականության խախտմանը, ինչը տեղի չունեցավ, և ՀՀ վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման նախագիծը։ Հատկանշական է, որ ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաքելությունների հետ կապված զարգացումները ռուսական փորձագիտական շահարկումների առիթ են դարձել։ Մասնավորապես, կրկին ակտիվացել են Երևանին ուղղված մեղադրանքները՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխման փորձերի համար։ Իրականում, սակայն, նման գնահատականներն անհեթեթ են։ Բավական անլուրջ է կարծել, թե 100 անզեն դիտորդով Եվրամիությունը փորձում է «անվտանգային այլընտրանք» դառնալ Հայաստանում բավական լայն ռազմական ներկայություն ունեցող Ռուսաստանին։
Ի տարբերություն Մոսկվայի՝ ԵՄ խորհրդի որոշումը բավական դրական է գնահատում Վաշինգտոնը, որը նույնպես վերջին շրջանում փորձում է միջնորդական դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ավելին, ամերիկյան կողմն այս հարցում ակտիվորեն համագործակցում է եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ:
Իրանի դեպքում հետաքրքիր պատկեր ունենք։ Թեհրանը ավանդաբար դեմ է արտահայտվում տարածաշրջան երրորդ ուժերի ներգրավմանը: Չնայած այդ հանգամանքին՝ իրանական կողմը Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ բացասաբար չի արտահայտվել, ինչը թերևս պայմանավորված է մի կողմից առաքելության քաղաքացիական բնույթով, մյուս կողմից՝ գիտակցումով, որ դա կարող է զսպել Բաքվին, ինչը համահունչ է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշմանը:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ չնայած ԵՄ դիտորդական առաքելության քաղաքական կարևորությանը և մի շարք ուղղություններով դրա հնարավոր դրական ազդեցությանը՝ նաև կարևոր է չգերագնահատել առաքելության դերակատարումը։ Պետք է քաջ գիտակցել, որ այն ունի քաղաքացիական ու դիտորդական բնույթ, ինչպես նաև սահմանափակ մանդատ։ Որքան էլ այն զսպող դերակատարում ունենա Ադրբեջանի համար՝ տվյալ առաքելությունը չի կարող լիարժեքորեն բացառել նոր էսկալացիաների հավանականությունը։
Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Փորձագետ
Երևան